Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Ա. Սարգսյանը Հայաստան պետության լիազոր դեսպանն է Մեծ Բրիտանիայում, իսկ դիվանագիտական աշխատանք կատարող անձն ինչպե՞ս կարող է կապ չունենալ Հայաստանի ու հայ իրականության հետ

Հունվար 27, 2018թ. 22:04
գառնիկ իսագուլյան

Հարցազրույց ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ

-Քաղաքական ու հասարակական շրջանակներում նոր նախագահի թեկածու Արմեն Սարգսյանի հետ կապված կարծիքները բավական հակասական են: Դիտարկենք մի քանիսը. մի կողմից ասվում է, թե դրսում կայացած, հաջողության հասած, անգլիական թագավորական ընտանիքի հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող գործիչ կարող է այդ կապերն ի նպաստ Հայաստանի օգտագործել, մյուս կողմից, շեշտվում է այն, թե Սարգսյանը հայկականությունից ու հայկական իրականությունից հեռացած գործիչ է: Ձեր կարծիքը:
-Մի փոքր ուսումնասիրություն կատարեցի ու այսպիսի հետևության եկա. այն մարդիկ, որոնք ձեր նշած թեզի պաշտպաններ են, հաճախ հայտարարել են, թե սփյուռքահայերը Հայաստանում պետք է նույն լիազորություններն ու իրավունքներն ունենան, ինչն ունեն հայաստանաբնակ հայերը: Անգամ պնդել են՝ ցանկացած ոք, որը երբևէ չի եղել ՀՀ-ում, բայց հայ լինելով հանդերձ կարող է հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Իսկ այսօր այդ նույն մարդիկ, չգիտես ինչու, սկսել են մեկ այլ թեզ առաջ տանել, թե Արմեն Սարգսյանը երկար ժամանակ չի գտնվել ՀՀ-ում, կտրված է եղել հայկական իրականությունից և այլն: Այդ մարդիկ մոռանում են, որ Ա. Սարգսյանը Հայաստան պետության լիազոր դեսպանն է Մեծ Բրիտանիայում, իսկ դիվանագիտական աշխատանք կատարող անձն ինչպե՞ս կարող է կապ չունենալ Հայաստանի ու հայ իրականության հետ: Արմեն Սարգսյանը Հայաստանը ներկացրել է ոչ միայն Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, այլև տարբեր միջազգային կառույցներում, ու աշխատել ի շահ Հայաստանի: Հետևաբար ասել, թե հեռացել է հայկականությունից, սա անհարկի շահարկում է:
Մյուս մտահոգությունը կապված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ, որի շուրջ պտտվում է Արմեն Սարգսյանի անունը:
-Այս հարցը ևս շահարկվողների շրջանակում է, ընդ որում, անտեղի: Սեփական օրինակով ցույց տամ իրավիճակը: Երբ տարբեր երկրներից մարդիկ են գալիս Հայաստան այս կամ այն բիզնես ծրագիրը իրականացնելու համար, խնդրում են ինձ միջնորդել այդ հարցում: Ես դա անում եմ, բայց երբ հետո պարզվում է, որ այդ բիզնեսը կարող է արդյունավետ չլինել, կամ առաջացնել բնապահպանական խնդիրներ, ապա կառավարությունն այդ ծրագիրը կանգնեցնում է: Հիմա, հնարավոր է, որ Ամուլսարի հանքի հարցով ևս դիմել են պարոն Սարգսյանին, նա էլ զուտ միջնորդական դեր է ստանձնել՝ ծրագիրը ներկայացնելով մեր պատկան մարմիններին, և դա արել է նկատի ունենալով ծրագրի շահութաբերությունը Հայաստանի համար: Ցանկացած դեսպան պետք է նման հարցերում լինի և՛ նախաձեռնող, և՛ միջնորդ: Ի վերջո, ներկայացնել ինչ որ ծրագիր, չի նշանակում նաև պատասխանատու լինել դրա համար: Այն լավն է, թե վատը՝ որոշողը Հայաստանի կառավարությունն է, Ազգային ժողովը, եթե գտնեն, որ դա կարող է վնասել Հայաստանի ջրերը, գործը առաջ չի գնա: Այսինքն, հարցի լուծումը բացառապես Հայաստանում է: Հիշո՞ւմ եք, ժամանակին իրանական կողմը մեր տարածքում զբաղված էր ոչխարաբուծությամբ: Սակայն երբ պարզեցինք, որ տարիներ անց այդ հողերը կարող են շարքից դուրս գալ՝ ծրագիրը կանխվեց: Համոզված եղեք, եթե նույն կերպ պարզվի, որ հանքի շահագործումը վտանգավոր է Հայաստանի համար, մեր կառավարությունն ու անձամբ Արմեն Սարգսյանը կկանխեն դրա իրականացումը:
-Քիչ չի խոսվում նաև այն մասին, թե միջազգային շրջանակների հետ կապեր ունենալը Արմեն Սարգսյանին կարող է դարձնել ինքնուրույն խաղացող, ասել է, թե Ա. Սարգսյանը կարող է դառնալ ներիշխանական համակարգի հակակշռող բևեռ, ու թերևս սա է պատճառը, որ նրա թեկնածության հետ կապված ՀՀԿ-ում կան տարաձայնություններ:
-Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր իրենց վրա ուշադրություն գրավելու, տպավորություն գործելու նպատակով առաջ են քաշում այս թեզը, թե ՀՀԿ-ում կա տարաձայնություն Ա. Սարգսյանի թեկնածության առնչությամբ: Կարճ պատասխանեմ՝ նման բան չկա: Ու թող որևէ մեկն այդ հարցը չփորձի շահարկել: ՀՀԿ բոլոր անդամները, հատկապես, կուսակցության բարձրագույն մարմնում այս հարցում որևէ տարաձայնություն չկա, և դուք շատ շուտով դրանում կհամոզվեք: Ինչ վերաբերում է հակակշռելուն կամ նժարի այս կամ այն կողմում գտնվելուն, ապա Հանրապետության նախագահը ո՛չ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով նման իրավասություն չունի: Հակառակը, նա պետք է համակշռողի դերակատարում ունենա: Ինչպե՞ս կարող է առաջադրվել մի մարդու թեկնածություն, որը պիտի գա ու իր նախագահության 7 տարիներին լինի հակակշռող նախագահ, անկեղծ ասած, լուրջ չէ, Հայաստանն է բանանային երկիր չէ:
Նախագահի թեկնածուից քիչ չեն նաև հասարակության դրական ակնկալիքները. հիմնականում շեշտվում է հետևյալի մասին. նա պետք է ներսում կատարի միավորողի առաքելություն ու նպաստի ներքին անհանդուժողականության , անվստահության մթնոլորտի վերցմանը:
– Իհարկե, Արմեն Սարգսյանը ներհայաստանյան խնդիրներին քաջատեղյակ մարդ է և սահմանադրորեն իրեն վերապահված լրազորությունների շրջանակում կկատարի հնարավորը և ցույց կտա շատ հարցերի լուծման ճանապարհները: Բայց ես հարց եմ ուզում տալ անվստահության մթնոլորտ ասվածից խոսողներին. Իրենք որևէ հարցում արել ե՞ն, ճշտել ե՞ն այդ մթնոլորտի իրական մակարդակը: Մեր հասարակության մի շատ փոքր հատվածը կարող է ինչ -որ խնդրում ունենալ անհամաձայնություն ու դա ներկայացնել մամուլում՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակության մեծամասնության տեսակետն է: Հիշեք, թե որոշ զլմ-ներ ինչ ջանադրությամբ են քարոզել ու քարոզում, թե հեաս-հեսա Արցախը հանձնում են: Եվ դա անում են այն դեպքում, երբ ՀՀ նախագահը տարբեր միջազգային ամբիոններից ամեն տարի, ինչպես դա արեց օրերս ԵԽ ԽՎ բարձր ամբիոնից, հայտարարել է բոլորվին այլ բանի մասին: Շահարկել ցանկացողները նախագահի այդ խոսքերն անտեսում են ու շարունակում իրենց սև գործը: Հիմա նույնը վերաբերում է անվստահության մթնոլորտ ասվածին: Ի վերջո, վստահությունը իշխանությունների հանդեպ ընտրություններով է որոշվում: Ու այն ուժերը, որոնք սիրում են խոսել ներքին անվստահությունից իրենք են համաձայնվել ընտրությունների արդյունքների հետ՝ այն համարելով լեգիտիմ: Այսինքն այս հարցում մենք խնդիր չունենք:
Իսկ որպեսզի մեր երկրում անվստահության խնդիր չառաջանա, նախ ամեն մեկս մեզանից պետք է սկսենք: Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ ուզում ե՞նք ունենալ հզոր հայրենիք, կայացած Արցախ, եթե այո, ուրեմն պետք է պատրաստ լինենք որոշակի զոհողությունների: Իսկ եթե սկսելու ենք դժվարությունից խույս տալ, կնշանակի մենք մեր հայրենիքը սիրում ենք հեռվից, ու սիրում ենք հեռվից քննադատել ներսում գործ անողներին: Վերջերս կարդացի Գոլդա Մեիրի հարցազրույցներից մեկը, ուր ասում է, 1921-ին, երբ դեռ ներկայիս տարածքը Իզրայելին չէր պատկանում, աշխարհի հայտնի հրեաները, նրանց թվում և ինքը, թողնում են իրենց բարեկեցիկ կյանքն ու շտապում այդ տարածք՝ սկսելով ձեռքերով մշակել հողը ու ոչնչից կառուցել իրենց երկիրը: Մենք մեր դրախտավայր հայրենիքը թողնում գնում ենք դուրս ու հետո իբրև արդարացում սկսում քննադատել այն, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ստեղծում ենք կեղծ տեսություն՝ անվստահության մթնոլորտի մասին: Եկեք դադարենք այսպես մտածելուց, ու եթե պետք է գնանք որոշակի զոհողությունների, որպեսզի կառուցենք հզոր Հայաստան ու Արցախ: Եկե՛ք, սա անենք: Ու այդ դեպում, կտեսնեք, որ մեզ մեղադրողները ևս կլռեն:
Պարոն ԻսագուլյանՌուսաստանը զենքի հերթական նոր խմբաքանակը վաճառեց Ադրբեջանին, մինչ այդ էլ Ուկրաինան ու Բելառուսնն էին վաճառել: Սրանով Ադրբեջանը նոր հնարավորություն չի՞ ստանում սահմանը խախտելու, ի դեպ, նշաններն արդեն տեսանելի են, նախօրեին ադրբեջանական ջոկատայինները դիվերսիոն հարձակում են իրականացրել:
-Ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը կատարեց շփման գծում: Բայց Ալիևը պետք է հաշվի առնի, որ շատ բան է փոխվել 2016-ի ապրիլից հետո, ու պատահական չէր, որ օրերս ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգությանը և կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Երևի ադրբեջանցիները ասվածին չհավատացին ու փորձեցին սադրանքով ստուգել, բայց պատժվեցին:
Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, ակնհայտ է մի բան, կուտակվել է որոշակի քանակի ռազմամթերք, որի օգտագործումը հնարավոր է: Նաև պարզ է, որ նոր խմբակաքանակի վաճառքը Ադրբեջանին կարող է վտանգել տարածաշրջանի կայունությունը: Ադրբեջանը շարունակում է զենքի նոր խմբաքանակներ գնել տարբեր երկներից. այս տարիներին 5 մլրդ դոլարի զենք է գնել ՌԴ-ից, նույնքան գնել է Իսրայելից ու այլ երկրներից, այդ թվում Թուրքիայից: Այսինքն, եթե նա ունի գումար ու զենք գնելու ցանկություն, կարող է ցանկացած երկրից գնել: Բայց կարծում եմ, սրա շուրջ քարոզչական աղմուկը շատ ավելի մեծ է: Հավատացեք, որ բալանսը պահպանվում է, Հայաստանի ու Արցախի զինված ուժերը ունեցած զենքի և տեսակով, և որակով չեն զրջում Ադրբեջանին:
Երբ մտահոգված ասում ենք՝ ՌԴ-ն հերթական զենքը վաճառեց, սրա հետ մեկտեղ պետք է նաև իմանալ, որ Հայաստանը այդ նույն զենքը Ռուաստանից ձեռք է բերում արտոնյալ տարբերակով՝ շատ մատչելի կամ անվճար: Մեզ համար հիմա կարևորն այն է, որ պահպանվի բալանս, ինչը արվում է և արցախյան հարցում լինենք միասնականություն ու վճռական: Մենք դրսին պետք է հասցնենք այն գիտակցումը, որ Արցախը տարածաշրջանում անվտանգություն արտադրող, միակ կայունություն ապահովող գործոնն է, որ ցանկացած ստատուս քվոյի փոփոխություն կհանգեցնի շատ ավելի դաժան վիճակի, քան մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում:Դա այն էր, ինչ արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ ամբիոնից՝ աշխարհին շատ պարզ ու հստակ մատուցելով Հայաստանի և Արցախի դիրքորոշումը: Կարծում եմ, որ ուժային կենտրոնները սա շատ լավ հասկանում են: Իսկ Ադրբեջանի ջղաձգությունն իր խնդիրն է: Մնում է, որ մենք մեր ներսում խնդիներ չստեծենք, որպեսզի թշնամու համար գայթակղիչ չլինի ռազմական գործողությունների դիմելը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն