Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Եթե ՀՀ նախագահի պաշտոնի կարիքը կա, ուրեմն նա պետք է անհրաժեշտ լիազորություններ ունենա

Փետրվար 13, 2018թ. 23:41
Արամ Սարգսյան

Հարցազրույց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի հետ
Առաջին անգամ մենք ձևավորում ենք նախագահի ինստիտուտ, ուր նախագահը ընտրվում է ոչ թե համաժողովրդական ընտրությամբ, այլ Աժ կողմից: Սա հաշվի առնելով Արմեն Սարգսյանը նախընտրեց նախ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի հետ՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, նաև հանրության լայն շրջանակների հետ: Նախօրեին կայացավ նաև ձեր միջև տետ ա տետ հանդիպում: Ի՞նչ հարցերի շուրջ եք խոսել, Սարգսյանը ներկայացրե՞լ է իր ծրագրերը, նպատակները, երկրի ապագայի իր տեսլականը:
-Մեկ հստակեցում. դա եղել է ոչ թե ընկերական, այլ պաշտոնական հանդիպում՝ Դեմկուսի նախագահի և ՀՀ նախագահի թեկնածուի միջև: Եվ ես ներկայացրել եմ մեր կուսակցության պատկերացումներն ու մտահոգությունները:

Ասեմ, որ Սարգսյանը շատ ճիշտ ընտրեց քաղաքական, հասարակական շրջանակների հետ շփվելու այս ձևը, որովհետև ինքը դեռ պետք է կուտակի այն տպավորություններն ու այն տեղեկատվությունը, որ իրեն, որպես Հանրապետության  ապագա նախագահի ուզում են փոխանցել այդ շրջանակները:

Նա հիմա ուզում է տեղեկանալ, թե ի՞նչ է տրամադրություններ կան հանրության տարբեր շերտերի մոտ: Որից հետո կամփոփի, կվերլուծի ստացածը, և կտա իր համաձայնությունը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու: Սրանից հետո միայն նա հանդես կգա իր ծրագրով: Իսկ հիմա նա չի կարող ծրագիր ներկայացնել:

Փոխարենը, նրա հետ հանդիպման ժամանակ,  ես եմ ներկայացրել այն մտահոգությունները, որ ունի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մենք բաց խոսակցություն ունեցանք: Հարցերի շրջանակը շատ լայն էր, որովհետև Հայաստանում կուտակված են լուծման կարիք ունեցող ահռելի քանակությամբ հիմնահարցեր: Գլխավոր հարցը արտագաղթն է, մնացած բոլոր հարցերը սրանից են ածանցվում: Իսկ արտագաղթի պատճառը միայն այն չէ, որ մեզանում քիչ են աշխատատեղերը, մենք հիմա ունենք աշխատող աղքատներ, ունենք հասարակություն, որը մտահոգ է իր ապագայի հետ կապված, մարդիկ որևէ հեռանկար չեն տեսնում: Սրա մասին է փաստում այն, որ երկրից հեռանում են անգամ կայացած՝ աշխատանք ունեցող, նյութապես ապահովված մասնագետները:

Այսինքն, ապագա նախագահը պետք է նախ հասկանա արտագաղթի պատճառները, դրանք ներառի իր ծրագրի հիմքում և արտագաղթի վերացումը դարձնի իր կողմից իրականացվելիք ծրագրի հիմնական սկզբունքը: Խոսել եմ նաև առողջապահական համակարգի մասին, որը պատուհասել է դարձել մեր ժողովրդի համար, որովհետև շատ-շատերին հասու չեն այդ ծառայությունները՝ ահռելի գների պատճառով: Ասել եմ նաև, որ ունենք լուրջ խնդիր պետական պարտքի հետ կապված. Դեմկուսը ուսումնասիրություններ է արել և այդ արդյունքները ես ներկայացրեցի նաև Արմեն Սարգսյանին: Գտնում են, որ պետք է փակվի անմիտ վարկերի ճանապարհը, որոնք վերցվում են պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար: Եթե պետք է վարկ վերցնել, ապա միմիայն երկրի զարգացումն ապահովելու համար, ինչը չի արվում Հայաստանում 27 տարի շարունակ:
Փաստորեն, Արմեն Սարգսյանը առավելապես լսողի դերում է եղել. այդ դեպքում, հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը:
-Այո, նա լսում էր ու գրանցում այն, ինչը համարում էր կարևոր: Ճիշտ աշխատաոճ է: Հարկ չեմ համարում իր փոխարեն ասել, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինքը ի՞նչ կարծիք հայտնեց: Դա Արմեն Սարգսյանը կանի այն ժամանակ, երբ բոլոր հանդիպումները կավարտի ու կամփոփի ստացած տեղեկատվությունը: Ի դեպ, ասեմ, որ նա շատ հանդիպումներ է պատրաստվում ունենալ, մեկնելու է Հայաստանի մարզեր, նաև արտերկիր: Թույլ տանք, որ նա ամփոփի իր հավաքած տեղեկատվությունը, որից հետ հենց իրենից կլսենք իր տեսակետները:

Պայմանավորվել ենք, որ մարտի 2-ից հետո տեղի ունենա Արմեն Սարգսյանի հանդիպումը Դեմկուսի հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի կազմի հետ, որպեսզի ընտրվելուց հետո ինքը մեզ ասի, թե ինչպե՞ս է պատկերացնում իր անելիքները: Գիտնականները պատրաստ են իրենց առաջարկները ներկայացնել նրան:

-Խոսենք նախագահի լիազորությունների մասին. որքան էլ ընդդիմադիր շրջանակները քննադատում են, թե տարբեր օրենքներով ՀՀ նախագահից լիազորություններ են վերցվում, սակայն Արմեն Սարգսյանը հարցազրույցներից մեկում նկատեց, թե Հայաստանի Սահմանադրությամբ նախագահին ավելի շատ լիազորություններ են տրվում, քան եվրոպական այլ երկրներում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Եկեք ինքներս դատենք: Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահը պետության գլուխն է, սա նշանակում է, որ նա պատասխանատվություն է կրում հանրապետությունում կատարվող բոլոր գործընթացների համար՝ ուղղակի, թե անուղղակի: Ուղղակի, որովհետև նա է իրականացնում այս կամ այն լիազորությունը, և անուղակի, որովհետև պետք է տեսնի, թե իշխանության թևերը ինչպե՞ս են իրականացնում իրենց պարտականությունները: Սա արդեն խոսում է այն մասին, որ հանրապետության նախագահին սահմանադրորեն տրվում է կարևոր դեր: Բայց հիմա նախագահից վերցնել են ուզում նրա որոշ լիազորություններ:

Անհեթեթ է ՀՀ նախագահի ու ԱԺ նախագահին Ազգային անվտանգության կազմի մեջ չընդգրկելը: Սա խորհրդատվական մարմին է, որտեղ որոշվում են երկրի անվտանգության ու ապագայի հետ կապված խնդիրներ և հանկարծ ԱԺ նախագահին ու ՀՀ նախագահին ասում են՝ ձեր գործը չէ, մենք կանենք, հետո դուք կիմանանք, թե ի՞նչ ենք անում: Ինչպե՞ս կարելի է:
Մենք 21 դարում ենք ապրում,  սա միջնադար չէ, որ ինչ-որ մեկն էլ լինի ֆեոդալ:

Պետք է գործի իշխանության թևերի բաժանումն ու հավասարակշռումը, ոչ թե հակադրումը: Իսկ իշխանության թևերի տարանջատում ասվածը չի նշանակում, որ այդ թևերն առանձին են գործելու: Պետության կառավարումն ու ղեկավարումը պետք է ենթարկվի մեկ նպատակի՝ պետության զարգացմանը, ու եթե այդ թևերը ներդաշնակ չեն աշխատելու, ապա նրանք կդառնան հակամարտող կողմեր ու կգործեն ամբիցիարները: Շատ կարևոր է, որ քաղաքական քառյակը՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, փոխվարչապետ, ներդաշնակ աշխատեն միմյանց հետ:
Այս իրավիճակում, ապագա նախագահի թեկնածուն, ով էլ նա լինի, պետք է հասկանա, թե տրված լիազորությունների շրջանակում ի՞նչ է անելու և ինչպե՞ս է անելու: Եվ արդյոք ինքը կարո՞ղ է ունենալ էական ազդեցությունը երկրի զարգացման վրա, թե՞ ոչ:

Բացի այն, թե սահմանադրորեն ի՞նչ լիազորություններ են վերապահվում ՀՀ նախագահին, չե՞ք կարծում, որ շատ բան կախված է նաև նրա անձից: Եթե նա խարիզմատիկ կերպար է, ինքնուրույն, գործունյան անձ, ապա, մնալով Սահմանադրության շրջանակում, նա կարող է ավելին անել: Այս առումով, Արմեն Սարգսյանից կարո՞ղ ենք նման ակնկալիքներ ունենալ:

-Մենք պետք է մտածենք պետության շահից ելնելով՝ ի՞նչն է ավելի ճիշտ: Արմեն Սարգսյանը չլինի, մեկ ուրիշը լինի, պետք է հասկանանք, թե ՀՀ նախագահի պաշտոնը հանուն ինչի՞ է ստեղծված, եթե նա ընդամենը պետք է լինի հրամաններ կատարող անձ, այդ դեպքում ինչո՞ւ ենք գումար ծախսում, նախագահի պաշտոն ստեղծում՝ իր ամբողջ աշխատակազմով, թող նույն գործն անեն վարչապետն ու ԱԺ նախագահը: Եթե ՀՀ նախագահի պաշտոնի գոյության կարիքը կա, ուրեմն, նա պետք է անհրաժեշտ լիազորություններ ունենա:

Իսկ եթե ասում են՝ սա նախագահի գործը չէ, դրա մեջ մի խառնվիր, այդ դեպքում ինչո՞ւ ենք անունը դրել Հանրապետության նախագահ ու նրան համարում ենք երկրի գլուխ: Ի՞նչ է նշանակում թույլ չտալ,որ նախագահը լինի Անվտանգության խորհրդում: Մեր պետության, մեր ժողովրդի անվտանգության հարցերը բոլորիս աշխատանքի արգասիքը պետք է լինեն: Ո՞նց կարող է անվտանգության խնդիրների կարգավորմանը չմասնակցի այն անձը, որը պետության գլուխն է: Սա անհեթեթություն է:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի խարիզմատիկ անձ լինելուն՝ ապագան ցույց կտա: Կարծում եմ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանո՞վ ինքը հանրության հետ կունենա անմիջական շփումներ, ինչպե՞ս կհարաբերվի ու ինչպե՞ս կներկայացնի իր գործը: Ես շատ ուրախ եմ, որ Սարգսյանը գնաց հանրության տրամադրությունները շոշափելու, պարզելու ճանապարհով, հասկանալու, թե ի՞նչն է մտահոգում մեր ժողովրդին:
-Ընդդիմադի որոշ ուժերը նախկինի իներցիայով, այն է՝ մերժել իշխանության ցանկացած, անգամ ամենալավ առաջարկը, դեմ են Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ նա ՀՀԿ նախագահի թեկնածուն է: Սակայն Դեմկուսը այս բոլորից առանձնացավ, դուք գնահատում եք անձին, ոչ թե կուրորեն քննադատում իշխանության թեկնածուին: Ինչո՞վ բացատրել ձեր քայլը:
-Մենք միշտ առողջ ենք եղել մեր գնահտականներում, այլ բան է, որ փորձել են մեզ հիվանդացնել, բայց դա չի հաջողվել: Սկսենք նրանից, որ չնայած Արմեն Սարգսյանին առաջադրել է ՀՀԿ-ն, բայց նա անկուսակցական է, ու մնալու է այդպիսին, քանի որ դա է Սահմանադրության պահանջը: Նա հեռու կլինի ներքաղաքական մանր-մունր վեճերից և կներկայացնի ամբողջ ժողովրդին: Գեներալ Դը Գոլը նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց՝ ես բոլոր ֆրանսիացիների նախագահն եմ: Եթե այդպիսին չի լինելու մեր  հանրապետության նախագահը, այդ դեպքում մենք կշարունակենք մեր այն քաղաքական գիծը, որն իրականացրել ենք 27 տարիների ընթացքում:

Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը անձամբ Արմեն Սարգսյանի հանդեպ, ապա մեր կուսակցությունը գնահատում է նրա անցած ուղին, բացի այդ, ես ունեմ իմ անձնական տպավորությունը՝ շփվելով նրա հետ բավական երկար ժամանակ, հնարավորություն եմ ունեցել տարբեր առիթներով, տարբեր հարցերի շուրջ երկար զրուցել  նրա հետ:

Ի միջայլոց, պատհական չէ, որ ինձ սկսել են ոմանք կշտամբել, այն բանի համար, որ ես ասել եմ, թե Սարգսյանը երևանցի է, ու դա համարում եմ կարևոր: Բալանս է խախտվել, որովհետև մենք մեր ղեկավարության մեջ երկար տարիներ է չենք ունեցել երևանցի: Իսկ երևանցին այն անձն է, որը մեծացել է մեր մայրաքաղաքում, ու գիտի ամեն ինչ, ապրել է այստեղ, անցել է ճանապարհ, գիտի ինչն է լավը, ինչը՝ վատը: Այս հանգամանքը շատ կարևոր է, ինչպես նաև այն, թե ի՞նչ ընտանիքից է, ինչպե՞ս է մեծացել: Նա գիտնական մարդ է, որին դեռ երիտասարդ տարիներից Վիկտոր Համաբարձումյանը նկատել էր ու նպաստել, որ հնարավորություն ունենա աշխատելու Քեմփրիջում: Արմեն Սարգսյանն ունի դիվանագիտական փորձ, ունի միջազգային լուրջ կապեր, հաջողություններ ունի նաև բիզնեսում: Մեզ հիմա պետք է մարդ, որն առաջին հերթին կլինի բացարձակ կայացած, անկախ բոլոր առումներն, նաև ֆինանսապես: Այսպիսի նախագահի թեկնածուին ինչո՞ւ պետք է դեմ լինենք:

Մի դեպք հիշեցի, տարիներ առաջ էր, երբ ես ՙՙՔաղաքակրթությունների երկխոսություն՚՚ համաշխարհային ֆորումի անդամ էի, Հռոդոս կղզում կազմակերպվում էին հետաքրքիր  սեմինարներ: Կառույցի ղեկավար Վլադիմիր Յակոնինը հրավիրել էր նաև Արմեն Սարգսյանին: Մասնակիցների տրամադրությունն անկումային էր, մարդիկ մտահոգ էին, թե ինչպիսի՞ն է լինելու աշխարհի ապագան: Եվ այդ իրավիճակում եկույթի համար ամբիոնին մոտեցավ Արմեն Սարգսյանը: Նա իր խոսքով մեծ տպավորություն գործեց 70 երկրներ ներկայացնող 500 հոգանոց լսարանի վրա: Մեծ ուշադրությամբ լսելուց հետո մարդկանց տրամադրությունը բարձրացավ, սկսեցին ժպտալ, ապա ծափահարել, որովհետև Սարգսյանը խոսեց հետաքրքիր շեշտադրամամբ, ասաց, ինչո՞ւ եք այսպես մտահոգված, դուք 21-րդ դարում եք ապրում և ձեր երեխաներին պետք պատրաստեք ապագային, նոր կյանքին՝ նոր մոտեցումներով, ու տվեց մի ամբողջ տեսլական: Այդ դահլիճում նստած էին պետական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ, հայտնի մարդիկ, որոնք հիացմունքով լսեցին ու ընկալեցին նրա խոսքը: Եվ շատ լավ էր, որ շեշտվեց՝ ելույթ ունեցողը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն է:

Ուրեմն , ինչպե՞ս կարելի է վատ զգալ, որ նման կիրթ անձնավորությունը  վաղը կարող է   Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել  միջազգային հարթակներում, որպես նախագահ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն