Գլխավոր » Interview, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Վերջապես կլինի՞, որ լրագրողներդ գոնե մեկ անգամ հավաքվեք, նստեք ու մեր անվտանգության, սահմանային հարցերում մեկ միասնական տեղեկատվական քաղաքականություն մշակեք. Թևան Պողոսյան

Հունվար 12, 2018թ. 23:26
Թևան Պողոսյան

  ՙՙՄարդկային զարգացման միջազգային կենտրոնի՚՚ գործադիր տնօրեն  ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեր խնդրանքով անդրադարձավ  ՙՙՀայկական ժամանակՙՙ օրաթերթում տեղ գտած հրապարակմանը, որտեղ խոսվում էր այն մասին,  թե ՊՆ-ն սահմանային դեպքերը հասարակությունից թաքցնելու հստակ միտում ունի:

-Պարոն Պողոսյան, հրապարակումը պատճառ դարձավ, որ այդ խնդիրը նաև սոցցանցերում լայնորեն քննարկվի: Ու վերաստին հարց առաջացավ՝ ճիշտ ե՞ն մեր ընկալումները բանակի  թափանցիկության մասին, բանակին վերաբերող հարցերում որտեղի՞ց է  սկսվում, որտե՞ղ ավարտվում մամուլի բացախոսության սահմանը:

-Հայաստանն այն երկիրն է, որը տեղեկատվական դաշտում վարում է բաց, թափանցիկ քաղաքականություն: Բայց սրա հետ մեկտեղ, պետք է հստակ հասկանանք՝ այն, ինչ գրվում է մեր մամուլում, կարող է վաղն օգտագործվել մեր թշնամու կողմից:  Ո՞վ է ասել, թե այս կամ այն իրավիճակի մասին չիրազեկելը նշանակում է՝ փակել ու առհասարակ տեղեկատվություն  չհայտնել: Խնդիրն այլ է՝ պետք  է հասկանալ, թե ինչպե՞ս տալ այս կամ այն տեղեկատվությունը:

Լուր  տարածվեց, թե առաջնագծում շմոլ գազից  զինվորական է մահացել, ու ոչ ոք իրեն հարց չտվեց՝  առաջնագծում ի՞նչ շմոլ գազ: Լուրը տարածվելուց, քննարկվելուց հետո միայն պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե առաջնագծում, այլ զինվորականի բնակարանում: Ինչպե՞ս կարելի է  չճշտված տեղեկատվություն տարածել:  Մեր մամուը, կայքերը պետք է հասկանան , թե ինչպե՞ս պետք է տարածեն տեղեկատվություն, այսինքն, լրագրողները պետք է պատրաստ լինեն տեղեկատվական պատերազմին: Եթե դա չգիտակցենք՝ վտանգների առաջ ենք կանգնելու:

Խնդրում եմ, սրա վրա ուշադրություն դարձրենք, գիտակցեք, որ ձեր լուրերը կարդում են ոչ միայն հայ օգտատերերը, այլև օտարները՝ և՛ մեր բարեկամները, և թշնամիները: Ուրեմն, տեղեկատվությունը պետք է լինի ընտրովի: Երևանի կենտրոնում նստած ֆեյսբուքյան օգտատերն էլ պետք է հասկանա, որ իր անվտանգությունը սկսվում է առաջնագծից:

Վերջապես,  կլինի՞, որ լրագրողներդ գոնե մեկ անգամ հավաքվեք, նստեք ու այս հարցը հստակ քննարկեք, որոշեք, ի՞նչ անել, ինչպիսի՞ լրատվություն տարածել, ո՞նց աշխատել, որպեսզի երկրին չվտանգեք: Լրագրողներդ պարտավորություն ունեք հանրության առաջ՝ նրան իրազեկելու հարցում,  ուրեմն, գտեք մեխանիզմներ, ինչպե՞ս  տարածել այս կամ այն տեղեկատվությունը, երբ երկիրը տեղեկատվական ու ռազմական պատերազմի մեջ է:

Մի օր հավաքվեք, որոշեք ու ընդհանուր հայտարարի եկեք՝ մեկ քաղաքականություն մշակելով: Երբ հայկական որևէ թերթում կամ կայքում հայտնվում է ադրբեջանական լրատվություն,  դա նշանակում է, որ այդ  ԶԼՄ-ն դարձել է թշնամու ձեռքին գործիք: Իսկ չեք կարծո՞ւմ, որ դա կարող է լինել որոշակի ֆինանսների դիմաց արված քայլ: Ի՞նչ է, մենք չենք ճանաչո՞ւմ մեր հարևանին. ՙՙադրբեջանական լվացքատան՚՚ պատմությունը բավարար չէ՞ հասկանալու, թե նրանք ի՞նչ մեթոդներով են աշխատում:    Հայկական լրատվամիջոցները երբևէ վերլուծե՞լ են, թե իրենց հրապարակած՝ Հայաստանը վարկաբեկող, սևացնող քանի՞ հրապարկումներ են ադրբեջանցիների ձեռքով հասել Եվրոպա: Դրանով մենք նպաստել ենք Հայաստանի հզորացմանը՞, թե՞ թուլացրել ենք մեր երկիրը:

Վերջապես պետք է՞ մամուլն այս ամենից դասեր քաղի՞, թե ՝չէ: Ժամանակը չէ՞, որ զլմ-ները փոխեն իրենց վարքագիծը:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն