- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Վճարովի խաղաղասիրությունն ու սեռականությունը կարող են թանկ նստել բոլորիս վրա

Գաղտնիք չէ, որ հասարակական սեկտորում բազմաթիվ կազմակերպություններ գործում են դրամաշնորհներով: Նաեւ՝ հանուն դրամաշնորհների, գերազանցապես օտարերկրյա:
Տրամադրված դրամաշնորհը սովորաբար կանխորոշում է այն ստացած կազմակերպության գործունեության ուղղվածությունը, նպատակները, քայլերը, հաճախ գործելակերպն ու հրապարակային հարթակներում դիրքավորումն ու դրսեւորման եղանակները:

Լինում է՝ կազմակերպություններն են «հարմարվում» այս կամ այն դրամաշնորհային ծրագրին: Իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, այս դեպքում՝ որեւէ ՀԿ գործունեության ուղղվածությունը, ընթացիկ նպատակային թիրախները, հաճախ նաեւ՝ հանրային վարքը:
Հայաստանի հասարակական սեկտորին դրամաշնորհներ տրամադրելու առումով ակտիվների շարքում է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը, որ հասարակությանը ավելի շատ հայտնի է որպես Սորոսի ֆոնդ կամ Սորոսի հիմնադրամ:

Այս հիմնադրամը, ինչպես այդ մասին գրվել է մամուլում, ակտիվորեն էր արձագանքել «Ազգ-բանակ» հայեցակարգին: Շրջանառված փաստերի համաձայն, Սորոսի հիմնադրամն արագորեն 20 հազար դոլար էր հատկացրել «Հանրային օրակարգ» ՀԿ-ին՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը քննադատելու համար:
Ընդհանուր առմամբ, միայն 2016 եւ 2017 թվականներին Սորոսի հիմնադրամը Հայաստանի ամենատարբեր հասարակական կազմակերպությունների տրամադրել է մոտ 2 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ: Հատկացումներն ու ծրագրերը բազմաթիվ են: Գործունեության ոլորտները՝ եւս: Օրինակ, ֆեմինիստական ուղղվածության ծրագրեր, որոնք կարող են զուգահեռվել խաղաղասիրական (պացիֆիստական) գործունեության հետ:
Փաստն այն է, որ 2017 թվականին, օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանից» ստացել է 55 հազար դոլար դրամաշնորհ: Ըստ ծրագրի՝ դրամաշնորհի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սեռական դաստիարակության բարելավումը՝ դեռահասների ծնողների ուսուցանման եւ դպրոցներում սեռական դաստիարակության գործընթացի քարոզը ուժեղացնելու ճանապարհով:
Կազմակերպությունն, իհարկե, այդ ուղղությամբ գործունեություն վաղուց է ծավալում, վերջին տարիներին տարբեր դպրոցներում հանդիպումներ կամ դասընթացներ են եղել, սեմինարներ, սեռականության վերաբերյալ կայք են գործարկել, ըստ մտահղացման՝ կրթաճանաչողական հոլովակներ են պատրաստել ու զետեղել համացանցում եւ այլն:
Կոնկրետ այս՝ դեռահասների սեռական դաստիարակության հիմնախնդրին անդրադառնալով, տարակուսանք է հարուցում այն, որ ԿԳ նախարարությունը թույլ է տալիս հասարակական սեկտորի ինչ-որ կազմակերպության մտնել «իր բոստանը»:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի դեպքում միգուցե ազնիվ չէ գործածել «ինչ-որ կազմակերպություն» արտահայտությունը: Սա կոնկրետ ֆեմինիստական կազմակերպություն է, որն առանձին դեպքերում հանդես է գալիս նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դիրքերից:

Կազմակերպության համանախագահն ու ղեկավարը Լարա Ահարոնյանն է, որը վերջին տարիներին նշված դիապազոնում դրսեւորել է որոշակի հրապարակային ակտիվություն:
Որպես ի գիտություն, նշենք, որ Լարա Ահարոնյանի ամուսինը կանադահայ գործարար Րաֆֆի Նիզիբլյանն է, որը «Deem Communicationes» մարքետինգային եւ PR կազմակերպության հիմնադիրն է եւ ստեղծագործական տնօրենը: Այս կազմակերպությունն, ի դեպ, իր գործունեության պրոֆիլով, տարբեր ժամանակներում համագործակցել է Հայաստանի պետական մարմինների հետ, ստացել որոշակի պատվերներ, նաեւ շնորհակալագրեր:
Սակայն դառնանք «Կանանց ռեսուրսային կենտրոնի» գործունեությանը: Այս ՀԿ նախաձեռնած վերջին միջոցառումներից մեկի՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին «Հայ արտ»-ում անցկացրած «Ան.կոչ.նակ» խորագրով ֆեմինիստական ցուցահանդեսի ընթացքում, օրինակ, եղել են այս կարգի կարգախոսներ. «Արգանդի հեղափոխությունը սկսելա՛» (կարգախոսը պաստառին արտահայտված է նկարով ու տեքստով, բժշկական կամ անատոմիական տարբերակով պատկերված է կանացի սեռական օրգան, եւ «հեղափոխությունը սկսելա» արտահայտությունը), «Իմ հեշտոցը՝ իմ կանոնները», «Հայրիշխանությունդ տանձիս չի՛» եւ այլն, եւ այլն:
Բայց դրանից բացի, եղել են նաեւ որոշակիորեն հակապատերազմական, հակաբանակային, գաղափարներ քարոզող ցուցապաստառներ: Մասնավորապես. «Իմ արգանդը գործարք չէ քո ռազմական բիզնեսի հետ», «Ոչ պատերազմի բիզնեսին», «Ես չեմ ամուսնացել պետության բանակի հետ» եւ այլն:
Դե՝ «իրենց մարմինն, իրենց իրավունքը»: Քի՞չ «հեղափոխություններ» են մեր հանրության գլխով անցել: Այս մեկն էլ թող «արգանդի» կամ, եթե ինչ-որ մեկին ավելի հաճո է, «հեշտոցի» լինի:
Բայց արդյոք նման մոտեցումներ դավանող կազմակերպությո՞ւնն է ամենալավ թեկնածուն դպրոցներում սեռական դաստիարակության չափազանց զգայուն եւ նուրբ խնդրով ակտիվորեն զբաղվելու համար: Կազմակերպություն, որի դաստիարակչական կայքում մանրամասն նկարագրված են սեռական հարաբերությունների ամենատարբեր տեսակներ ու դրանց «տեխնիկան»՝ անալ, օրալ, սեռական օրգանների շոյում: Ավելի մանրամասն երեւի միայն պոռնո «գրականության» մեջ կամ կայքերում է լինում: Դա սեռականության մասնագետները կասեն: Երեւի պետք է գոհ լինել, որ զոոֆիլիայի կամ նեկրոֆիլիայի նկարագրություններն էլ չկան:
Դեռահասները, բարձր դասարանցիները, իհարկե, սեռական դաստիարակության տեսանկյունից չպետք է անգրագետ մնան ու անտաշ մեծանան: Մեր հասարակության դեպքում, այո, կա նման խնդիր: Բայց դրանով պետք է զբաղվի կրթության նախարարությունը. համապատասխան մասնագետները պետք է զբաղվեն հղկված մեթոդաբանությամբ:
Մտահոգիչ է նաեւ իբր խաղաղասիրական քարոզի տակ վատ քողարկված հակաբանակային կարգախոսների տարածումը: Արդեն հիշատակված «Հանրային օրակարգ» ՀԿ-ից բացի, եղած մի քանիսի շարքում կարելի է հիշատակել նաեւ «Սեւազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնությունը: Այն, որպես առանձին գործող հասարակական կազմակերպություն, պետական ռեգիստրում գրանցվել է՝ «Սեւազգեստ կանայք» խաղաղաշինական ՀԿ» անվանումով:
Չնայած նախաձեռնությունը հանրային դաշտում ավելի վաղ է սկսել գործել, բայց ոմանք միգուցե խորհրդանշական կհամարեն նաեւ գրանցման տարեթիվը՝ 2016 թվական: Ապրիլյան պատերազմի տարին: Իսկ կոնկրետ «Սեւազգեստ կանայք, Հայաստան»-ը, ըստ ինքնանկարագրի՝ հակառազմական, ֆեմինիստական, խաղաղաշինական նախաձեռնություն է, որը պայքարում է պատերազմի, ռազմականության, բռնության եւ խտրականության դեմ:
Ասվածից ինքնաբերաբար հասկանալի է, որ այս նախաձեռնությունը քննադատական կեցվածք ունի «Ազգ-բանակ» հայեցակարգի նկատմամբ, այն համարում հասարակության հավելյալ ռազմականացման խթան: Եվ չնայած նման ձեւակերպումը լիովին համահունչ է, օրինակ, Սորոսի հիմնադրամի՝ հիշատակված դրամաշնորհը տրամադրելու նպատակային մոտեցումներին, «Սեւազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնությունը ֆինանսական սնուցման այլ աղբյուրներ ունի:
Համենայն դեպս «Մամա Քաշ» (Mama Cash) միջազգային ֆեմինիստական հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակված հաշվետվության մեջ արտացոլված են տեղեկություններ նաեւ «Սեւազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնությանը 2016 թվականի ընթացքում տրամադրված դրամաշնորհի մասին: Նշված է, որ 2016թ. ընթացքում հիմնադրամի կողմից «Սեւազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնությանը տրամադրվել է 25 հազար եվրո դրամաշնորհ, որը նախաձեռնությունն օգտագործել է հակառազմական, ֆեմինիստական գործունեության ծավալման եւ նոր անդամներ ներգրավելու համար:
Թվերն ու փաստերը «խոսուն» են: Նաեւ՝ մտահոգիչ: Իսկ երբ նկատի ենք առնում, որ նշվածները օտարերկրյա տարբեր հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ գործող եւ այդօրինակ ուղղվածություն ունեցող եզակի ՀԿ-ներ չեն, այսինքն՝ այլ ՀԿ-ներ էլ կան, ապա մտահոգությունը սաստկանում է:
Ի՞նչ է ստացվում. հարեւան Ադրբեջանը սպառազինվում է, դա ուղեկցելով ագրեսիվ հռետորաբանությամբ եւ իր հասարակությանը նախապատրաստելով ու մղելով ռազմական ագրեսիայի՝ չհաշված ակնհայտ ֆաշիստական, հակահայկական տրամադրությունների սերմանումը: Հարեւան Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմում (ապրիլյան պատերազմը):
Եվ ահա հենց այդ նույն ընթացքում Հայաստանում գործող մի քանի ՀԿ-ներ դրսից փող են ստանում՝ ռազմականացման դեմ, նաեւ՝ մեր բանակի, նաեւ՝ «Ազգ բանակի» դեմ քարոզ ծավալելու համար: Սեռականությունն ու ֆեմինիստությունն էլ՝ բոնուս: Իսկ ինչո՞ւ, օրինակ, ակնհայտ ագրեսոր Ադրբեջանում օտարերկրյա ֆինանսավորողներն ու դրամաշնորհողները նման քարոզչություն չեն ծավալում:

Հարցը, իհարկե, հռետորական է: Ինչպես հռետորական է եւ այն հարցը, թե որքանո՞վ տրամաբանական, հիմնավորված ու նաեւ բարոյական կարելի է համարել «խաղաղաշինական, հակառազմական» գործունեությունը մի երկրում եւ հասարակության մեջ, որը հրամայական անհրաժեշտություն ունի պաշտպանվելու նախահարձակ ու թշնամաբար տրամադրված հակառակորդից:
Ողջամտությունը հուշում է, որ նման ՀԿ-ների վճարովի խաղաղասիրությունն ու սեռականությունը կարող են թանկ նստել մեր հասարակության վրա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ