Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Պատգամավորը ԵԽԽՎ-ին հիշեցրել է 90-ականների սկզբին Արցախի վերաբերյալ իր իսկ ընդունած բանաձևերը

Հունվար 27, 2018թ. 15:39
Սամվել Ֆարմանյան

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ  ԱԺ պատվիրակության անդամ,  ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ  Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցութան ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին:

Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ,

Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական մի աննախադեպ համախմբում խորհուրդների հսկայական կայսրության հարավային սահմանին: Բալթյան երկրների անկախության շարժումների, լեհական «Համերաշխության» և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ծավալվող համանման ժողովրդավարական ընդվզումների հետ միասին, Ղարաբաղյան շարժումը և Խորհուրդների անընդունակությունը՝ որևէ տրամաբանական արձագանք տալու ծավալվող ժողովրդավարացման ալիքին, եկան ցնցելու Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի բուն հիմքերը՝ ի վերջո, 1991 թ. վերջում, հանգեցնելով Խորհրդային միության փլուզմանը:

Պատմական այս իրադարձության հոբելյանին ընդառաջ ոչ միայն պատմաբանների, այլ նաև քաղաքական գործիչների համար օգտակար կլիներ հետադարձ հայացք նետել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին համաշխարհային մամուլում և քաղաքական հաստատություններում առկա ժողովրդավարական այդ համախմբման շուրջ եղած արձագանքներին: Պատմության վկայակոչումը օգտակար է ոչ միայն փաստերը մեկտեղելու, երբ քննարկվում է առկա հիմնախնդրի համապարփակ կարգավորման հնարավորությունը, բայց նաև այդ ժամանակաշրջանի շունչը զգալու տեսանկյունից: Այն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով պատմութան զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաև սեփական անցյալը, իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը <<վերագտնելու>> ջանքերը, իբրև ազգային ինքնության կերտման շարունակվող գործընթացի մի բաղադրիչ, գործընթաց, որը, ցավոք սրտի, խարսխվում է հակահայկական ատելության պլատֆորմի վրա:

Ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել եմ՝ երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր:

Այսպես. Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը <<Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին>>:

Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձևում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. <<այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման>>:

1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձևում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ <<անմիջապես վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը>>:

1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. <<Միացալ նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանութունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը և ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ>>:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների և Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձևեր, ինչպես նաև համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:

Ուրախությամբ և երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաև այսօր, վստահաբար շարունակվելու է նաև վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի և խորացող խավարի:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն