Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Կարելի՞ էր որոշակիորեն զսպել գնաճը

Հունվար 12, 2018թ. 22:56
Աշոտ Թավադյան 1

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
Սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների թանկացումները հիմնականում պայմանավորվեցին միջազգային շուկայում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Իսկ Հայաստանի կառավարությունը կարող է՞ր հակազդել գնաճի ազդեցություններին ու գոնե մասամբ կանխել այդ ալիքը:
-Գնաճի հարցում չորս գործոններ ունեցել են իրենց լուրջ ազդեցությունը: Առաջինը վառելիքի աքսիզային հարկի աճն է: Երկրորդը՝ համաշխարհային շուկայում նավթամքերքի գների աճն է: Երրորդը, տնտեսության մենաշնորհային բնույթն է, որը հատկապես արտահատվում է գների աճի ժամանակ: Չորրորդն օբյեկտիվ գործոն է, խոսքս Ամանորի տոներին վերահսկողության թուլացման մասին է, ինչն առաջին հերթին դրսևորվում է տարբեր հանձնաժողովների, մասնավորաբար, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:
Կարծում եմ, որ այս ամենը վերլուծելով, կանխատեսելով այս չորս գործոնների գումարվող բացասական ազդեցությունը և համապատասխան հակազդող քայլերը, կարելի էր որոշակիորեն զսպել գների աճը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն հրավիրեց ու կառավարության անդամների առաջ պահանջ դրեց՝ մտածել դեղատոմսեր, թե ինչպե՞ս կարելի է մեղմել գների բարձրացման հետևանքները: Մինչ կառավարությունը կներկայացնի իրենը, դուք ի՞նչ դեռատոմս կառաջարկեք:
-Նախ նշենք, որ նախագահն ուշադրություն սևեռեց երեք հանգամանքի վրա. խոսեց մրցակցային միջավայր ձևավորելու մասին, որպես գների կարգավորման գործում հիմնական գործոններից մեկը: Երկրորդ՝ առաջարկեց ուսումնասիրել շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը, երրորդ՝ պարզել, թե շուկաներում տատանումներն, իրոք, օբյեկտիվ գործընթացների արդյունք ե՞ն, թե՞ տնտեսվարողների ագահության պատճառ: Նախագահի կողմից թվարկվածներն, իհարկե, առաջնային խնդիրներ են ու պատկան մարմինները, մասնավորաբար, երրորդ գործոնի վրա պետք է իրենց ուշադրությունը սևեռեն: Ի դեպ, նախագահի նշած այդ հանգամանքները պայմանավորված են իմ կողմից վերը թվարկած չորս բացասական գործոններով:

Իսկ այժմ ներկայացնեմ հետևյալ դեղատոմս. վերահսկողության ուժեղացում, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Ասեմ, որ այստեղ նաև նպատակահարմար է կատարել օրենսդրության փոփոխություն:

Երկրորդ, խթանել տեղական շուկայի, տեղական արտադրության զարգացմանը: Սա փոքր-ինչ երկարատև գործընթաց է, ինչը պետք է հետևյալ կերպ արտահայտվի. հարկավոր է աջակցել բիզնես ծրագրերի կազմմանը և շուկայական տոկոսադրույքների նվազմանը, որտեղ իր վճռական դերն ունի Կենտրոնական բանակը:

Երրորդ, մշակել հակամենաշնորհային և հակակոռուպցիոն հստակ ծրագրեր և պարտադիր իրականացնել դրանք: Պետք է հատուկ շեշտեմ, որ երկրում առկա կոռուպցիոն գործոնը կարող է 10 տոկոսով բարձրացնել ապրանքի գինը: Սա նաև միջազգային փորձագետների գնահատականն է:

Չորրորդ, նպաստել բաց բաժնետիրական ընկերությունների անցմանը, հատկապես, խոշոր գյուղատնտեսական միությունների պարագայում, որոնք տնտեսության աճը խթանող օղակներ են: Նաև պետք է ուշադրություն դարձնել նախագահի հետևյալ մտքի վրա, որ տարվա ընթացքում հարկավոր է միջոցներ գտնել ու գների բարձրացման դիմաց փոխհատուցել, հատկապես, սոցիալապես անապահով խավերին, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա այդ խավի վրա:
Նախագահն իր խոսքում նաև շեշտեց տեղական զարգացման արտադրությանը նպաստելու անհրաժեշտության մասին:
-Իհարկե, սա շատ կարևոր գործոն է, քանի որ սա նաև տնտեսական անվտանգության խնդիր է: Այդտեղ խոսքը հատկապես վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին: Եվ ճիշտ էր նախագահի պահանջը ուղղված համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր: Այստեղ նաև պետք է նշեմ, որ շուկայական բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են փոքր բիզնեսի զարգացմանը: Եվ ես ունեմ մտավախություն, որ գնաճին հակազդելու համար չորոշեն բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ դրանով հակառակ արդյունքը կստանանք, այսինքն, այն չի նպաստի տնտեսության զարգացմանը, կարծում եմ, հակառակը, վարկավորման տոկոսադրույքները նվազեցնելու համար դեռ մեկ, երկու կետով նպատակահարմար է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Առավել ևս, որ մեզ մոտ գնաճը չունի մոնետար բնույթ:

Փոքր բիզնեսի զարգացման համար, իհարկե, կարևոր են գրագետ կազմված բիզնես պլանները, որոնք կարծում եմ, որ պետք է կառավարության ուշադրության առարկան դառնան՝ ֆինանսավորման աջակցության տեսանկյունից: Պետք է նաև հիշել հետևյալը, տնտեսական զարգացմանը պետական միջոցներ ուղղելով, մյուս կողմից չպետք է անտեսել սոցիալական հարցերը, իրական աշխատավաձի և կենսաթոշակի չափը չպետք է նվազեն,  ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն անվանական, այլև ռեալ աշխատավարձի վրա:
Հանձնարարելով կառավարությանը մշտապես իրականացնել կանխատեսումներ, Սերժ Սարգսյանը նաև ասաց, թե յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու իր կանխատեսման համար: Սա ակնարկ չէ՞ր, որ կանխատեսումները մեզանում միշտ չէ, որ ճիշտ են արվում:
-Ճիշտ դիտակում է: Իհարկե, կանխատեսումներն ունենք կողմնորոշիչ գործառույթ, բայց երբեմն հնարավոր չէ ասել ավելին, որովհետև տնտեսության զարգացումն ունի հաճախ դժվար կանխատեսելի բնույթ, դրա համար պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին ՝ լավագույնին և վատագույնին: Պետք է կանխավ ունենալ մշակված համապատասխան միջոցառումներ:
Միանգամայն իրավացի է նախագահը, որ կանխատեսման հարցում բացթողում ունենք, քանի որ դեռ մեկ ամսում արդեն իսկ առկա էին գների աճի միտումները: Տեսեք, խտացված գազի 1000 խմ համար աքսիզային հարկը բարձրացել է 8000-ից մինչև 25 000 դրամ, բենզինի 1 տոննայի համար 25 000 դրամից՝ մինչև 40 000 դրամ:
Միայն մեկ ամսում՝ դեկտեմբերին, բենզինի գինն աջել է 10 տոկոսով՝ 390-ից մինչև 430 դրամ: Յոթ տոկոսով դիզվառելիքի գնի աճել է գրանցվել՝ 410-ից հասնելով 440 դրամի, 10 տոկոսով աճել է խտացված գազի գինը: Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա միջազգային շուկայում կարագի գինը աճել է 1,5 անգամ:
Նավթի միջազգային շուկայում միայն մեկ ամսում նավթի մեկ բարելի գինը 55-ից բարձրացել է մինչև 68 դոլարի, այստեղ աճի միտումն առկա է եղել դեռևս սեպտեմբեր ամսից: Այնպես որ, իրոք, կանխատեսման հարցում որոշակի բացթողում կա, և այս միտումները հաշվի չեն առնվել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն