Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում կարող ե՞ն փոխվել Արցախին վերաբերող ձևակերպումները

Փետրվար 1, 2018թ. 14:59
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

Պարոն Սարգսյան, ի՞նչ հաճախականությամբ են սովորաբար երկրները փոխում իրենց ազգային անվտանգության ռազմավարությունները: Ի դեպ, մեր փաստաթղթի ընդունումից անցել է 10 տարի: Եվ այս առումով, ինչպե՞ս կաձագանքեք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը:
-Մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում լինում են աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներ, որոնք հանգեցնում են պետությունների ազգային անվտանգության ռազմավարությունների ստեղծման կամ վերանայման: Բերեմ ԱՄՆ-ի օրինակը. 20-րդ դարի ԱՄՆ բոլոր նախագահները, հաշվի առնելով նոր մարտահրավերները, երեք, չորս տարին մեկ անդրադարձել են այս խնդին ու ներկայացրել իրենց ռազամավարությունը: Այսինքն, յուրաքանչյուր նախագահ, ընտրվելուց հետո, ներկայացրել է ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթ: Բացառություն չէ նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես ձեռնամուխ եղավ այդ գործին:

Չափազանց կարևոր է, որ այս փոփոխվող աշխարհում ազգային անվտանգության ռազմավարությունները լինեն ճկուն, դրանք, ի վերջո, կենդանի օրգանիզմ են,  պետք է իրենց մեջ ներառեն ժամանակաշրջանի մարտահրավերները ու համահունչ լինեն դրանց: Եվ ես այս առումով, շատ  կարևորում եմ ՀՀ նախագահի մտադրությունը՝ վերանայել, արդիականացնելՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:

Մեր փաստաթուղթը, որն ունի 10 տարվա պատմություն, այլևս արդիական չէ, այն պետք է ՙՙվերակենդանացնել՚՚: Ժամանակն է վերանայել դրանում ամրագրված որոշ դրույթներ, սկզբունքներ, ավելացնել նոր մարտահրավերներ, որոնք այսօր սպառնում են Հայաստանի, նրա քաղաքացիների կամ ազգությամբ հայերի անվտանգությանը:
Չափազանց կարևոր է, որ նոր ռազմավարության մշակմանը ակտիվ մասնակցի ՀՀ ԱԳՆ-ն, և պատահական չէր, որ նախագահը ռազմավարության փոփոխության մասին հայտարարեց հենց արտաքին գերատեսչությունում:
Վերջին տարիների իրողությունները, նոր մարտահրավերները, բնականաբար, չէին կարող տեղ գտնել 10 տարի առաջ ընդունված փաստաթղթում, և հիմա ժամանակն է դրանց անդրադառնալ: Այս առումով, հետաքրքիր էր ձեր գրառումը, որտեղ Հայաստանի ու հայ ժողովրդին ուղղված մարտահրավերների շարքում նշել  ենք, օրինակ, Սիրիայի հայաթափումը, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի թշնամական վերաբերմունքը ՀՀ նկատմամբ, Թուրքիայի շրջադարձը ԵՄ-ից և երկու կարևոր քաղաքական որոշումների կայացումը՝ անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը: Կխնդրեմ անդրադառնաք այս հարցերին:
-Քանի որ ազգային անվտանգության ռազմավարությունը ոչ թե պետության, այլ հենց ազգի անվտանգությանն է վերաբերում, ապա նրանում պետք է ներառվեն աշխարհի տարբեր երկներում բնակվող հայերի անվտանգությանն առնչվող հարցեր: Սա ֆունդամենտալ մոտեցում է: Մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, աշխարհի տարբեր պետություններում ունենք համայնքներ, նրանք ՀՀ քաղաքացիներ չեն, բայց մեր ազգի ներակացուցիչներ են, ուրեմն, մեր պարտականությունն է նաև նրանց մասին հոգ տանելը: Այնպես որ, ցանկացած երկրում հայ համայնքի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները պետք է լինեն նաև մեր ուշադրության կենտրոնում:  Ահա թե ինչու ես հատուկ շեշտել եմ Սիրայում հայության հայաթափման հարցը՝ այն համարելով մարտահրավեր ներտված մեր ժողովրդին:

Հայտնի է, որ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան աշխարահի այն պետություններն են, որոնք չեն ճանաչում Հայաստան պետությունը, հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մասնավորաբար, Պակիստանը համարում է, որ Հայաստանի պատմական տարածքը պատկանում է Ադրբեջանին: Սա թշնամական վերաբերմունք է մեր նկատմամբ, ըստ էության, մեզ փորձում են ներկայացնել որպես գոյություն չունեցող պետություն: Այս երկու երկրները միջազգային ատյաններում ակտիվ աշխատում են Հայաստանի դեմ, շատ հաճախ ավելի բացասական քայլեր են անում, քան անգամ Ադրբեջանն ու Թուրքիան: Եվ սա հանդուրժել չի կարելի, հետևաբար, այս հանգամանք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի շրջադարձին ԵՄ-ից, ապա սա նշանակում է, որ Թուրքիան փոխել է իր քաղաքական վեկտորը: Եթե ժամանակին Թուրքիայի համար առաջնահերթություն էր զրո խնդիր հարևանների հետ քաղաքական մոտեցումը, ապա այսօր նման հարց ընդհանրապես գոյություն չունի, այդ երկիրը փչացրել է իր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Անում է այն, ինչ ցանկանում է, թքած ունի միջազգային իրավունքի, կարծիքի վրա: Մենք պետք է հաշվի առնեք այս փոփոխությունը, հաշվի առնեք այն հնարավոր մարտահրավերները, որոնք կարող են գալ Թուրքիայի կողմից, և դրանք կարող են ուղղվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների դեմ՝ այդ թվում Սիրայում:

Երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կամ ինչպես ասում են, ՙՙֆուտբոլային դիվանագիտությունը՚՚, կար հույս, որ Թուրքիան Հայաստանի հետ կկարգավորի հարաբերությունները, արձանագրությունների տեքստի շուրջ բանակցելն արդեն իսկ վկայում էր այն մասին, որ նախկին նախագահ Գյուլի մոտ կար այդ ցանկությունը: Բայց իրադարձությունները գնացին այլ հունով. այսօր Գյուլը չկա, պետության ղեկին Էրդողանն է, և ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների ապագան խիստ մշուշոտ է: Մենք պետք է մտածենք, թե հարևան պետության հետ հարաբեությունների առկայությունը կամ դրանց բացակայությունը մեզ ո՞ւր կարող է տանելու, և պետք է պատրաստ լինել ցանկացած շրջադարձի: Թուրքիան իսլամական աշխարհն առաջնորդելու ամբիցիա ունի, դրան հասնելու համար փորձելու է անել ամեն ինչ, սա ևս կարող է մեզ համար լինել մարտահրավեր: Ուրեմն, պետք է հաշվի առնել նաև այս իրողությունը:
ԵԱՏՄ-ին անդամակցմանն ու ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը ես համարում եմ չափազանց կարևոր քաղաքական ձեռքբերում Հայաստանի համար: Սրանով մեր արատաքին քաղաքականության մեջ շեշտեցինք բազմավեկտոր ուղղությունը՝ ՙՙև…և՚՚-ի սկզբունքը: Սա համարում եմ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների չափազանց կարևոր ձեռքբերումը, ինչը ևս պետք է ամրագրվի ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթղթում:
Ներկայիս փաստաթղթի երրորդ գլուխը վերնագրված է այսպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սրանով, փաստորն ամրագրել ենք Արցախի անկախ պետություն լինելը, որի անվտանգության երաշխավորը Հայաստանն է: 10 տարի անց հնարավո՞ր է, որ նոր ստեծվելիք փաստաթղթի՝ Արցախին վերաբերող ձևակերպումներում լինեն փոփոխություններ:
-Չեմ կարծում, որ կլինի որևէ փոփոխության անհրաժեշտություն: ԼՂ հիմնախնդրի հետ կապված Հայաստանն ունի սկզբունքային, հստակ դիրքորոշում, ինչը ձևակերպված է: Արցախը կայացած, ինքնիշխան պետություն է, ղեկավարվում է ժողովրդի ընտրված նախագահի, օրենսդիր մարմնի կողմից, ձևավորում է իր կառավարությունը, ունի իր Սահամադրություն: Այսինքն, Հայաստանն ընդունում է, որ Արցախը որպես միավոր գոյություն ունի, այլ հարց է, որ մենք չենք ճանաչում Արցախը որպես անկախ պետություն միայն այն պատճառով, որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացը. Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցություններից ու վերջ: Իսկ մենք լավ ենք հասկանում, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:

Այլ հարց է, որ փոփոխվող ռազմավարության մեջ պետք է նորովի հաշվի առնենք Ադրբեջանի քարոզչամեքենայի առավել ագրեսիվ գործունեությունն ամբողջ աշխարհում, նաև պետք է հաշվի առնենք ապրիլյան դեպքերի կրկնության հնարավորությունը: Վերլուծելով անցած տարիների իրադարձությունները, նոր փաստաթուղթը պետք է համապատասխանեցնենք ժամանակակից բոլոր մարտահավերներին, որպեսզի կարողանանք ժամանակին հակահարված տալ դրանց:

-Ազգային անվտանգության ռազմավաության փոփոխման ֆոնին Սերժ Սարգսյանի արած այն շեշտադրումը, թե այս տարիներին մենք կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք, և սա պետք է ամրագրվի փաստաթղթում, ոմանք համարում են հետնահանջ եղած ձևակերպումից: Ինչ կասեք այս մասին:

-Ե  այդ կարծիքին չեմ: Ինչ է ցանկանում  Արցախի ժողովրդը, ինչ է ընկած  նրա ցանկության հիմքում, դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, որը միջազգային իրավունքի ամենից կարևոր սկզբուներից մեկն է: Արցախի ժողովուրդը դուրս ելավ ու հայտարարեց՝ մենք ունենք իրավական, քաղաքական բոլոր հիմքերը որպեսզի հռչակենք անկախ պետություն և ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա կառուցենք մեր բարեկեցիկ ապագան: Սակայն Արցախի ժողովրդի այս ցանկությանն Ադրբեջանն արձագանքեց ագրեսիվ գործողություններով՝ բռնի ուժ կիրառելով հայ ժողովրդի դեմ: Ու մեր ժողովուրդը ստիպված եղավ ինքնապաշտպանվել սեփական հողի վրա:

Նախագահի խոսքն ուղղված է նրան, որ մենք պետք է միջազգային իրավունքի այս նորմը դարձնեք դրոշ ու պայքարենք այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը կընդունի փաստը, այն է՝ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ցանկանում է ինքնորոշվել և ազատ, անկախ տնօրինել իր ապագան:
ԱՐՄԻԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն