Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հայ ժողովուրդը ՀԱԿ-ին՝ իր ՙՙարժանապատիվ խաղաղության՚՚ մասին քարոզի համար արժանապատվորեն դրեց գերեզման

Հունվար 25, 2018թ. 16:31
Լևոն Շիրինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը մեզ համար խորթ է
Այն օտարի փիլիսոփայություն է

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
Նկատի ունենալով ընդդիմադիր դաշտում առաջացած վակումը, կանխատեսվում էր, թե կարող են իհայտ գալ քաղաքական նոր ուժեր: Սակայն նորերը չկան, փոխարենը, երկար լռությունից հետո կենդանության նշաններ է փորձում ցույց տալ ՀԱԿ-ը. հայտարարել են Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք են կազմակերպելու:
-Նախ ես այն կարծիքին չեմ, որ նոր ուժերի ակտիվացում կարող է լինել, հակառակը, ոչ մի ակտիվացում էլ չի լինի, այդ ակնկալիքը ճիշտ չէ, որովհետև նման ուժեր իրականում չկան: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից իրեն առավել ակտիվ է դրսևորում ՙԵլք՚-ը: Չնայած այդ ուժի հասցեին հազար ու մի բամբասանք է տարածվում, բայց դա էականը չէ, կարևորն այն է, որ եթե ՙԵլքին՚ հաջողվի ճիշտ ընթանալ, ապա կկարողանա դառնալ քաղաքական լավ կառույց: ԲՀԿ-ն, բնականաբար, կգնա բոլորիս հայտնի ուղեգծով: Նրանից ակտիվացում պետք չէ ակնկալել: Իսկ արտախորհրդարանական դաշտում ո՞ր ուժը կարող է ակտիվանալ ու ինչի՞ հիման վրա: Ասացիք ՀԱԿ-ն է փորձում կենդանության նշաններ ցույց տալ. հայերենում ՙմեռելահարցուկ՚ բառ կա, ՀԱԿ-ի մասին խոսելիս պետք է այս բառն օգտագործել: Ի՞նչ է, Լևոն Տեր Պետրոսյանն ու իր թիմը որոշել են ղարաբաղյան շարժման հիշողության վրա վերակենդանանա՞լ: Բայց իրենք այնքան են հեռացել, այնքան են կտրված մեր ժողովրդից, ընդ որում, այդ հեռացումը տեղի ունեցավ դեռևս ղարավաղյան շարժման առաջին տարիներին, որ մեր ժողովուրդը նրանց չի կարող ընդունել, առավել ևս, չի կարող ընդունել Լևոն Տեր-Պետորսյանի ու ՀԱԿ-ի ղեկավարությամբ անցկացվող ղարաբաղյան շարժմանը նվիրված միջոցառումները:
Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ը քաղաքական հարթակ է ուզում վերադառնալ խաղաղության հայտնի կարգախոսով, որը նրան խորհրդարանական ընտրություններում տարավ ջախջախիչ պարտության: Ուրեմն, ինչո՞ւ է որոշել նույն ՙգետը՚ մտնել երկրորդ անգամ:
– 2017-ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն, ուղղակի, գերեզմանեց ՀԱԿ-ին: Այդ ընտրությունը յուրատեսակ հանրաքվե էր, որի ժամանակ ՀԱԿ-ն, ըստ էության, չստացավ ժողովրդի քվեն: ՀԱԿ-ը թաղվեց՝ ընդմիշտ: Հայ ժողովուրդը ՀԱԿ-ին՝ իր ՙՙարժանապատիվ խաղաղության՚՚ մասին քարոզի համար արժանապատիվորեն դրեց գերեզման: Իսկ նման վախճանից հետո քաղաքականության մեջ վերակենդանացումը հազվագյուտ երևույթ է, նման բան չի լինում: 2013-ին նրանց ինչ-որ բան հաջողվեց, դա էլ մի պահ էր ու վերջ, ամեն ինչ ՀԱԿ-ի համար ավարտված է:
2017-ի խորհրդարանական ընտրություններում հիմնովին տապալվելուց հետո, ինչպե՞ս կարող են նրանք ինչ-որ բան խոսել: Իրենց դրել են Բեռլուցկոնիի տեղը՞: Բայց վերջինիս գոնե ընտրում են իտալացի կանայք, որովհետև նրա մեջ տղամարդ են տեսնում: Բա ՀԱԿ-ի մե՞ջ ինչ տեսնեն:
-Խորհրդարանական ընտրությունների քարոզաշրավի ժամանակ դուք հայտարարեցիք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղված է սոփեստությամբ, ու նրան հիշեցրիք, որ խաղաղություն չեն մուրում, այն ոչ էլ ուզելով է լինում, դրա համար կա հայտնի բանաձև՝ պատրաստվիր պատերազմի՝ կունենաս խաղաղություն:
-Ես այդ մասին միշտ ասել եմ, այսօր դարձյալ ասում եմ, մեզ պետք չէ խաղաղության շարժում, մեզ պետք է պատերազմի նախապատրաստման շարժում: Վուդրո Վիլսոնը, որի հեղինակությունը մինչ հիմա Արևմուտքում անխաթար է, այսպիսի խոսք ունի. ՙԺողովուրդներին պետք է պատրաստել պատերազմի: Կպատարաստեք պատերազմի՝ կունենաք խաղաղություն՚: Ինչպես տեսնում ենք, Վիլսոնը չի ասում՝ պատրաստեք խաղաղության: Իսկ Տեր-Պետրոսյանն ու իր ՀԱԿ-ը երևի ինչ-որ ուժերի հանձնարարությունն են կատարում: Չի՜ լինելու: Որպեսզի ասելիքս ամբողջական լինի, զուգահեռաբար հետևյալ փաստարկը ներկայացնեմ: Ռուսաստանը սկսել է նոր ռազմատեխնիկա փոխանցել Ադրբեջանին: Ես դեռ ապրիլյան պատերազմից հետո ՙՀայոց Աշխարհ՚ օրաթերթին տված իմ հարցազրույցում ասել եմ հետևյալ միտքը. Ռուսաստանը չի հասել ապրիլյան պատերազմում հետապնդած իր նպատակներին, հետևաբար, պատերազմը կարող է կանխահաս լինել: Այս իրավիճակում ի՞նչ խաղաղության շարժման մասին կարող է խոսք լինել Հայաստանում: Սակայն ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ը նույն կարգախոսով է նորից դուրս գալիս: Ադրբեջանն ամեն վայրկյան պատերազմի է պատրաստվում, իսկ Հայաստանում իրենք ուզում են արմատավորել խաղաղության շարժումը: ՀԱԿ-ի այս մոտեցումը, ըստ էության, բոլշևիկյան գիծ է. Լենինն է; էր ասում՝ խաղաղություն հաստատենք գերմանացիների հետ, արդյունքում երկիրը կործանեց: ՀԱԿ-ը բոլշևիկյան գիծն է վերակենդանացնում: Բայց դա նրան չի հաջողվի, թույլ չենք տա:
Չե՞ն գիտակցում իրենց քարոզչության վտանգավորությունը Հայաստանի համար:
-Կամ անկարող են գիտակցել, կամ դիրքորոշման հարց է, կամ սրանով վերակենդանացման հույս են փայփայում, կամ էլ պատվեր են կատարում, գուցե ինչ-որ ուժեր ՀԱԿ-ին ինչ-որ բա՞ն են խոստացվել: Գուցե նաև անգո՞րծ են մնացել. ՀԱԿ-ի նախկին բոլոր պաշտոնյաները, ովքեր ժամանակին հեռացան իշխանությունից՝ անգործ մնացին: Դե, հիմա որոշել են գոնե մի բանով զբաղվել ու գտել են զբաղմունքը՝ օգտագործել Ղարաբաղյան շարժման 30 ամյա տարելիցից: Մի բան հստակ կարող եմ ասել, որ իրենց գիծը Հայաստանի համար մահացու է: Պատկերացրեք ի՞նչ կլիներ Արցախի ու Հաայաստանի հետ, եթե մեր բանակը, մեր զինվորները փոքր-ինչ տատանվեին ու վատ դիմադրեին թշնամու գրոհին, պատկերացրեիք, թե ադրբեջանական բանակը ո՛ւր հասած կլիներ:
-Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված միջոցառումների շարք կազմակերպելով, փաստորեն, ՀԱԿ-ն ուզում է ասել, թե ի՞նքն է Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած քաղաքական առաջամարտիկ ուժը:
– Հիմա էլ ուզում են սա ապականել: Մեր ժողովուրդն այդ տարելիցը պետք է նշի առանց ՀԱԿ-ՀՀՇ-ի ու նրա լիդեր Տեր Պետրոսյանի: Ասեմ, որ ղարաբաղյան շարժուման ակունքում երկու Ղարաբաղ կոմիտե կար, ու իրականում ղարաբաղյան շարժումը սկսեցին հենց առաջին կոմիտեի տղաները: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհներն առաջին կոմիտեն չեն ներկայացնում, նրանք երկրորդն են: Թող այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին բացատրի՝ ի՞նչ եղավ առաջին Ղարաբաղ կոմիտեն, ինչո՞ւ մեջտեղ եկավ երկրորդը, ինչո՞ւ իրենք ոչ թե առաջինում էին, այլ երկրորդում: Սա փաստ է, ու իրենք պարտավոր են տալ սրա բացատրությունը: Ստացվում է դուք տուն եք կառուցում, բայց հայտնվում է մեկ ուրիշը ու ձեզ դուրս հանում ձեր տանից: Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ ու նստեց ուրիշի սարքած տանը, նա ղարաբաղյան շարժման հետ կապ չունի: Այնպես որ, թող չսեփականաշնորհեն ու իրենցով չանեն այդ շարժումը:
Սա առիթ են դարձնում մեյդան մտնելու, բայց դա իրենց հաջողություն չի բերի: ՀԱԿ-ը կփորջի նաև օգտվել սոցիալական ալիքից, գնաճից ու ժողովրդին մղել սոցիալական բունտի: Բայց քանի որ վարկաբեկված ուժ է, չեմ կարծում, որ անգամ այս հարցում իրենց հետևից որևէ մեկը կգնա: Այսինքն, ՀԱԿ-ի մուտքը չի կարող անհանգստացնել նաև իշխանությանը:
– ՙԱզատագրված շրջաններ՝ խաղաղության դիմաց. սա է Լևոն Տեր-Պետրոսյանի արցախյան հիմնախնդրի լուծման փիլիսոփայությունը՚. սա ևս ՀԱԿ լիդերի հասցեին ասված ձեր խոսքերից է: Ժամանակն անցնում է, սակայն Տեր-Պետրոսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր զիջողական փիլիսոփայությանը:
-Այո, սա Լևոն Տեր-Պետրոսյանի երդումն է՝ տրված թուրքերին: Արյան գնով հայրենիք պահող բանակի թիկունքից այդ մարդը գիշեր-ցերեկ պարտությունից է խոսել ու խոսում: Նրան պետք է մի կողմ թողնենք, մենք այսօր առաջնային մեկ այլ կարևոր խնդիր ունենք լուծելու. մեր բանակը առավել պետք է հզորանա, առաջ շարժվի ու Քուռ-արաքսյան հովիտով դուրս գա խառնարան: Ասել եմ ու դարձյալ կրկնում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք: Հիշենք նաև, Ղարաբաղյան շարժուման սիմվոլ, դա արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքն է. ՙՍա Հայաստան է, և վերջ՚, չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող: Իսկ եթե Լևոին լսեինք, մեր մայրաքաղաք Երևանն էլ սկուտեղի վրա թուրքին կհանձնեինք, կպրծնեինք: Մի քանի հարց ուղղեմ նրան իր իշխանական երջանիկ անցյալից. Դդւք չէի՞ք մութ ու խավար տարիների կազմակերպիչը, ինչո՞ւ ձեր նախագահության տարիներին կործանեցիք Հայաստանի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ժամանակին նրա հետ հանդիպելով ասել ենք՝ կոնսերվացրու, գործարանները պահիր: Եթե նա դա արած լիներ, այսօր կբացեինք ու կաշխատացնեինք: Բայց ի՞նչ արեցին՝ ամեն ինչ քանդեցին ու Հայաստանն ապաարդյունաբերականացրին:
Այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը մեզ համար խորթ է, այն օտարի փիլիսոփայություն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն