Գլխավոր » Analitika, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքվի ջարդերն ու ղարաբաղյան շարժման կարգախոսը

Հունվար 20, 2018թ. 00:28
Բաքվի ջարդերը

Արդեն 28 տարի է մեզ բաժանում 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում տեղի ունեցած հերթական եղեռնագործությունից եւ 30 տարի՝ ընդամենը մեկ ամիս հետո մեզ սպասող Ղարաբաղյան շարժման հոբելյանից։
Հայերի ձեռքով կառուցված ու նավթարդյունաբերության կենտրոնի վերածված Բաքուն 1990 թվականի հունվարին դժոխքի էր վերածվել նույն հայերի համար, որովհետեւ նրանց կյանքն ու սեփականությունը հաստատվել էր իրենցից խլված ու օտար պետության՝ Ադրբեջանի վերածված Արեւելյան Այսրկովկասի տարածքներում։ Դրանով կրկնվեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքներում, ապա եւ Վրաստանում ու Ադրբեջանում մեր ժողովրդի ստեղծած ահռելի նյութական հարստության կորստյան ողբերգությունը։
Ներկայումս եզրակացությունը պարզ է. տները, գործարանները եւ մշակույթի կոթողները, որոնք կառուցվել ու կառուցվում են հայերի կողմից օտար կամ օտարի ձեռքն անցած հողերի վրա, վաղը կամ մյուս օրը խլվելու են մեզանից կամ ցեղասպանության ու ջարդերի, կամ ձուլման եւ ուծացման ճամփով։ Ուստի հիշելով Բաքվի մեր հայրենակիցների ապրած ահռելի ողբերգությունը, չենք կարող չեզրակացնել, որ հայության համար մնայուն ու անվիճարկելի է միայն այն հարստությունն ու արժեքները, որոնք ստեղծել ու ստեղծում է հայրենի հողի վրա։
Ղարաբաղյան շարժումը մեզ հնարավորություն է տվել կտրել կորուստների պատմության երկար շղթան՝ թեկուզ Արեւելյան Այսրկովկասի մեր հարյուր հազարավոր հայրենակիցների բռնագաղթի ու սպանությունների գնով։ Եվ 1990 թվականի հունվարին սպանդանոցի վերածված Բաքուն մեզ համար դարձել է օտար քաղաք, որտեղից հիմա էլ դավեր են նյութվում մեր ժողովրդի ու պետության հանդեպ։
Բաքվի ջարդերը մեզ տվել են նաեւ այն հստակ գիտակցումը, որ մեր անվտանգության ապահովման հարցում պետք է առաջին հերթին ապավինենք սեփական ուժերին, չսպասենք, որ որեւէ մեկը կգա օգնության։ 1990 թվականի հունվարի 13-ից սկսած՝ Բաքվում կոտորում ու դուրս էին մղում հայերին, բայց խորհրդային զորքը չէր միջամտում այդ եղերնագործությանը, թեեւ տեղում մոտ 11 հազարանոց անձնակազմ ուներ։ Դա լիովին բավարար էր Ադրբեջանի Ժողճակատի խուժանին իր տեղը դնելու համար։
Բայց խորհրդային կենտրոնը զորաշարժի ենթարկեց իր տրամադրության տակ եղած ուժերը միայն այն ժամանակ, երբ սպառնալիքներ սկսեցին տեղալ նաեւ ռուսների եւ այլ փոքրամասնությունների հանդեպ։ Ուստի հունվարի 20-ին ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի զինված ընդդիմությունը մտադիր է ապստամբության միջոցով դուրս բերել իր երկիրը ԽՍՀՄ կազմից։
Երեկվա ջարդարարները դարձան խորհրդային բանակի կողմից գնդակահարված շեհիդներ, նրանց «պատվին» Ադրբեջանի մայրաքաղաքում ստեղծվեց Շեհիդների պուրակը, որտեղ պետական արարողակարգի համաձայն պսակներ են դնում օտարերկրյա պատվիրակությունները։
Այսինքն՝ Ադրբեջանը Թուրքիայի նման այն եզակի երկրներից է, որտեղ բարձրաստիճան հյուրերին պարտադրում են հարգել կանանց ու երեխաներին սպանած, այրած ու բռնաբարած ջարդարարների հիշատակը։
Բայց այստեղ որոշակի պատմական խորհուրդ կա, որովհետեւ վերջին՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պարզվեց, որ Բաքվի Շեհիդների պուրակում այլեւս թաղելու տեղ չկա։ Սա ցույց է տալիս, որ եթե նախկինում ադրբեջանցին մեզ անարգել սպանելով վերածվում էր ազգային հերոսի, ապա այժմ նա այնքան կորուստներ է ունենում, որ այլեւս չգիտի, թե որտեղ է թաղելու իր ջարդարարներին։
Սա գալիս է վկայելու, որ մենք մեր հազարամյակների պատմության մեջ արձանագրել ենք բեկումնային բնույթ ունեցող շրջադարձ՝ վերածվել ենք լիարժեք ու կենսունակ ազգի, որն իր կորուստները հաշվելու փոխարեն՝ նաեւ պատժում է հակառակորդին։
Բաքվի 1990 թվականի ջարդերն այլեւս անտուն դարձած անպաշտպան հայերի միակողմանի կորուստների տարեգրություն չէին, այլ նրանց շրջանում սկիզբ առած հոգեբանական բեկման կարեւոր հանգրվանի առաջին վկայությունները։ Այդ ջարդերի հետեւանքով է, որ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք նոր էին միայն հեռացել Արցախից, վերադարձան իրենց շեները եւ զենքը ձեռքին մասնակցեցին Արցախյան գոյամարտին՝ դրանով իսկ լուծելով նաեւ Բաքվի հայության վրեժը։ Այդ ջարդերի հետեւանքով է, որ Հայաստանում ու Արցախում սկիզբ առավ խորհրդային զինապահեստներից զենքի ու զինամթերքի գրավման ու կամավորական ջոկատների ձեւավորման գործընթացը։
Ուստի ինչպես մեծ Եղեռնից փրկված արեւմտահայության բեկորները հսկայական դեր խաղացին 1918-ի հերոսամարտերում, այնպես էլ Սումգայիթից, Բաքվից եւ ադրբեջանական այլ բնակավայրերից մազապուրծ հայության բեկորները ամրապնդեցին Արցախն ու դարձան նրա անբաժանելի մասը։
Բաքվի ջարդերի ողբերգական հիշողությունը այսօր գալիս է գումարվելու Ղարաբաղյան շարժման հերոսական պատմությանը՝ մեզ հիշեցնելով, որ պետականորեն կազմակերպվելու միջոցով միայն ի վիճակի եղանք պատվով դուրս գալ պատմության դաժան քննությունից։ Այսօր մեր ունեցած պետությունը անհամեմատ բարձր ու մնայուն արժեք է, քան այն ամենը, ինչը ստեղծել ու շարունակում ենք արարել օտար ափերում։ Այդ ամենը կարող է փոշի դառնալ ու կորչել տարբեր ազգերի մեծ ու հերոսական պատմությունների էջերում, եթե շարունակենք առաջնորդվել մեր պետականազուրկ կեցության հետեւանքով ձեւավորված «որտեղ հաց՝ այնտեղ կաց» տխուր ասույթով։
Նավթարդյունաբերության կենտրոն Բաքուն 19-րդ դարի վերջերից սկսած սոսկ հաց վաստակելու վայր էր դարձել մեր հազարավոր հայրենակիցների համար, որոնց հետքն այսօր դժվար է գտնել այդ քաղաքում։ Փոխարենը՝ Մեծ եղեռնից հետո գավառական փոքրիկ քաղաքից մայրաքաղաքի վերածված Երեւանը այսօր համայն հայությանը համախմբող միակ փարոսն է մնացել։ Ուստի որտեղ էլ գտնվեն մեր հայրենակիցները, պետք է գիտակցեն, որ իրենց հարատեւման ու հիշատակի պահպանման միակ հնարավորությունը փոքրիկ Հայաստանում է ու նրա մայրաքաղաքում։
Ղարաբաղյան շարժումը լուծել է ազգի մի հատվածի գոյատեւման խնդիրը, ուստի նա իր 30-ամյակը պետք է դիմավորի այդ գոյատեւման խարիսխներն ամրապնդելու նպատակ ունեցող քաղաքական նոր զորաշարժի միջոցով։ Որոհետեւ այդ շարժումն է, որ ծնունդ տվեց «Հայե՛ր, միացե՛ք» կարգախոսին, ինչը նոր իրողությունների համատեքստում պետք է փոխակերպվի Վերադարձի ու Հայրենիքի շենացման գաղափարի։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՙՙՀայոց Աշխարհ՚՚ օրաթերթ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն