Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Յուրաքանչյուր պաշտոնյա՝ մեծ, թե փոքր, չաղ, թե նիհար, խելոք, թե ոչ այնքան, պետք է օրենքի սահմաններում կատարի իր պարտականությունները

Դեկտեմբեր 11, 2017թ. 22:10
Մարգարիտ-Եսայան

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ

Տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սարգսյանի ելույթը, որտեղ խոսեց պաշտոններ չարաշահող, խորամանկությամբ եկամուտներ ձեռք գցող, պետական բյուջեի նկատմամբ անազնիվ վերաբերմունք ունեցող համայնքապետերի մասին, շատերին անակնկալի բերեց, այն դեպքում, երբ նախագահն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս կոնկրետ ոլորտին վերաբերող քննադատությամբ:
-Այո, իրականում Սերժ Սարգսյանը շատ կարևոր ելույթ հնչեցրեց, ես այն մանրամասնորեն կարդացել եմ, ու պիտի զարմանքս արտահայտեմ, որ այդ մեծածավալ ելույթից ոմանք սևեռվեցին միայն վերջին պարբերության վրա, որտեղ նախագահը խոսում է չարաշահումների մասին: Բայց մինչ այդ ամբողջ ելույթը վերաբերվում է ՏԻՄ-ի կայացմանը: Փոփոխված Սահմանադրության համաձայն, 2018-ի ապրիլից ինչպես բոլոր կառույցների, այնպես էլ ՏԻՄ-ի գործունեությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Այս օղակի դերակատարությունը մի քանի անգամ բարձրանում է: ՀՀԿ-ն շարունակաբար խոսել է այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կայանան, քանի որ սա այն հիմնական օղակն է, որից սկսվում է պետական կառույցների գործունեությունը:
Եվ ինձ հիմա զարմացնում է նախագահի ելույթի վերջին մտքի հանդեպ ոմանց զարմանքը: Չէ՞ որ այս բոլոր խնդիրների՝ ՏԻՄ-երում կատարվող վատ աշխատանքի, չարաշահումների, օրինազանցությունների մասին նախագահը մշտապես խստորեն խոսել է իր ելույթներում ու սա առաջին անգամ չէ: Ինչպես նաև առաջին անգամ չէ, որ նախագահը խիստ հանձնարարականներ է տալիս չարաշահումները վերացնելու, բացերը աշխատանքով շտկելու մասին: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ոմանք իրար խառնվել: Հակառակը, պետք է ուրախ լինեն, որ բոլոր մեղավորները, օրենքի խախտում իրականացնողները պատժվելու են, անկախ նրանից, թե ո՞ւմ ծանոթն են, ո՞ւմ բարեկամն են և ո՞վ իրենց համար կբարեխոսի:

Գուցե նման արձագանքը խուճապային տրամադրությունների արտահայտությո՞ւն է, քանի որ նախագահի խոսքը հնչեց որպես նախազգուշացում:

-Այո նախագահի խոսքը նախազգուշացում էր, սա պետք է ազդակ լինի բոլորի համար: Մի շարք համայնքապետերի, գյուղապետերի աշխատանքի հանդեպ մեր ժողովրդի մոտ ակնհայտ դժգոհություն կա: Եվ դա նորություն չէ ոչ լրատվական դաշտի. ոչ էլ քաղաքական գործիչների համար՝ թե ընդդիմադիր, թե իշխանական: Համայնքների բնակիչները տարբեր ելույթներում արտահայտում են իրենց դժգոհությունը: Եվ նրանց բոլորի հավաքական դժգոհությունն արտահայտեց Հանրապետության նախագահը՝ տալով հրահանգ, այն է՝ համայնքապետերը պետք է այնպես աշխատեն, որպեսզի բնակիչներն իրենցից դժգոհ չլինեն, համայնքներում օրինազանցություններ չլինեն, համայնքապետերն օրենքի խախտումներով չհարստանան, այն, ինչ մենք անցած տարիներին տեսել ենք: Ի՞նչն է այստեղ զարմանալի:

Մարդկանց մոտ հետևյալ հարցն է առաջ գալիս.ինչո՞ւ մինչ օրս չեն պաժվել բյուջեի փողերը յուրացնող համայնքապետերը, ինչո՞ւ չկան հարուցված քրեական գործեր, ինչո՞ւ այդպիսիք չեն հայտնվել համապատասխան վայրերում: Գուցե մեղավորներին պետք է փնտրել իրավական դաշտո՞ւմ:

-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չկան այդպիսիք, եթե հետևեք վիճակագրությանը կհամոզվեք, որ կան համայնքապետեր, որոնք պատժվել են իրենց կոռուպցիոն, ոչ օրինական գործողության համար: Այլ է, որ ոչ բոլոր մեղավորներն են պատժվել: Ես հույս ունեմ, որ նախագահի հրահանգը հստակ ազդակ կդառնա, որպեսզի չլինեն այդպիսի դեպքերը, որոնց մասին դուք ասացիք, և իսկապես, բոլոր մեղավորները պատժվեն:

-ՙՙՊետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ, եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի՚՚. նախագահի այս խոսքը ևս սուր ընկալվեց, այն իմաստով, որ մեր ժողովուրդը ծույլ չէ, աշխատասեր է, բայց աշխատատեղեր չկան:
– Նախագահի ելույթի մեկնաբանությունից դուրս ասեմ հետևյալը, այո, ճիշտ եք, մենք իրոք ունենք աշխատատեղերի խնդիր, ու այդ խնդիրը մենք պետք է լուծենք: Կառավարությունն իր 2018-ի ծրագիրը ներկայացնելիս այդ մասին նույնպես խոսել է: Սերժ ՍԱրգսյանն իր խոսքում ասաց՝ ովքեր բողոքում են, թե 200 հազար դրամով առավոտից երեկո ժողովրդի նոքարը չեն լինի, ուրեմն, ով չի ուզում նոքար լինել, թող գնա ուրիշ գործ անի: Սա նշանակում է, եթե դու համայնքապետ ես ընտրվել ժողովրդի կողմից ու աշխատում ես համայնքի խնդիրները լուծելու համար, բայց քթիդ տակ անվերջ փնթփնթում ես, բարի եղիր անցնել այլ աշխատանքի:
Նախագահի ելույթի հիմնական մեխը, առանցքը, ըստ իս, հետևյալն է՝ յուրաքանչյուրը պետք է փոխի իր վերաբերմունքը իր պարտականությունների նկատմամբ: Եթե մենք մեր պարտականությունները լավ կատարենք, ինչպես պարտադրում է օրենքը, բարոյականությունը, մեր խիղճը, երկրի Սահմանադրությունը, ապա ձեր ասած խնդիրների մեծ մասը մեր հասարակության մեջ չեն լինի, կվերանան, ինչպես նախագահն ասաց՝ մենք կարող ենք ու պարտավոր ենք միասին հանձնել այդ քննությունը: Բայց դա անելու համար պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը մեր պարտականությունների նկատմամբ: Սա է նախագահի ասածը:

Ի դեպ, մեզանում տարածված վտանգավոր մի երևույթ կա. տարբեր պաշտոնյաներ՝ գյուղապետերից սկսած մինչև վերև, նախընտրում են իրականությունը ներկայացնել ՙՙգունավոր ակնոցների միջով՚՚ , կեղծ պատկեր են ստեղծում: Նախագահը ևս այս մասին խոսեց, որ համայնքներից լիարժեք, ճշգրիտ տեղեկատվություն չի գալիս, ինչը դժվարացնում է զարգացման արդյունավետ ծրագրերի մշակումը: Փաստորեն, այս հարցում էլ վերից վար մտածողության փոփոխման անհրաժեշտություն կա:

-Շատ ճիշտ դիտարկում է. առիթը հարմար էր, ՏԻՄ ղեկավարները հավաքված էին մեկ տեղում ու նախագահը խստորեն շեշտեց, որ ինքը գիտի բոլորի մասին, ինքնը ամենայն մանրամասնորեն գիտի խնդիրները,  քան իր ելույթում ասաց: Նախագահը բացահայտ խոսեց, որ համայնքապետերի վատ աշխատանքն իր համար գաղտնիք չէ, գիտի, որ ոմանք տեղերում չարաշահում են իրենց պաշտոնը, անհասկանալի եկամուտներ ունեն, մի՞թե մեր ժողովուրդը սրա հետ համաձայն չէ: Իհարկե, համաձայն է: Նախագահի այս խոսքը նաև նշանակում էր՝ չեք կարող ծածկադմբոց անել: Ու հրահանգեց՝ չհամարձակվել անել քայլեր, որոնք հակասում են ՀՀ օրենքներին, որոնք վնասում են համայնքի բնակչությանը: Այս առումով,  ես սա համարում եմ նախագահի ամենաիրատեսական ելույթը: Սա զգուշացում էր համայանքապետերին, ինքն ամեն ինչից տեղյակ է, իրականությունը շատ լավ գիտի, ու եթե մինչ օրս ինչ-որ մարդկանց քայլեր ներվել են, հետայսու ներում չի լինելու:

Ընդդիմությունն այստեղ էլ հակադարձում է՝ նման համայնքապետերը ներվել են, քանի որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ձայներ տալու գործընթացի մեջ են եղել:

– Ընդդիմությունն անընդհատ նույն երգն է երգում, ո՞նց կարելի է: Կան բազմաթիվ համայնքներ, որտեղ ձայների մեծամասնություն ստացել է ընդդիմությունը, ոչ թե իշխանությունը: Ուրեմն, ի՞նչ են ուզում ասել ընդդիմադիրները, այսինքն՝ ի՞նչ են արել համայնքապետերը: Եթե համայքի բնակիչներն իրենց մեկ ձայնը տան այս կամ այն քաղաքական ուժին, ապա ցանկացած համայնքապետ, ելնի երկինք, թե իջնի ցած, որևէ բան անել չի կարող: Պարզապես, ընդդիմությունը ցանկացած առիթ որսում է իր չստացած ձայներն արդարացնելու համար: Բայց այդպես չի կարելի:
Մենք մշտապես խոսել ենք այն մասին, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին նայում է մատների արանքով, չի մասնակցում դրանց, մինչդեռ այդ ընտրություններն իշխանությունը ներքևից վերցնելու հնարավորություն են: Այնպես որ, պետք չէ չաշխատել, իսկ հետո մեղադրել իշխանությանը:

Հանրապետության նախագահը կոռուպցիայի դեմ պայքարը այսպես ձևակերպեց՝ առանց վախենալու, կոմպլեքսավորվելու տարատեսակ քննադատություններից, խոսակցություններից պայքարել կոռուպցիայի դեմ: Հիմա, պետական ապարատը, ձեր քաղաքական թիմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի՝ աջակցելու նախագահին, որպեսզի տրված հրահանգներն իրականանան:

-Պետական ապարատը՝ բոլոր չինովնիկները՝ վերից վար, պետք է աշխատեն օրենքի շրջանակներում: Երբ յուրաքանչյուրն իր պարտականությունների հանդեպ կփոխի իր վերաբերմունքը և  չի փորձի շրջանցել օրենքը, մեր բոլոր չլուծված խնդիրներն իրենց լուծումը կստանան: Եթե յուրաքանչյուր պաշտոնյա՝ մեծ, թե փոքր, չաղ, թե նիհար, խելոք, թե ոչ այնքան, իր աշխատանքային պարտականությունները կատարի օրենքի սահմաններում, կունենանք շատ ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն պատասխանատու ու սրանք չպետք է հնչեն որպես սիրուն բառեր:

Որպես իշխող քաղաքական ուժ, մեզանից յուրանչյուրն ունի իր ռեալ պատասխանատվությունը, և ոչ մեկս իրավունք չունի իր չկատարած գործը, իր մեղքն ու օրինազանցությունները բարդել ուրիշների վրա: Ժողովրդավարությունն այն է, երբ յուրաքանյուրն աշխատում է օրենքով ընձեռված հնարավորությունների սահմաններում: Հակառակ դեպքում, ամեն ինչ անիմաստ է: Եվ սա պետք է բոլոր օղակներից սկսվի, կոնկրետ այս դեպքում, նախագահի հրահանգն է, որ դա սկսվի ՏԻՄ մարմիններից: Իսկապես, սա լրջագույն քննություն է, որ մենք պետք է հանձնենք: Նախագահի հնչեցրած խիստ գնահատականները շատ կարևոր են, շատերին այդ խիստ գնահատականները շոկի մեջ են գցել, որովհետև շատերն, այո, օրինազանց են աշխատել: Ու հիմա պետք է կողմնորոշվեն՝ ուզում ե՞ն աշխատել օրենքի սահմաններում, թե՞ չեն ուզում, ըստ այդմ կլինի համապատասխան վերաբերմունք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն