Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԼՂ բանակցային գործընթացը գտնվում է, առողջապահական տերմինով ասած, շատ սուր, բորբոքային վիճակում

Դեկտեմբեր 23, 2017թ. 15:46
Արա ՄԱրջանյան

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՙՙԱրմենիա՚՚ հեռուստատեսությանը օրերս տված հարցազրույցի տարբեր դրվագներ, մասնավորաբար, արցախյան հիմնախնդրին վերաբերող դիտարկումները, շարունակում են մնալ մամուլի, ներքին ու արտաքին վերլուծաբանների ուշադրության կենտրոնում:

Խնդրի առնչությամբ զրուցեցինք վերլուծաբան ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ
Նախագահ Սարգսյանի այն միտքը, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ԼՂ համակամարտության կարգավորման կետերի շուրջ չի խոսվում, որոշ վերլուծաբաններ համարեցին նոր բացահայտում: Բայց սա վաղուց ակնհայտ դարձած իրողություն չէ՞:
-Իհարկե, դա ամենևին նորություն չէ: Իսկ այն, որ երկու երկրների նախագահները հանդիպելիս խնդրի կարգավորմանը վերաբերող կոնկրետ հարցերի շուրջ չեն խոսում՝ պատճառը շատ պարզ է, որովհետև բանակցային գործընթացը գտնվում է, առողջապահական տերմինով ասած՝ շատ սուր, բորբոքային վիճակում և ցանկացած միջամտությունը կարող է էլ ավելի սրել այն՝ հանգեցնելով խիստ վտնագավոր հետևանքների: Իսկ որպեսզի դա չլինի նախ հարկավոր է իրավիճակը հանդարտեցնել, ինչի լավագույն ձևը որոշակի վստահության էլեմենտների ստեղծումն է, զինադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմների կիրառումը:
-Որպեսզի կողմերի միջև լինի փոխվստահություն, ինչպես նշեց նախագահը, հարկավոր է, որ շփման գծում լինի հանդարտություն, զոհեր չլինեն, մարդավորսը բացառվի: Մինչդեռ հայկական կողմը բազմիցս համոզվել է, որ Ադրբեջանը չի կատարում ոչ մի պայմանավորվածություն: Նախագահի պատկերավոր խոսքով ասած.ՙՙԵթե չես կատարում պայմավորվածությունը անվստահության որդը սկսում է կրծել՚՚:
-Ամեն ինչ շատ պարզ ու հստակ է ասված: Եթե դիմացինդ, պարտնյորդ անընդհատ խախտում է պայմանավորվածությունները, ուրեմն ի՞նչ խոսք կարող է լինել փոխվստահության, քայլ առ քայլ իրականացվող ծրագերի մասին: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ևս նման իրավիճակի հետ մենք բախվեցինք: Արձանագրություններում մի դրույթ կար, որով ամրագրվում էր, որ նախաստորագրված պայմանագրերով գործողությունները չպետք է կապվեն այլ խնդիրների հետ: Բայց արի ու տես, որ Թուրքիան մի քանի ամիս անց այդ հարցերը կապեց արցախյան հիմնախնդրի զարգացումների հետ, այսինքն, խախտեց պայմանավորվածությունը, խախտեց այն տրամաբանությունը, որը դրված էր այդ փաստաթղթերի հիմքում: Նույնն անում է Ալիևը. խոստանում է չխախտել հրադադարը, բայց ժամեր, կամ օրեր անց հետքայլ է կատարում տրված խոստումից՝ հրահանգելով կրակել սահմանին: Դա կատարվեց նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում. Ալիևը նախ համաձայնեց մեխանիզմների տեղադրմանը, հետո նույն արագությամբ հրաժարվեց: Դրա համար, ինչպես ասաց նախագահը, նախ պետք է լարվածությունը թուլացնել, հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը ու դրանից հետո կարելի է փաստաթղթի դրույթների մեջ խորանալ: Տեղին էր նաև նախագահի հետևյալ դիտարկումը՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել:
Սերժ Սարգսյանի համոզմունքն է ՝չկա փոխվստահություն, չեն կարող լինել բանակցություններ, և ուրեմն, հարց է առաջանում, արժե՞ շարունակել անպտուղ հանդիպումները:
-Այդ հարցը հաճախ է հնչում՝ ժամանակ չէ՞ դադարեցնել բանակցությունները, քանի որ գործընթացն անարդյունք է: Սակայն բանակցությունների խզումը էապես բարձրացնելու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ դա կնշանակի, որ այլևս որևէ հնարավորություն չենք տեսնում բանակցություններով, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման: Կոպիտ ասած, սկսում ենք շարժվել դեպի խրամատները և սպասել ռազմական գործողությունների: Սա կարող է լինել ամենավերջին քայլը, ամենածայրահեղ միջոցը: Կարծում եմ, իրավիճակը դեռ դրան չի հասել: Իսկ ռազմավարական առումով շատ շահեկան է, որ նման քայլ անի ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Թող նրանք համարեն, որ փակուղի է, թող նրանք հայտարարեն, որ հայկական կողմի հետ բանակցությունների չեն գնում ու պատրաստվում են պատերազմի, բայց ոչ մենք:
Ես այն համոզման եմ, որ նախորդ տարիների նախագահների, ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպումների փուլերն իրենց դերը խաղացել են:
Ամեն դեպքում, ունենալով նման անկանխատեսելի հակառակորդ մեր հասարակությունն էլ պետք է լինի զգոն և ուշադիր, ադրբեջանական կողմի քայլերը մշտապես պետք է պահել ուշադրության կենտրոնում: Հիշո՞ւմ եք, մինչ 2016-ի ապրիլի 2-ը մեր մամուլը, հասարակությունը բավականին հանդուրժող էր հակառակորդի քայլերի հանդեպ, հարցերը սրությամբ չէին դրվում: Սրա արդյունքում հանգստություն կար նաև ռազմական ու ռազմատեխնիկական շրջանակներում, կային բարի կամքի դրսևորման տրամադրություններ: Սա վտանգավոր է, մեր զգոնության թուլացման է հանգեցնում:
Պետք է նշենք, որ դրան նպաստեցին նաև որոշ վերլուծաբանների վստահ կանախատեսումները, թե Ադրբեջանը որևէ քայլի չի գնա, ընդ որում, նման հուսադրող խոսքեր ոմանք ասում էին ապրիլյան դեպքերից ընդամենը օրեր առաջ:
-2013-2004 թթ. ի վեր, ամեն Աստծո օր որոշ վերլուծաբաններ գրում էին, թե իրադրությունը կայունացել է, չկա սրացում, չկա պատերազմի վտանգ: Սա նշանակում է բացարձակորեն կույր գտնվել Ադրբեջանում ընթացող գործընթացների հանդեպ: Իսկ Ալիևն ասել ու շարունակում է ասել, որ ստեղծված իրավիճակն իրենց համար ընդունելի չէ, և ղարաբաղյան խնդիրն իրենք կլուծեն իրենց համար նախընտրելի եղանակով, պատերազմի վերասկսումը նախընտրելի եղանակներից մեկն է: Ահա այստեղ է, որ մեր վերլուծական հանրությունը որոշակիորեն թերացավ գնահատելու ալիևյան այդ ՙՙվճռականությունը՚՚:
Ավելին, մեր վերլուծաբանները թերացան նաև արձագանքելու այն փաստին, որ արցախյան հակամարտության սրացման վրա կամաց-կամաց սկսում են ազդել տարածաշրջանից դուրս գտնվող գործոնները: Եվ ապրիլյան դեպքերը այդ գործոների հետևանքն էին. Ադրբեջանը գնաց այդ քայլին՝ պայմանավորված աշխարհաքաղաքական հաշվարկներով, դա մասնավորաբար, այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ տանդեմում փորձում է գերիշխող դիրք գրավել ողջ մահմեդական աշխարհում: Ինչո՞ւ ապրիլյան պատերազմը ավարտվեց հենց 4-րդ օրը, որովհետև ապրիլի 10-ին Ստամբուլում պետք է տեղի ունենար մահմեդական երկրների գագաթաժողովը, և Ադրբեջանի նպատակն էր այնտեղ հանդես գալ որպես հաղթած կողմ, որպես մահմեդական աշխարհի առաջնորդ, որպես Թուրքիայի լավ բարեկամ: Այդ ուղղությունը շարունակվեց Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մահմեդականների գագաթաժողովում, որին մասնակցեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, ու ավարտվեց բոլորովին վերջերս, երբ Էրդողանը Ալիևին կրկին հրավիրեց մասնակցելու Իսլամական գագաթաժողովին, որտեղ Ալիևը հանդես եկավ արցախյան հակամարտության վերաբերյալ վտանգավոր հայտարարությամբ՝ խնդրին տալով կրոնական բնույթ:
Եվ վերջապես, կան տարածաշրջանային այլ գործոններ ևս, որոնք կրկին նպաստում են ԼՂ հակամարտության սրացմանը, դա Իգիլի գրոհայինների ներթափանցման վտանգն է, տարածաշրջանային միջուկային զենքի ու հակահրթիռային պաշտպանության էլեմենտների տարածումը, սրանցից ամեն մեկն իր հերթին կարող է սրել իրավիճակը շփման գծում: Դրա համար մենք պետք է լինենք առավել աչալուրջ ու զգոն:
Նաև ուզում եմ կոչ անել մեր անալիտիկ հանրությանը, շատ չտրավել ադրբեջանական նարատիվով ու առաջ տանել սեփական նարատիվը: Մենք չենք խոսում այն մասին, որ ապրիլյան պատերազմի արդյունքները Ադրբեջանին դրեցին խիստ ծիծաղելի վիճակի մեջ: Այդ երկիրը մոտավորապես, 35 մլրդ դոլար, 2013 թվականի գներով հաշված, ծախսեց սպառազինության վրա: Բայց կարողացավ գրավել ընդամենը 800 հեկտար տարածք, հայտնի չէ, թե դրանից որքա՞նը մնաց ադրբեջանական կողմի ձեռքին: Պատկերացնու՞մ եք, նրանք ամեն քառակուսի մետրի համար մոտավորապես 4,5-5 հազար ԱՄՆ դոլար են ծախսել: Սա ողբերգական արդյունք է Ադրբեջանի համար, այդ երկրի հասարակությունը պետք է մտածի՝ ի՞նչ է անում իր իշխանությունը, ու նրանց հարց ուղղի՝ նավթային փողերի զգալի մասը ծախսեցիք ձեր, այսպես կոչված, հարցը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարի վրա, բայց 35 մլրդ դոլարը փոշիացրիք և 800 հա հող վերցրեցիք վերահսկողության տակ: Զարմանում եմ, որ նման լուրջ փաստը մեր քարոզաչական դաշտում չի շրջանառվում:
Ռուս վերլուծաբան Տարասովն անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, ասել է, եթե Հայաստանը սպասի վստահության մթնոլորտի ձևավորմանը, իսկ Ադրբեջանը սպասի բանակցությունների դրույթների շուրջ քննարկումներին, ապա իրավիճակը կբախվի փակուղու: Ի՞նչ կասեք այս ատնչությամբ:
-Հայկական դիրքորոշումը չպետք է ենթարկվի նման ՙփակուղային տրամաբանություններին՚: Ամեն դեպքում հայկական կողմի պահանջը՝ իրավիճակը մեղմելու համար վստահության մեխանիզմների մշակումը, անհրաժեշտություն են: Ինչ վերաբերում է փակուղային կամ ոչ փակուղայի լինելուն, ինչպես ցույց տվեց վերջին 10- 15 տարիների փորձը, պատմություն ու աշխարհաքաղաքականությունն այնքան անակնկալ լուծումներ են մատուցում, որ խոսել փակուղիներից, կարծում եմ, այնքան էլ հիմնավոր չէ. ո՞վ կմտածեր, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կգնան ռազմավարական համագործակցության, կամ ո՞վ կմտածեր, որ այլևս գոյություն չի ունենա Լիբիա պետությունը, իսկ Իրաքն ու Սիրիան կկանգնեն մասնատման շեմին՝ ոչ ոք: Տարիներ առաջ այս ամենը կհամարվեին ցնորք: Այնպես, որ իրադրությունները կարող են շատ արագ, անկանխատեսելիորեն փոփոխվել, և համաձայն չեմ Տարսովի հետ, պետք չէ այսօր խոսել փակուղիների մասին՝ մի փոքր վաղաժամ է:
-Թշնամու կողմից դիվերսիաների նվազումը նախագահը պայմանավորեց սահմանին տեղադրված հայկական սարքերի առկայությամբ, ավելին, շեշտեց՝.ՙՙՊատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս՚՚: Ի՞նչ կասեք այս մեծ ձեռքբերման առնչությամբ:
-Գերագույն գլխավոր հրամանատարի ասածը մեկնաբանման կարիք, իհարկե, չունի, ուղղակի արձանագրենք հետևյալը, իսկապես անցած տարվա ընթացքում տեխնիկական առումով, մանավանդ գիշերային հսկման սարքերի, կապի միջոցների առումով, աննախադեպ զարգացում գրանցվեց մանավանդ առաջապահ գծում: Այնպես որ, այն դիվերսիաները, որոնք նախկինում մեզ համար անակնկալ էին, այլևս այդպես չեն: Վերջին դեպքերը մեզ որոշակի վստահություն ներշնչեցին, որ իրոք այդպիսի երևութներն այլևս մեզ համար անակնկալ չեն լինի, որ մենք շատ ավելի պատրաստված կդիմավորենք թշնամու ցանկացած քայլ: Եվ ադրբեջացիներն էլ հասկացան,որ չարժե նման անիմաստ գործողությունների դիմել:
Մի բան ինձ թույլ տամ ավելացնել պարոն նախագահի ասածին, որ երբևէ չի կարելի հանգստանալ ու գոհանալ ստեղծվածով, մանավանդ նման սուր հակամարտության պարագայում: Ապագան լի է նոր մարտահրավերներով: Բայց մարդկության փորձը նաև ցույց է տալիս, որ նման սուր հակամարտությունները հնարավորություն են անընդհատ զարգացնելու ունեցածդ գիտատեխնիկական ներուժը, սեփական մտածելակերպդ, հասարակությանդ ներքին կայունությունը: Արցախյան համակամարտությունը մեզ համար լինելով լուրջ մարտահրավեր, նաև կարող է խթան ծառայել որպեսզի չլճանանք, փոխարենը զարգանանք, ուժեղանանք, դառնանք ավելի ճկուն, ավելի կարող և խելացի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն