Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ինչո՞ւ են Ռուսաստանի ադրբեջանամերձ շրջանակները թիրախավորել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհին

Փետրվար 3, 2018թ. 21:13
Հայկ

Նժդեհի դեմ հյուսվող կեղծիքն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ

Ռուսաստանյան որոշ ուժեր ու նրանց հետ համագործակցող լրատվամիջոցներն  արդեն մեկ տարի է լծվել են Հայաստանն ու հայ ժողովրդին ֆաշիզմի և նացիզմի հետ կապելու, հիտլերյան Գերմանիայի հետ հայերի համագործակցության մասին հնարովի պատություններ, հերյուրանքներ տարածելու անպատվաբեր գործին։ Այս հակահայկական արշավի ղեկը ադրբեջանամետ լոբբիստական շրջանակների ձեռքում է, մասնավորաբար, ակտիվ աշխատում է ՙՙԻզբորյան ակումբը՚՚ իր մարկովներով ու շևչենկոներով: Բանը հասավ նրան, որ հունվարի 26-ին ՌԴ Պետդումայում կլոր սեղան-քննարկում կազմակերպվեց ու հայտարարվեց ստորագրահավաք՝ Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանը հեռացնելու համար:

Իրականում հայ  քաղաքական, վերլուծական, մասնագիտական շրջանակները հրաշալի հասկանում են, թե որտեղի՞ց են փչում ՙՙքամիները՚՚, ի՞նչ ուժեր են կանգնած նման տրամադրությունների տարածման հետևում, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում, ինչո՞ւ է խոսակցությունը ծավալվում հենց Գարեգին Նժդեհի անվան շուրջ, և ինչո՞ւ հիմա սկսեց ավելի ակտիվ պտտվել կեղծիքի ձնագունդը: Հայ պատմաբաններից ոմանք անգամ անիմաստ են համարում մեր ազգային հերոսի դեմ նյութվող կեղծիքի շուրջ  բանավեճ ծավալելը, նկատի ունենալով, որ դրանով կարող ենք ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Բայց  քանի որ  ՙՙձնագունդը՚՚ գնալով մեծանում է ու քաղաքական հարթություն տեղափոխվում, ապա հայ պատամաբանների, քաղաքագետների, լրատվամիջոցների ուժերի մեկտեղումը դառնում է պարտադիր: Ադրբեջանական նավթադոլարներով, փաստորեն, Ռուսաստանում ձևավորվել է ադրբեջանամետ լոբբիստների որոշակի շրջանակ: Եվ հիմա հարկավոր է  ճիշտ աշխատել  ռուսական տարբեր շրջանակների հետ՝  ճշմարտությունը նրանց հասցնելու և ձախողելու հակառակորդի աշխարհաքաղաքական նկրտումները: Հենց այս նպատակով  ՙՙԱզդակ՚՚ մամուլի ակումբը երեկ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում:

Ֆաշիզմի ու նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը Ռուսաստանում սկսվեց 2016-ին, այդ ժամանակ հարցը դեռևս տեղեկատվական, քարոզչական դաշտում էր, իսկ այն արծածողները միայն քաղաքագետներ ու պատմաբաններ էին: Սակայն  հիմա հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն ու իր մեջ ունի աշխարհաքաղաքական բաղադրիչ. հայտարարեց ռազմաքաղաքական վերլուծաբան, նախկին զինվորական ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

Իսկ ինչո՞ւ որպես թիրախ ընտրվեց Գարեգին Նժդեհը և ոչ մեկ ուրիշը:  ՙՙՀակառակորդը գտել է այն, ինչը մեզ համար շատ թանկ է ու այսօր խփում է նրան, և խփում է ոչ իր ձեռքով, այլ օգտագործում է այլոց միջոցները՚՚.  Հայկ Նահապետյանի համոզմամբ, այս  գործընթացի քարոզչական ակունքներում կանգնած են  Ադրբեջանի ազդեցության գործակալները՝ հանձին Սերգեյ Մարկովի և իր կոլեգաների, որոնց մի մասը ՙՙԻզբորյան ակումբ՚՚-ի անդամներ են և տարբեր հարցերի շուրջ բացահայտորեն արտահայտում են իրենց ադրբեջանամետ դիրքորոշումը: Հետևաբար, ադրբեջանամետ  շրջանակները պետք է թիրախավորեին հենց Նժդեհին,  որովհետև ազերիների կոկորդին մեծ ոսկորի պես մնացել է Նժդեհի հերոսական քայլը: ՙՙԵթե  չլիներ Նժդեհը, ապա Հայաստանն այսօր անկախ հանրապետություն չէր լինի, այլ կլիներ Ադրբեջանի կազմում որպես մարզ կամ հանրապետություն՝ Նախիջևանի կարգավիճակով: Շնորհիվ  Նժդեհի պահպանվեց հայկական Զանգեզուրը՚՚:

Ո՞ւմ է ձեռնտու Գարեգին Նժդեհի անունը կապել  ֆաշիստական գաղափարախոսության հետ: Խնդիրն այն է, որ այս կերպ Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջ ստեղծել անվստահության մթնոլորտ,  և դրանով Հայաստանը մեկուսացնել իր ռազմավարական դաշնակցից՝ Ռուասատանից։

Հայկ Նահապետյանի համոզմամբ,  սա ձեռնտու է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդներին: Առաջին տեղում  Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց  նպատակն է թուլացնել հայ-ռուսական ռազմական, տնտեսական, մշակութային  համագործակցությունը: Բացի թյուրքական հետքից, սրա թիկունքում ռազմաքաղաքական վերլուծաբանը նաև այլ ուժերի է տեսնում: Նա ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հորդորեց ուշադիր զննել,  գուցեև կարող են պարզել, որ այս հարցում լոբբինգ անողները ոչ միայն Ադրբեջանի  գործակալներ են, այլև արևմտյան որոշ երկրների հատուկ ծառայությունների գործակալներ:

ՙՙՌուսաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում նրանք փորձում են սեպ խրել հայ-ռուսական ռազմական համագործակցության մեջ՚՚ : Զգուշացրեց, այս շղթան կարող է երկարել, քանի որ այս նախաձեռնությունն ունի տարբեր օղակներ, որոնցում հատուկ օպերացիաներ են ներառվում. ՙՙՈրոշ մարդիկ կարող են մի օր քնից զարթնել ու ՙՙհիշել՚՚, որ հայ- թուրքական սահմանի պաշտպանությունը իրականացնում են ռուսական որոշ ստորաբաժանումներ, իսկ մի օր էլ կարող են հիշել, որ Հայաստանում կա ռուսական 102 ռազմաբազա՝ միակը տարածաշրջանում՚՚: Այս քայլերն ուղղված են Ռուսաստանի հարավային ուղղության ռազամավարական դաշնակցին, նրա հետ հարբերությունների սրմանը, իսկ Հայաստանում հակառուսական տարամադրությունների ստեղծումը վնասակար է նախ ՌԴ պետական քաղաքականության համար: Հայկ Նահապետյանը նկատում է, եթե ռուսական քաղաքական դաշտն ուզում է, իրոք, պայքարել ֆաշիզմի հերոսացման դեմ, ապա  այդ պայքարը նախ պետք է իր ներսից սկսի: Ու հիշեցրեց գեներալ Կրասնովին՝ ԽՍՀՄ-ի  գաղափարական  թշնամիներից մեկին, որը 1918-1919թթ. Գերմանիայի օժանդակությամբ Կրասնոդարի և Դոնի տարածքում ստեղծել էր պետություն, իսկ երբ 20-ականներին լքեց ԽՍՀՄ տարածքը, ուղղակի ծառայության անցավ Գերմանիայում: Սակայն այս անձի արձանն առ այսօր կանգնեցված է Ռոստովի մարզում, ավելին փորձում են նրան արդարացնել ու ներկայացնել ոչ հանցագործ:

Հիշեցրեց նաև Ադրբեջանի դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկին՝ Մամեդ Էմիլ Ռասիլզադեին,  որը 30-ականներին մեծ  ծառայություններ է մատուցել Գերմանիային՝ ազգությամբ կովկասցի ռազմագերիներից կազմավորելով լեգիոններ: Մինչդեռ նրա 130 ամյակը մեծ շուքով տոնվեց Ադրբեջանում՝ երկրի նախագահի հովանավորությամբ: ՙՙՍերգեյ Մարակեդոնովն ու իր կոլեգաները այս ամենի մասին իրազեկված չե՞ն:  Ինչո՞ւ են լռում՚՚:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ևս կարծում է, որ հարցն ամբողջովին քաղաքականացվել է, ու հիմա շատ դժվար է դարձել օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելը, սակայն հարկավոր է աշխատել և կոնկերտ փաստեր առաջ մղել: ՙՙԵրբ Նժդեհը Բալկանյան պատերազմում պայքարում էր թուրք զավթիչների  դեմ, դա նաև բխում էր ռուսական շահից: Երբ առաջին աշխարհամարտում՝ կամավորական գնդերի կազմում, Նժդեհը  կրկին պայքարում էր թուրք զավթիչների դեմ, սա դարձյալ ի նպաստ ռուսական շահի էր: Երկրորդ համաշխարհային պատերազմում Նժդեհի միակ շահը իր հայրենիքն էր՝ Հայաստանն ու  հայությունը, նրա քայլերը բացառապես եղել են հակաթուրքական ու միտված էին  Հայաստանի փրկությանը՚՚:

Նժդեհի դեմ կեղծարաների խմբի գրոհի թիկունքում Ղազարյանն առաջին հերթին թուրքական հետք է տեսնում, ասելով՝ Թուրքիան նպատակ ունի տարածաշրջանում մեկուսացնել Հայաստանին նաև գաղափարա-քաղաքական առումով, մեր ռազմավարական դաշնակցի մոտ նման կեղծ լուրեր տարածելով՝ փորձում է հարվածել Հայաստանի հեղինակությանը: ՙՙՍրա դեմ պայքարի համար մենք պետք է խոսենք բացառապես փաստերով՚՚:

 Նժդեհին ուղղվող մեղադրանքները, խեղաթյուրված նյութերը կառուցված են ոչ պատմական հիմքերի վրա, պատմական տարրական գիտելիքները բավարար են համոզվելու, որ  Նժդեհին ֆաշիզմի կամ նացիզմի հետևորդ համարելը կեղծիք է.  հայտարարեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ու բերեց մի քանի հետաքրքիր փաստեր:

Նժդեհին դատապարտել են 1921թ.՝ նրան մեղադրել են հակախորհրդային գործունեության մեջ, սակայն նրա մեղադրական եզրակացության մեջ  չկա գեթ  մեկ բառ նացիզմի հետ նրա համագործակցության մասին: Երկրորդ. պատմաբանը տրամաբանական հարց է հնչեցնում, եթե մի պահ պատկերացնենք, որ մարդուն այդ մեղադրանք են առաջադրել, ապա ինչպե՞ս եղավ, որ Ստալինի ղեկավարման տարիներին, ազգային անվտանգության  ծառայության լուրջ վերահսկողության պայմաններում, Գ Նժդեհին չվերաբերվեցին այնպես, ինչպես վերաբերվեցին այլ գործիչների հետ: Մասնավորաբար, 1942 թ.  ԽՍՀՄ-ում կար ՙՙմալինյան ցուցակ՚՚, որտեղ արձանագված էին գնդակահարման ենթակա, հակախորհրդային այն անձանց անունները, որոնք համագործակցել էին ֆաշիստական Գերմանիայի հետ, նրանց թվում էր  գեներալ Վլասովը: Մինչդեռ Նժդեհի անունը չի եղել այդ ցանկում:

Հովհաննիսյանը բերեց մեկ այլ հետաքրքիր փաստ ևս: Գարեգին Նժդեհը հորջորջվում է որպես հակառուսական գործիչը, սակայն նա Ռուսաստանի կողմից առնվազն չորս շքանշան է ստացել, որից երկուսը Գեորգևյան խաչի երկու տարբեր աստիճանների մեդալներ են, որոնք հակառուսին երբեք չէին տրվի:

Ի գիտություն կեղծարարների, պատմաբանը հայտարարեց. ՙՙԳարեգին Նժդեհը երբեք չի պայքարել ռուս ազգի դեմ: Նրա պայքարն ուղղված է եղել ցանկացած ուժի դեմ, ով պայքարում է ի՛ր ազգի դեմ: Ավելին Նժդեհը երբեք ատելություն չի սերմանել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ազգի դեմ: Ուզում եմ, որ սա ընկալեն բոլորը, քանի որ այս խնդիրն է, որ այսօր փորձում են ամեն կերպ քողարկել ու նենգափոխել՚՚:

Նաև նկատեց, որ 30-ականների վերջին նույն Թուրքիայի թեթև ձեռքով փորձ էր կատարվում այնպես անել, որ Գերմանիայի կողմից գրավված եվրոպական երկրներում ապրող հայերին հավասարեցնեին այն ազգերի հետ, ում գերմանացիները չէին համարում արիական ծագման, և նետեին մահվան ճիրանը: ՙՙԻնչպե՞ս կարող էին մեր ազգային գործիչները չմիջամտել այս հարցում, թե՞ պիտի մտածեին՝ 50 տարի հետո հանկարծ իրենց չմեղադրե՞ն ֆաշիզմի հետ համագործակցելու մեջ:  Քաղաքական դիվանագիտական աշխատանք է տարվել, Նժդեհն էլ փորձել է ցեղասպանություն ապրած իր ազգի մնացորդները փրկել և ցանկացած ազգ պետք է շնորհակալ  լինի նման  զավակ ունենալու և նրա կատարած  աշխատանքի համար՚՚: Ինչ վերաբերում է ինչ-որ մարկովներին, պատմաբանը նրանց հիշեցնում  է՝ Հայաստանն  ինքնիշխան պետություն է, կարող է կանգնեցնել այն մարդկանց անձանները, այդ թվում և ոչ հայերի, որոնք մեր ազգի համար բարի գործ են արել:

Պատմաբան Հովհաննիսյանը նաև նկատեց, թե արխիվները մինչ այսօր լիարժեք չեն ուսումնասիրված. ՙՙՎիքիպեդիայում  կարդում ենք, իբրև թե Նժդեհը համագործակցել է Գերմանիայի հետ, սակայն որևէ  մասնագետ չի կարող ցույց տալ դա հաստատող փաստաթուղթ, որովհետև նման բան չկա: Գուցե սա նաև մարտահարվեր է ուղղված պատմաբաներին, որպեսզի ուսումնասիրեն այս շրջանը՚՚:

Մհեր Հովհաննիսյանը  համոզված է, իրականում Նժդեհի գործունեությունը  չի հետաքրքրում ո՛չ այս  հարցը բարձրացնողներին, ո՛չ էլ նրանց գումար տվողներին: Խնդիրն իրականում քաղաքական է, որտեղ Նժդեհի անձի ընտրությունը  պատահական չէ ընտրված. արդրբեջանցիները մինչև հիմա նեղված են, որ Նժդեհը չթողեց, որ Զանգեզուրը մնա Ադրբեջանի կազմում ու չեն կարողանում դա կուլ տալ: ՙՙԵվ հիմա, ի դեմս Նժդեհի, ռուս հանրությանը փորձ է արվում ներկայացնել դավաճան հայի կերպար,  որը, իբրև թե, հարվածել է ռուսների թիկունքից ու այս ֆոնի վրա Ռուսաստանին ասել՝ զգուշացիր Հայաստանից: Սա է նրանց խնդիրը՚՚:

Բանախոսները համոզված են, ադրբեջանա-թուրքական այս քաղաքական լոբբիգի դեմ պայքարելու երկու ճանապարհ կա. մեկը սեփական քարոզչությունն ուժեղացնելն է: Մյուսը, հարկավոր է ռուսական գիտական, կրթական համակարգերին մշտապես մատուցել թարմ, հստակ տեղեկատվություն: Եվ այս երկուսի համադրմամբ  պատության մատնել կեղծարար հակառակորդին՝ ձախողելով նրա լարած թակարդները:

Նաև հորդորեցին լրագրողներին՝ լինել  զգույշ, փաստերը չուռճացնել,  սկանդալների հետևից չընկնել, համատեքստից կտրված արտահայտություններ չօգտագործել, վերջապես copy past չանել թշնամու լուրերը և թույլ չտալ հակառակորդին հասնել իր նպատակին՝ ստեղծելով ձնագնդի էֆեկտ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն