Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Մտավորականները Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Հունվար 24, 2018թ. 22:34
Արմեն Սարգսյան

Մեր երկիրը թևակոխում է նախագահի նոր ինստիտուտի ձևավորման փուլ: Եվ որպեսզի ձևավորվող ինստիտուտը հիմնված լինի առողջ ու պարատ հողի վրա, իսկ ակնկալվող աշխատանքը լինի արդյունավետ, շատ բան կախված է նաև մեր հասարակությունից: Առաջին անգամ մեր ժողովուրդն իր ուղիղ ընտրությամբ չի մասնակցի երկրի նախագահի ընտրությանը. սա սահմանադրական պահանջն է: Սակայն ժողովուրդը պետք է լինի երկրի և՛ քաղաքական, և՛ հանրային օրակարգ թելադրողը: Թե ի՞նչ կանի նոր նախագահը նաև կախված է հասարակական ակնկալիքներից, առաջարկներից ու պահանջներից: ՙՙ

Մտավորականներն իրենց ակնալիքներն են  ներկայացնում  Հայաստանի Հանրապետության ապագա նախագահ Արմեն Սարգսյանին:

Աշոտ Մելքոնյան Ժամանակն է բարձրացնել Հայոց Ցեղասպանության հատուցման հարցը
/ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ, պատմության ինստիտուտի տնօրեն /

Արմեն Սարգսյանը ինտելեկտուալ անձնավորություն է. առիթ ունեցել եմ նրա հետ քանիցս հանդիպել և՛ Լոնդոնում, և՛ Հայաստանում: Նրա թեկնածությունը տեղին եմ համարում, մասնավորաբար, Հայաստանը միջազգայի հարթակներում, օտար երկրներում հավուր պատշաճի ներկայացնելու տեսակետից:
Մեր երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած: Առաջնային եմ համարում արցախյան խնդիրը, հետևաբար, Արցախի միջազգային ճանաչումը, հիմնախնդրի լուծումն առաջ մղելու իմաստով, կարծում եմ, երկրի նոր նախագահը որոշակի աշխատանք պետք է կատարի: Եթե մեր երկիրը դրսի համար ընդունելի անձ է ներկայացնելու, բնականաբար, նրա թեկնածությունը մեզ համար կարող է նաև արցախյան հարցում լինել շահեկան:
Նախագահն ավելի ակտիվ պետք է լինի միջազգային դաշտում, պետք է կարողանա լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանում ՝Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան, ինչո՞ւ ոչ, նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում: Այս ամենում նոր նախագահը լուրջ անելք ունի:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վաղուց ավարտվել է, այն վաղուց ճանաչված է աշխարհի կողմից, ու այս կամ այն երկրի, օրինակ ԱՄՆ կողմից դեռ չճանաչված լինելն ուղղակի ծիծաղելի է: Այսօր այլ իրավիճակ է, հետևաբար, երկրի ապագա նախագահից ակնկալում եմ աշխատանքներ տանել Ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ: Հիմա ժամանակն է խնդիրը իրավաքաղաքական դաշտ տանել և հասնել Ցեղասպանության հատուցման: Պետք է պարտադրել Թուրքիային այս գործընթացը սկսելու համար: Եվ սա արտաքին ճակատում մեր լրջագույն խնդիրն է:

Ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքի, այստեղ էլ, պայմանավորած սոցիալ-տնտեսական իրավիճակով, մեր հասարակությունն ունի որոշակի ակնկալիքներ: Դժվարանում եմ ասել, թե Ա. Սարգսյանի գործարար կապերը ի՞նչ չափով կանդրադառնան Հայաստանի վրա, պետք է դրական ակնկալիքներ ունենալ, սակայն կտրուկ շրջադարձ ակնկալելը շատ դժվար է, հաշվի առնելով, Հայաստանի ընդհանուր վիճակը, նաև իրավիճակը տարածաշրջանում ու առհասարակ աշխարհում: Հետևաբար, դրական իմաստով կտրուկ փոփոխություններ ակնկալելը դժվար է:

Կարինե ԴանիելյանԻնձ համար ողբերգություն է, որ Ամուլսարի խնդիրը կապված է Արմեն Սարգսյանի անվան հետ /ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, բնապահպան/

Հանդիպելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցնելու եմ. համաձայն է՞, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունների մեջ ընդգրկված լինի ընդերքի օգտագործումը: Եվ հատկապես, կուզենայի իր բացատրությունը լսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում: Այստեղ ռիսկերը մեծ են, մեր մասնագետները նշում են, որ հանքի շահագործումը վտանգելու է Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը: Ես կիսում եմ մեր մասնագետների մտահոգությունը, ուզում եմ լսել Արմեն Սարգսյանի կարծիքը այդ ռիսկերի առնչությամբ:
Ես Սարգսյանի հետ հանդիպել եմ թե Հայաստանում, թե արտերկրում՝ տարբեր գիտաժողովների ժամանակ ու նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ: Եվ ինձ համար ողբերգություն է, որ Ամուլսարի խնդիրը կապված է նրա անվան հետ: Ես հույս ունեմ, որ հենց Սարգսյանի օգնությամբ այս հարցը դրական լուծում կստանա Հայաստանի համար:
Նաև կուզենայի իմանալ, ինչպե՞ս է ինքը տեսնում Հայաստանի տեղը, դերը համաշխարհային արդի գործընթացներում, և իր վերաբերմունքը կայուն զարգացման հիմնախնդիրներին: Շատ կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում հատկապես այն մոտեցմանը, որ արդի քաղաքակրթության ինքնահաստումը պետք է նյութական ոլորտից տեղափոխվի հոգևոր ոլորտ:
Ես կցանկանամ հանդիպել Արմեն Սարգսյանին, հուսամ, որ այդ հանդիպումը կարողանանք կազմակերպել հանրային խորհրդով ու մտավորականների խորհուրդի միջոցով: Եվ ես կարողանամ իմ այս հարցերն ուղղել պարոն Սարգսյանին:

Արթուր ՇահնազարյանԿուզեմ, որ նոր նախագահը հենվի մեր հրաշալի երիտասարդության վրա /ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, երաժիշտ, կոմիտասագետ/

Տեղյակ եմ, որ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել մտավորականների շրջանակի հետ: Անկեղծ ասած, դրանից մտահոգված եմ, որովհետև մշակութային ոլորտի նոմենկլատուրան կընտրի ու նրան կներկայացնի իր համար ցանկալի անձանց: Կգան, կշրջապատեն անտաղանդ երգիչները, մեր խոսքը, մշակույթը ծաղր ու ծանակ անող ժարգոնով խոսողները: Իսկ նոր նախագահն անտեղյակ է, թե ի՞նչ իրավիճակ է Հայաստանի մշակութային ասպարեզում, հետևաբար, այն ինչ իրեն կներկայացնեն, նա դա էլ կլսի ու կտեսնի միայն դա: Ցավում եմ, որ ազնիվ հայ մտավորականներն այդ շրջանակում չեն լինի ու իրենց ձայնը Արմեն Սարգսյանին չի հասնի: Թերևս ձեր  միջոցով կարող եմ խոսքս ապագա նախագահին հասցնել:

Եվ ուրեմն, Արմեն Սարգսյանի ուշադրությունը կհարվիրեմ նախ հետևյալ հանգամանքի վրա, եթե սահմանադրորեն տրված լծակներն իրեն կտան հնարավորություն, ապա նա մեկ բան պետք է փոխի մեր երկրում, անի այնպես, որ Հայաստանում գործի արդարադատությունը: Եթե ԱՄՆ-ում, Եվրոպայում դատարանները դադարեն լինել արդարադատ, ապա արևմտյան երկրները կքանդվեն: Արդարադատությունը շատ կարևոր ոլորտ է: Եթե մեզ մոտ էլ դատարաններն արդար վճիռներ կայացնեն, ապա մնացած բոլոր ոլորտները՝ սկսած տնտեսությունից, կսկսեն գործել: Մարդն ու նրա սեփականությունը պետք է լինի պաշտպանված, ամեն ոք պետք է վստահ լինի, որ դատարան դիմելով, կարող է ակնկալել արդար դատավճիռ: Մի օրինակ բերեմ, խոսում ենք գյուղատնտեսության ոլորտի զարգացման մասին, բայց գյուղացին ամենից անպաշտպան խավն է, նրա սեփականությունը պաշտպանված չէ, հսկայական գումար՝ 10 անգամ ավել, տալիս է ջրի վարձ, տեղյակ ե՞ք, որ հողի հարկը երկու անգամ բարձրացել է: Եթե մեզ մոտ լիներ արդար դատարան գյուղացին կկարողանար գոնե այդ հարթության մեջ սեփական շահերը պաշտպանել: Այնպես որ, եթե լինի արդարադատություն, հավատացեք, մյուս բոլոր ճյուղերը կսկսեն գործել:
Ես այն համոզման եմ, որ նախ պետք է փոփոխություններ անել երկրի ներսում, եթե երկրի ներսում իրավիճակ չփոխվեց, արտաքին դաշտում ինչ էլ անենք՝ մեզ ոչ ոք չի ընդունի, մեզ հետ հաշվի չեն նստի, անգամ աչք կփակեն, եթե մեր թշնամին մեզ վրա հարձակվի: Հայերը սիրում են ասել՝ Ֆրանսիայում Շարլ Ազնավուր ունենք, մեկ այլ երկրում, մեկ այլ մեծություն ունենք, բայց եթե մենք ներսում թույլ եղանք, այդ նույն աշխարհը մեզ վրա թքած կունեն, դրա համար պետք է ներսում հզորանանք ու դրանով ամուր լինենք: Հարգում են այն պետությանը, որն իր ներսում հաջողություններ է գրանցել:
Մենք հրաշալի սերունդ ունենք, նա մեր հարստությունն է, մեր հույսն է, մեր ուժը: Շատ կուզեմ, որ նախագահ ընտրվելուց հետո Ա. Սարգսյանը հենվի մեր հրաշալի երիտասարդության վրա ու երկրի պետական կառավարումը հանձնի նրան: 60-անց
տարիք ունեցողներին ուղղակի չպետք է թույլ տալ մոտենալ պետական ապարատին: Մտածողություն պետք է փոխել:

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆՆոր նախագահի միսիան է՝ մեղմել ներքին անհանդուժողականությունը /ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ արձակագիր/

Չնայած Սահմանադրությամբ նախագահն ընդամենը ներկայացուցչական մարմին է, բայց դրանով հանդերձ, նա ևս իր միսիան ունի: Եվ ես դա տեսնում եմ հետևյալում. նա պետք է ներսում կատարի միավորողի առաքելություն, արտաքին աշխարհում լավագույնս ներկայացնի Հայաստանը: Այս առումով, Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն է: Դրսում նման մեծ վարկանիշը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Ինձ թվում է, մեր հանրությունը տագնապելու կամ անհանգստանալու առիթ չունի,

 Երկրի ներսում նրանից հետևյալ ակնկալիքն ունեմ. անպայման գտնել հաշտության ձևեր, որովհետև մեր հասարակությունը դարձել է շատ ծայրահեղ, անհամբեր ու անհանդուրժող մեկմեկու հանդեպ: Ամեն ինչ պետք է անի, որ վերանա ներքին լարվածությունը: Մարդկային հարբերությունները մեզ մոտ վտանգավոր աստիճանի են հասել: Պատճառը նաև այն է, որ բացատրող չկա, թե այս կամ այն խնդիրը ինչո՞ւ է առաջացել, լուծելի է՞, թե՞ ոչ, և ինչո՞ւ լուծելի չէ: Մեկը պետք է՞ լինի, որ ժամանակ առ ժամանակ նստի ու խոսի ժողովրդի հետ: Ինձ թվում է, այս առաքելությունը պետք է դրված լինի նոր նախագահի վրա:

Մինչև հանրությունը չհամախմբվի, չհավատա իր վաղվան, որքան էլ ոսկե գաղափարներ առաջ քաշվեն դանք չեն կարող լուծվելՀանրային տրամադրությունների առողջացմանը միտված քայեր պետք է իրականացնի պարոն Սարգսյանը:

Չգիտեմ, թե նոր նախագահի պարտականությունների մեջ որքանո՞վ է տեղավորվում նոր բիզնես ծրագրերի ներկայացումն ու իրականացումը, բայց նա կարող է օգնել վարչապետին արտերկրում ունեցած իր հեղինակությամբ, ճանաչմամբ ու իր կապերով: Նա կարող է իր հեղինակությամբ նպաստել նաև ՙՙՄետաքսի ճանապարհ՚՚ ծրագրին Հայաստանի մասնակցությանը: 

Ամեն ինչ հասել է մի սահմանի, որից այն կողմ իրավունք չունենք սխալվելու:
Միջազգային հարթակներում կուզեմ, որ Հայաստանը լրջորեն ներկայանա որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր:

Տեսեք, թե ինչեր են անում ռուսները, մտնում են սառը ջրի մեջ, խաչակնքվում եմ, ամեն ինչ անում են, որ քրիստոնյա երկիր լինելը իրենց համար, այսպես ասած, ՙբրենդ՚ դառնա: Իսկ մենք, որ ունենք 2000 տարվա քրիստոնյա պատմություն, և ոչ ոք չի կարող այդ հարթության մեջ մեզ հետ համեմատվել, սակայն չենք կարողանում անհրաժեշտ ձևով ներկայանալ աշխարհին:

Ժամանակը պահանջում է ակտիվ գործել, մեր քրիստոնյա երկիրն ու ժառանգությունը ներկայացնել աշխարհին: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն այստեղ ևս հետաքրքիր գործունեություն կծավալի:

Մի խնդրանք ունեմ մեր ապագա նախագահից, մեզանում կան բաներ, որոնք պետք արգելել. փողոցներում կանգնած են աղանդավորաներ, որ մարդավորս են անում: Ինչո՞ւ չենք կարողանում դրա դեմն առնել: Ռուսները վտարեցին աղանդավորներին իրենց երկրից, իսկ մենք այդ սարսափելի մարդաորսին շատ հանգիստ ենք վերաբերվում: Մինչդեռ փոքր երկիր ենք ու աղանդների ձեռքից քանդվելը հեշտ է: Փողոցներում կանգնած իրենց ամսագրերն են բաժանում, ու հիմնականում ջահելներին են որսում, լավ գիտեն, թե ինչ են անում: Երիտասարդներն էլ խաբվում են ինչ- որ փայլփլուն խոստանումներից: Սրա հակակշիռը անպայման պետք է գտնել: Սա մեր հոգևոր անվտանգությանն առնչվող հարց է ու նոր նախագահը նաև այս հարցերում պետք է խիստ ուշադիր լինի:
Պատրաստեց Ա. Սիմոնյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն