Գլխավոր » Interview, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

<<Կրեմլի ցուցակից>> մինչև Գարեգին Նժդեհի դեմ հյուսվող կեղծիքն ու ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին

Փետրվար 2, 2018թ. 22:08
Աշոտ Ենգոյան

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ  հետ

ՑուՑԱԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼՆ ԷՐ

ԱՄՆ հրապարակած  <<Կրեմլի ցուցակում>>  ընդգրկված են ոչ միայն ՌԴ քաղաքական, տնտեսական էլիտայի ներկայացուցիչների,  այլև ռուսաստանաբնակ հայ գործարարների անունները:  Կարծիք կա,  թե  սա լուրջ ազդեցություն  կունենա հայազգի գործարաների վրա,  իբրև թե Արևմուտքը չի հանդուրժի  արևմտյան բարիքներից օգտվող, բայց Կրեմլին աջակցող գործարարներին, հետևաբար,  ՌԴ-ում  բիզնես ծրագրեր իրականացնելիս մերոնք պետք է իմանան, որ կարող են հայտնվել ԱՄՆ <<նշանառության>> տակ: Նման վտանգն տեսնո՞ւմ եք:

-Այդ ցուցակի հրապարակումն, իհարկե, հակառուսական քայլ է: Ըստ իս, այն փաստում է ոչ այնքան ԱՄՆ նախագահի հարձակողական քաղաքականության մասին, որքան պաշտպանողական: Այսինքն, նախագահը Թրամփը սրանով ավելի շատ  պաշտպանվեց դեմոկրատների հարձակումներից: Իրականում Թրամփն ուզում է լեզու գտնել ռուսական կողմի, գործարար աշխարհի հետ, բայց այնքան ն նրան ստիպում, խոսում հակառուսական թեմաներով, որ նա  ճնշման տակ ստիպված գնաց հակառուսական քայլի:   Փաստորեն, Թրամփը հանեց հեռախոսագիրքն ու շպրտեց նրանց առաջ: Իրականում այս քայլով նա արժեզրկեց Ռուսաստանի դեմ ուղղվող պատժամիջոցների գաղափարը:

Իսկ հայազգի գործարարնների անուններն այդ ցուցակում լինելը պետք չէ բարդացնել ու դրանում  մտահոգիչ բան տեսնել: Առավել ևս ինչ-որ միտում տեսնել Ռուսաստանի հետ դաշնակից երկրիների, այդ թվում հայ գործարարների դեմ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միլիարդատեր հայերը լավ հարաբերությունների մեջ  են Կրեմլի բարձրաստիճան  ղեկավարների հետ: Ցանկացած հետխորհրդային երկրի գործարար ունի նման կապեր, նա չի  կարող պետությունից դուրս, ինքնուրույն գործել՝ բոլոր առումներով: Աշխատանքի բերումով, գործարաներն այսպես, թե այնպես կապված են լինում իշխող՝ քաղաքական և տնտեսական էլիտաների հետ: Սա հաշվի առնելով, այս ցուցակը կարող է տնտեսական առումով իր բացասական հետևանքներն ունենալ, բայց խոշոր օլիգարխների համար ՌԴ կառավարությունը հետաքրքիր ճանապարհներ է ցույց տվել, ի՞նչ անել սեփական կապիտալը փրկելու համար: Այդ ճանապարհը եվրոբոնդեր գնելն է: ԱՄՆ-ում հասկացել են սա,  և հիմա ուզում են  այս ճանապարհը ևս փակել: Դա կլինի ավելի վտանգավոր քայլ, քան հիշյալ ցուցակի հրապարակումն է, որովհետև առանց  ցուցակի հրապարակման էլ այդ մարդիկ այնքան հայտնի են, որ արդեն իսկ գտնվում են  ՑՌՈՒ-ի, ՖԲՌ-ի հսկողության տակ: Դրա համար ես այս  ցուցակը իրականում ոչինչ չասող՝ զրո բան եմ համարում:

Ցուցակի հրապարակմամբ ԱՄՆ-ը նաև փորձել է  հոգեբանորեն ներազդել  մարդկանց վրա:  Չմոռանանք, որ նրանք արևմտյան քաղաքական տեխնոլոգիաներով ղեկավարվող մարդիկ են, և շատ դեպքերում  հաշվի չեն առնում հետխորհրդային երկրների ազգերի մենթալիտետը, իրենց թվում է, թե նման ցուցակներով ռուսաստանյան նախագահական ընտրություններից առաջ ինչ-որ ալիք կարող են բարձրացնել, օրինակ, ցույց տալ, որ ամբողջ էլիտան կոռումպացված է: Նրանք չգիտեն, որ  հետխորհրդային հասարակությունների համար դա  ցնցող նորություն չէ:  Իրենք  չհասկացան, որ իրենց քայլով համախմբեցին էլիտային՝ ընդդեմ ԱՄՆ-ի: Սա ԱՄՆ քաղաքականության շատ թույլ և անիմաստ քայլն էր, ու այն ոչ մի հետևանք  չի կարող ունենալ:

 

Եթե  Ռուսաստանում Նժդեհին ճիշտ չեն կարողանում գնահատել, դա հայերիս բացթողումն է 

դրբեջանի իշխանական  հիմնադրամներից ֆինանսավորվող ռուսական շրջանակները, մասնավորաբար, «Իզբորյան ակումբ» կոչվածը, ի դեմս ադրբեջանական լոբբինգով զբաղվող եռյակի՝ Պրոխանովի, Շևչենկոյի,  Մարկովի, կրկին հրապարակ է նետել հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Նժդեհի արձանը հեռացնելու պահանջը, և Ռուսաստանում  ստորագրահավաք է սկսվել: Սա չի՞ փաստում Ռուսաստանում ադրբեջանական քարոզչամեքենայի շատ ակտիվ աշխատանքի մասին:

-Բոլորս էլ  գիտենք, թե ինչպե՞ս են ռուսները վերաբերվում  հայրենական  պատերազմին,  ֆաշիզմին, դա ռուսների թույլ  կողմն է ու կարելի է նրանց զգացմունքային լարերի վրա խաղալով ինչ-որ ալիք բարձրացնել: Ադրբեջանցիները հաշվի առնելով այդ հանգամանքը մեջտեղ են բերել Նժդեհի հարցը:

Սակայն ես մեկ այլ կողմից կմեկնաբանեմ իրողությունը: Եթե այսօր Ռուսաստանում Նժդեհին ճիշտ չեն կարողանում գնահատել, դա ոչ ադրբեջանցիների խելամիտ լինելու մասին է փաստում,  ոչ էլ ռուսների՝  զգացմունքայնության,  դա հայերիս թերությունն է: Մինչ օրս ինքներս չենք կարողացել օբյեկտիվորեն գնահատել ու վերարժևորել Նժդեհի գործունեությունը, թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես քաղաքական գործիչ, թե ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ:

Երբ Սլավոնական համալսարանում կազմակերպվող կոնֆերանսներին մասնակցում են Ռուսաստանից ժամանած քաղաքագետներ, նրանց ես հարցնում եմ՝ գիտե՞ք, թե ի՞նչ քայլեր է արել Գարեգին Նժդեհը, գիտե՞ք, որ նրա յուրաքանչյուր քայլը համահունչ է եղել ռուսական քաղաքականությանը,  մինչև պատերազմի ավարտը նրա քաաքականությունը, որոշ առումով, համընկել է ռուսական մեծապետական շահերին: Ու ռուսները խոստովանում են, որ անտեղյալ են: Ասում են, թե Նժդեհի տեսությունն ընդհանրություններ ունի Նիցցեի հետ, բայց Նիցցեն համամարդկային արժեք է, ոչ թե ֆաշիստ: Ի վերոջ, այդ համակարգը փոքր ազգի ձեռքում չի կարող ֆաշիստական գաղափարախոսության հիմք դառնալ, դա ուղղակի ծիծաղելի է: Ուժեղ ազգ լինելուն ձգտում են առաջին հերթին փոքր ազգերը, որպեսզի կարողանան դիմակայել արտաքին ճնշումներին: Եվ դա ոչ թե ֆաշիզմ է, այլ փաստում է ազգային ոգու ամրության մասին, ինչը միմիայն դրական երևույթ է:

Միամտություն չէ՞ կարծել, որ ադրբեջանամետ մարկովներն անտեղյակ են պատմական ճշմարտությանը,  օրինակ, չգիտեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  ադրբեջանցիներն անհամբերությամբ սպասում հիտլերյան զորքի հաղթանակին, քանի որ թուրքական զորքը հնարավորություն կստանար ներխուժել Անդրկովկաս։  Եվ արդյո՞ք  գործ չունենք փաստերի միտումնավոր կեղծման, նենգափոխման հետ:

– Լիովին  համակարծիք եմ: Հայերը, որ ուզենան  էլ, չեն կարող ֆաշիզմի գաղափարախոսության կրող դառնալ, իսկ, այ, ադրբեջացիները կարող են, որովհետև պանթուրքիզմն ընդունակ է վերաճել ֆաշիզմի: Բայց խեղաթյուրման հնարավորությունը մեծանում է, երբ կա տեղեկատվության վակում, և մենք անհրաժեշտը չենք անում այդ բացը լրացնելու համար: Հրապարակում ենք գրքեր, բայց հիմնականում հայերենով, շատ վատ ենք աշխատում արտաքին դաշտի վրա: Իհարկե, այստեղ մեծ դեր ունեն ադրբեջանական փողերը, բայց հենց այնպես ստել չեն կարող, վաղ, թե ուշ ճշմարտությունը կբացահայտվի: Բայց դրա համար հարկավոր է տարածել ճշմարտությունը, որպեսզի սուտն անկարող լինի տարածվելու: Ինքներս չենք արժևորել մեր հերոսին, դե, նրանք էլ այդ բաց դաշտում ինչ ուզում անում են:

Քարոզչական աշխատանքի բացակայության հարցում ես միանշանակորեն  մեղադրում եմ նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին: Ռուսաստանում հսկայական համայնք ունենք, բազմաթիվ մտավորականներ,  պաշտոնյաներ ու գործարարներ, բայց զարամանալիորեն նրանք պասսիվ են, որովհետև ընկել են մանր շահերի հետևից: Այդ առումով, ռուսական համայնքն ամենավատ կազմակերպվածն է: Գովում ենք Ռուսաստանի հայերի միությանը, մինչդեռ այն թույլ կազմակերպություն է, ինչո՞ւ, որովհետև, ինչպես ասացի, նյութական շահն են կարևորում, ու մոռացել են պետականը, ազգայինը: Իրենց դուր է գալի՞ս, որ ադրբեջանամետ շրջանակներից նման մեղադրանքներ են հնչում մեր հերոսի հասցեին: Այլ հարցերում գումարներ գտնվում են, իսկ ազգային, պետական հարցերում ՝ ո՞չ:

-Չե՞ք կարծում, որ Նժդեհի արձանի շուրջը ստեղծված աղմուկն  իրականում այլ նպատակներ ունի. մի կողմից, ադրբեջանական կողմը դա անում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար,  մյուս կողմից, ռուսական որոշ շրջանակներ հաճոյանում են  Ադրբեջանին՝ նրան ԵԱՏՄ տարածք բերելու համար:

-Այդպիսի նպատակներ, իհարկե, կան, բայց բոլորը հասկանում են՝ ինչ էլ անեն, Ադրբեջանը դեռևս ԵԱՏՄ գնացող չէ: Եվ հետո, չեմ կարծում, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ  անդամակցման հարցը պետք է լուծեն Նժդեհի արձանը հանելով: Եթե դա համարենք հաճոյանալուն միտված քայլ, իհարկե, ռուսները, դեռևս խորհրդային տարիներից սիրում էին հաճոյանալ մյուս հանրապետություններին՝ երբեմն նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով: Լավագույն հաճոյախոսությունը, սակայն, այն է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման ժամանակ ռուսները ոչ մի հակազդեցություն ցույց չտվեցին: Իսկ Նժդեհի արձանի դեմ պայքարը չեմ կարծում, որ հաճոյախոսությունների շարքից  է:

Այստեղ կա մեկ այլ հանգամանք. դրանից մենք ենք մեզ շատ վատ զգում, այն ազդում է մեր ներքին տրամադրությունների վրա: Ադրբեջանական լոբբիստների ցանկությունն էլ հենց դա է, որ Հայաստանում  հակառուսական տրամադրությունները սրվեն: Այնպես որ, այս աղմուկը մեզ է ուղղված, մեր  ներքին մթնոլորտը պղտորելուն: Բայց ես համոզված եմ, որ  սա ոչ մի հետևանք չի կարող ունենալ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների վրա, չի կարող հանգեցնել քաղաքական որոշումների կայացման: Քանի դեռ երկրի նախագահի ղեկին  Պուտինն է, նման բան չի կարող լինել:

Ադրբեջանին զենք վաճառելով ռուսերը վտանգում են իրենց  իսկ  ռազմաբազան

– Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ վաճառեց Ադրբեջանին, ու վերջինս հայտարեց, թե այն տեղափոխելու է արցախյան շփման գիծ: Բիզնեսը՝ բիզնես, բայց սա այն առաջնային հարցերի շարքում է, որն ուղղակիորեն հարվածում է հայ-ռուսական բարեկամական,  դաշնակցային հարբարեւթյուններին: Որքան էլ ռուս փորձագետներն ասեն, թե Ադրբեջանին վաճառվածը լուրջ զենքեր չէ, որ Հայաստանին ավելի արժեքավորն է տրվում, միևնույն է, Հայաստանում արդարացիորեն չի ընկալվում  ռազմավարական դաշնակցի կողմից զենքի նման մեծաքանակ վաճառքը մեր հակառակորդին:

 –Շատ մտահոգիչ է, որ շարունակվում է սպառազինությունների մրցավազքը: Ուրախալի է, որ ՀՀ  ՊՆ-ն համագործակցելով ռուսական կողմի հետ, պատրաստվում է իրականացնել սպառազինության  համատեղ արտադրություն Հայաստանում:

Իրականում Ադրբեջանին տրամադրվել են  հակատանկային հրթիռներ, ու պետք չէ այն թերագնահատել: Բայց մյուս կողմից  լավ է,որ Ռուսաստանը լինելով երկու կողմերի մատակարարը՝ գործընթացն իր հսկողության տակ է առել: Այս հանգամանքը փոքր-ինչ հանգստացնող է: Մենք, վստահ եմ,  պատրաստ ենք հակառակորդի ցանկացած հարձակմանը, և մեր պատասխանը կլինի մի քանի անգամ ուժգին:

Չմոռանանք, որ  ՌԴ-ն մեծ գումարներ է աշխատում զենքի վաճառքից, ինչը հիմա՝ շարունակվող պատժամիջոցների պարագայում այդ երկրի համար շատ  կարևոր է: Բայց վաճառքը պետք է կատարվի համակարգված ձևով, որպեսզի ոչ թե Ադրբեջանը փողը տա ու իր ուզածը ստանա, այլ վաճառքը մտածված  արվի, որպեսզի հավասարակշռվի  հարձակողական ու պաշտպանական զենքերի վաճառքը: Սա շատ ավելի կարևոր հարց է, քան զենքի վաճառքը դադարեցնելու մասին արվող շեշտադրումները:

Ռուսաստանն էլ պետք է հաշվի առնի, թե ի՞նչ երկրի է զենք վաճառում, որը խոստանում է շփման գիծ չտեղափոխել դրանք, բայց հետո խախտում խոստումը: ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ադրբեջանին զենք վաճառելով վտանգ է ստեղծում իր իսկ  ռազմաբազայի համար, իր սահմանապահ զորքերի համար:

Հայաստանում էլ պետք է գիտակցեն, որ  ի տարբերություն Ադրբեջանի, որին ռուսները վաճառում են մի քանի անգամ թանկ զենք, մեզ տրվում է ինքնարժեքով  կամ չնչին գումարով, այն էլ վարկով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն