Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչպիսի՞ն էր անցնող տարին Արցախի Հանրապետության համար

Դեկտեմբեր 28, 2017թ. 01:39
Դավիթ Բաբայան
Ինչպիսի՞ն էր անցնող տարին Արցախի Հանրապետության համար, ի՞նչ հաջողվեց երկրորդ հայկական հանրապետությանը 2017-ին, ինչ սպասումներ կան 2018-ից, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումների առումով։ Մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։
-Ամփոփելով 2017թ. զարգացումները՝ կարող եմ ասել, որ տարին համեմատաբար հանգիստ էր շփման գծում իրավիճակի տեսանկյունից, հատկապես 2016թ. ապրիլյան իրադարձությունների համատեքստում։
Անցնող տարում կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան՝ Արցախի միջազգային ճանաչման հետ կապված։ Մասնավորապես, ԱՄՆ նահանգներից եւս մեկը՝ Միչիգանի նահանգը, ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, կնքվեցին երկկողմ համաձայնագրեր Բերձորի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների միջեւ, ընդ որում՝ առաջին անգամ դա տեղի ունեցավ հեռուստակամուրջի ձեւաչափով։ Սա նորույթ է՝ շատ հետաքրքիր նախադեպ, որ կարող է թափ հաղորդել Արցախի միջազգային կապերի զարգացմանը։
Մենք նաեւ տեսանք, որ ձախողվեցին Ադրբեջանի լոբբիստական ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ, միջազգային տարբեր հարթակներում հակահայ փաստաթղթեր առաջ տանելու փորձերը չծառայեցին իրենց նպատակին։
Ավելին՝ սկսվեցին տարաբնույթ գործընթացներ հենց Ադրբեջանի դեմ, եվրոպացի մի շարք հայտնի կաշառակերներ պաշտոնաթող արվեցին. խոսքը տխրահռչակ Պեդրո Ագրամունդի եւ մնացած ավազակների մասին է, որոնք պարզապես փողերի լվացմամբ էին զբաղված. «ադրբեջանական լվացքատան» պատմությունը լուրջ հարված հասցրեց Ադրբեջանի միջազգային հեղինակությանը։
2017թ. կարեւոր իրադարձություններ եղան նաեւ Արցախի ներքին կյանքում՝ տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, ընդունվեց նոր սահմանադրություն, ապահովվեց զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, ինչը Արցախը ճանաչելի դարձնելու եւս մեկ նախադրյալ է, մեր երկրի նկատմամբ համակրանքի, հարգանքի արտացոլում։
Մարդիկ արդեն տեսնում են, որ Արցախը գեղեցիկ, հարմարավետ, հյուրընկալ երկիր է՝ սպասարկման, ծառայությունների բարձր մակարդակով։ Այդ պատճառով զբոսաշրջիկների հոսքերն ավելի են շատացել՝ նույնիսկ 2015թ. համեմատ, երբ գրանցել էինք ամենաբարձր հոսքերը։ Կարծում եմ, սա լավ ցուցանիշ է փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Արցախն է։
Այս տարի իրականացվել են մի շարք կարեւոր ծրագրեր, այդ թվում՝ շահագործման է հանձնվել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, որ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Սա համահայկական ընդգրկում ունեցող նախագիծ է, որ եւս մեկ անգամ ապացուցեց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր զարգացման կարեւորագույն գրավականն է։ Իհարկե, դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ տարին հաջողակ էր Արցախի համար։
-Տնտեսական տարին էլ կարծես թե հարուստ էր «հաջողության պատմություններով»։ Արցախը շահեկանորեն առանձնացավ տարածաշրջանի ճանաչված եւ չճանաչված երկրների շարքում՝ տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ արձանագրելով. եթե չեմ սխալվում, խոսքը մոտ 17 տոկոս աճի մասին է։ 
-Տնտեսական ցուցանիշները դեռեւս ամփոփվում են, բայց ակնկալում ենք, որ ՀՆԱ աճը բարձր կլինի։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ի վիճակի ենք նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում շատ եւ շատ հարցեր լուծել, ինչը դարձյալ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության արդյունք է նախեւառաջ։
Արցախում սահմանադրական կարգը փոխվեց՝ անցաք ուժեղ նախագահական կառավարման մոդելի։ Ի՞նչ փոխեց դա արցախահայության կյանքում։ 
-Ժամանակ է պետք, որ կառավարման նոր համակարգը ցույց տա իր արդյունավետությունը։ Մեծ անելիքներ ունենք հատկապես տեղական ինքնակառավարման ոլորտում՝ սա ինքնին արդեն աշխատանքի մի մեծ ճակատ է։ Բարեփոխումների գործընթացն սկսված է։ Կարծում եմ, որ 2018թ. լուրջ քայլեր պետք է արվեն համակարգն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ 
 Եկող տարին արարելու, ակտիվ աշխատանքի տարի է լինելու մեզ համար, յուրահատուկ նաեւ այն տեսանկյունից, որ ունենալու ենք կարեւոր հանգրվանային միջոցառումներ, եւ այդպիսի միջոցառումներ ունենալու է նաեւ հակառակորդը։
Չմոռանանք, որ 2018թ. լրանում է ե՛ւ Առաջին Հանրապետության, ե՛ւ Սարդարապատի հերոսամարտի, ե՛ւ Արցախյան հիմնախնդրի ծագման՝ սկզբնավորման 100-ամյակը, որովհետեւ հենց 1918թ. Ստալինի թեթեւ ձեռքով դրվեցին դրա հիմքերը։
Նույն խնդիրներն ունի նաեւ հակառակորդը՝ նկատի ունենալով, որ 1918թ. ի հայտ եկավ արհեստածին այդ միավորը՝ Ադրբեջան անունով պետությունը։ Բացի դրանից, հաջորդ տարի այնտեղ սպասվում են նախագահական ընտրություններ, ինչը անկասկած իր ազդեցությունն է ունենալու կարգավորման գործընթացի վրա, որովհետեւ իշխող ռեժիմի համար դա պատեհ առիթ է՝ կուրծք ծեծելու, կեղծ հայրենասիրության նոտայի վրա խաղալու։ 2018-ին, ի հավելումն, լրանում է Հեյդար Ալիեւի 95-ամյակը, եւ Ադրբեջանը փորձելու է յուրովի նշել այդ տարեթիվը։ Չի բացառվում, որ լինեն սադրանքներ, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին։
Ավելացրեք Սումգայիթի Ցեղասպանության եւ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, եւ պարզ կդառնա, որ 2018-ը իսկապես հագեցած է լինելու իրադարձություններով։
2018թ. լինելու է նաեւ աշխարհաքաղաքական սուր պայքարի տարի՝ գերտերությունների բարդ հարաբերությունների համատեքստում չեն բացառվում թեժ զարգացումները տարբեր տարածաշրջաններում։ Մյուս կողմից, պետք է նշել, որ գերտերությունները, տարբեր հարցերում լուրջ հակասություններ, նույնիսկ իրարամերժ մոտեցումներ ունենալով հանդերձ, միասնական են Ղարաբաղի հարցում. այստեղ նրանք ունեն մեկ ընդհանուր շահ՝ որպեսզի իրավիճակը տարածաշջանում համեմատաբար կայուն լինի եւ դուրս չգա վերահսկողությունից։ Պետք է ակնկալել, որ այդպես կլինի նաեւ առաջիկա տարիներին։
Մինսկի խմբի համանախագահներն այս տարի բավական ակտիվ էին կողմերին բանակցային սեղանի մոտ բերելուն ուղղված իրենց ջանքերում, բայց բանակցություններն ավելի շուտ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու շուրջ էին, որոնք Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով այդպես էլ թղթի վրա մնացին։ Հույս կա՞, որ հաջորդ տարի համանախագահներն ավելի ընդգծված կերպով առաջ կտանեն այդ գիծը։ 
-Բանակցությունները, իհարկե, շատ կարեւոր են տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը պահպանելու առումով, բայց դրանցից շատ բան պետք չէ սպասել։ Այսինքն՝ հիմնականում շեշտը դրվել է զինադադարի ռեժիմի պահպանման վրա, եւ 2018-ին էլ բանակցությունների գլխավոր թեման լինելու է խաղաղության եւ կայունության պահպանումը, ինչպեսեւ փորձելու են ինչ-որ չափով առաջ տանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը, բայց բեկումնային զարգացումներ, կարծում եմ, չեն ակնկալվում։
-Խաղաղության կարեւորագույն գրավականը շփման գծի պաշտպանվածությունը բարձրացնելն է։ Կարո՞ղ ենք ասել, որ ԼՂ սահմաններն այսօր ավելի պաշտպանված են, քան մի տարի, երկու տարի, երեք տարի առաջ։
-Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել, ավելին՝ նոր որակ է հաղորդվել սահմանի եւ պաշտպանական համակարգերի ամրապնդմանը. սա ակնհայտ է։ Այդ տեսանկյունից 2017թ. իրոք շատ արդյունավետ էր՝ մենք ունեցանք լուրջ դրական տեղաշարժեր բանակաշինության ասպարեզում, ե՛ւ համալրեցինք մեր բանակը տարբեր տիպի նոր զինատեսակներով, ե՛ւ զգալիորեն ամրապնդեցինք պաշտպանական համակարգը։
Սա է նաեւ պատճառը, որ սահմանային միջադեպերի եւ դրանց հետեւանքով զոհված կամ վիրավորված զինծառայողների թիվը զգալիորեն կրճատվել է։ Կարող եմ ասել, որ հակառակորդի կողմից զինված ներթափանցման հաջողված փորձ գրեթե չի եղել։
2017-ը նշանավորվեց նաեւ նրանով, որ Եվրոպական դատարանը երկար «քնեցնելուց» հետո որոշում կայացրեց «Չիրագովի եւ մյուսների» եւ Սարգսյանների բողոքների վերաբերյալ։ Ի՞նչ նոր մարտահրավերներ է ստեղծում ՄԻԵԴ վճիռը հայկական կողմերի համար։
-Պարզ է, որ Հայաստանը չի լուծելու այդ խնդիրները։ Սա ինչ-որ տեղ նաեւ Արցախի ճանաչման անհրաժեշտություն է պարունակում։ Եթե մարդկանց իրավունքներն ինչ-որ ձեւով պետք է վերականգնվեն՝ կա նման անհրաժեշտություն, պետք է մե՛զ ներգրավեն այդ գործընթացի մեջ՝ մենք պետք է մասնակցենք բոլոր որոշումների կայացմանը եւ ներկայացնենք մեր տեսլականը։
Այստեղ կան տարաբնույթ իրավական, բարոյական եւ քաղաքական խնդիրներ, բայց այն, որ նույն Ադրբեջանին պարտավորեցրել են՝ վերականգնելու Սարգսյանների խախտված իրավունքները, ինքնին մեծ ձեռքբերում է, որովհետեւ Ադրբեջանն ինքը պետք է պատասխան տա դրա համար, մինչդեռ Հայաստանի պարագան այլ է. կա Արցախի Հանրապետությունը, եւ Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել Արցախի իրավասության տիրույթում գտնվող հարցերի համար։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն