Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ ԿՆՈՋ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ»

Հունվար 30, 2018թ. 14:42
Հայկ Բաբուխանյան +

–«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հիմնվելով ադրբեջանական  աղբյուրների  տեղեկատվության վրա, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, դիմել էր հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Արտաշես Գեղամյանին՝ հանձնաժողովում պարտադիր քննարկման առարկա դարձնել ռուսական զենքն Ադրբեջանին վաճառելու հարցը: Եվ, կարծես թե, հանձնաժողովի նախագահից մերժում չի ստացել: Ձեր կարծիքը: 

– «Ելք» դաշինքն ունի շատ հստակ ձեւավորված պատվեր, այն է` անընդհատ բզբզել, վատաբանել հայ-ռուսական հարաբերություններն ու, ընդհանրապես, քննադատել Հայաստանի արտաքին քաղաքական գիծը: Հակառակ դեպքում, «Ելքի» ներկայացուցիչները ու, մասնավորաբար, ձեր հիշատակած պատգամավորը,  պարտավոր է նախ դիմել այն 22 պետությունների հետ բարեկամական խմբերին, որոնցից Ադրբեջանը զենք-զինամթերք է ստանում: Ցավոք, Էդմոն Մարուքյանը շատ միակողմանի ու «նեղ մասնագիտացված»  է հակառուսական գործունեության ծավալման մեջ: Հաջորդը, իհարկե, մենք բոլորս կուզենայինք, որ Ադրբեջանը չստանար զենք թե՛ Ռուսաստանից, թե՛  ընդհանրապես ցանկացած մի երկրից: Բայց այս խնդիրը լուծելու համար մենք նախ պետք է հասկանանք, թե ինչի՞ հաշվին է Ադրբեջանը ձեռք բերում  այդ մեծաքանակ զենքը: Ակնհայտ է, որ այս երկիրը զենք ձեռք է բերում իր նավթադոլարների հաշվին: Առաջ է գալիս մյուս հարցը, իսկ որտեղի՞ց նրան այդ նավթադոլարները, պատասխանը հստակ է` ամերիկյան, բրիտանական, թուրքական, իսրայելական եւ այլ պետությունների ընկերություններ Ադրբեջանի տնտեսության մեջ արդեն իսկ ներդրել են շուրջ 40 մլրդ դոլար: Վերջերս կնքվեց հերթական  պայմանագիրը` եւս 30 մլրդ դոլար ներդրումներ անելու համար: Ահա այստեղ է «թաքնված» Ադրբեջանի զենքի ձեռքբերման ակունքները: Հետեւաբար, Էդմոն Մարուքյանն ու իր նմանները պետք է հասկանան, հարցը ոչ թե այն է, թե Ադրբեջանը որտեղի՞ց է գնում զենք, այլ այն, թե ի՞նչ փողով է գնում,  որտեղի՞ց է գալիս այդ փողը: Եվ ուրեմն, առաջին հերթին պետք է դիմեն ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, թե ինչո՞ւ են նրանց ընկերությունները նման մեծ ներդրումներ անում Ադրբեջանում, նախ ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բարեկամության խմբում պետք է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ է բրիտանական British Petroleum-ը Ադրբեջանի կասպյան հանքավայրերում այդչափ մեծ ներդրումներ կատարում, ինչո՞ւ է այնտեղ հսկայական նավթադոլարներ ձեւավորում ու Ադրբեջանի պես երկրին հնարավորություն տալիս շատ հեշտությամբ մեծ քանակի զենք գնել ցանկացած երկրից:  Սրանից հետո նոր այս հարցը պետք է քննարկել այն 22 երկրների հետ ստեղծված բարեկամական հանձնաժողովներում ու խմբերում, թե ինչո՞ւ են նրանք զենք վաճառում Ադրբեջանին:  Բազմիցս է ասվել, եթե Ադրբեջանը  Ռուսաստանից չգնի, միեւնույնն է, այդ 22 երկրներից է գնելու:

– Այդ դեպքում, ի՞նչ անել, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին:

– Եթե մենք ասում ենք, բա ինչպե՞ս անենք, որ Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, նույն կերպ կարող են ասել` ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանը զենք չվաճառի հակամարտության կողմերին, այսինքն` նաեւ Հայաստանին: Մենք մոռանում ենք մի շատ կարեւոր հանգամանք, ի տարբերություն այլ պետությունների, Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում ինքնարժեքով: Աշխարհում Ռուսաստանն այն միակ պետությունն է, որը միայն  Հայաստանին է ինքնարժեքով զենք վաճառում: Ուրեմն, մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ չենք կարող սահմանափակել Ռուսաստանի քայլերը եւ ասել` թե նա ո՞ւմ վաճառի կամ ո՞ւմ չվաճառի: Այն, որ Ռուսաստանը մեզ զենք է տալիս ինքնարժեքով, սա արդեն մեծ ձեռքբերում է: Բացի ինքնարժեքով զենք ձեռք բերելուց, Ռուսաստանը Հայաստանին նաեւ վարկ է տալիս, ըստ էության, այս պահին մենք գումար էլ չենք վճարում, բայց ստանում ենք ժամանակակից զենք: Սա փաստում է այն, որ մենք Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ենք զենք ստանում: Մեզ մոտ ռազմավարական գործընկերություն ասելով` չգիտես ինչու, հասկանում են մարդ ու կնոջ հարաբերություններ: Ծիծաղելի է: Ռազմավարական գործընկեր հարաբերությունները ձեւավորված են պայմանագրերով, ու եթե որեւէ պայմանագրում գրված լիներ, որ, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին իրավունք չունի զենք վաճառելու, մենք, իհարկե, կարող էինք ասել, որ ՌԴ-ն խախտել է մեր պայմանագրերը, հետեւաբար, արժե այս հարցը բարձրացնել: Բայց հայ-ռուսական որեւէ պայմանագրում գրված չէ, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն անելով, պետք է, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնի, կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: Կրկնում եմ, շատ ցանկալի կլիներ, ավելին, երազել կարելի է, որ Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանից, այլ ընդհանրապես որեւէ երկրից չկարողանար զենք գնել: Բայց դրա համար նախ պետք է ՄԱԿ-ը համապատասխան բանաձեւ ընդունի ու Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառի: Բայց եթե ՄԱԿ-ը նման բանաձեւ չունի, ապա մեզ համար դժվար է հասնել այս կամ այն երկրի, այդ թվում` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դադարեցնելուն:

Իսկ նման պահանջ դնել միակ երկրի առաջ, որը զենքի մատակարարման առումով Հայաստանի համար անում է առավելագույնը, ու պահանջել, որ ՌԴ-ն մեր ցուցումով առեւտուր անի այս կամ այն երկրի հետ, կարծես թե, առողջ տրամաբանությունից դուրս է: Ի դեպ, ՌԴ-ն էլ մեր` այլ պետությունների հետ շփումներում սահմանափակումներ չի կարող մտցնել, թեեւ, կարծում եմ, նրանք ոգեւորված չեն իրենց թշնամի ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունից: Այնպես որ, «Ելք»-ից հնչած այդ  առաջարկը  ես համարում եմ ոչ նպատակահարմար:

 

– Ամեն դեպքում, մեզ ի՞նչ կարող է տալ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում նման քննարկման կազմակերպումը:

– Պետք է հասկանանք` ի՞նչ կարող է այն մեզ տալ, մենք կարո՞ղ ենք այլ երկրներին պարտադրել, ասել` այս երկրին մի վաճառիր, մյուսին` վաճառիր: Իհարկե, հուզական առումով, հասկանալի է հարցի քննարկումը այնքանով, որ մեր մտահոգությունը բարձրաձայնենք: Բայց նման քննարկումը չէ Էդմոն Մարուքյանի ու նրա գաղափարակիցների համար էականը, քանի որ նրանց նպատակն այլ է: Իսկ ի՞նչ կոնկրետ արդյունքի կարող է բերել այսպիսի քննարկումը…Գուցե դրանից հետո պահանջելու են խզե՞լ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ. այլեւս զենք չստանա՞լ ՌԴ-ից, չստանա՞լ այն օգնությունը, որ ՌԴ-ն տրամադրում է մեր սահմանները պաշտպանելու համար, կամ պահանջելու են, որ հայ սպաները անվճար չսովորե՞ն ռուսական բարձրագույն զինվորական հաստատություններում, գուցե պահանջվի  խզե՞լ հայ-ռուսական պայմանագիրն այն մասով, որ եթե մեր վրա հարձակում լինի, ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել մեր երկիրը: Եթե Մարուքյանը սա է առաջարկելու քննարկման ավարտին, ապա կխնդրեի նաեւ, որ Մարուքյանն ու իր նմանները Հայաստանի պաշտպանության իրենց ամերիկամետ տարբերակներն առաջարկեին` պատասխանելով նախ հետեւյալ դիտարկմանը: ԱՄՆ-ը քրդերին զինեց, ոգեւորեց, դրդեց դեպի անկախ պետություն ձեւավորելուն, հետո իր բնավորության համաձայն` մանրադրամի տեղ դրեց, «քցեց» նրանց ու թույլ տվեց, որ Թուրքիայի զինուժը մտնի այլ երկրի տարածք: Իսկ թուրքական զինուժը ՆԱՏՕ-ն է, ուր ԱՄՆ-ն ունի իր վճռորոշ ձայնը, փաստորեն, ԱՄՆ-ը թույլ տվեց, որ իր դաշնակից քրդերին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ըստ էության, ցեղասպանության ենթարկի: Եթե Մարուքյանն այս ճանապարհն է տեսնում մեզ համար, ապա ես նրա հետ քննարկելու որեւէ բան չունեմ: Իսկ այլ տարբերակ «Ելքի» պատգամավորը մեզ չի առաջարկում ու չի էլ կարող առաջարկել, որովհետեւ իր խնդիրը ոչ թե իսկապես տարբերակներ գտնելն է, այլ   վարկաբեկել հայ-ռուսական հարաբերություններն ու սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի` իրական դաշնակից երկրների միջեւ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն