- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ես կգամ երկիր իմ…

Ես կգամ, երկիր իմ, անառակ որդու պես,
Անառակ որդու պես դռանդ կչոքեմ,
Կխնդրեմ, երկիր իմ, որ այդժամ ինձ ներես,
Որ փարվեմ լանջերիդ ու Հոր պես ինձ սիրես։

Ես կգամ, երկիր իմ, տարիներս վատնած,
Ապագաս կհանձնեմ արևոտ փեշերիդ,
Կկանգնեմ լոկ վայրկյան, գեթ վայրկյան շվարած,
Կմաքրեմ ես փոշին անառակ ոտքերիս։

Բայց չեմ լա, երկիր իմ, այլ ագահ գայլի պես,
Կշնչեմ արևդ ու օդդ կենարար
Ու մեջիս օտարը, թող պոկվի իմ եսից,
Թող բացվի ինձ համար գալիքի նոր արար։

Ես կգամ, երկիր իմ, անառակ որդու պես,
Անցյալս կթողնեմ ցոփ ու զեխ հյուսիսին,
Ու սիրտս, ու հոգիս, ու վաղս կտամ քեզ,
Միայն թույլ տաս լինեմ ես արժան Մասիսին։

Ես կգամ երկիր իմ…

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԵՅԱՆ