Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կրակովի հանդիպումով տրվում է ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր շրջափուլի մեկնարկը

Հունվար 20, 2018թ. 00:48
Կրակովի հանդիպումը

Լեհաստանի Կրակով քաղաքում այսօր նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումով տրվում է Ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր՝ 2018 թվականի շրջափուլի մեկնարկը։
Ակնհայտ է, որ մանավանդ տարվա առաջին ամիսներին, երբ միջնորդ տերությունները զբաղված են լինելու շատ ավելի հրատապ խնդիրներով, Ղարաբաղյան բանակցություններն ավելի շուտ ստանալու են դիրքային մարտերի կերպարանք։
Այդ ընթացքում քննարկվելու եւ ի մի են բերվելու սոսկ այն գաղափարները, որոնք ծնվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ։ Դրանց գումարվելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարություններում տեղ գտած առաջարկները։
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները Ժնեւում պայմանավորվել են բանակցությունների ինտենսիվացմանը զուգահեռ ամրապնդել փոխադարձ վստահության մեխանիզմները ռազմաճակատի շփման գծում։ Եվ պետք է փաստել, որ դրան հաջորդած շուրջ 3 ամիսների ընթացքում շփման գծի վիճակը բավական կայուն է ու վերահսկելի։ Միայն վերջին օրերին, այսինքն՝ արտգործնախարարների Կրակովի հանդիպման նախօրեին, ադրբեջանական կողմը վերհիշել է իր հին սովորությունը՝ փորձելով ավելի խոշոր տրամաչափի զենքերի գործադրումով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
Դրանից անգամ այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչքան ուշ-ուշ են տեղի ունենում կողմերի շփումներն ու հանդիպումները, այնքան նվազում են ռազմաճակատի շփման գծում արձանագրվող միջադեպերը։ Հետեւությունն ավելի քան պարզ է. առաջիկա մի քանի օրերին հակառակորդը փորձելու է քիլերություն անելու միջոցով ինչ-որ բան ասել մեզ ու միջնորդ կողմերին, ուստի առաջնագծում հարկավոր է մեծացնել զգոնությունը։
Դրան զուգընթաց հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ միջնորդ տերություններին ներկայացնող փորձագետներն ու դիվանագետները առանձնակի սպասումներ չունեն 2018-ի բանակցություններից։
Դա վերաբերում է մանավանդ ամերիկյան փորձագիտական շրջանակներին, որոնք առաջիկա տարվա ընթացքում նվազագույն են համարում նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Նման լավատեսության համար թերեւս հիմք է ծառայել այն իրողության գիտակցումը, որ ողջ տարվա ընթացքում պահպանվելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջնահերթության շուրջ ռուս-ամերիկյան կոնսենսուսը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին մի փոքր այլ ելակետից է մոտեցել Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովն իր հունվարի 15-ի տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։ Այստեղ նա անդրադարձել է ոչ թե այդ ինքնին հասկանալի առաջնահերթությանը, այլ կարգավորման սկզբունքներին։
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը «կարտացոլի համաձայնությունն առ այն, ինչը հնարավոր է հիմա, եւ կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը կներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։
Անշուշտ Բաքվից անմիջապես ողջունել են Ս. Լավրովի նման մոտեցումը, իսկ Երեւանից էլ հնչել է ԱԳՆ մամլո խոսնակ Տ.Բալայանի մեկնաբանությունը, որ ՌԴ արտգործնախարարի խոսքը վերաբերում է փաթեթային կարգավորման փուլային իրականացմանը։
Կարծում ենք, սակայն, որ դեռ վաղ է խոսել «փուլային-փաթեթային» բանավեճի նոր կերպավորման մասին, քանի որ կողմերն այնքան լավ են ուսումնասիրել դրանց նրբերանգները, որ կարող են հեշտությամբ խուսափել հնարավոր ծուղակներից։ Առավել եւս, որ Ս.Լավրովի կարծիքով՝ «Խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր Ռուսաստանը չի կարող ունենալ, քանի որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն հակամարտող կողմերը»։
Փաստորեն նախկինի նման ողջ խնդիրն այստեղ հակամարտ կողմերի քաղաքական կամքի գոյությունն է, որի վրա էլ իբր իրենց հույսը դրել են բոլոր միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը։ Մինչդեռ վիճակն իսկապես որ պատային է, քանի որ կողմերի դիրքորոշումները գտնվում են տրամագծորեն հակադիր բեւեռներում։ Նման պայմաններում Ս. Լավրովի հայտարարությունն իրականում ավելի շատ ուղղված է ոչ թե փուլային տարբերակի անմիջական գործադրմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի պահպանմանն ու շարունակմանը։
2018թ. մարտին Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ Մոսկվային ձեռնտու չէ որեւէ անակնկալ Ղարաբաղյան բանակցային գործընթացում, առավել եւս՝ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում, ուստի ներկա պահի առաջնահերթությունը հակամարտ կողմերին, առաջին հերթին՝ անակնկալների սիրահար Ադրբեջանին բանակցությունների առկա ձեւաչափի մեջ ներգրավելն է, ինչը եւ տեղի է ունեցել։
Բայց արի ու տես, որ Բաքվում կա՛մ լուրջ են ընդունել այս ակնհայտ խայծը, կա՛մ էլ ցույց են տալիս, որ իրենք հավատում են մոտալուտ հաջողությանը։ Ուստի հունվարի 16-ին Փարիզում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, որ իր երկիրը «Էական, ակտիվ, տրամաբանական բանակցությունների կողմնակից է՝ հանուն հակամարտության արագ փուլային կարգավորման»։
Արտաքուստ դա դիվանագիտությունը պարզ աճպարարության հետ շփոթելու տպավորություն է թողնում, քանի որ «արագ փուլային կարգավորում» ընդհանրապես չի լինում։ Փուլայինն ինքնին ենթադրում է հստակ ժամանակային պատուհանի գոյությունը, ուստի տեսականորեն անգամ չի կարող արագ լինել։
Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում Բաքվում նույնպես լրջորեն չեն վերաբերվում առաջիկա բանակցային գործընթացին, բայց փորձում են տպավորություն ստեղծել, թե ահա ուր որ է՝ միջնորդները փուլային կարգավորում են պարտադրելու հայկական կողմին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փոխանցվի ապագա սերունդներին։
Ստացվում է, որ այս դիվանագիտական խաղերի բուն նպատակը ժամանակը ռացիոնալ օգտագործելու խնդրի լուծումն է։ Այստեղ է, որ իրականում համընկնում են ոչ միայն միջնորդ տերությունների, այլեւ անգամ իրենց՝ բանակցային կողմերի մարտավարական շահերը։ Իսկապես, եթե ուշադրությամբ դիտարկենք ներկա հանգրվանում Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական առաջնահերթությունները, ապա ակնհայտ կդառնա, որ դրանցում իսպառ բացակայում է Ղարաբաղն ու նրա հարցը։
Մեր պարագայում դա կապված է պետության կառավարման ձեւի փոփոխության վճռական հանգրվանի հետ, որը սպասվում է առաջիկա ապրիլին, իսկ ահա Ադրբեջանի պարագայում՝ աշնանը նախատեսված նախագահական ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտության հետ։
Ավելին՝ եթե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների խնդիրն արդեն գտնվում է Ազգային ժողովի ու նրա քաղաքական մեծամասնության իրավասությունների տիրույթում, ապա Ադրբեջանում նոր է միայն սկսվում պայքարն իշխանության համար։ Նման պայմաններում Ղարաբաղի հարցի լուծումն արագացնող ամեն մի քայլ միայն ու միայն լրացուցիչ լարվածության տեղիք է տալու՝ բարդացնելով առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող ալիեւյան կլանի վիճակը։
Կարծում ենք, այսօր Կրակովում նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումով սկսվող Ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր՝ 2018 թվականի շրջափուլի խորքային իմաստը, բանակցությունները շարունակելու տպավորություն ստեղծելով, երկու երկրների ներքաղաքական օրակարգերը բարեհաջող սպառելու խնդրի մեջ է։
Այս ընթացքում ո՛վ ավելի ռացիոնալ կօգտագործի իրեն ընձեռված ժամանակը եւ կամրապնդի երկրի ներքաղաքական կայունությունն ու կբարելավի տնտեսական ցուցանիշները, նա էլ ասելիք կունենա բանակցային գործընթացի հաջորդ հանգրվանում։

ՎԱՐԴԱՆ ԳԻՐԳՈՐՅԱՆ

ՙՙՀայոց Աշխարհ՚՚

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն