Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ամեն օր պիտի մտածենք՝ ի՞նչ տեխնիկա ներմուծել զինված ուժեր, որպեսզի թշնամին չկարողանա մեզ խոցել: Առաջնագիծը մեզ համար պիտի լինի նոր զենքերի փորձարկման լաբորատորիա

Հունվար 10, 2018թ. 22:16
Թևան պողոսյան

2017թ. հոկտեմբերի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը  պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:  Ռազմավարական նշանակության այս փաստաթուղթը մշակելու համար ձևավորվեց աշխատանքային խումբ, ու տրվեց  ծրագրի քննարկումների մեկնարկը:  Այսօր փաստաթուղթը քննարկվում է փորձագիտական շրջանակներում:

Թեմայի շուրջ զրուցեցինք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն  ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, դուք մասնակցել եք բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի քննարկումներին, ինչպե՞ս են դրանք ընթանում, արդյունավետ է գորընթացքը:

 -Ծրագրի քննարկումները շարունակվում են, ու չնայած դրանք հիմնականում փակ են,  շատ լավ է, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկատվություն է տարածում այդ մասին: Ուրախացնող է նաև այն, որ դրանց մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Սա ճիշտ աշխատաոճ է, քանի որ մեր բանակին վերաբերող այդ կարևոր փաստաթղթի մշակմամաբ զբաղված են ոչ թե  ընդամենը մի խումբ մարդիկ,  այլ տարբեր մասնագետներ, փորձագետներ, որոնք հանդես են գալիս առաջարկներով, դիտարկումներով, ինչը միտված է մեկ բանի՝ թե առաջիկա 7 տարիներին ի՞նչ ուղով պիտի  զարգացնել մեր զինուժը և ինչպե՞ս լուծել մեր առաջ ծառացած խնդիրները:

Ինձ ոգևորեց նաև քննարկման ժամանակ ստեղծված բաց ու անկաշկանդ մթնոլորտը,  բոլոր դիտարկումները գրի են առնվում ու արագ արձագանքվում,  տարբեր առաջարկներ հենց տեղում հիմնավորվում են, տրվում է հստակ գնահատական, ինչն արդյունավետ է դարձնում աշխատանքը: Ես ևս ներկայացրել եմ իմ մոտեցումները: Ցանկացած կառույցի, այդ թվում բանակի զարգացման համար պետք է դրվեն նախ ամուր հիմքեր, սա նկատի ունենալով, ես կարևորում եմ կրթական համակարգում կատարվելիք փոփոխությունները, հասարակություն-զինուժ կապի ամրապնդումը:  Հույս ունեմ, որ առաջարկներս ընկալվել են ու հաշվի կառնվեն:

Նաև պետք է գիտակցել, որ սա այն փաստաթուղթը չէ, որի ընդունումց հետո  ձեռքներս պետք է լվանանք ու մի կողմ կանգնենք,  ոչ, այն պահանջում է շարունակական աշխատանք: Այնպես որ, ընդունումից հետո ևս փաստաթուղթը պետք է ժամանակ առ ժամանակ նորացվի, փոփոխվի,  ներկայացվեն նոր առաջարկներ: Եթե այդ քաղաքականությունը որդեգրվի, ապա կարող ենք ասել, որ  գործընթացը  ճիշտ հունով է գնում:

-ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, խոսելով այս ծրագրի մշակման մասին, ասել էր, թե հաշվի են առնվում առկա մարտահրավերները, ուղենշվում են դրանց հակազդման ուղիները , փորձ է արվում ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 
 -Մոտեցումը ճիշտ է. աշխարհը փոխվում է, փոփոխվում են նաև  պատերազմական,  ռազմական միջոցները, մեխանիզմները: Այդ փոփոխությունները կան ու տեսանելի են նաև մեր զինված ուժերում,  դրանում կարող եք համոզվել՝ լինելով առաջնագծում: 1994-ին կողմերը եկան ու մի գծի վրա կանգնեցին, դրանից հետո այդ գիծը խորացավ, այսօր արդեն այդտեղ տեղադրվել են հսկող սարքավորումներ: Հիմա պետք է մտածենք վաղվա մեր քայլերի մասին: Պետք է հասկանանք, որ ինքներս ենք մեր վաղն անվտանգ դարձնողը, ուրեմն, ինքներս պետք է ստեղծենք, ինչո՞ւ ոչ, նաև մեր ստեղծածը աշխարհին առաջարկենք: Առաջնագիծը մեզ համար լաբորատորիան է, ուր ամեն օր կարող  ենք մի նոր զենք, մի նոր տեխնիկա փորձարկել:

Օրերս սահմանին զոհ ունեցանք, կարծում եմ, բոլոր նման դեպքերը պետք է մանրամասնորեն քննենք ու հասկանանք՝ ի՞նչ նոր քայլեր պետք է անել, ի՞նչ նոր մեխանիզմներ ներմուծել զինուժ, որպեսզի  թշնամին հնարավորություն չունենա մեզ  խոցել: Նաև մեր զինվորը պետք է գիտակցի, որ ավելի զգոն պիտի լինի, այսինքն, առաջանագծում կա վարքագծի փոփոխման կարիք, զինվորն իրավունք չունի իր հետաքրքությունից դրդված անել  քայլեր ու նկատվել  թշնամու կողմից:

Հայ զինվորը պետք է հասկանա՝  թշնամին մեզ խոցելու համար չի հապաղում:  Որքան էլ  մենք փորձենք դիվանագիտորեն խուսափել  ՙՙթշնամի՚՚ բառի օգտագործումից, միևնույն է, իրականությունից չենք կարող խուսափել, իսկ իրականությունն այն է, որ մեր դիմացի կանգնածը մեզ իր թշնամին է համարում  ու պատրաստ է օգտվել մեր ամենափոքր իսկ անզգույշ քայից և խաթարել մեր խաղաղությունը: Թշնամին  մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել մեզ. սա պետք  հասկանանք և՛ թիկունքում, և՛ սահմանին կանգնած մեր զինվորը, ու այս գիտակցմամբ  մշակենք մեր քայլեր, կարողանանք արագ իրավիճակ փոխել, որպեսզի թշնամին ոչ թե մտածի մեզ ոչնչացնելու մասին, այլ վախենա, որ իր քայլերի արդյունքում ինքն է ոչնչանալու:

-Վերջին շրջանում սահմանային դիվերսիաները նկատելիորեն նվազեցել են, փոխարենը, դարձյալ դիպուկահարներն են սկսել գործել: Կարո՞ղ ենք ասել, որ թշնամին կրկին փոխել է մեր դիրքերը խոցելու իր մարտավարությունը:

 – Այո, երբ մենք ձեռք բերեցինք նոր ռազմական տեխնիկա առաջնագծում նվազեցին թշնամու դիվերսիոն հարձակումները, քանի որ այսօր մեր զինվորն արագ նկատում ու կանխում է հակառակորդի շարժը:  Բայց որքան մենք մեր բանակը հագեցնում ենք նոր տեխնիկայով, այնքան թշնամին  մտածում է դրանց հակադրվելու  նոր քայլերի մասին: Մի ժամանակ սահմանին  դիպուկահարներ էին աշխատում, մեր դիվանագետները տարբեր առիթներով  խոսում էին նրանց հեռացնելու մասին, դա իհարկե, տեղի չունեցավ, բայց հետո թշնամին սկսեց դիվերսիոն խմբեր ուղարկել: Մենք սահմանն ամրացրեցինք ու դիվերսիաները դադարեցին: Հիմա նորից դիպուկահարների պատերազմի մեջ ենք: Կնշանակի պետք է նոր մեխանիզմներ, նոր քայլեր մտածել, պետք է ավելի խելոք լինել, արագ ծրագրել մեր վաղվա քայլերը,  ոչ թե սպասել թշնամու նոր գործողություններին ու նոր միայն քայլեր ձեռնարկել:  Մենք իրավունք չունենք կանգ առնելու, ամեն օր պետք է աշխատենք և զարգացնենք մեր ռազմական հնարավորությունները:

-Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ-ում տեղի ունեցող կադրային քաղաքականությունը. Ի դեպ, որպես դրական ցուցանիշ, կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի մեթոդ, Մովսես Հակոբյանը թվարկում է, թե նախարարության համակարգից քանի՞ գեներալներ են տեղափոխվել այլ պաշտոնների, որ փոխվել են փոխնախարարներըառանցքային վարչությունների պետերը: Միայն այդ փոփոխությունները բավարար ե՞ն համակարգն արդյունավետ դարձնելու համար:

Ուրախ կլինեի, եթե միայն անձերի փոփոխմամբ  կարողանայինք իսպառ ազատվել կոռուպցիայից: Բայց միայն դա, բնականաբար, չի կարող արդյունավետ լինել, մեզ համակարգային փոփոխություններ են հարկավոր: Նախկինում կատարված դեպքերը պետք է բացահայտենք ու պատժենք, հակառակ դեպքում, միայն կադրայի փոփոխություններով առաջընթաց չենք կարող ունենալ: Կստացվի, որ վատ կառավարում իրականացրած անձին ասում ենք՝ դե լավ, դու գնա, հանգիստ վայելի քո  ՙՙձեռք բերածը՚՚ : Սա ամենից սխալ քաաքականությունը կլինի:

Ուրեմն, եկեք խոսենք ոչ թե այն մասին, թե քանի՞ մարդ է հեռացվել համակարգից, այլև, թե համակարգում ի՞նչ փոփոխություններ են եղել, որոնք ուղղվել են կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Կադրային բարեփոխումները պետք է որակական, նկատելի արդյունք տան, նկատելի լինեն ժողովրդի կողմից, որպեսզի վերջինս հանգիստ խղճով ասի՝ վստահում եմ մեր բանակին, սիրում եմ մեր բանակը: Այդ ժամանակ էլ մենք կարող ենք ասել՝ կադրային նշանակումները եղել են ճիշտ, համակարգն աշխատում է արդյունավետ:

Ես այն կարծիքին եմ, որ պետք չէ անհատների մեջ մեղքեր փնտրել, համակարգը պետք է փոխել, սահմանել զսպման մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, կվերացնեն անտարբերությունը, ինչը մեծագույն չարիք է: Այսօր ունենք ռազմական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած փայլուն սպաներ, ես վստահ եմ, որ նրանց մուտքը համակարգ շատ բան է փոխելու, սերնադափոխությունը զինուժի համար շատ կարևոր է:      

-Երբ ասվում է, թե հայկական բանակի 65 տոկոսը կազմում են պայմանագրային զինծառայողները, և միայն 35 տոկոսն են պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնելու համար զորակոչված զինվորները, սա նշանակում է, որ Հայաստանը դանդաղ քայլերով գնում է պայմանագրային զինծառայության անցնելու ճանապարհո՞վ:

– Ոչ, ես համարում եմ, որ Հայաստանի նման երկիրը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում չպետք է անցնի զուտ պայմանագրային ծառայության: Մենք շատ ենք սիրում խոսել, բերել զարգացած երկրների օրինակը, թե այնտեղ պայմանագրային ծառայություն է: Բայց մոռանում ենք, որ Հայաստանը չի կարող լինել ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների նման, որոնք չունեն այնպիսի հակառակորդ,  ինչպիսին ունենք մենք ու դա Ադրբեջանն է, որն ամեն օր հայտարարում է՝ կրակելու եմ, սպանելու եմ: Եվ եթե եվրոպական այս կամ այն երկիրը ևս ունենար նման հակառակորդ, վստահ եղեք, որ անպայմանորեն կփոխի իր քաղաքականությունը, իր զինված ուժերի քաղաքականությունը:

Իսրայելում էլ կա և՛ պայմանագրային ծառայություն և պարտադիր ժամկետային, ու այդ զինվորների կողքին կան նաև աղջիկներ, որոնք ևս զինվորագրվել են իրենց հայրենիքի պաշտպանությանը: Այնպես որ, մենք մեր քայլերը պետք է անենք մեր մեր իրավիճակով պայմանավորված, որ դրանք նպաստեն  մեր անվտանգության ամրապնդմանը: Իրավունք չունենք կարճատես լինել: Արցախյան հիմնախնդրի լուծումը մեկ օրվա հարց չէ, այն սերունդների խնդիր է, ուրեմն, մեր երկրի անվտանգության ամրապնդման հարցերին մենք պետք է հիմնավոր լուծում տանք: Եվ չանենք այնպիսի քայլեր, որոնք տարիներ անց մեզ կարող են լրջագույն վտանգի առաջ կանգնեցնել:

-Անդրադառնանք ՙՙՀայկական ժամանակՙՙ օրաթերթում տեղ գտած այն հրապարակմանը, որտեղ շեշտվում էր այն միտքը, թե ՊՆ-ն սահմանային դեպքերը հասարակությունից թաքցնելու հստակ միտում ունի: Հրապարակումը պատճառ դարձավ, որ  խնդիրը նաև սոցցանցերում լայնորեն քննարկվի: Ու վերաստին հարց առաջացավ՝ ճիշտ ե՞ն մեր ընկալումները բանակի  թափանցիկության մասին, բանակին վերաբերող հարցերում որտեղի՞ց է  սկսվում, որտե՞ղ ավարտվում մամուլի բացախոսության սահմանը:

-Հայաստանն այն երկիրն է, որը տեղեկատվական դաշտում վարում է բաց, թափանցիկ քաղաքականություն: Բայց սրա հետ մեկտեղ, պետք է հստակ հասկանանք՝ այն, ինչ գրվում է մեր մամուլում, կարող է վաղն օգտագործվել մեր թշնամու կողմից:  Ո՞վ է ասել, թե այս կամ այն իրավիճակի մասին չիրազեկելը նշանակում է՝ փակել ու առհասարակ տեղեկատվություն  չհայտնել: Խնդիրն այլ է՝ պետք  է հասկանալ, թե ինչպե՞ս տալ այս կամ այն տեղեկատվությունը:

Լուր  տարածվեց, թե առաջնագծում շմոլ գազից  զինվորական է մահացել, ու ոչ ոք իրեն հարց չտվեց՝  առաջնագծում ի՞նչ շմոլ գազ: Լուրը տարածվելուց, քննարկվելուց հետո միայն պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե առաջնագծում, այլ զինվորականի բնակարանում: Ինչպե՞ս կարելի է  չճշտված տեղեկատվություն տարածել:  Մեր մամուը, կայքերը պետք է հասկանան , թե ինչպե՞ս պետք է տարածեն տեղեկատվություն, այսինքն, լրագրողները պետք է պատրաստ լինեն տեղեկատվական պատերազմին: Եթե դա չգիտակցենք՝ վտանգների առաջ ենք կանգնելու:

Խնդրում եմ, սրա վրա ուշադրություն դարձրենք, գիտակցեք, որ ձեր լուրերը կարդում են ոչ միայն հայ օգտատերերը, այլև օտարները՝ և՛ մեր բարեկամները, և թշնամիները: Ուրեմն, տեղեկատվությունը պետք է լինի ընտրովի: Երևանի կենտրոնում նստած ֆեյսբուքյան օգտատերն էլ պետք է հասկանա, որ իր անվտանգությունը սկսվում է առաջնագծից:

Վերջապես,  կլինի՞, որ լրագրողներդ գոնե մեկ անգամ հավաքվեք, նստեք ու այս հարցը հստակ քննարկեք, որոշեք, ի՞նչ անել, ինչպիսի՞ լրատվություն տարածել, ո՞նց աշխատել, որպեսզի երկրին չվտանգեք: Լրագրողներդ պարտավորություն ունեք հանրության առաջ՝ նրան իրազեկելու հարցում,  ուրեմն, գտեք մեխանիզմներ, ինչպե՞ս  տարածել այս կամ այն տեղեկատվությունը, երբ երկիրը տեղեկատվական ու ռազմական պատերազմի մեջ է:

Մի օր հավաքվեք, որոշեք ու ընդհանուր հայտարարի եկեք՝ մեկ քաղաքականություն մշակելով: Երբ հայկական որևէ թերթում կամ կայքում հայտնվում է ադրբեջանական լրատվություն,  դա նշանակում է, որ այդ  ԶԼՄ-ն դարձել է թշնամու ձեռքին գործիք: Իսկ չեք կարծո՞ւմ, որ դա կարող է լինել որոշակի ֆինանսների դիմաց արված քայլ: Ի՞նչ է, մենք չենք ճանաչո՞ւմ մեր հարևանին. ադրբեջանական լվացքատան պատմությունը բավարար չէ՞ հասկանալու, թե նրանք ի՞նչ մեթոդներով են աշխատում:    Հայկական լրատվամիջոցները երբևէ վերլուծե՞լ են, թե իրենց հրապարակած՝ Հայաստանը վարկաբեկող, սևացնող քանի՞ հրապարկումներ են ադրբեջանցիների ձեռքով հասել Եվրոպա: Դրանով մենք նպաստել ենք Հայաստանի հզորացմանը՞, թե՞ թուլացրել ենք մեր երկիրը:

Վերջապես պետք է՞ մամուլն այս ամենից դասեր քաղի՞, թե ՝չէ: Ժամանակը չէ՞, որ զլմ-ները փոխեն իրենց վարքագիծը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն