Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Նոր հայացք, նոր միտք ունեցող մարդիկ կվերակենդանացնեն Ժուռնալիստների միությունը

Հունվար 9, 2018թ. 12:59
Anna

Հարցազրույց լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ

Լրատվությունն ակտիվ ոլորտ է, լրագրողներն ակտիվ մարդիկ, բայց արի ու տես, որ լրագրողական հանրույթը տասնամյակներ շարունակ անկարող է եղել ստեղծել գործունյա, աշխատող ստեղծագործական միություն: Հակառակը՝ եղածի մասին մոռացել ենք՝ չցանկանալով անգամ անդամակցել: Եվ ահա, վերջերս կայացած համագումարը ոչ միայն մեզ հիշեցրեց Հայաստանի ժուռնալիստների միության գոյության մասին, այլև ի ցույց դրեց նրանում առկա անմխիթար, ոմանց բնորոշմամբ՝ փտած վիճակը: Ո՞րն է այս վիճակի պատճառը, գուցե լրագրողներիս անկազմակերպվածությո՞ւնը:
-Կարծում եմ, նման իրավիճակը բնորոշ է առհասարակ բոլոր ստեղծագործական միություններին: Անկախության առաջին իսկ տարիներից նոր իրողությունների պայմաններում ստեղծագործական միությունները կանգնեցին իրենց աշխատանքը վերաիմաստավորելու, ինչ-որ տեղ վերակազմակերպելու անհրաժեշտության առաջ: Եվ դա բնական էր, քանի որ խորհրդային տարիներին գործած կառույցները նոր ժամանակների համար այլևս կենսունակ չէին: Սակայն նրանք շարունակեցին աշխատանքը նույն ոճով:
Իհարկե, լրագրողների ստեղծագործական միության հարցում առկա է նաև լրագրողական հանրույթի պատասխանատվության հարցը: Եղել է միություն, որում, ըստ էության, ներկայացված չի եղել գործող լրագրողների զգալի մասը: Ինքս այդ միության անդամ չեմ ու անդամակցման անհրաժեշտությունը չեմ տեսել, ինչպեսև իմ շատ գործընկերներ, ինչո՞ւ, որովհետև անհասկանալի է եղել, թե միության անդամ լինելը որքանո՞վ կարող էր օգտակար լինել, որքանո՞վ կարող էր նպաստել մեր աշխատանքին, գուցե նաև խանգարել:
-Ի դեպ, լրագրողներիս մոտ ժամանակին կար այսպիսի մտայնություն, թե մյուսների պես Ժուռնալիստների միությունն էլ խորհրդային մնացուկ է և ինչ-որ պահի կարող է նաև գրաքննիչի դեր կատարել. գուցե սա՞ կաշկանդեց, որ անկախության լրագրողական սերունդն իրեն հեռու պահեց միությունից:
-Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ գրաքննության վախն է զսպող դեր խաղացել ու կաշկանդել լրագրողների անդամակցմանը միությանը: Ես առաջնային եմ համարում այն, որ նոր ժամանակներում չկարևորվեց ստեղծագործական միությունների դերը: Մի հանգամանք ևս կա, թույլ տամ ինձ մի այսպիսի ենթադրություն անել, եթե Ժուռնալիստների միությունն ունենար այն հնարավորությունները, ինչն ուներ Գրողների միությունը, օրինակ, ունենար հանգստյան տներ, կարծում եմ, շատերը կշտապեին անդամակցել միությանը այն գիտակցմամբ, որ անդամ դառնալն իրենց կտա թեկուզև այնտեղ հանգստանալու հնարավորություն: Բայց հարցն այն է, որ այդ ռեսուրսները միությունը չի ունեցել, և եթե որևէ լրագրողի հարցնեիք՝ քո ինչի՞ն է պետք միությանն անդամակցելը, հաստատ կլսեիք այսպիսի պատասխան՝ ինչո՞ւ պետք է ինձ ծանրաբեռնեմ մի միության անդամակցությամբ, որն ինձանից ամեն ամիս անդամավճար է տանում, փոխարենը՝ ոչինչ չտալով:
Մինչդեռ, Ժուռնալիստների միությունն իր գործունեությունը ծավալելու հսկայական դաշտ ունի: Լրատվական դաշտում շատ-շատ են խնդիրները, ու դրանք առնչվում են այն փոփոխություններին, որոնց ընդհանուր առմամբ ենթարկվում է մամուլը:
Այդ խնդիրների լուծմամբ վերջին տարիներին հիմնականում զբաղվում էին խմբագիրները, նրանք ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս հայտարարություններով, նախաձեռնություններով կամ փորձում մշակել ոլորտի ինքնակարգավորման մեխանիզմներ: Բայց սա մի աշխատանք է, որը նախընտրելի է իրականացնել ստեղծագործական միության շրջանակներում և նրա միջոցով: Եթե այդ կառույցը լինի ակտիվ, եթե մեջտեղ գան ստեղծագործական նոր հայացք, նոր միտք ունեցող թարմ ուժեր, ապա, հավատացեք, աշխատանքները մի նոր որակ կստանան:
Խոսենք վերջերս կայացած Միության համագումարի մասին, որում տիրող մթնոլորտը խիստ մտահոգիչ էր, նաև վրդովեցնող. նախ համագումարի անցկացման մասին միության անդամները պատշաճ տեղեկացված չէին, շատերը նշում էին՝ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան հայտարարությունից են տեղեկացել, քվեարկության կարգ գոյություն չուներ, պատվիրակները մանդատներ չունեին: Այս ամենը ոմանց հիմք տվեց հայտարարելու, թե համագումարը լեգիտիմ չէ:
-Նախ ասեմ, որ ոչ միայն Սաթիկ Սեյրանյանն էր ծանուցել համագումարի անցկացման մասին, այլև Ժուռնալիստների միությունը՝ Երևանի մամուլի ակումբի և «Ֆոտոլուր» գործակալության էլեկտրոնային հասցեներից խմբագրություն ուղարկված հաղորդագրությամբ: Բայց ծանուցման այդ ընդհանուր տարբերակը, ըստ իս, ոչ արդյունավետ էր, շատ ավելի տեղին, ճիշտ կլիներ, եթե կիրառվեր անհատական տարբերակը: Սակայն դա տեղի չունեցավ: Միությունը չունի կայքէջ, անգամ ֆեյսբուքյան էջ չունի: Եվ սա, անկեղծ ասած, տարօրինակ է: Գիտեք, եթե մտածենք, որ կայքէջ ունենալը ֆինանսական միջոցներ է պահանջում, ապա գոնե կարելի էր, չէ՞, ֆեյսբուքյան էջ ունենալ: Հուսով եմ, որ նոր տեխնոլոգիաներին ծանոթ մարդիկ՝ դառնալով միության անդամ, կլուծեն այդ պարզ տեխնիկական հարցերը:

Իսկ համագումարում, իրոք, խայտառակ իրավիճակ ստեղծվեց: Տպավորությունս այն է, որ տարիներ շարունակ միության անդամներին այդ վիճակը չի էլ անհանգստացել, ու դա է պատճառը, որ տարրական հարցերը մնացել են չլուծված: Գուցե փոքր-ինչ տեղին չէ, որ չլինելով միության անդամ, քննադատաբար եմ խոսում իմ գործընկերների հասցեին, բայց չեմ կարող չարձանագրել փաստերը: Ես մեծ ափսոսանքով եմ խոսում այդ ամենի մասին:
   Ինչ վերաբերում է համագումարի լեգիտիմությանը, սա շատ լուրջ խնդիր է: Համագումարից անմիջապես հետո Aravot.am-ի թղթակիցը, այդ նույն մտահոգությամբ հարց էր ուղղել Սաթիկ Սեյրանյանին, թե հաշվի առնելով  համագումարում կագտարվածը՝ հնարավո՞ր է, որ հետագայում փաստի առաջ կանգնի, խոցելի լինի, ասեն՝ ինչ պայմաններում եք ընտրվել: Սաթիկ Սեյրանյանը համաձայնել էր ու չէր բացառել, որ առաջիկայում նոր համագումար կհրավիրի՝ նոր կանոնադրությամբ:

Կարծում եմ, սա շատ կարևոր քայլ կլինի: Բայց նաև բոլորս պետք է հասկանանք, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ամենևին էլ Սաթիկ Սեյրանյանը չէր, ինքը չէր հրավիրել համագումար, ինքը չէր կազմակերպիչը: Այնպես որ, այդ կապակցությամբ, մեղմ ասած, տեղին չէին սոցցանցերով հնչած որոշ լրագրողների քննադատական հարցադրումները: Ու ճիշտ կլիներ, եթե մեր գործընկերներն իրենց խոսքերն ուղղեին իրական հասցեատիրոջը:
Այդ ամենն արդեն անցյալ է, իսկ առջևում գործն է, պետք է մտածել նոր, գործող միություն ստեղծելու մասին, որի բեռն իր ուսերին է վերցրել մեր գործընկեր Սաթիկ Սեյրանյանը՝ կոչ անելով լրագրողական հանրույթին միանալ միությանը, միասին պայքարել ու իրավիճակ փոխել: Սա այն պահն է, երբ կողքից նայելն ու քննադատելը կլինի ամենամերժելի կեցվածքը: Գործ անելու ժամանակն է, ուրեմն, ինչի՞ց սկսել:
-Նախ, առաջին քայլը պետք է լինի Միության կանոնադրության համապատասխան նոր համագումար հրավիրելը: Մյուս քայլը կլինի այն, որ նորընտիր նախագահը իրականացնի գույքագրում, որպեսզի պարզի՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, այսինքն՝ ի՞նչ տեխնիկա կա, որքա՞ն ֆինանսներ կան, մարդկային ի՞նչ ռեսուրս ունի միությունը: Որքան տեղյակ եմ, հայտարարված է, թե 1500 լրագրող է անդամակցում, բայց հայտնի չէ, թե նրանցից քանի՞սն են երկրում, եւ այլն: Հարկավոր է շարքերը համալրել, դա կնպաստի անդամավճարների հոսքին, ինչն էլ կուղղվի միության առաջ ծառացած բազմաթիվ հարցերի լուծմանը:
Այս պահին ընթացքը հուսադրող է. լինելով Սաթիկ Սեյրանյանին իմ աջակցությունը հայտնած լրագրողներից մեկը, ես տեղյակ եմ, որ արդեն անդամակցման հայտեր կան: Ողջունելի է «Ասպարեզ» թերթի խմբագիր Ափո Պողիկյանի հրապարակավ հայտնած աջակցությունը: Ի դեպ, չպետք է մոռանանք սփյուռքահայ մամուլի հետ մեր համագործակցության մասին, ու Հայաստանի ժուռնալիստների միությունն այստեղ շատ անելիք ունի: Այն, ինչ տարիներ շարունակ իրականացրել է Սփյուռքի նախարարությունը՝ համախմբելով սփյուռքի ու հայաստանյան լրատվամիջոցներին, հետայսու կարող է ու պետք է անի մեր ստեղծագործական միությունը:

Կա նաև ժուռնալիստական արհմիություններ ստեղծելու անհրաժեշտություն: Լրագրող Լևոն Սարդարյանը ևս փորձում է Արդարադատության նախարարությունում գրանցել լրագրողական արհմիություն, ինքս էլ նախաձեռնող խմբի մեջ եմ, բայց հիմա մտածում եմ, ի՞նչ կարիք կա նոր բան ստեղծել, եթե կա Ժուռնալիստների միությունը, ինչո՞ւ եղած կառույցի շրջանակներում չկատարել այդ աշխատանքը: Գաղափարներն ու ծրագրերը, իրոք, շատ են: Ես լավատես եմ և հուսով, որ առաջիկա ամիսներին Միության նոր վարչությունն ու իր նորընտիր նախագահը կտան շատ հարցերի պատասխաններ:
Վստահ եմ, այն հույսերը, որ այս փոփոխության հետ կապված ունեցել ենք մենք, ի դերև չեն ելնի և կիրականանան: Ու այն մարդիկ, որոնք իրենց ստորագրությամբ աջակցություն են հայտնել Սաթիկ Սեյրանյանին, կլինեն առաջինը, որ կօգնեն իրականություն դարձնել բոլոր ծրագրերը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն