Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Վենետիկի հանձնաժողովի կարծիքները չեն կարող բխել մեր շահերից, նրանք դեմ են մեր ազգային-հոգևոր արժեհամակարգին

Փետրվար 8, 2018թ. 19:13
աղանդ

Բազմիցս է խոսվել այն մասին, որ ՙՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚՚ գործող օրենքը թերի է, պատկերավոր ասած՝ կաղում է, օրենքում չկան անհրաժեշտ իրավական կարգավորումներ: Եվ սա հանգեցրել է նրան, որ դրսից ֆինանսավորվող ՙՙկրոնական՚՚ խմբավորումների գործունեությունն ամբողջովին դուրս է մնացել իրավական վերահսկողությունից:

2017-ին Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ հիշյալ օրենքում փոփոխություններ կատարելուն և շրջանառության մեջ դրեց օրենքի նոր նախագիծ, ինչը հայտնվել է այս հարցում մեծ հետաքրքրություն դրսևորող Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Օրերս Վենետիկի հանձնաժողովի  պատվիրակները ժամանեցին Ազգային ժողով՝ նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնելու նպատակով: Պաշտոնական հաղորդագրությունը սպասվածից քչախոս էր, նրանում որևէ խոսք չկար այն մասին, թե վենետիկցիներն ի՞նչ ՙՙմասնագիտական կարծիք՚՚ են փոխանցել ԱԺ փոխնագահ Արփինե Հովհաննիսյանին, որի հետ, ի դեպ, հանդիպել էին: Պատվիրակության կարծիքներին անտեղյալ էին նաև Արդարադատության նախարարությունում:

ՙՙՕրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն՚՚ հիմնադրամի փորձագետ ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԸ մեզ հետ զրույցում փոխանցեց, թե Վենետիկի հանձնաժողովի պատվիրակները նախարարության ներկայացուցիչների հետ չեն հանդիպել, հրապարակված չէ նաև նրանց պաշտոնական կարծիքը:

Չնայած դրան, ասենք, որ վենետիկցիների կարծիքներն այս հարցում հիմնականում ՙՙգաղտնազերծված՚՚ են: Նրանք իրենց դիրքորոշումն հայտնել են դեռևս 2008-ին, երբ շրջանառության մեջ էր դրվել օրենքի մի նոր նախագիծ: Տեղին է հիշել, որ հենց վենետիկցիների թեթև ձեռքով գործընթացը վիժեցվեց՝ այդ նախագիծն օրենք չդարձավ: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք դեմ էին նախագծում հոգեորսության սահմանմանը: Սրա հետ մեկտեղ հիմնական պատճառը կար ու մնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերի մատնանաշումը նախագծում: Ու մինչ օրս Վենետիկի հանձնաժողովը  դրսից ֆինանսավորվող ՙՙիրավապաշտպանների՚՚ հետ չեն դադարում նետեր ուղղել մեր եկեղեցու դեմ, փորձելով ամեն կերպ խլել նրա իրավունքները, զրոյացնել այն արժեքավոր ու ազգապահպան դերը, որ ունեցել է հայոց 1700-ամյա եկեղեցին մեր ժողովրդի կյանքում, ավելին, հավասարեցնել մյուս կրոնական կազմակերպությունների շարքին:

Փորձ է արվում իջեցնե՞լ մեր եկեղեցու դերը, հարցին, Տիգրան Դադունցն ասաց հետևյալը. ՙՙԴա չի կարող լինել, քանի որ Սահմանադրության 18 հոդվածով արդեն իսկ բարձր դեր է վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, սահմանված է նրա՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման, կրթուրթյան և ազգային ինքնության պահպանման գործում: Եվ Սահմանադրության այդ հոդվածը այլ կերպ չի կարող մեկնաբանվել կամ այդ դերը ինչ- որ կերպ չի կարող թուլացվել ու խեղաթյուրվել՚՚:
ՙՙՔայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚՚ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ , որին վաղուց են հայտնի Վենետիկի հանձնաժողովի տրամադրություններն այս հարցում, հայտարարում է. ՚ՙՆրանք մեզանից պահանջում են այն, ինչը չեն կարողանում պահանջել Եվրոպայից: Նրանք ոտնահարում են հայ ազգի ինքնությունը, դեմ են մեր ազգային-հոգևոր արժեհամակարգին, մերժում են Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական դերը, ուրեմն, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները չեն կարող բխել մեր շահերից՚՚: Նկատեց, եթե Վենետիկի հանձնաժողովի անդամները նման պահանջներ դնեին, օրինակ,  Անգլիայի առաջ՝ երկրից դուրս կշպրտվեին:
ՙՙՀայ ազգը 6 դար գտնվել է մահմեդականների հալածանքների տակ, բայց չի ձուլվել ու այսօր մենք ունենք պետություն: Մեր եկեղեցին է պահել մեր միասնությունը: Բայց հիմա փորձում են մասնատել մեզ՝ հեռացնելով մեր հոգևոր ակունքներից՚՚: Եվ դա անում են, մի կողմից եվրոպական օրենքները մեզ պարտադրելով, մյուս կողմից, աղանդավորական կառույցների օգնությամբ:
Մի կարևոր փաստի մասին տեղեկացրեց Ալեքսանդր Ամարյանը. Վենետիկի հանձնաժողովը եվրոպական բոլոր երկրներին թույլատրել է ունենալ կրոնական ոստիկանություն, իսկ Ներքին գործերի նախարարությանն ու Ազգային Անվտանգության ծառայություններին կից թոքւյլատրել է ստեղծել կրոնական բաժիններ, մինչդեռ մեզ  թույլ չեն տալիս:

Ամարյանը  տեղեկացրեց, թե կրոնական բաժինները Եվրոպայում հիմնակաում ստեղծվել են  ահաբեկչության դեմ պայքարի  օրենքի հիման վրա, և դա բացատրում են ԻԳԻԼ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ, որպես  կրոնական պատերազմի: ՙՙԱհաբեկչության դեմ պայքարի օրենքի համաձայն մեզ մոտ ևս այդ բաժինները կարող են ստեղծվել, մինչդեռ  չի արվում: Եվ դա այն դեպում, երբ  լուրեր շրջանառվեցին, թե Հայաստան են ներթափանցել ահաբեկչական կառույցի ներկայացուցիչներՙՙ: Ամարյանը նաև ուշադրություն հրավիրեց հետևյալ վտանգների վրա. ՙՙՄեզ մոտ գնալով մեծ թիվ են կազմում  ոչ քրիստոնյա եկեղեցու ներկայացուցիչները՝ մուսուլմաները, ավելի կոնկրետ մուսուլման  երեխաները, որոնք ծնունդ են հայուհիների ու պարսիկների համատեղ  ամուսնության: Այդ երեխաները ստանում են մուսուլմանական դաստիարակություն և դառնում այդ կրոնի կրողները: Սա լուրջ վտանգ է մեզ համար, և այդ երեխաները ռիսկային խմբերի մեջ են մտնում՚՚:

Բացի այս, մուսուլմանների թիվը Հայաստանում աճում է ի հաշիվ  Վրաստանից ու այլ երկրներից բազմաթիվ  մահմեդականների, որպես փախստականներ գալու և Հայաստանի  քաղաքացիություն ստանալու: Մեր երկիրը  դառնում է բավական խոցելի, սակայն  ոչ ոք սրան ուշադրություն չի դարձվում ,  չկա հսկողություն՚՚:

Դառնալով  ՙՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚՚ օրենքի նախագծին, ասենք, որ վերջերս ԱԺ ամբիոնից բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, որը եղել է 2008-ի սույն օրենքի նախագծի հեղինակներից մեկը: Պատգամավորն արտահայտեց իր մտահոգությունները որոշակի խնդիրների հետ կապված: Մասնավորաբար շեշտեց, որ օրենքում պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը, հարկավոր է պարզաբանելով, թե ի՞նչ է համարվում հոգեորսություն, ինչպիսի դեպքում կարող ենք այն դիտարկել: Երկրորդ, պետք է օրենքով ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների ներգործությունը: Երրորդ, պետք է լավագույնս ամրագրել, թե այս կամ այն կրոնական կազմակերպությունը, որն իրեն վերագրում է քրիստոնեական կամ այլ դավանանքի ընտանիքի մաս, որքանո՞վ է համապատասխանում այդ հանգամանքին: Ըստ Աշոտյանի, մեր քաղաքացիները պետք է լինեն լիարժեք և պատշաճ իրազեկված, որպեսզի իրենց թյուրիմացության մեջ չգցեն:

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի դիտարկումներին, Ամարյանը նախ կարևոր համարեց տոտալիտար աղանդների գործունեության արգելումը օրենքով, ասաց, որ հարցը պետք է քննարկվի Ազգային ժողովում, հանրությանը ներկայացվի դրանց վտանգները, ապա ստեղծվեն համապատասխան օրենքներ, որոնցով կսահմանվեն տուգանքներ՝500 եվրոյից մինչև 12 տարի ազատազրկում, այնպես, ինչպես արվում է Ֆրանսիայում: ՙՙԵվ սա պետք է կիրառել այն բոլոր կրոնական կոչվող կառույցների նկատամամբ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից: Չնայած մեր օրենքների համաձայն կրոնական կառույցներն իրավունք չունեն դրսից ֆինասավորվել, բայց բոլորն այդպիսին ենՙ՚: Ու քանի որ հիմնականում բոլորն էլ դրսից են ֆինանսավորվում, ըստ Ամարյանի, պետք է կատարվի բոլորի վերագրանցում:

Ամարյանը դժգոհ է, որ մեր կառավարությունն այս հարցերի վրա ուշադրություն չի դարձնում. ՙՙԿյանքի խոսքի՚՚ հիմադիրը, գաղափարախոսը հայտարարեց, որ իրենք 40 տարի սխալ դավանաք ենք ունեցել, որ իրենց քարոզիչը՝ շեֆը, հոգեկան հիվանդ է, բայց ՀՀ կառավարության կից կառույցը այս ամենն անտեսեց, փոխարենը փորձաքննություն իրականացնելու: Մորմոնները կայքերով պոռնոգրաֆիա են տարածում, բայց մեր համապատասխան կառույցները չեն ասում՝ փակե՛ք ձեր պոռնոգարֆիան, հակառակ դեպքում ձեր կառույցը կփակվի Հայաստանում, որտեղ պոռնոգրաֆիայի տարածումն արգելված է օրենքով՚՚:
Ինչ վերաբերում է օրենքում հոգևորսության արգելքի մասին դրույթի ամրագրմանը, Ալեքսանդր Ամարյանը համոզված է, որ առանց դրա հնարավոր չէ պայքարել աղանդավորների դեմ. ՙՙԱրմեն Աշոտյանի՝ 2008-ին ներկայացրած օրենքի նախագծում հստակ ասվում էր, թե ի՞նչ է հոգեվորսությունը, բայց նման հստակությունը, չգիտես ինչու, ձեռք չի տալիս Վենետիկի հանձնաժողովին, ինչպես նաև գրանտակերներին՚՚:
Ի դեպ, այս առնչությամբ հետաքրքիր էր Արդարադատության նախարարության փորձագետ Տիգրան Դադունցի դիտարկումը, նախ շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը դա չի ընդունում ու հավելեց. ՙՀոգեորսությունն այնքան հեղհեղուկ հասկացողություն է, որ նման սահմանում տալը ճիշտ չի լինի՚՚: Մեր հարցին, թե Վենետիկի հանձնաժողովի նման պահանջն,  արդյո՞ք բխում է մեր շահերից, փորձագետը պատասխանեց. ՙՙՎենետիկի կարծիքը պարտադիր չէ որևէ ինքնիշխան երկրի համար, բայց նրանց կարծիքները ընդունելն արժեքավոր է այնքանով, որ դրանով հետագայում կբացառվեն ՀՀ դեմ ՄԻԵԴ-ում անբարենպաստ վճիռների կայացումը՚՚: Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովը մեր առաջ նախապայման է դնում՝  հոգեորսության մասին դրույթը նախագծից հանեք, որպեսզի ՄԻԵԴ-ի վճիռները ձեզ համար լինեն բարենպաստ:

Ալեքսանդր Ամարյանը կոչ արեց Արդարադատության նախարարությանը՝ չտրվել Վենետիկի հանձնաժողովի հրահանգներին ու առաջնորդվել մեր երկրի շահերով. ՙՙՄենք, փաստորեն, այս օրենքով պաշտպանում ենք աղանդներին, բայց չենք պաշտպանում Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների իրավունքները, որովհետև համարում ենք, թե մեծամասնությունն իրավունքներ չունի, պետք է ճնշվի, իսկ փոքրամասնությանը չի կարելի ճնշել, եթե անգամ վերջինս մեր երկրի համար խիստ վտանգավոր է՚՚:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն