Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Բոլորին ընդառաջ գնալու, բոլորի հետ հանդիպելու Արմեն Սարգսյանի քայլն ազնիվ է

Հունվար 30, 2018թ. 15:07
Գարիկ Քեռյան

Հարցազրույց  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ

Գործող նախագահ Սերժ Սարգսյանից ստանալով նախագահի թեկնածու լինելու առաջարկը, Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ մինչ որոշում կայացնելը հանդիպել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ու հանրության լայն շրջանակների հետ: Սա մեր քաղաքական իրականության մեջ եզակի երևույթ է. այն սահմանադրական պահանջ է՞ միայն, թե՞ նաև թեկնածուի նախընտրությամբ արվող քայլ, այն է՝ ներհայաստանյան քաղաքական դաշտ մտնել բոլորին ընդառաջ գնալու դրական կեցվածքով:
-Ձեր նշած երկու գործոններն էլ առկա են. այն, որ նախագահի թեկնածուն հանդիպում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, սա, իհարկե, անմիջականորեն բխում է նոր Սահմանադրությունից: Բայց չմոռանանք նաև հետևյալ կարևոր հանգամանքը. այժմ մենք գործ ունենք ոչ թե նախագահի համաժողովրդական ընտրության, այլև Ազգային ժողովի քաղաքական ուժերի կողմից կատարվող ընտրության հետ: Արմեն Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել է իշխող Հանրապետական կուսակցությունը, այսինքն, Սարգսյանն իր թիկունքին ունի քաղաքական մեծամասնության աջակցությունը և կարող էր նման լայն շրջանակով հանդիպումներ չունենալ ու իր ընտրության հույսը դնել կոալիցիայի և ընդդիմադիր ՙՙԾառուկյան՚՚ խմբակցությունից եկող ձայների վրա: Բայց նա չգնաց այդ ճանապարհով, այլ ինչպես ասացիք, մեր ներքաղաքական կյանք է մտնում բոլորին ընդառաջ գնալու դրական կեցվածքով, ինչը ողջունելի է:

Արմեն Սարգսյանը երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում, շփվել արևմտյան քաղաքական ավանդույթների, մշակույթի հետ, թերևս նաև այդ մշակույթից է գալիս այն, որ նա չի ցանկանում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվել, այսպես ասած, նեղ քաղաքական հենքով: Պարզ երևում է, որ ուզում է իր թեկնածությունն արժանանա ոչ միայն կոալիցիայի, այլև խորհրդարանի մյուս ուժերի հավանությանը: Հետևաբար, ցանկանում է որպես ապագա նախագահ իր ծրագրերը, իր ըմբռնումները, մոտեցումները ներկայացնել խորհրդարանում ներկայացված ընդդիմադիներին:

Արմեն Սարգսյանի համար ցանկալի կլիներ, եթե իր թեկնածությունը պաշտպաներ ոչ միայն չափավոր ընդդիմության դիրքերից հանդես եկող ՙՙԾառուկյան՚՚ խմբակցությունը, այլև մյուս ընդդիմադիր ուժը՝ ՙՙԵլքը՚՚: Դրա համար նա ցանկություն է հայտնել հանդիպել խորհրդարանում 9 պատգամավոր ունեցող խմբակցության անդամների հետ։ Որքան մեծ լինի նրան տրված քաղաքական աջակցությունը, այնքան ավելի մեծ կլինի վստահության քվեն, ինչը նրա համար շատ կարևոր է այդ պաշտոնում աշխատելու համար:
-Ինչպե՞ս հասկանալ ընդդիմադիիր ՙՙԵլքի՚՚ դիրքորոշումը. մի կողմից հայտարարում են, թե չեն քվեարկելու Արմեն Սարգսյանի օգտին, մյուս կողմից, չեն մերժում նրա հետ հանդիպման առաջարկ: Հարց է առաջանում, եթե դեմ են նրա թեկնածությանը, ո՞րն է հանդիպման նպատակը:
– Եթե ՙՙԵլքը՚՚ նախընտրում է կոշտ ընդդիմության դիրքերից հանդես գալ, պարզ է, որ իշխանության ցանկացած թեկնածուի, թեկուզ նա լինի շատ արժանի, ընդունելի անձ, կամ մերժելու է, կամ սեփական թեկնածուն է առաջադրելու: ՙԵլքի՚ նման պահվածքը թելադրվում է իրենց քաղաքական դիրքորոշմամբ: Սա տրամաբանական է ու հասանալի: Բայց շատ դժվար է կռահել, թե ի՞նչ մարտավարություն կամ ի՞նչ քայլեր են մշակել ՙՙԵլքի՚՚ լիդերները երկրի նոր նախագահի հետ շփումներում, դա իրենց ներքին, նեղ կուսակցական խոհանոցի խնդիրն է ու դժվար է ինչ-որ բան կանխատեսելը: Իսկ այն, որ ՙՙԵլքն՚՚ ընդառաջ է գնում Սարգսյանի հանդիպման առաջարկին, թերևս մեկ պատճառ ունի, չեն ցանկանում տարանջատվել մյուս ուժերից, չեն ցանկանում մեկուսանալ այս գործընթացից: Բացի այդ, ՙՙԵլքը՚՚ ընդունելով հանդիպման առաջարկը, կարծում եմ, ցանկանում է առաջին ձեռքից նոր նախագահին ներկայացնել իրենց քաղաքական դիրքորոշումները, հարցեր ուղղել ու նրանից լսել պատասխաններ, որպեսզի նաև հետագայի համար հստակեցնի իր քայլերը:
Եթե խորհրդարանական ուժերի հետ Սարգսյանի հանդիպման հիմնական նպատակը, ինչպես ասացիք, խորհրդարանից հնարավորինս մեծ աջակցություն ստանալն է, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք արտախորհրդարանականներին ևս հանդիպելու նրա ցանկությունը: Սա նաև չի՞ նշանակում, որ նախագահի թեկնածուն փորձում է ընդունելի, ընկալեի դառնալ ողջ քաղաքական սպեկտորի կողմից:
-Իհարկե: Եթե Սահմանադրությամբ գործադիր իշխանության գլուխը վարչապետն է, ապա ֆորմալ առումով, պետության գլուխը համարվում է նախագահը: Նման դեպքերում ի՞նչ է թելադրում քաղաքական մշակույթը: Նախագահին հասարակությունը ավելի շատ ընդունում է որպես չեզոք արբիտրի դիրքորոշում ունեցող, համապետական, համազգային հաշտարարի կեցվածքով անձնավորություն: Այսպիսի դերակատարում ունեն նախագահները Գերմանիայում, Իտալիայում, Իսրայելում, այսինքն, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում նախագահը համարվում է մի քաղաքական դեմք, որը հաշվի առնելով ամբողջ հասարակության տրամադրությունները, ներքին խմորումները, ճգնաժամային պահերին կարող է հաշտատարի լուրջ դեր կատարել՝ ստեղծված փակուղային իրավիճակներից դուրս բերել երկիրը, կարգավորել ներպետական ներքաղաքական գործընթացները:

Մի խոսքով, նա համարվում է կայունացնող հանգստացնող, բայց ոչ իշխանական պատասխանատվություն կրող անձ: Արմեն Սարգսյանը, լինելով քաղաքականապես հասուն, փորձառու գործիչ, լավ գիտակցում է, որ ոչ միայն պետք է ձգտի խորհրդարանական ուժերի մեջ ունենալ իր հենարաններըը, այլև այդպիսիք ունենալ նաև արտախորհրդարանական դաշտում: Քանի որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, որ նախագահը անհրաժեշտություն կունենա նրանց հետ շփվելու և խնդիրներ, հարցեր լուծելու: Կյանքը ցույց կտա ընթացքը, ամեն դեպում, ես դրական եմ գնահատում Արմեն Սարգսյանի՝ բոլորին ընդառաջ գնալու քայլերը:
Իսկ լուրջ ե՞ք վերաբերվում գնահատականներին, թե այս հանդիպումները կեղծ են և ընդամենը ՙՙգալչկայի՚՚ համար են արվում:
-Եթե կան ուժեր, անձեր լրատվամիջոցներ, որոնք ի սկզբանե նպատակ ունեն քննադատելու, սևացնելու նոր նախագահի գործունեությունը, պարզ է, որ կասեն՝ գալչկայի համար են նրա հանդիպումները: Իսկ նրանք, ովքեր հեռու են նման միտումներից, նախագահի թեկնածուի այս քայլերի մեջ լուրջ իմաստ են տեսնում: Սահմանադրությամբ պետության գլուխ համարվող նախագահը, նույնն է, թե ընտանիքի հայրը, որտեղ, եթե հիմնական գումար վաստակողներն աշխատող որդիներն են, ապա չաշխատող հայրը, որպես ընտանիքի գլուխ, հետևում է ընտանիքի ճիշտ ընթացքին: Ինչպե՞ս կարող է ընտանիքի հայրը մեկուսանալ իր ընտանիքից, նույն կերպ, ինչպե՞ս կարող է երկրի նախագահն իրեն հեռու պահել հասարակության տարբեր կառույցների հետ հանդիպումից: Դրական քայլ է նաև այն, որ Սարգսյանն ուզում է հանդիպել հասարակական մյուս շրջանակների՝ մտավորականների, մշակույթի գործչների հետ:

Երկար ժամանակ է, որ մեր աչքի առաջ չի եղել Արմեն Սարգսյան քաղաքական գործիչը: Նա 1996թ. դարձավ Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը 4 ամիս: Եվ 22 տարի անց միայն վերադառնում է Հայաստանի ներքաղաքական դաշտ, սակայն իր ընտրությունը ոչ թե լինելու է ժողովրդի կողմից, այլ խորհրդարանի: Հասարակության մնացած անդամների հետ կապը ինչպե՞ս է պահպանելու: Դրա համար Արմեն Սարգսյանը ընտրել է շատ ճիշտ մարտավարություն՝ հանդիպել բոլոր խավերի ներկայացուցիչների հետ: Այսօր նա կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանում, կհանդիպի մայր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որը մեր մտավորականության կորիզն ու առաջամարտիկն է: Այս հանդիպումներով նա կփորձի ճանաչելի, ընդունելի դառնալ հայ հասարակության կողմից: Եվ այդ նպատակն ազնիվ է:
-Խորհրդարանի կողմից առաջին փուլում ընտրելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է ունենալ 79 կողմ քվե: Կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ձայները միասին 65 են, անհրաժեշտ է ևս 14-ը: Չե՞ք կարծում, որ ՙԾառուկյան՚ խմբակցությունը կլրացնի այդ բացը և հենց առաջին փուլում մենք կունենաք երկրի նախագահ:
-Այո, ՙՙԾԱռոկյան՚՚ խմբակցույունը ցույց է տալիս, որ ինքը կենտոնամենտ, չափավոր ընդդիմադիր քաղաքական ուժ է: Այս խորհրդարանի գործունեության ընթացքում ՙՙԾառուկյան՚՚ խմբակցվությունը, բացի մի քանի ՙՙէպիզոդներից՚ՙ, ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիայի համար խնդիրներ չի ստեղծել ու քաղաքական լուրջ բախումներ չի ունեցել: Եվ հետո, այս խմբակցությունը չառաջադրեց նախագահի իր թեկնածուն, ընթացքը շատ պարզ է, Արմեն Աարգսյանի հետ հանդիպումից հետո խմբակցությունը հանդես կգա ի պաշտպանություն Սարգսյանի թեկնածության: Ես դրանում համոզված եմ:

Այսինքն, խորհրդարանում նոր նախագահի ընտրության հարցում ոչ մի խորընդոտ չի լինի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն