Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ՙՙԵրկիր ծիրանի՚՚ ավագանու անդամների քայլը ոչ իրավաչափ էր և ոչ կոռեկտ

Փետրվար 15, 2018թ. 13:40
Լևոն Բաղդասարյան

Հարցազրույց փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

-ՙՙԵրկիր ծիրանի՚՚ ավագանու խմբակցության անդամները վտանգավոր հեղուկ պարունակող տարաներով ներկայացան ավագանու նիստին, ու ներկաների գնահատմամբ, ստեղծեցին իրենց կյանքի, առողջության համար վտանգավոր իրավիճակ: Իրավունք ունի՞ անձը՝ անկախ սեռից՝ կին, թե տղամարդ, հանրային վայրում, պետական կառույցում կատարել  նման քայլ  ու հետո արդարանալ, թե  դա անում է ժողովրդի համար: Իրավական տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք ԵԾ կանանց սկանդալային գործողությունը:

-Կատարվածը նախ ցույց է տալիս, թե մեր հասարակության մեջ, ընդհուպ մինչև պետական լիազոր մարմիներում՝ տվյալ դեպքում քաղաքապետարանում, ինչպիսի իրավիճակ է տիրում. չկա մեկմեկու հանդեպ հարգանք, չկա հարաբերվելու մշակույթ, բացակայում է պետականամետ  մտածողությունը: Զերծ մնալով կողմերից որևէ մեկին դատապարտելուց կամ չդատապարտելուց, զուտ իրավական հարթության մեջ ներկայացնեմ իմ դիտակումը:

Նախ, եթե իրականում 25 տարի է, ինչպես ասում են ՙՙԵրկիր ծիրանի՚՚ ավագանու անդամները, որ կոյուղաջրերը լցվում են մարդկանց բակերը, ապա կարծում եմ, քաղաքային իշխանությունը վաղուց պետք է այդ հարցով զբաղվեր ու պարզեր, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիներն ապրում են նման  ոչ բարենպաստ պայմաններում: Այսօր բավականին խնդիրներ կան քաղաքում, որոնք պետք է լինեն քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում:

Սակայն դա չի նշանակում, որ հարցերը պետք է լուծել նման կերպ, ինչպես արեցին  ՙՙԵրկիր ծիրանիի՚՚ անդամներ, նրանց քայլն անընդունելի եմ համարում: Նման ձևով մտնել քաղաքային իշխանություն ու հարցեր լուծել, ես  դիտում եմ  շատ վատ PR ակցիա, ոչ թե Նուբարաշենի բնակիչների խնդիրները լուծելու տարբերակ:

Եթե ԵԾ անդամները շահագրգռված էին տվյալ հարցի լուծմամբ, ապա նրանք ոչնչով կաշկանդված չէին դրան հասնելու համար: Կարող էին  գրավոր հարցում անել և ավագանու նիստի օրակարգում հարցը քննարկել, ինչու ոչ, նաև հասնել նրան, որ համայնքի բյուջեից գումար հատկացվեր, որպեսզի այդ խնդիրը, իրոք, լուծվեր: Բայց նման կերպ մտնել դահլիճ ու տարաների պարունակությունը՝ կոյուղաջրով լցված դնել քաղաքային  իշխանության առաջ, դա ես դիտում եմ ոչ միայն ոչ իրավաչափ, այլև ոչ կոռեկտ քայլ:

-Արձանագրենք, որ ԵԾ անդամների նման պահվածքը դարձավ ծեծկռտուքի պատճառ, ինչն այսօր ավելի շատ է հայտնվել  հանրային ուշադրության կենտրոնում:

-Այո, նրանց քայլին հաջորդեց քաշքշուկը, քանի որ, երբ անձին փորձում են ոչ ադեկված պահվածքով ցնցել, ապա նրա մոտ առաջանում է ինքնապաշտպանվելու ցանկություն՝ դրանից բխող  բոլոր բացասական հետևանքներով: Դահլիճում ներկա էին մի քանի տասնյակ մարդիկ, յուրաքանչյուրն իր մտածողությամբ ու նման իրավիճակներում որոշակի քայլեր անելու  հակվածությամբ: Եվ տեղի ունեցավ այն ինչ եղավ: Կարծում եմ,  նման կերպ հարցերը լուծելն ու նման նախադեպեր ստեղծելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ մեր երկրի համար:

-Այն, որ դահլիճ էր բերվել վտանգավոր  բաղադրություն ունեցող հեղուկ, փաստվեց ավագանու անդամներից շատերի ինքնազգացողության վատացմամբ, կոմպոզիտոր Վարդազարյանն էլ տեղափոխվեց հիվանդանոց՝ ենթարկվեց սրտի վիրահատության: Կատարվածից հետո գնահատական հնչեց, թե ԵԾ կանայք ահաբեկչություն իրականացրեցին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Իրավապահ մարմինների կողմից այսօր նյութեր են պատրաստվում, նրանք կուսումնասիրեն ու կտեսնեն՝ կա՞ հանցակազմ  արարքնեի մեջ: Այսինքն, ձեր հարցի պատասխանն ու այս ամենի  գնահատականը, բնականաբար, կտա պետական լիազոր մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի:  Ինքս կասեմ հետևյալը.  նման դեպքում պետք է զատել գլխավորը երկրորդականից և յուրաքանչյուր անձ իր կատարածի համար պետք է պատասխան տա ամենախիստ ձևով:

Մեր պետական օրենքները թույլ են տալիս ցանկացած ենթադրյա անօրինականության դեմն առնել: Պետությունն անզոր չէ, օրենքը գործում է ու ամեն մեկն իր արածի համար  պատասխան կտա:

-Եթե տղամարդը կնոջ սանձարձակ քայլը կանխելու և դահլիճում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար նրան գրկած դուրս է բերում այդ տարածքից, ու դրանով նպաստում  ստեղծված լարվածության թուլացմանը, սա  որակվում է սեռական բռնությո՞ւն տվյալ կնոջ հանդեպ:

–  Կարծում եմ, նկատի ունեք Գոռ Վարդանյանի կատարած քայլը, երբ ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանին դուրս բերեց դահլիճից: Բայց այստեղ հարց է առաջանում,  Գոռ Վարդանյանն ինչո՞ւ արեց նման գործողություն, ի՞նչը դրդեց նրան այդ քայլին: Ես այստեղ շատ կարևորում եմ պատճառահետևանքային կապը: Պետք է մտածել, եթե նման էքստրեմալ իրավիճակում Վարդանյանը չաներ այդ գործողությունը, արդյոք, ավելի վատ բաներ չէի՞ն կատարվի: Կրկնում եմ, հարկավոր է հաշվի առնել պատճառահետևանքային կապը:   Ես անթույլատրելի եմ համարում կնոջ վրա ձեռք բարձրացնելը, բայց նաև անթույլատրելի եմ համարում, որ կինն իրեն թույլ է տալիս նման գործողություն կատարել:

-Չմոռանանք, որ տվյալ դեպքում կնոջ վրա ձեռք բարձրացվեց  այդ նույն կնոջ կողմից կատարված վատ արարքից հետո:

-Եթե հարցին մոտենանք փիլիսոփայորեն, ապա կինն Աստծո ստեղծած էակ է, ու պետք է պահպանել կնոջը: Բայց դիտարկելով կոնկրետ քաղաքապետարանում կատարվածը, պետք է ասեմ, որ մարդը հասարակական էակ է, մահկանացու, և  կնոջ սխալ քայլը ևս պետք է ստանա իր համարժեք պատասխանը, ինչն էլ մենք տեսանք քաղաքապետարանում:

Իրավունքում կա  դիմադրության իրավունք հասկացողությունը: Եթե մեկը հարձակվում է դիմացինի վրա ինչ-որ հեղուկ ձեռքին, որը կարող է այդ անձի համար լինել վտանգավոր, ու դա նրա համար կարող է ունենալ կործանարար հետևանքներ, ապա  արդարացված է մյուս անձի կամ անձանց կողմից դիմադրություն ցույց տալը:  Այսինքն՝ հեղուկը արագ հեռացնելը, թափելը, այդ մարդու ձեռքերը ոլորելը:  Եթե այդ կինը՝ Մարինա Խաչատրյանը եկել էր մյուսներին վնասելու հատուկ նպատակով, բնականաբար, սրան համարժեք էլ նա իրավապահ մարմիններից կստան իր պատիժը:

Գիտեք, մեր երկրում, ցավոք, շատ ագրեսիա կա: Եթե մեր հասարակության մեջ գերակշռեր սերը, ապա այս դեպքը չէր կատարվի, ավագանու անդամը կգրեր գրություն,  քաղաքակիրթ ձևով այն կդներ քաղաքապետի սեղանին, հարցը կքննարկվեր ավագանու նիստում, ու իրոք կլուծվեր: Բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:

-Բոլորը խոսում են մարդու իրավունքներից, մի տեսակ սկսում ենք ծայրահեղանալ, ստացվում է, որ մարդը կարող է հասարակության մեջ, պետական կառույցներում, հանրային տարբեր վայրերում  իրեն ամեն ինչ թույլ տալ՝ վատ արաքից մինչև վտանգավորը, ու իր քայլերն արդարացնել, ասելով՝ դա իր իրավունքն է: Սա նորմա՞լ երևույթ է:

-Սա շատ լուրջ խնդիր է, որը ցավոք կա մեզանում: Շատ հաճախ գերակա համարելով իրավունքը անձը մոռանում է, որ իր գործողություններով ինքը դիմացինի իրավունքն է խախտում: սա շատ կարևոր հանգամանք է: Ամեն ոք պետք է գիտակցի հետևյալը՝ իմ իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ խախտվում է դիմացինի իրավունքը: Ցավոք, մեզ մոտ այդ ընկալումը, այդ մշակույթը բացակայում է:

Որպեսզի նման իրավիճակ չլինի, պետք է խստորեն գործի պետական լիազոր մարմնի ՙՙմահակը՚՚ ինչպես պետական մարմինների նկատմամբ, այնպես էլ ոչ ճիշտ պահվածք դրսևորած քաղաքացիների: Եթե այդ ՙՙմահակը՚՚ իրավաչափորեն գործի, վստահ եղեք, որ ամեն ինչ իր տեղում կլինի:

-ՙՙԵլքի՚՚ ավագանու անդամները մտահոգ ասում են, թե ամեն անգամ ավագանու նիստերին գալիս, իրենք  մտածում են՝ տեսնես ա՞յս անգամ ինչ նոր քայլեր են  անելու, ի՞նչ նոր շոում է ծրագրել սարքել ՙՙԵրկիր ծիրանին՚՚՝ խաթարելով ավագանու աշխատանքը: Քաղաքապետի հրահանգով, այժմ փնտրվում են  լուծումներ ավագանիների անվտանգությունը ապահովելու համար: Սրա կարիքը կա՞:

– Եթե կա անվտանգության հետ կապված խնդիր ու ավագանու մյուս անդամներն իրենց, մեղմ ասած, հարմարավետ չեն զգում, ուրեմն օրենքով  սահմանված կարգով պետք է խստացումներ լինեն:  Ես չէի ցանկանա, որ Հայաստանը լիներ Սիցիլիա կամ ԱՄՆ, որտեղ կարող են մտնել  դպրոց, կամ հանրային մեկ այլ տարածք ու մարդկանց գնդակահարել: Փառք Աստծո, Հայաստանում նման մթնոլորտ չկա: Բայց  այս կարգի միջադեպերը պետք  է բացառել օրենքի ողջ խստությամբ:

Եթե այս դրվագը չարժանանա համապատասխան գնահատականի, ապա նույնը կարող է վաղը լինել,օրինակ, խանութում, գնորդը կարող է ասել՝ անորակ ապրանք ես վաճառել ու իրեն թույլ տալ ինչ-որ քայլեր անել վաճառողի հանդեպ: Կամ կարող է լինել դպրոցում, ծնողը կարող է ասել՝ քո տղան իմ տղային թարս է նայել ու ինչ-ինչ  քայլերի դիմել: Աստված մի արասցե, որ սա խրոնիկ բնույթ ստանա: Պետք է ուղղակի արգելել անօրինական գործողությունները, պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր մեղավորները, որպեսզի մեր մյուս քաղաքացիները, այդ թվում ավագանու անդամները, իրենց մեջքին զգան պետության ուժն ու հովանավորությունը ու պետությունը պետք է լինի բոլորիս անվտանգության երաշխավորը:

Իմ հորդորն է ավագանու տարբեր խմբակցությունների անդամներին, որոնք հետայսու շարունակելու են աշխատել միասին, ի վերջո, ձեր գերակա նպատակը պետք է լինի քաղաքի զարգացումը: Հետևաբար տուրք մի տվեք էմոցիաներին ու մեկմեկու հանդեպ եղեք ներողամիտ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն