Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Հայաստանում ունենք մի մեծ խնդիր, որի անունը կոռուպցիա է, այն մեծ չարիք է մեր երկրի համար

Դեկտեմբեր 23, 2017թ. 14:45
ԱՐԱՄ ԿԱՅՖԱՋՅԱՆԻ

Նախագահի առաջին պայմանը՝ աշխատասիրությունը, հայ գործարարի էություն է
Հարցազրույց տնտեսագետ ԱՐԱՄ ԿԱՅՖԱՋՅԱՆԻ հետ

Գործարարների հետ ամանօրյան հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ 2017-ը կփակենք 6 տոկոսից ավելի տնտեսական աճով,  11 ամիսների ընթացքում ունեցել ենք 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է, արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը: Ինչո՞վ են պայմանավորված այս դրական ցուցանիշները:
-Տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք դրականորեն անդրադարձան Հայաստանի տնտեսության աճի վրա: Գործոններից մեկը ընդհանուր տնտեսական կայուն վիճակն է, երկրոդը, մեր միջազգային գործընկերների, հատկապես, Ռուսաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը: Երրորդը, տրանսֆերտների աճն է, չորրորդը՝ զբոսաշրջության աճը: Նաև պետք է հաշվի առնեք այն, որ մեր գյուղատնտեսության համար տարին ևս համեմատաբար հաջողակ էր: Այս իրադարձությունները դրականորեն անդրադարձան Հայաստանի տնտեսության աճի վրա, ունեցանք համեմատաբար ոգևորող արդյունքներ: Իհարկե, դեռևս երկնիշ տնտեսական աճի հույսեր ունենալը դժվար է, բայց կարելի է ձգտել ու հասնել ավելի բարձր ցուցանիշների: Մենք տնտեսության մեջ դեռ բազմաթիվ բարեփոխումներ ունենք անելու, նաև, եթե կարողանանք հաջորդ տարի ներդրումների ծավալը մեծացնել, ապա տնտեսական աճի շատ ավելի լավ ցուցանիշներ կարող ենք արձանագրել:
Նախագահը նաև նշեց, եթե 2012-2013 թվականներին պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, ապա հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Իր խոսքում կարևոր մեսիջն այն է, որ մեր արտահանման զանգվածի մեջ տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, ինչը շատ դրական երևույթ է: Մի քանի տարի առաջ արձանագրված 12-13 տոկոսը նշանակում է, որ մենք ավելի շատ միրգ ենք արտահանել, բայց հիմա պատրաստի արտադրանքի արտահանումն է կրկնապատկվել, այսինքն՝ գյուղացին այսօր իր ապրանքը ավելի շատ մատակարարում է վերամշակողներին, վերջիններս մթերում են, ստանում ավելի բարձր արժեք ունեցող ապրանք, ինչն էլ արտահանվում է: Եվ սա շատ կարևոր քայլ է: Լավ կլինի, եթե այդ նույնը տեղի ունենա նաև հումքի ոլորտում, օրինակ, թե մենք մոլիբդենը հիմնականում վերամշակում ենք և նոր միայն արտահանում, ապա նույնը տեղի չի ունենում պղինձի դեպքում, մենք այն հիմնականում չմշակված ձևով ենք արտահանում, մինչդեռ պղինձը ավելի խորը վերամշակման կարիք ունի: Եթե դա իրականացնենք, կունենայինք վերամշակող մի քանի գործարաններ, որոնք ավելի թանկ ապրանք կարտահանեն: Չմոռանանք, որ այդ գործարանների ստեղծմամբ նաև աշխատատեղերի խնդիր կլուծենք:
-Ի՞նչ կասեք ներդրումների մասին, որը 2017-ի ամենից շատ շոշափված թեման էր:
-2016-ի ներդրումների հոսքը խայտառակ ցածր էր, սակայն 2017-ի միանշանակորեն ավելի բարձր եղավ, իհարկե, դրանից ավելի ցածր չէր էլ կարող լինել: Վատ ցուցանիշից մի քիչ ավելի լավը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Բայց այսօր արդեն Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացել է: Այս տարի որոշ քայլեր իրականցվել են, որպեսզի մեծանա թափանցիկությունը, շատ է խրախուսվել ներդրումների իրականացումը, ավելի շատ ենք խոսել այդ մասին, ավելի շատ պորֆեսիոնալներ են ներգրավվել ներդրումների գրավման գործում՝ սկսած նախարարաներից մինչև տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ստեղծվել են նոր կառույցներ, որոնք զբաղվում են ներդրումների խթանմամբ: Այս ամենը շատ դրական է: Բայց մենք Հայաստանում ունենք մի մեծ խնդիր, որի անունը կոռուպցիա է, այն մեծ չարիք է մեր երկրի համար: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարում էլ կան որոշակի դրական շարժեր, բայց մենք պետք է այդ չարիքի դեմ շատ ավելի լրջորեն պայքարենք, այլապես ներդրումների ծավալը, եթե մի փոքր էլ մեծանա, միևնույն է, չենք կարող մեկ մլրդ դոլարից ավելին ակնկալել:
-2017-ը նախագահը բնութագրեց որպես կառավարության և գործարարների համագործակցության տարի: Ասաց, որ գործարարների գրեթե բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել նոր Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերում: Այս փոփոխությունները դրականորեն կանդրադառնա՞ն բիզնես միջավայրի վրա:
-Անշուշտ, դրական փոփոխություններ եղել են: Բայց լինելով լիբերալ փոփոխությունների կողմնակից, ես կցանկանայի, որ ավելի շատ լինեին նման բարեփոխումները, իրականացվեր հարկեի նվազմանն ուղղված քաղաքականություն: Իհարկե, մենք պատկերացնում ենք, որ հարկերը մեկ տարում նվազեցնելը շատ դժվար գործ է, պետք է նախ լիարժեք ավարտել հարկերի հավաքագրման գործընթացը, ստեղծել թափանցիկ տնտեսական միջավայր, արդյունքում կսկսեն հարկերն ամբողջությամբ հավաքագրվել ու սրանից հետո միայն կարող ենք խոդել հարկերի նվազեցման մասին: Այսինքն, հեշտ է քննադատելը, բայց ամեն դեպքում ժամանակ է պետք: Անցնող տարում որոշ դրական գործողություններ, քայլեր մենք տեսանք, սակայն կուզենայինք, որ 2018-ին իրականցվեր ավելի ՙագրեսիվ՚ քաղաքականություն ու ավելի արագ բարեփոխումների նախագծեր իհայտ բերվեին:
-Նախագահը առաջարկեց գործարարներին բարեփոխել սեփական աշխատաոճը ու 2018-ին միասնաբար հասնել նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված շրջանառությունը, հասցվի նվազագույնի, կոչ արեց այդ ճանապարհն անցնել առանց պատժող մարմնի, առանց որևէ մեկի դրդման, այլ ինքնուրույնաբար: Ի՞նչ եք կարծում, բիզնեսն ինքնակամ կգնա՞ այդ քայլին:
-Ես չեմ հավատում, ֆանտաստիկայի ժանից եմ համարում այն, որ գործարարներն իրենք իրենց անցնել այդ ճանապարհը: Գիտեք, եթե կա բիզնես շահ, եթե կա հնարավորություն հարկերը քիչ վճարելու, ապա ես չեմ կարծում, որ գործարարը ինքնուրույն հրաժարվի այդ միջոցներից: Այսինքն, քանի դեռ գործարարն ունի նման հնարավորություն, բնականաբար, շարունակելու է օգտվել դրանից:
Գործարարին էլ դժվար է մեղադրելը, եթե նրան ասվում է՝ շրջանառությունը ցույց տուր, դարձիր թափանցիկ, ինչի արդյունքում նրա արտադրածի մեկ միավորը կթանկանա 30 տոկոսով, բնական է, որ գործարարը շատ դժվարությամբ կգնա այդ քայլին, որովհետև գիտի, որ ապրանքների ներմուծման հարցում նույնպես չկա թափանցիկություն, հետևաբար, ներմուծվող ապրանքը շուկայում կլինի ավելի էժան, քան ներքին արտադրողի ապրանքը և վերջինս շուկայից դուրս կմղվի: Շատ արտադրողներ, եթե սկսեն թափանցիկ աշխատել, նրանց արտադրանքը նեմուծվող ապրանքի համեմատ կդառնա ոչ մրցունակ: Դրա համար այդ քաղաքականությունը պետք է միաժամանակ տարածվի և՛ արտադրողի, և՛ ներմուծողի վրա, բոլորը պետք միաժամանակ բերվեն թափանցիկ դաշտ:
Իհարկե, ես կողմ չեմ, որ բիզնեսն անընդհատ գտնվի ստուգումների, ճնշումների տակ: Հակառակը, պետք է բիզնեսին ազատ թողնել: Բայց մենք բոլորս նաև գիտենք, թե ովքեր չեն վճարում հարկերը, ովքեր շրջանառությունը քիչ են ցույց տալիս, ովքեր կեղծ պատկեր են ցույց տալիս՝ այլ ապրանք բերում են, մեկ ուրիշը ցույց տալիս: Այդ ամենի մասին տեղեկատվություն կա ու կարիք էլ չկա անընդհատ ստուգումներ կատարելու: Կուզեի, որ նվազեցվեր բյուրոկրատիան, թղթաբանությունը, միևնույն ժամանակ, առանց վարչարարությունը մեծացնելու կարելի է իրականացնել հարկերի հավաքագրում: Պետք է հետևողականորեն վերացնել կոռուպցիան, հեռացնել այն կոռումպացված անձանց, ովքեր կաշառքի դիմաց թույլ են տալիս, որպեսզի շրջանառությունը քիչ ցույց տրվի, ինչի արդյունքում հարկերը քիչ են վճարվում:
-Սերժ Սարգսյանը գործարարներին մաղթեց 2018-ին հանդես գալ նոր գաղափարներով ու նախաձեռնություններով, նշեց, որ դրա համար կա երկու անհրաժեշտ պայման. առաջինը՝ ցանկություն, աշխատասիրություն և երկրորդ՝ համագործակցություն կառավարության հետ:
-Նախագահի նշած պայմաններին ևս մեկը կավելացնեմ, մի բան, ինչը պակասում է մեզանում վերջին տարիներին՝ դա լավատեսությունն է: Բիզնեսին այն շատ է պետք, գործարարը պետք է հավատա իր գործի, իր երեխայի ապագային: Եթե մեկը, օրինակ, արտադրում է կաթնամթերք, պետք է լավատեսություն ունենա, որպեսզի նաև պաղպաղակի արտադրամաս ստեղծի, հակառակ դեպքում ոչ մի նոր գործ չի ձեռնարկի:
Ես 2018-ը, տնտեսական առումով, ես համարում եմ լավատեսության տարի, ի տարբերություն 2017-ի, որը քաղաքական իրադարձությունների շրջան էր, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Մինչև 2018-ի ապրիլը ևս սպասողական շրջան է լինելու, պետք է որոշվի, թե ո՞վ է լինելու երկրի վարչապետը, հետո կսպասենք իշխանության վերջնական ձևավորմանը: Քանի դեռ կա անորոշություն, կան սպասումներ, բիզնեսը մեծ քայլեր չի կարող անել, աշխարհում էլ է այդպես ընդունված, սպասողական վիճակում տնտեսության մեջ ներդրումներ չեն իրականցվում: Եվ մենք պետք է հաշվի առնեք, որ դեռ սպասողական իրավիճակում ենք: Իսկ երբ կանցնի այս շրջանը, գործարարները տեսնեն, որ վիճակը կայուն է, կան դրական փոփոխություններ, բնականաբար, ավելի վստահ կլինեն, բիզնեսը կսկսի ավելի ակտիվանալ, և ես հույս ունեմ, որ լավատեսությունը ավելի կմեծանա:
Ինչ վերաբերում է կառավարության հետ համագործակցությանը, այն կարող է լինել մի քանի ուղղություններով՝ մենաշնորհներ դեմ պայքար, ազատ մրցակցային դաշտի ապահովում, ֆիսկալ քաղաքականություն, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցում, պայքար կառուպցիայի դեմ: Այսքանը լիովին բավական է, որ իրականացնի կառավարությունը, մնացածը թողնենք բիզնեսին: Ազատական քաղաքականության կողմնակից լինելով, ես գտնում եմ, որ բիզնեսին չպետք է խանգարել, այլ թույլ տալ, որ շուկան ինքն իրեն զարգանա: Ուրեմն, կառավարության մեծ գործը կլինի այն, որ չխանգարի բիզնեսին: Չմոռանանք, որ վերջին տարիներին Հայաստանում որքան լավ գործեր եղել են, դրանք բիզնեսի նախաձեռնության հետևանքն են, օրինակ, Թումոն, ՙԱյբ՚ դպրոց և այլն: Այնպես որ, եթե պետությունը չխոչընդոտի բիզնեսին, այլ ձևավորի ազնիվ հարկային, մրցակցային դաշտ, ամեն ինչ լավ կլինի:
Իսկ նախագահի առաջին պայմանը՝ աշխատասիրությունը, մեր էություն է, քանի որ ավելի աշխատասեր գործարարների դժվար թե գտնենք մյուս ազգերի մեջ, մանավանդ, մեր հարևանների համեմատությամբ հայերս շատ աշխատասեր ժողովուրդ ենք, սիրում ենք ամեն ինչ ստեղծել մեր աշխատանքով ու փող վաստակել մեր աշխատանքով:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն