Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

…ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ

Հունվար 20, 2018թ. 23:45
Հայկ Նազարյան

Անկախ այն հանգամանքից, որ ես ծնվել ու մեծացել եմ Կալիֆորնիայում՝ միշտ զգացել եմ, որ ես Հայրենիքի անբաժանելի մասն եմ։ Համալսարանն ավարտելուց հետո, ես այլևս չէի կարող մնալ հանդիսատեսի դերում և տեսնել, թե ինչպես էր բոլոր անկյուններից հարձակման ենթարկվում իմ Հայրենիքը, հետևաբար, որոշեցի դուրս գալ հարմարավետության իմ շրջանակից։ Ես զգացի, որ Հայաստանին օգտակար լինելու համար պետք է մի բան անել, բայց ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ ներկա պահին։ Մտածում էի՝ եթե ոչինչ չեմ կատարում և շարունակում եմ մնալ հանդիսատեսի դերում, ապա ոչ միայն դավաճանում եմ Հայրենիքիս, այլև ինքս ինձ։ Եվ, վերջապես, թողնելով ամեն ինչ, տեղափոխվեցի ու հաստատվեցի Հայաստանում՝ տուն գնելով և դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ուզում եմ շեշտել, որ իմ որոշումը բխում էր պարզ տրամաբանական մտածողությունից, որ եթե հայ եմ՝ պետք է ապրեմ միայն Հայաստանում՝ Արարչի կողմից մեզ տրված Հայրենիքում։

…Մենք՝ հայերս, Հայաստանում և Սփյուռքում շատ հաճախ ենք խոսում Հայրենիքի հանդեպ ունեցած մեր սիրո մասին, բայց ինձ միշտ զարմացրել է այն փաստը, որ ոմանք Հայաստանում խուսափում են բանակային ծառայությունից, և զարմացրել է նաեւ այն փաստը, որ Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակից հետո գրեթե ոչ ոք Սփյուռքից չի եկել Հայաստան՝ ծառայելու Հայոց ազգային բանակում։

…Շուրջ հազար տարի մենք չենք ունեցել անկախ պետականություն, իսկ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ունենք ե՛ւ պետություն, ե՛ւ ազգային բանակ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ և արտոնություն պետք է լինի մեր Բանակում ծառայելը։ Այդ հնարավորությունը իրավունք չունենք բաց թողնելու։ Այն հայերը, ովքեր ցանկանում են արտագաղթել և հեռանալ Հայրենիքից, պետք է լավ հասկանան, որ մենք չենք կարող փախչել մեր ազգի ճակատագրից, քանի որ մեր անհատական ճակատագիրը շաղկապված է մեր ազգի ճակատագրին։ Երկիրը պաշտպանելը միայն Հայաստանաբնակ հայի պարտականությունը չէ, այլև աշխարհի ցանկացած կետում ապրող ամեն հայի սրբազան պարտականությունն է։ Հայոց բանակը մեր այն զորեղ երաշխիքն է, որի զարգացումը բխում է մեր համազգային շահերից: Մեր բանակն է սանձելու մեր թշնամիների հնարավոր այն ոճրագործությունների կրկնությունը, որ եղան քսաներրորդ դարասկզբին։

Ըստ իս, եւ հոգեպես եւ ֆիզիկապես առողջ ամեն հայ պետք է անցնի զինվորական ծառայություն՝ Հայոց բանակում, անկախ նրանից, թե նա ցանկանում է դառնալ գիտնական, կամ նույնիսկ դիվանագետ, քանի որ բանակը յուրաքանչյուր երիտասարդի համար մի մեծ կյանքի դպրոց է։ Ապրելով Հայրենիքից դուրս, մշտապես գիտակցել եմ այդ, քանզի ունեցել եմ ներքին համոզում, որ իմ կյանքը չի լինի ամբողջական, եթե չտամ պարտքը Հայրենիքիս։ Ինքս ինձ միշտ հարցրել եմ՝ եթե ես դա չանեմ, ապա ո՞վ է անելու։ Հետևաբար, որոշեցի անցնել գործնական քայլերի, դառնալ օրինակ՝ հիշելով մեծ մտածողի խոսքերը. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ բողոքել խավարից», և ահա մեկ շաբաթ առաջ, անդամագրվեցի Հայաստանի զինված ուժերին՝ որպես պայմանագրային զինծառայող։ Մեկնելու եմ Տավուշի սահմանային դիրքեր՝ կատարելով իմ պարտքը Հայրենիքի հանդեպ։

…Ես հավատում եմ մեր ազգային հզորությանը, եթե չհավատայի դրան, ապա չէի դիմի այս քայլին։ Վստահ եմ, որ միայն ես չեմ այսպես մտածում։ Չէի կարող հրաժարվել այն երազանքից, որը իմաստ է տվել իմ կյանքին։ Իմ սերն ու հավատը Հայաստանի հանդեպ անսասան է։

…Մենք ինքներս պետք է մեզ ստիպենք դուրս գալ մեր հարմարավետության շրջանակից և կայացնենք վճռական, բայց նաև խելամիտ որոշումներ։ Ժամանակն է՝ ընդունելու անձնական պատասխանատվություն, ժամանակն է՝ դուրս գալու պասիվ հանդիսատեսի կարգավիճակից, ժամանակն է՝ դառնալու մասնակից պատմության կարևոր գործընթացում՝ երբեք չհուսահատվելով ու չշեղվելով մեր գերագույն նպատակից։ Չկա առաջընթաց և հաղթանակ առանց պայքարի, ծանր աշխատանքի ու զոհաբերությունների։ Անհրաժեշտ է լուրջ և անձնվիրաբար մոտենալ մեր նպատակներին և երազանքներին, եթե իրապես ցանկանում ենք դրանք իրականություն դարձնել, որովհետև սա սովորական պատերազմ չէ, սա սուրբ պատերազմ է, որը պետք է հաջողությամբ ավարտենք։

Հուսով եմ, որ այս ուղերձը կոգևորի աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի զավակներից շատերին, կստիպի կատարել նույն քայլը, մտածել նույն ուղղությամբ։

Այժմ սկսվում է իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածը, և ես խոստանում եմ, որ կծառայեմ Հայոց բանակում մեծագույն պատասխանատվությամբ։ Ես հավատում եմ, որ Հայաստանը ունի Արարչի կողմից տրված առաքելություն։ Մոտենում է նոր դարաշրջան՝ խաղաղության և բարգավաճման, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր դերը։ Եկեք մեր նպատակին հասնենք միասնաբար՝ աչքի առաջ ունենալով, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանը: Արդյունքում մենք կունենանք հզոր երկիր և մարդկության հոգևոր կենտրոն։

Միշտ հիշենք` ամեն ինչ Հայաստանի փառքի համար։

 ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆ

14 Դեկտեմբերի 2017թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն