Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքուն ամեն ինչ կանի, որ ձախողի նաև կրակովյան պայմանավորվածությունը

Հունվար 20, 2018թ. 00:24
Դավիթ Բաբայան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

Ավարտվեց Նալբանդյան-Մամեդյարով կրակովյան հանդիպումը. այն կարո՞ղ ենք համարել որոշակի դրական ընթացք արձանագրած հանդիպում, քանի որ, ինչպես հայտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱԳ նախարարներն այս անգամ գոնե մեկ հարցի շուրջ կարողացել են համաձայնության գալ: Խոսքս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է:
-Նախ ցանկացած նման հանդիպում կարևոր է, որովհետև դրանք ապահովում են խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը և հանդիսանում կայունության ու խաղաղության պահպանմանն ուղղված կարևոր բաղադրիչ: Կոնկրետ այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ խոսել են արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանք կյանքի կոչելու մասին: Մասնավորաբար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ եկել են համաձայնության: Սա այն է, ինչի մասին մենք միշտ ասել ենք, և շեշտել, որ հենց այդ գրասենյակի աշխատակիցների միջոցով պետք է պարբերաբար մշտադիտարկում իրականացվի, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի, որպեսզի վեր հանվեն սահմանային խախտումները:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև շփման գծում հետաքննող մեխանիզմների տեղադրման մասին, սրան ևս պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս անդրադարձել է: Պետք է նշեմ, որ մեր մի շարք կարևոր առաջակները, տարբեր հանդիպումների ժամանակ, համանախագաները ընդունել են և որակվել կարևոր ու հետաքրքիր: Դրանց թվում են նաև դիպուկահարների հետ քաշումը սահմանից, նաև ազգային, կրոնական տոներին կամ հանգստյան օրերին չկրակելու մեր առաջարկը: Բայց այս ամենը, ցավոք, ձախողվում է Ադրբեջանի մեղքով: Երբ Ալիևը Բաքվից հայտարարում է, թե թույլ չի տա Հայկական երկրորդ պետության գոյությունը, այն անմիջապես իր արձագանքն է գտնում սահմանին՝ ու լսվում են կրակոցներ:
Այնուհանդերձ, այս հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջ քաշված հարցերը փաստում են այն մասին, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի այստեղ պահպանվի խաղաղություն ու կայունություն, նրանց համար ընդունելի չէ ևս մեկ պայթյունավտանգ տարածաշրջանի ստեղծումը՝ Մերձավոր Արևելքից ու թեժացող Հարավ-արևելյան Ասիայից հետո:
-Տարածված հայտարարության մեջ նշվեց, թե կողմերն ու համանախագահները տեսակետներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի շուրջ, որոնք կան սեղանին գտնվող աշխատանքային առաջարկներում: ՙԶգայուն հարցեր՚ ասվածը խնդիրների ի՞նչ շրջանակներ է, ըստ ձեզ, ընդգրկում:
– Նախ սեղանին գտնվող աշխատանքային առաջարկների հարցում փոփոխություն կամ նորություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զգայուն հարցերին, ապա մանավանդ, Ադրբեջան համար չկա ոչ զգայուն հարց: Երբ մի զբոսաշրջիկ է այցելում Արցախ, Ադրբեջանն աղմկում է, հիշեք, թե ինչ արեցին Լապշինի հետ կապված: Կամ եթե Արցախի, սպորտսմենները, երգիչները տարբեր բեմերում հաջողության են հասնում Ադրբեջանը վատանում է: Էլ չեմ խոսում պետական, քաղաքական այցերի մասին: Այսինքն, Արցախի հետ կապված ամեն ինչ այդ երկիրը հիվանդագին է ընդունում, ինչը փաստում է Ադրբեջանի անհավասարակշիռ պետություն լինելու մասին: Կարծում եմ համանախագահների նշած զգայուն հարցերը այս շրջանակին են վերաբերում:
-Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի արձագանքից նկատվեց, որ Բաքվուն ևս գոհ են կրակովյան հանդիպումից, թե՞ սա Բաքվի հերթական խաղերից մե՞կն է, երբ հրապարակավ ողջունում է, բայց իրականում հակառակ քայլերն անում:
-Մենք բազմիս ենք ականատես եղել, որ պաշտոնական Բաքուն ողջունել է այս կամ այն առաջարկը, սակայն ձեռնարկել է բոլորովին հակառակ գործողություններ, որոնք ուղղված են եղել համանախագահների ջանքերի դեմ: Հիմա էլ Բաքուն ամեն ինչ անում է, որ տեղի չունենա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, նրանք ուզում են, որ գրասենյակը տեղակայված լինի Բաքվում ոչ թե սահմանին ու սահմանամերձ շրջաններում, որպեսզի հնարավորություն չունենան օպերատիվ արձանագրել բոլոր խախտումները: Իսկ մեր կարծիքն այլ է, մենք ուզում ենք, որ գրասենյակը ունենա սահմանը մշտադիտարկելու ավելի մեծ հնարավորություն: Չնայած Ադրբեջանը ձևականորեն ընդունել է համանախագահների առաջարկը, բայց չեն դադարի այս գործընթացում նորանոր խոչընդոտներ առաջացնել: Մանավանդ որ, 2018 թվականը շահարկումներով լի տարի է լինելու: Խոսքս այն մասին է, որ այս տարի լրանում է Ադրբեջան կոչվող արհեստածին պետության 100 ամյակը, Հեյդար Ալիևի 95 ամյակը, նաև նախագահի ընտրություններ են լինելու, բացի այդ, 2018-ին լրանում է Ադրբեջանի տարածքային, մարդկային, քաղաքական ու բարոյական կորուստների 25 տարին, ու արցախյան շարժման 30 ամյակը: Այս ամենը նրանք շահարկելու են և քաղաքական, և դիվանագիտական, և տեղեկատվական հարթությոններում: Նաև չի բացառվում, որ սահմանի երկայնքով դիմեն պրովոկացիաների, խախտեն հրադադարի ռեժիմը: Միջազգային հանրությունը սա լավ է հասկանում և բարձրացնելով մշտադիտարկման արդյունավետությունը ուզում է ամրապնդել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:
Արցախում ինչպե՞ս ընդունվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարեվերջյան ասուլիսում հնչեցրած հետևյալ մտքերը. ՙԱնհրաժեշտ է փուլային մոտեցում: Այն իր մեջ կներառի ԼՂ կարգավիճակի հարցը՚, ՙԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել՚:
-Կասեմ ավելին, միայն փաստաթղթերով հնարավոր չէ կարգավորել հարցը, քանի որ նախ պետք է փոխվեն Ադրբեջանի մոտեցումները, տեսլականը, այդ երկրի իշխանությունը պետք է վերանային պետականության մասին իր փիլիսոփայությունը, պետք է վերացնի հայատյացությունը, որը նացիզմի դրսևորում է: Հակառակ դեպքում հազար հատ համաձայնագիր ստորագրվի, միևնույն է՝ նրանց կողմից կյանքի չի կոչվելու: Սա է խնդիրը: Ինչ վերաբերում է փուլային կամ փաթեթային մոտեցումներին, ապա այս հարցը Ադրբեջանը մշտապես ներկայացնում է ձևախեղված: Փուլայինի տակ նրանք հասկանում են փուլ առ փուլ Արցախի բռնակցում Ադրբեջանին և հույս փայփայում, որ կարող են հասնել դրան, ինչը անհնարին բան է, անհեթեթություն է:
Արցախի մոտեցումը այս հարցում հայտնի է՝ բոլոր խնդիրները պետք է փաթեթով կարգավորվեն, այսինքն՝ բոլորը միասին լուծվեն: Իսկ փուլային տարբերակի մասին մեր պատկերացումը հետևյալն է. մինչև հակամարտության վերջնական կարգավորմանն անցնելը պետք է փուլերով անցնել, օրինակ, առաջինի փուլում պետք է հասնել նրան, որ Ադրբեջանում նվազեն կամ իսպառ վերանան հայատյացության դրսևորումները, մեղմվի թեժ իրավիճակը, հաջորդ փուլում զինադադարն ավելի հստակ պահպանվի: Փուլ առ փուլ պետք է հասնել կայունության ու խաղաղության ամրապնդման, որից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ հարցեր կարգավորել: Այսինքն, փուլ ասելով մենք հասկանում ենք ոչ թե կարագավորման փուլեր, այլ Ադրբեջանի տեսլականի փոփոխության փուլեր: Լավրովի ասածը ևս սա է նշանակում:
Շատ կարևոր էր ՌԴ ԱԳ նախարարի նշումը, թե այն իր մեջ կներառի ԼՂ կարգավիճակի հարցը: Այսինքն, եթե Ադրբեջանն, իրոք ուզում է հարցի լուծում փուլային տարբերակով և պատրաստ է ինչ-որ քայլեր ձեռնարկել, ուրեմն առաջին փուլում պետք է սկսի թիվ մեկ հարցից՝ Արցախի կարգավիճակի ճանաչումից: Լավրովի այդ խոսքը նշանակում է, որ միջազգային հանրությունը նույնպես Արցախը չի դիտարկում որպես Ադրբեջանի մաս ու հիմնական խնդիրը համարում է կագավիճակի հարցի շուրջ համաձայնության գալը:
ՙՌուսաստանը չունի պլան: Խնդիրը կարող են լուծել միայն կողմերը՚՚. ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունից հետո գոնե կհանդարտվե՞ն լավրովյան պլանի մասին խոսակցությունները:
-Նման խոսակցություններ միշտ լինելու են, բայց դրանք ոչ թե բուն խնդրին վերաբերող շահարկումներ են, այլև որոշ մարդկանց կարծիքը, ինչը պայմանավորված է նրանց աշխարհաքաղաքական ընկալմամբ. ոմանք արևմտամետ են, մյուսները՝ ռուսամետ: Իսկ իրականում Լավրովի այս հայտարարությունն արտացոլում է Մինսկի խմբի եռյակի մոտեցումը: Լավրովն ուզում է ասել, որ իրենք դատավորներ չեն, միջնորդներ են ու կողմերին չեն պարտադրելու որևէ բան: Մինչդեռ, պլան ասվածը կնշանակեր պարտադրանք: Դրա համար Լավրովը հատուկ շեշտեց, որ այն գոյություն չունի: Փոխարենը պետք է լինի կողմերից ներկայացված կամ նրանց կողմից ընդունված առաջարկ: Իսկ հիմա ամենակարևորը խաղաղության պահպանումն է: Սա արդեն Մինսկի խմբի առաջադրանք է բոլորին, որոնք ուզում են այս տարածրջանում պահպանվի կայունություն ու խաղաղություն:
Պակաս հետաքրքիր չեն նաև Վաշինգտոնի քայլերը. նախ զգուշացրեց իր քաղաքցիներին չմեկնել ահաբեկչական երկիր Ադրբեջան, իսկ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հանդես եկավ ՙԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ՚ նախաձեռնությամբ,որտեղ շեշտվում է Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մասին:
– Իսկապես հետաքրքիր գործընթաց է ծավալվում: Նախ ԱՄՆ-ը Ադրբեջանին ահաբեկչական երկրների ցանկում ներառեց և սեփական քաղաքացիներին հորդորեց չայցելել այդ երկիր, սա Բաքվի վտանգավոր քաղաքականության հետևանքն է: Ինչ վերաբերում է կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությանը, ապա այն իր բովանդակությամբ բացառիկ է: Սկզբում խոսում էին Արցախի հետ ծանոնաթանալու անհրաժեշտության, հետո մարդասիրական, մշակութային կապեր հաստատելու մասին, իսկ հիմա արդեն բացեիբաց խոսում են քաղաքական կապերի հաստատաման կարևորության մասին: Նման առաջարկ առաջին անգամ է հնչում, ու ԱՄՆ քաղաքական շրջանակներում արդեն խոսվում է Արցախի հետ քաղաքական կապերի խորացման մասին: Փալոնեն շարքային կոնգրեսական չէ, ունի լայն ընտրազանգված, մեծ հարգանք ու կապեր և՜ գործադիրում, և՜ օրենսդիրում, ու նրա նախաձեռնությունը մեզ համար շատ կարևոր է: Կարծում եմ, ավելի կմեծանա այն մարդկանց ու երկրների շրջանակը, որոնք կմտածեն Արցախի հետ քաղաքական կապերի հաստատաման ու զարգացման մասին: Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Արցախի դեմ, Մերձավոր Արելքում ահաբեկիչներին սատարելու փաստը ու այն, որ Ադբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ընդգրկվել են իսլամական գրոհայիների կազմում, ի դեպ, նրանց մեծ մասը նաև Ադրբեջանի բանակի զինծառայողներ են, չեն կարող անարձագանք մնալ: Մյուս կողմից, ադրբեջանական կաշառակերությունն ու խավիարակեությունը, որը նրանք տարածում են ամբողջ աշխարհում, ևս իրավական, բարոյական ահաբեկչություն է՝ ուղղված մարդկության դեմ: Վաշինգտոնի հիշյալ քայլերը, փաստորեն, քաղաքակիրթ աշխարհի ռեակցիան է ահաբեկչական երկիր Ադրբեջանի դեմ: Այնպես որ հայտնի կոնգրեսականի այս նախաձեռնությամբ նոր էջ է բացվում Արցախի համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն