Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

«Մի քանի միլիոն հայության համար առարկայական վտանգներ կան». Հ. Նահապետյան

Փետրվար 4, 2018թ. 20:52
Հայկ Նահապետյան

Նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ:

Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Վերջինս մեղադրել է Հայաստանին ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ու կրկին թիրախավորվել է Երեւանում գտնվող Նժդեհի արձանը, որը քանդելու համար Change.org կայքում սկսել են ստորագրություններ հավաքել: Անդրադառնալով վերոնշյալին՝ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

«ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՖԱՇԻԶՄԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ  ՄԵԾ ԱՎԱՆԴԸ ՍՏՎԵՐԵԼ»

Հ. Նահապետյանը նախ նշեց, որ, հիմնականում քարոզչական դաշտում, այսպես ասած, թվացյալ ֆաշիզմի եւ նացիզմի հերոսացման եւ վերածննդի դեմ պայքարի գործընթացը Ռուսաստանում սկսվել է 2016 թվականից. «Այդ ժամանակ հիմնականում այս հարցը արծարծողները, բարձրացնողներն ու հետամուտ լինողները հասարակական եւ մասնագիտական դաշտի ներկայացուցիչներ էին՝ քաղաքագետներ, պատմաբաններ եւ այլն: Այսինքն` կարելի է արձանագրել, որ 2016-2017 թթ.-ները կոնկրետ նշված թեմայի վերաբերյալ ավելի շուտ տեղեկատվական, քարոզչական ոլորտին էին վերաբերում: Իսկ 2017 թվականի վերջին եւ 2018 թվականին նախապատրաստվում էր, որպեսզի այս հարցը իր մեջ կրի քաղաքական եւ աշխարհաքաղաքական էլեմենտներ»:

Բանախոսի գնահատմամբ՝ այսօր փորձ է արվում հայ ժողովրդի նացիզմին հաղթելու, թուլացնելու, տկարացնելու մեծ ավանդը ստվերել, զուգահեռներ տանել եւ մեկ հարթության վրա դնել Ուկրաինայի 40-ական թվականների հետ, որտեղ այն վերածնունդ էր ապրում:

«ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»

Միեւնույն ժամանակ, Հ. Նահապետյանն ընդգծեց, որ Ռուսաստանում մասնագիտական շրջանակները, հատուկ ծառայությունների փորձագետները հստակ գիտեն հայ ժողովրդի վերաբերմունքը նացիզմի այդ գաղափարախոսության վերաբերյալ. «Իսկ նրանք, ովքեր փորձում են մեր ժողովրդի ազգային, նվիրական զգացմունքների հետ խաղալ, մեր բարեկամները չեն: Նման գործընթացի քարոզչական ակունքներում կանգնած են եղել մարդիկ, որոնք կոնկրետ Ադրբեջանի հանրապետության ազդեցության գործակալներ են: Խոսքը Սերգեյ Մարկովի եւ իր կոլեգաների մասին է, որոնց մի մասը հիմնականում հայտնի են որպես «Իզբորյան» ակումբի անդամներ, որոնք բացահայտ եւ պարբերաբար իրենց պրոադրբեջանական կեցվածքն այս կամ այն հարցերի շուրջ արտահայտել են: Իսկ հիմա, կարծես թե, խնդիրը քարոզչական դաշտից տեղափոխվում է իրավական դաշտ, դառնում է քաղաքական եւ աշխարհաքաղաքական, որովհետեւ այն քննարկում են Պետդումայի պատգամավորներ, հանձնաժողովների նախագահների եւ կուսակցության նախագահների տեղակալներ: Սա մեկ աստիճան վերեւ է, քան տեղեկատվական, քարոզչականը»:

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողը շեշտեց, որ ռուսական պետական պաշտոնյաների նման կեցվածքը ձեռնտու է մեր ոչ բարեկամներին եւ առաջին հերթին՝ Ադրբեջանին, որն ունի խիստ առարկայական շահեր. «Իրավիճակը կարող ենք գնահատել նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, թե էլ ում է ձեռք տալիս, որպեսզի հայ-ռուսական ռազմական, տնտեսական, մշակութային արժեհամակարգային համագործակցությունն ու ընդհանրությունները, որոնք առ այս պահը կան, ձախողվի կամ թուլանա: Կարծում եմ՝ սա նախեւառաջ ձեռնտու է նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդներին: Եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները բավականին ուշադիր զննեն, միգուցե պարզվի, որ այս աշխատանքների լոբինգ տանողները ոչ միայն Ադրբեջանի ազդեցության գործակալներ են, այլ միգուցե նաեւ արեւմտյան որոշ երկրների հատուկ ծառայությունների գործակալներ: Չէ որ սեպ խրել Ռուսաստանի համար մի կարեւոր ժամանակահատվածում հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, երբ Ռուսատսանը, Չինաստանի հետ միասին կոնկրետ Միացյալ նահանգների համար դիտվում է, որպես հակառակորդ, կարող է այս ամենն իր մեջ կրել աշխարհաքաղաքական էլեմենտ»:
«ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐ ԿԱՆ»
Հ. Նահապետյանը դեմ չէ այն կարծիքներին, որ կարելի է այս թեմայով ընդհանրապես լռել, չխոսել, որպեսզի տարածում չգտնի, որովհետեւ մեծ հաշվով՝ այն ձեռնտու է նաեւ նրանց, ովքեր այս թեման արծարծում են: Սակայն, բանախոսը նաեւ զգուշացրեց. «Թեման այսօր որակապես փոխվել է, որովհետեւ արդեն Պետդումայի պատգամավորները, կուսակցության ղեկավարներն ու տեղակալներն են ներգրավում, ինչն արդեն քաղաքականություն է: Ավելին՝ այս քաղաքականությունը կրում է բավականին ծանր գործոններ, մասնավորապես՝ եթե Ռուսաստանում ֆաշիզմի դեմ պայքարը, այսպես ասած, բավականին ջերմորեն լինի եւ քարոզչական  դաշտում հայությունը դիտվի, իսկապես, ֆաշիզմին սատարող օղակներից մեկը, ապա կարծում եմ՝ մի քանի միլիոն հայության համար առարկայական վտանգներ կան»:
«ՈՐՊԵՍԶԻ ՆԱՑԻԶՄԻ ԵՎ ՖԱՇԻԶՄԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԵՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԳԱՐԳԵԼԵՆ, ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆ ԳԵՆԵՐԱԼ ԿՐԱՍՆՈՎԻՑ»

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողն ընդգծեց, որ եթե իրականում փորձում են պայքարել ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ, ուրեմն՝ պայքարն իրենց տանից պետք է սկսեն, հետո դիմեն հարեւաններին. «Օրինակ, կա ատաման գեներալ Կրասնով, որը Խորհրդային միության ամենաանհաշտ թշնամիներից մեկն է եղել: Նրանք, ովքեր այս թեմային նախանձախնդիր ու ջատագով են, որպեսզի, իսկապես, նացիզմի եւ ֆաշիզմի հերոսացումը եւ տարածումը կանգարգելեն, առաջինը պետք է սկսեն նրանից: Գեներալ ատաման Կրասնովը դեռեւս 1918-19 թթ.-ին պետություն էր ստեղծել Կրասնոդարի եւ Դոնի տարածքում, որին ժամանակին օժանդակության ձեռք էր մեկնել Գերմանիան: Այնուհետեւ 20-ականներին, երբ նա լքեց Խորհրդային տարածքը, ուղղակիորեն որոշ ժամանակ հետո ծառայության անցավ գերմանացիների մոտ: Իսկ Խորհրդային միության տարածքների մի մասի օկուպացիայի ընթացքում գեներալ Կրանսովը, կարելի է ասել, անուրանալի ծառայություններ մատուցեց նացիստական Գերմանիային եւ նրա ռազմական վերնախավին: Մինչդեռ այդ անձի արձանն առ այսօր դրված է Ռոստովի մարզում, նրա վերաբերյալ ցուցատախտակները փակցված են Ռուսաստանի տարբեր տեղերում եւ նրան փորձում են արդարացնել, որպես պատերազմի ոչ հանցագործի»:

«ՄԻ՞ԹԵ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿՈՎԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԱՆԻՐԱԶԵԿ ԵՆ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ»
Եզրափակելով խոսքը՝ եւս մեկ աղմկահարույց բացահայտում արեց Հ. Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ կա մի անձ, որը մոտավորապես ունեցել է նույն կենսագրությունը, ինչ գեներալ Կրասնովը, ուղղակի, Հարավային Կովկասում. «Խոսքը Մամեդ էմին Ռասուլզադեի մասին է, որը 1918-20 թթ.-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիրներից է եղել եւ իր հակախորհրդային գործունեությամբ՝ բավական հայտնի էր: Նա 30-ականներին անցնում է ծառայության Լեհաստանում, անգամ դառնում է այդ ժամանակվա Լեհաստանի դիկտատոր Պիլսուդսկու փեսան: Այնուհետեւ Ռասուլզադեն 30-ականների վերջին իր ծառայություններն է  առաջարկում գերմանացիներին: Ինչպե՞ս են առ այսօր այս անձին վերաբերում Ադրբեջանի իշխանությունները, ինչո՞ւ դրա մասին սույն խնդրով մտահոգ Սերգեյ Մարկովն ու իր կոլեգաները չեն զբաղվում: Ավելին ասեմ՝ այդ անձի ծննդյան 130 ամյակը Ադրբեջանի նախագահի ուղղակի հոնավորությամբ եւ ղեկավարությամբ՝ մեծ շուքով տոնվել է: Ի դեպ, այդ անձի նկարը պետական խորհրդանիշների վրա է առ այսօր. հազար մանաթ ադրբեջանական դրամի վրա Ռասուլզադեի նկարն է, ինչպես նաեւ կան փողոցներ նրա անունով, գրքեր՝ նրա մասին: Այսինքն՝ այդ անձն իր երկրում հերոսացվել է:  Մի՞թե Սերգեյ Մարկովը եւ մյուսներն անիրազեկ են այս ամենից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն