Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Գնաճի թեմայով հրավիրված ԱԺ լսումները սպասված արդյունքը չունեցան

Հունվար 24, 2018թ. 22:22
գագիկ Մակարյան

Պատգամավորների հարցերը բխում էին անհատական կամ խմբակային նեղ շահերից
Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ
Գների բարձրացման պատճառներն ու գնաճը մեղմելու հնարավորությունների քննարկմանը նվիրված ԱԺ լսումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հայտարարում էին, թե բենզինի, գազի գնի բարձրացումը չի ունեցել մուլտիպլիկատիվ էֆեկտ, հետևաբար, գնաճը դրանով պայմանավորելը ճիշտ չէ: Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, թե կառավարությունը ոչ այնքան գները մեղմելու, որքան տեղի ունեցածը հիմավորելու նպատակ ունի: Ձեր գնահատականը:
-Նախ ասեմ հետևյալը. սոցիալական ծանր բեռը՝ գործազրկությունը, աղքատությունը, զգայուն ՙդիտորդի՚ կեցվածքով անընդհատ առաջացնում են լարվածություն: Եթե լինեինք սոցիալապես ավելի հանգիստ երկիր, չունենայինք բարձր աղքատություն ու գործազրկություն, հավանաբար, այս գնաճի վրա անգամ աչք կփակեինք: Բայց հիմա կա ռիսկ կա, որ այս գնաճը կարող է բերել աղքատության ավելացման, եթե այն հիմա 29,4 տոկոս է, ապա գնաճի տենդենցի պահպանման դեպքում կարող է անցնել 30 տոկոսը, ինչը կարող է դառնալ ավելորդ հուզումների ու լարվածության պատճառ:
Իսկ ԱԺ քննարկման ժամանակ իմ տպավորությամբ, կառավարության անդամների մոտ ավելի շատ ցանկություն կար բացատրել, թե ինչո՞ւ պետք է լիներ թանկացում, քան խոսել կիրառվելիք մեխանիզմների մասին: Բայց նաև այնպես չէ, որ պետական մարմինները ջանքեր չեն գործադրում վիճակը բարելավելու համար: Սակայն այս ընթացքում նրանց կողմից կատարվող հաշվարկներում նկատվումեն որոշակի վրիպումներ: Մասնավորաբար, պարզվեց, որ գյուղական համայնքներում ուղևորափոխադրումների հետ կապված արտոնագրային վճարի հաշվարկը սխալ է արվել: Գյուղական համայնքներում նույնիսկ ավելի թանկ են ուղևորափոխադրումները, քան Երևանում, ինչը տարօրինակ է: Այն, որ կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե բենզինի գնի բարձրացումը չի նպաստել գնաճի վրա, սա ևս ցույց է տալիս, որ իրենց հաշվարկները պետք է կարգավորեն, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հստակ և պարզ կլինի:
Խնդիրների լուծման հարցում կառավարությունը պետք է ավելի հեռահար մոտեցում ցուցաբերի: Իսկ եթե մենք ուզում ենք կարճ ժամանակում գնաճը կանգնեցնել, դրա համար կան մի քանի ճանապարհներ: Առաջինը, պետությունը պետք է նորից պահուստերից որոշակի դրամ վերցնի ու դնի շրջանառության մեջ, և դրանով փորձի զսպել գնաճը: Բայց դա կարող է լինել անիմաստ քայլ, մենք ամեն անգամ հարյուր միլիոնավոր դոլարներ ենք ծախսել գնաճը զսպելու համար, ինչը տնտեսական օգուտներ չի բերել: Երկրորդ, պետք է փորձել այլ գործիքներ գործարկել, օրինակ, ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով, խթանել տեղական արտադրությանը կամ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն գործազրկության նվազեցմանը: Եվ երրորդ, պետությունը պետք է մտածի՝ ի՞նչ անել առաջնային օգտագործման ապրանքների գների հարցում ու հստակ որոշում կայացնի: Կարող է սահմանել որոշակի արտոնյալ ռեժիմ կամ սուբսիդավորի սոցիալապես անապահով ընտանիքների: Կառավարության քայլերը պետք է լինեն տարբեր արագության ու երեք ուղղությամբ. կարճաժամկետ, սրանով հնարավոր կլինի մի քանի շաբաթում ինչ-որ հարցեր լուծել, միջնաժամկետ և երկարաժամկետ: Նոր տնտեսությունների զարգացումը, նրանցում նոր տեխնոլոգիաների ներդրումը, ներմուծումը տեղական, ներքին արտադրանքով փոխարինելը մեկ տարվա գործ չէ, տարիներ է պահանջելու:
Ձեր ելույթում հետաքրքիր մի միտք ասացիք, թե գնաճը պայմանավորված է եղել նաև տուրաիզմի զարգացմամբ: Ստացվում այս ոլորտի զարգացումը մի կողմից լավ է, բայց նաև վատ է, որովհետև խթանել է գնաճին:
-Այո, այս խնդրի մասին ոչ ոք չի խոսում, ցավոք, ոչ ոք չի էլ հաշվարկել, որ Հայաստանում որոշակի գնաճը պայմանավորված է նաև տուրիզմի զարգացմամբ: Ըստ Ազգային վիճակագրության, 55 տոկոսով ավելացել է մսի արտադրության ծավալները, 47 տոկոսով՝ կիսաֆաբրիկատ մսամթերքի արտադրությունը, 14 տոկոսով խթանվել է սպիտակեղենի արտադրությունը: Այսինքն, նվազող բնակչության ու աղքատության նման պայմաններում, երբ ժողովուրդը ավելի շատ չի սնվել, ինչպե՞ս եղավ, որ մսամթերքի արտադրության ծավալներն աճեցին: Սա նշանակում է, որ պահանջարկն է աճել, մսի մի մասն արտահանվել է, իսկ մյուսից պատրաստված արտադրանքն ուղղվել է ռեստորաններ: Ներսում արտադրված սպիտակեղենն էլ հիմնականում իրացվել է հյուրանոցների, հյուրատների կողմից: Այսինքն, Հայաստան եկած զբոսաշրջիկը տնտեսության մեջ փող է դրել, մինչդեռ մեր տնտեսությունը դրան պատրաստ չէր, այսինքն, չենք հաշվարկել այս ամենը: Զբոսաշրջությունն իր զարգացման տեմպով առաջ է ընկել որոշ ոլորտներից, հիմա պետք է աշխատել այդ ոլորտների հնարավորությունների լավացման ուղղությամբ: Այդ հաշվարկը պետք է կատարել այսօր, որովհետև 2018-ին, պայմանավորված երկրում կազմակերպվող մի շարք միջոցառումներով, տեսականորեն բացառված չէ, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կարող է լինել դեպի Հայաստան: Դրա համար կառավարությունը խելացի քայլ կանի, եթե հաշվարկը սկսի հենց տուրզմից. որքա՞ն տուրիստ կարող է ժամանել, նրանք ի՞նչ են մեր երկրում նախընտրում սպառել, ինչի՞ց, որքա՞ն ունենք, պակասը ո՞րն է, եկեք լրացնենք:
Հարկային օրենսգիրքը փոխելու պահանջով երթի դուրս եկավ խորհրդարանական ընդիմադիր ՙԵլքը՚: Կգնա՞ կառավարությունն այդ պահանջին ընդառաջ՝ կփոխի՞ օրենքը:
– Կառավարությունը համոզվեց, որ օրենսգրքում կան վրիպումներ, կան ռիսկեր, և հիմա Ֆինանսների նախարարությանը կից խորհրդում ընթանում են աշխատանքներ, որին մասնակցում է էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի, նաև բիզնեսի շահեր ներկայացնող կառույցների նեկայացուցիչները, ինքս ևս մասնակցում եմ այդ քննարկումներին: Փետրվար ամսին նախատեսվում է Հարկային օրենսգրքի նոր, ավելի հղկված փաթեթ ներկայացնել կառավարությանը: Ամեն դեպքում, որքան էլ քննադատենք կառավարության աշխատանքը, չենք կարող չասել, որ հսկայական աշխատանք է արվել: 2017-ին գործարար միջավային է բերելավվել, բարեփոխվել են մայր օրենքները՝ հարկային ու մաքսային օրենսգրքերը, հիմա փոփոխվում է աշխատանքային օրենսգիրքը, սնակության օրենքը, ներդրումների մասին օրենքը: Ավելի բարենպաստ, ավելի հավասար մրցակցային միջավայր է ստեղծվել, արտահանումը խթանվել է, արդյունաբերական ապրանքների աճ կա: Հիմա պետք է ժողովրդի գնողունակությունը բարձրացվի՝ շնորհիվ աշխատավարձերի բարձրացման ու զբաղվածությանը խթանման:
Կառավարությունը նաև հակադարձեց ընդդիմադիրների պնդումներին, ու թվերով փաստեց, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը չի ազդել գնագոյացման վրա: Համակարծի՞ք եք այս փաստարկի հետ:
-Այո, ԵԱՏՄ-ից շատ ապրանքներ, օրինակ, տեխնիկան, համակարգչային տեխնիկան, սննդամթերքի մի շարք տեսակներ, իսկապես, էժան են ներկրվում Հայաստան: Նաև կարագն ու կաթնամթերքը, ի տարբերություն բրազիլականի, ցածր գնով է մտնում Հայաստան: Եվ շուտով մեզանում կզգանք կարագի գների էժանացում: Փոխարենը, Ռուսաստանից բերվում է թանկ ցորենը, իսկ ալյուրը էժան է, ինչն ազդում է տեղական ցորենի արտադրության վրա, քանի որ ալյուր ստանալիս տեղականի գինը բարձր է լինում ու չեն կարողանում մրցակցել ռուսական էժան ալյուրի հետ: Էժան են բերվում նաև որոշ մսամթերքներ, ձկնեղենի տեսակներ: Այսինքն, շնորհիվ ռուսական մթերքների մեզ մոտ որոշակի ապրանքներ կարող են էժանանալ: Բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր. որոշ արտահանվող ապանքների մասով երկրի ներսում կարող է դեֆիցիտ առաջանալ: Արտահանողը, բնականաբար, առաջնորդվում է իր բիզնես շահերով, նա նաև պետությանը վալկյուտա է բերում, աշխատատեղեր ստեղծում, այսինքն, լուծում է նաև սոցիալական խնդիրներ ու չենք կարող քննադատել արտահանողին: Լուծումը մեկն է՝ ավելացնել տեղական արտադրության քանակը, որպեսզի արտահանողը մեր ժողովրդի բերանից չկտրի ու մթերքը դուրս չտանի, որպեսզի իր արտահանումը բնակչության վրա շատ չանդրադառնա: Դրա համար պետք է խթանվի անասնապահությունը, ոչխարաբուծությունը, թռչնամսի արտադրությունը և այլն:
Թող զարմանալի չթվա, բայց այս գնաճը նաև իր դրական կողմն ունի, մի կողմից գորածատուի եկամուտն է մեծանում, ինչի շնորհիվ ինքը գոյատևելու վիճակից անցնում է ավելի եկամտաբեր վիճակի, իսկ երկրորդը, որը շատ կարևոր է, օտարերկրյա ու տեղական ներդրողները մոտիվացիա են ունենում ավելի շատ ներդրումներ կատարելու: Մնում է որ գործազրկության աճը նվազեցվի, աշխատավարձերը բարձրանան, որպեսզի բնակչությունը չնեղվի գնաճից:
Պարոն Մակարյան, արդյունավետ էին խորհրդարանական լսումները, ձեր ակնկալիքն արդարացա՞վ:
-Ոչ. ներկա լինելով մի բան հասկացա, որ պատգամավորները կարոտ են կառավարության անդամների հետ ավելի շատ շփվելուն ու շատ հարցեր տալուն: Նման եզրահանգման եկա կառավարության անդամներին ուղղվող պատգամավորների հարցերի բնույթից: Չնայած նրանք ամեն չորեքշաբթի հանդիպում են գործադիրի անդամների հետ, բայց երևի չեն կարողանում իրենց բոլոր հարցերը տալ: Դրա համար երեկվա լսումների ժամանակ հարցերի մի մասը գնաճի թեմայի հետ անգամ առնչություն չուներ, դրանք հարցեր էին, որ առնչվում էին պատգամավորների հեռահար ծրագրերին: Ու ամբիոնի մոտ կանգնած կառավարության անդամը պարտադրված լինելով նման հարցերին պատասխանել՝ շեղվում էր բուն խնդրից: Ես ակնկալում էի տեսնել ավելի արդյունավետ աշխատանք, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ պատգամավորները հնչեցնեին ոչ թե միջակ, այլ ինտելեկտուալ լուրջ հարցեր, որոնք կառնչվեին տնտեսության ապագա ռազմավարությանը, քաղաքականությանը, ոչ թե կբխեին անհատական կամ խմբակային ու կուսակցական նեխ հետաքրքություններից և շահերից: Փաստորեն, պատգամավորների մոտ դրսևորված ՚կարոտախտը՚ խանգարեց ու նվազեցրեց լսումների արդյունավետությունը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն