Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ԵԾ-ի թունավոր արկածները քաղաքապետարանում

Փետրվար 14, 2018թ. 23:19
Երկիր ծիրանի ծեծկռտուք

Զարուհի Փոստանջյանի խորհրդարանական էպոեպեան ավարտվելուց հետո, նրա քաղաքական ագրեսիան հիմա էլ յուրահատուկ խեղկատակությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանում: Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու մասին երդում տված ՙԵրկիր Ծիրանիի՚ նախագահը ամեն անգամ, իր թիմակից կանանց հետ ավագանու նիստերին է շտապում նորանոր շոուներ մոգոնած: Երեկ ԵԾ կանանց գունդն իր սկանդալային, էքսցենտրիկ գործողություններով հերթական անգամ խաթարեց Երևանի ավագանու աշխատանքները, իսկ օրակարգում երկու տասնյակից ավելի կարևոր հարցեր էին, այդ թվում՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը հավանություն տալու հարցը:
ԵԾ տիկնանց գնդի ՙՙֆանտազիան՚՚ հասավ իր բարձրակետին. կանայք եկել էին նիստի, բառի բուն իմաստով՝ զինված. նրանք իրենց հետ դահլիճ էին բերել առողջության համար խիստ վտանգավոր քիմիական նյութերով լցված ապակե տարաները:
ՙԵԾ՚ կանայք, նախ, հագան բժշկական ձեռնոցները, դեմքները ծածկեցին դիմակներով ու տարաները ձեռքներին արագությամբ մոտեցան քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանի նպատակն էր կոյուղաջուրը շփել Տարոն Մարգարյանի ուղղությամբ, սակայն ՀՀԿ ավագանու անդամների միջամտության արդյունքում տիկնոջ ցանկությունը ամբողջությամբ չկատարվեց, ապակե տարան ընկավ գետնին ու փշրվեց՝ գարշահոտություն տարածելով դահլիճով մեկ:
երկիր ծիրանիՀՀԿ-ի և ՙԵլք՚-ի անդամները շրջապատեցին անհնազանդ տիկնանց` փորձելով նրանց դահլիճից դուրս հրավիրել.սկսվեց քաշքշուկ: Քաղաքապետարան հրավիրվեցին ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով:
ԵԾ կանայք լրագրողական տեսախցիկների առաջ իրենց ցինիկ քայլն այսպես էին մեկնաբանում. Նուբարաշենի 4 շենքի բնակիչներ գարշահոտություն են շնչում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի պարզաբանմամբ, ԵԾ ավագանու անդամները ստում են և շահարկում 14 երեխաների ընտանիքի հարցը.ՙՙԻրականությունն այն է, որ այդ ընտանիքը գտնվում է քաղաքապետ Մարգարյանի ու քաղաքապետարանի ուշադրության, հոգածության ներքո՚: Նաիրա Նահապետյանը շեշտեց, որ ՙՙԵրկիր Ծիրանի՚՚ ավագանու անդամների քայլն այլ բան չէր, քան հարձակում նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ապա ՀՀԿ ավագանու վրա:Հետևաբար, այլ բան չէր մնում, քան նման պահվածք դրսևորածներին բռնի ուժով դահլիճից հեռացնել: ՙՙԻսկ ի՞նչ պետք է անեինք, ԵԾ անդամները դուրս չէին գալիս դահլիճից, ի՞նչ անեինք, թողնեինք, որ այդ ազոտային թթուն լցնեին մեր դեմքի՞ն՚՚-ասաց Նահապետյանը:

Գարշահոտությունից ու թունավոր նյութի ազդեցությունից ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ: ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվեց հիվանդանոց. ժամեր անց տեղեկացանք, որ նրա սիրտը ստենտավորել էին:
Սեփական քայլից անհարմար զգալու փոխարեն, ԵԾ կանայք անցան նախահարձակման: Մի բան էլ իրենք էի հոխորտում, թե ՀՀԿ ավագանու անդամ տղամարդիկ բռնեցին իրենց ձեռքերը, ցավ պատճառեցին ու հրմշտելով դուրս բերեցին դահիճից: Հետո եռյակը սկսեց աղաղակել, թե իրենց նաև հայհոյել են: ՙՙՓաստերը խեղաթյուրում են, անհարմար է, նման բան չի եղել, անձամբ ես բռնության դեպքերին ականատես չեմ եղել: Կինը մի քիչ էլ պետք է իրեն չափավոր պահի: Բայց ամեն անգամ նույնն է,մենք նման պայմաններում ենք աշխատում: Մի՞թե սա նորմալ վիճակ է: Հարցերը այս կերպ չեն լուծվում, ի վերջո, չի կարելի նման մեթոդներով վարկաբեկել Երևանի քաղաքապետարանը, ձախողել նրա աշխատանքերը՚, – ասաց ավագանու անդամ Ալինա Քուշքյանը:

Մասնագիտությամբ բժկուհի Քուշքյանի զգացողությունը ևս վատացել էր տարածված նյութից, ասաց՝ այն վտանգավոր է առողջության համար, քանի որ քիմիական տարրեր է պարունակում ու ինքը ստիպված է եղել հակաալերգիկ դեղահաբեր ընդունել:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը, որը մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան է, վստահ է, որ ավագանու անդամների բերածը ոչ թե կեղտաջուր էր, այլ քիմիական նյութ, որը պարունակում էր H2S: Հետևաբար, համարում է, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժի արած քայլը ոչ այլ ինչ էր, քան ահաբեկչություն: ՙՆրանց քայլը օրենքի խախտում է, որը ոտնահարում է մարդու իրավունքը: Նրանք անցան մարդկայինի սահմանը: Ի՞նչ սատանայական ուժ կա նրանաց մեջ՚:
Սկանդալային միջադեպից խիստ վրդովված ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը նկատեց, թե նման պահվածքը հարի չէ հայ կնոջը.ՙՙ ԵԾ անդամները մշտապես ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը, ոչ ոք նրանց չի արգելել, ոչ ոք իրենց բերանը չէր փակել, հակառակը, Տարոն Մարգարյանը մշտապես նրանց թույլ է տվել մի բան էլ ավելի խոսել ու արտահայտել իրենց կարծիքը՚՚:  Կատարվածից անակնկալի եկած ՀՀԿ անդամը նկատեց, թե նման վատ արարք ոչ մեկև չէր սպասում, ոչ մեկի մտքով այդպիսի քայլ չէր կարող անցնել:

ՙՙԷժանագին PR՝ դիվիդենտեր շահելու համար՚՚,- այսպես բնորոշեց կանանց եռյակի քայլերը ԵԾ խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ ավագանու անդամ Մնացական Պարակշիևը. ՙՙԲայց այն, ինչ տեղի ունեցավ՝ բոլոր չափանիշներից դուրս է: Մարդիկ ամեն երկրորդ բառից խոսդում են երևանցիների շահերի մասին, բայց այս գործելաոճը ոչ միայն ի շահ երևանցիների չէ, այլև վնասում է երևանցուն: Այս գործելաոճը վարկաբեկում է ընդդիմությանը՚:

ՙՙԵլք՚՚ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս ԵԾ գործողությունները համարեց անընդունելի և շոու որակեց, նշելով, որ կատարվածը չափ ու սահմանից դուրս էր: ՙՙԱյն, ինչ եղավ այսօր, որևէ բանի չի կարող օգնել, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ նիստերի բնականոն ընթացքը չխաթարվի: Կարծում եմ, որ դա անընդունելի էր մեր նկատմամբ, այն գործի նկատմամբ, որը մենք փորձում ենք անել ու օգնել այն մարդկանց, ովքեր ընտրել են մեզ՚՚:

Ավագանու անդամները հայտարարեցին, որ դահլիճի 90 տոկոսը ՙՙԵրկիր Ծիրանի՚՚ խմբակցության անդամների ներկայությամբ ապահով չի զգում իրենց, քանի որ այդ կանանց եռյակը, ինչ-ինչ շահերով դրդված կարող են հազար ու մի քայլի դիմել ու վտանգել անդամների առողջությունը, ինչու ոչ, նաև կյանքը: ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները քաղաքապետարան ժամանած շտապօգնության աշխատակիցներին հորդորում էին ստուգել ԵԾ անդամների առողջական վիճակը, քանի որ մարդիկ նկատել էին, որ կանանց եռյակը ինչ-որ տարօրինակ, անբնական պահվածք ունի, խոսակցություն կար թե նրանք թերևս գտնվել են ինչ-որ ՙնյութերի՚ ազդեցության տակ:
Իրավիճակից մտահոգ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը առաջարկեց մտածել քայլեր, թե ինչպե՞ս վերահսկելի դարձնել քաղաքապետարանի ավագանու նիստերը։ ՙԴրանք պետք է զերծ լինեն վտանգավոր երևույթներից, պետք է քննարկել՝ ինչպե՞ս կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ մասնակցեն նիստին՚,- ըստ նրա՝ եթե կա անձ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, ապա այդ մարդը չի կարող գտնվել այդ տարածքում: Ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի դահլիճ մտնել նիստին չառնչվող պարագայով. ՙՏվալ դեպքում ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե այդ ամաններն ի՞նչ պարունակություն ունեին, ոչ ոք երաշխավորված չէր հետևանքներից, որևէ անդամ մտքի ծայրով չէր անցկացնի գալ և նման արարքի հանդիպել: Ո՞վ է պատասխանատու այդ անկանխատեսելի արարքի համար, ապականել դահլիճը՝ անթույլատրելի է՚: Արեյանը համոզված է, որ պետք է կոշտ և օբյեկտիվ գնահատական տալ կատավածին և չթույլատրել նման արաքի կրկնություն:
Տարոն Մարգարյանը, որ այդ ամոբողջ ընթացքում դրսևորեց սթափ պահվածք, հայտարարեց՝ շենք մուտք գործելու կարգը պետք է վերանայվի. ՙՀասկանանք՝ ովքեր կարող են շենք մուտք գործել և ի՞նչ պարագաներ կարող են շենք ներս բերել: Մեկ օր ժամանակ, խորհրդակցում ենք և ներկայացնում առաջարկություն՚:
ցույց քաղաքապետարանի մոտԻ դեպ, մինչ Զարուհին ու իր ՙՙգունդը՚՚ ներսում սկանդալ էին սարքում, դրսում ՙՙինքնաբուխ՚՚ հավաքվեցին մի խումբ երիտասարդներ, բողոքի ակցիա էին անում, աղջիկներ սուլիչները բերաններին եկել էին պաշտպանելու ԵԾ ՙգնդին՚, որպես ՙՙբռնության՚՚ ենթարկվածների:
Պարզից էլ պարզ է, ՙՙԵրկիր Ծիրանիի՚՚ գլխավորությամբ իրականացված բեմադրությունը նախապես ծրագրված էր, կար պայմանավորվածություն՝ մենք ներսում կսրենք իրավիճակը, դուք դրսում: Քաղաքապետարանի շենքի առաջ բուսած երիտասարդ աղջիկները անդադար նույնն էին կրկնում՝ ՙՙներսում կանանց նկատմամբ բռնություն է կիրառվել՚՚:

    Ամենևին պատահական չէր, որ նույն պահին լսվեց հայտնի ֆեմինիստուհի Զարուհի Հովհաննիսյանի դատողությունը, թե Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ՙՙԵրկիր ծիրանի՚՚ խմբակցության անդամների նկատմամբ նաև ՙՙսեռական ոտնձգություն է կատարվել՚՚: Տիկինը նաև հոխորտաց, թե տեսանյութի կադրերը ներկայացնելու են համապատասխան ատյան՝ ՄԱԿ-ի՝ Հայաստանի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի՝ ՀՀ վավերացումից հետո կազմված հանձնախմբին:
Այս խմորը, ինչպես ասում նե, դեռ շատ ջուր է քաշելու, մանավադ, երբ լուրեր կան, թե դրսից ֆինանսավորվող որոշ խմբեր, փորձեր են անում Հայաստանի ներքին անդորրը խաթարելու, պետական տարբեր կառույցների աշխատանքը ձախողելու: Եվ նրանք ուղղորդվում են ՙՙիրավապաշտպան՚՚ հորջորջվող անձանց կողմից: Ու ամենևին բացառված չէ, որ քաղաքապետարանում իրականացված օպերացիան այդ նույն շղթայի մի օղակն էր:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն