Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ես պետք է լինեմ ոչ թե երրորդ Հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ չորրորդ Հանրապետության առաջին նախագահը

Փետրվար 11, 2018թ. 22:58
Արմեն Սարգսյան

Գրեթե ամենուր, նաև խորհրդարանում նախագահի թեկնածուին կրնկակոխ ՙՙհետապնդող՚՚ լրագրողներից երեկ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ շնորհակալ եղավ, որ չնայած դեռևս թեկնածու չէ, բայց լրագրողներն իր անձի հանդեպ նման հետաքրքրություն են ցուցաբերում: Շնորհակալ եղավ լրագրողների ՙՙճիշտ գործի՚՚ համար, ասաց, հարցեր են առաջանում, բամբասանքներ են հնչում կամ այլ մեկնաբանություններ, օրինակ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների, նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ իր կապերի մասին ու շատ էական է, որ մինչ իր առաջադրումը հասարակությունը ստանա այդ հարցերի ճշգրիտ պատասխանները, որպեսզի նաև ճիշտ պատկերացում կազմի ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին:
Խոստացավ ընտրվելուց հետո ավելի ակտիվ աշխատել լրագրողական հանրութի հետ. ՙՙՁեզնից երբեք չեմ հրաժարվելու, հակառակը, դուք լինելու եք իմ լավագույն բարեկամները, ամենավատ հարցն էլ, որ տաք՝ կպատասխանեմ՚՚:

Լրագրողները տեղում հիշեցրին, որ մեկ անգամ արդեն Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, չնայած ասել էր, որ կհանդիպի, կխոսի բոլորի հետ, բայց առանձնացավ ու մեկ հեռուստաընկրության՝ Շանթին, տվեց հարցազրույց: Լրագրողական ՙՙխանդը՚՚ փոքր-ինչ շփոթեցրեց Սարգսյանին, շտապեց ասել. ՙՙԲայց ես էլի ձեզ հետ կխոսեմ՚՚, ու չնայած շատ շտապում էր, բայց հենց միջանցքում պատասխանեց լրագրողների հարցերին:
       -Ի՞նչ կասեք ՙՙԵԼՔ՚՚ խմբակցության հետ ձեր հանդիպման մասին:
-Հանդիպում ունեցա ՙԵլք՚ խմբակցության հետ, հարցեր ուղղեցինք իրար, քննարկումը պրոֆեսիոնալ էր, ես իմ կողմից բավարարված եմ, որովհետև շատ բաց զրույց եղավ: Եվ ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ, մենք խոսեցինք նաև հետագա նոր հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ Ելքը հայտարարել է մինչև իմ այստեղ գալը, որ դեմ է քվեարկելու իմ թեկնածությանը, հարգում եմ իրենց որոշումը: Բայց դա չի նշանակում, որ եթե ես ընտրվեմ նախագահ իրենց հետ եմ աշխատելու: Հակառակը, իրենք ընդդիմախոս կազմակեպություն են ու արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ, ես նայում եմ առաջ, ու իրենց հետ աշխատելու եմ:
Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահը պետք է դառնա միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Մինչդեռ Eurasia House International-ի փաստաթղթերում նշված է, որ 2014-ին դուք Բրիտանիայի քաղաքացի եք եղել և գրանցված եք բրիտանական ՙՔամփընի Հաուս՚ ռեգիստրում, ինչպե՞ս հասկանալ:
-Այս հարցում դուք խնդիր եք փնտրում, սակայն խնդիր չկա: Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000-ին , երբ ես ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում աշխատում էի առանց աշխատավարձի, քաղաքացիության համար դիմեցի Մեծ Բրիտանիային, և 2002-ին այն ստացա: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին:
Բերում եք ՙՔամփընի Հաուս՚-ում իմ գրանցված լինելու օրինակը: Բայց ես տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների խորհրդի անդամ եմ եղել, ու հիմա ևս անդամ եմ: Եվ այդտեղ, ինչ-որ տեղերում գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղերում՝ հայ եմ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ: Եվ այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են՝ որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Մեծ Բրիտանիայի կամ որպես ՀՀ քաղաքացի: Իսկ Eurasia House International-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբին եմ հիմնադրել, այն Քեմփրիջի համալսարանի դուստր կազամակերպությունն էր, մի ինստիտուտ, որտեղ հարյուրից ավելի հայ երիտասարդներ են կրթություն ստացել: 2010-ին այդ կազմակերպության գործունեությունը դադարեց՝ տարբեր պատճառներով:
-Բայց ինչպե՞ս է, որ փաստաթղթերում նշված է մնացել, որ դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք:
-Եթե նայեք համաշխարհային այլ ընկերությունների փաստաթղթերը, օրինակ Դավոսի, կարող եք այնտեղ ևս գտնել, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք կարծում եք, թե Անգլիայում, երբ մեկը հրաժարական է տալիս, ամեն տեղից իր անունը հանում ե՞ն: Այդպես չէ:
-Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք Բրիտանիայի քաղաքացիությունից:
-Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչո՞ւ ընդունեցի այդ քաղաքացիությունը. բացատրեմ, որովհետև իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որ ես ճանապարհորդեմ, տարբեր երկրներ, նաև անվտանգության, հազար ու մի խնդիր կար: Իսկ հրաժարվեցի քաղաքացիությունից, որովհետև դրա կարիքն այլևս չկար: Ոչ թե, որովհետև 2011-ին մտածում էի, թե դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պետք է ՀՀ դեսպան դառնամ, հետո էլ պիտի դառնամ նախագահի թեկնածու:
Բոլոր ձեզ հետաքրքրող նման հարցերը կարող եք ուղղարկել իմ գրասենյակ, որտեղից ձեզ կպատասխանեն:
– Քաղբանտարկյալներ կա՞ն Հայաստանում, թե՞ ոչ:
– Ես չգիտեմ: Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից՝ որպես քաղբանտարկյալ: Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները, և իմ տեսակետն է, որ անպայման մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն այսօր կամ վաղը:
-Դուք վիրավորված չե՞ք լինի, որ ՀՀ  չորրորդ նախագահ դառնաք, բայց Բաղրամյան 26-ը չլինի ձեր նստավայրը:
-Հակառակը: Իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ, ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ չորրորդ հանրապետության առաջին նախագահը:
-Ձեզ հետ կապված որակումներ, գնահատականներ հնչեցին, անգամ ԿԳԲ-ի գործակալ անվանեցին, ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:
– Հա գիտեմ, անգամ մասոն, այլմոլորակային, տամպլիեր, ու էլ ի՛նչ ուզեք ասացին…

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն