Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Դեկտեմբեր 5, 2017թ. 21:52
SOS

Ինչպես հայտնի է, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն օրերս ձայների 7 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ որոշեց դրական եզրակացությամբ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Տվյալ փաստաթուղթը նույնիսկ որոշ բարեփոխումներից հետո շարունակում է տեղիք տալ հանրության լայն շրջանակների դժգոհությանը։

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն, ընտանիքում բռնության տեսակներից է նաեւ ֆիզիկական բռնությունը: Դա միանգամայն հասկանալի է, ֆիզիկական բռնությունը, անշուշտ, ընտանիքում բռնության տեսակներից մեկն է, սակայն խնդիրն այն է, թե ինչպե՞ս է բռնության տվյալ տեսակը սահմանված: Իսկ սահմանված է հետեւյալ կերպ.
«ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը եւ այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաեւ դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը»:

«Այլ բռնի գործողություններ» ասվածը թեպետ ՀՀ քր. օր.-ով նախատեսված է որպես քրեորեն պատժելի արարք, սակայն սահմանված չէ, թե ինչ բան է դա: Քրեական օրենսգիրքը, ինչպես հայտնի է, պաշտոնական մեկնաբանություններ չունի, «այլ բռնի գործողություններ» արարքը սահմանելու առնչությամբ չկա նաեւ Վճռաբեկ դատարանի որեւէ նախադեպային դատավճիռ, որը թեկուզ մասամբ կտար վերոնշյալ հարցի պատասխանը:

Ո՞վ կարող է հիմնավորել, որ դաստիարակչական նպատակով իր երեխային ծնողի ապտակելը կամ երեխայի ականջը ձգելը հիշյալ օրենքի ընդունումից հետո չի կարող համարվել «այլ բռնի գործողություն», որտե՞ղ է երաշխիքը, որ չի համարվի։
Եթե ոչ ընտանիքները քանդելու միտումի արտահայտություն, ապա առնվազն իրականությունից կտրված է այն պնդումը, թե բոլոր երեխաներին եւ բոլոր դեպքերում կարելի է դաստիարակել միայն բառերով, եւ դա կարող են անել բոլոր ծնողները: Այս պնդումը ամենեւին հաշվի չի առնում իրական կյանքում առկա մի շարք անառարկելի իրողություններ:
Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, ֆիզիկական բռնություն է նաեւ ընտանիքի անդամին դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Թե ի՞նչ բան է «ֆիզիկական տառապանք» ասվածը, ոչ միայն օրենքի նախագծի 4-րդ հոդվածում (օրենքի հիմնական հասկացությունները), այլեւ որեւէ այլ օրենքում կամ օրենսգրքում բացատրված կամ սահմանված չէ:

Հետեւաբար դարձյալ, ինչպես «այլ բռնի գործողություններ» ասվածի պարագայում, ըստ օրենքի նախագծի, ոստիկանի հայեցողությանն է մնում ծնողի կողմից երեխային կանխարգելիչ կամ դաստիարակչական նպատակով ապտակելը, նրա ականջը ձգելը կամ, օրինակ, գիշերային ակումբից կամ դիսկոտեկից գիշերվա 1-ին վերադարձող, ասենք, 14-17-ամյա աղջկան խրատելը համարե՞լ երեխային ֆիզիկական տառապանքի պատճառում, թե՞ չհամարել:
Ֆիզիկական բռնության վերոնշյալ սահմանումը, եթե, իհարկե, նախագիծը վերածվի օրենքի եւ այն պահպանվի նաեւ օրենքում, հայեցողական վերաբերմունքի ու կոռուպցիայի շատ մեծ հնարավորություններ է տալիս ոստիկաններին, որոնք ցանկության կամ շահագրգռության դեպքում կարող են ծնողի տվյալ արարքը չհամարել երեխային ֆիզիկական տառապանքի պատճառում:
Մինչդեռ ծնողին պատժելու դիտավորության դեպքում կարող են հարցնել` բալիկ ջան, ձեր ծնողը ձեզ ապտակելով կամ ձեր ականջը ձգելով, ձեզ ֆիզիկական տառապա՞նք է պատճառել, եւ նրա «այո»-ն լսելուց հետո ծնողի նկատմամբ ձեռնարկել օրենքով իբրեւ «կանխարգելիչ» նախատեսված, սակայն, ըստ էության, պատժիչ գործողություններ, կամ այդ գործողությունները կատարել առանց երեխային տվյալ հարցը տալու, ուղղակի համարելով, որ ծնողն իր նշված արարքով երեխային ֆիզիկական տառապանք է պատճառել:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է օրենքի նախագծի 3-րդ հոդվածում ֆիզիկական բռնության սահմանումից հանել «ինչպես նաեւ դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը» բառերը:
Ըստ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ֆիզիկական բռնություն է համարված նաեւ ընտանիքի անդամին ազատությունից ապօրինի զրկելը, ընդ որում՝ «ազատությունից ապօրինի զրկելը» բառերից առաջ չի նշված «ընտանիքի չափահաս անդամին» կամ «չափահաս անձին»: Մինչդեռ իր դեռահաս երեխայի դաստիարակության շահերից ելնելով, ծնողն իր երեխայի մասնակցությունը, օրինակ, այլասերվածների շքերթներին կամ քայքայիչ, ամբողջատիրական աղանդի հավաքներին կանխելու, գիշերային ակումբ կամ խաղատուն այցելելն արգելելու նպատակով, կարող է նրան ազատությունից ժամանակավորապես զրկել (օրինակ, տան դուռը բանալիով փակել անչափահաս երեխայի վրա) կամ սահմանափակել ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ազատությունից ապօրինի զրկելը» բառերից առաջ կատարել հետեւյալ լրացումը` «չափահաս անձին»:
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հոգեբանական բռնության սահմանումը դարձյալ վտանգավոր եւ անընդունելի ձեւակերպումներով է նշված որպես ընտանիքում բռնության տեսակ:
Ըստ 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, հոգեբանական բռնություն է նաեւ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը: Ի տարբերություն օրենքի նախորդ` մինչ կառավարություն ներկայացնելը հրապարակված նախագծի, որի հոդված 4-ում («Օրենքի հիմնական հասկացությունները») տրված էր սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը, օրենքի ներկայիս նախագծի նույն հոդվածից սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը կամ բացատրությունը հանված է ու թողնված է անորոշ մեկնաբանություն:

Ընդգծենք, որ օրենքի նախագծի նախորդ տարբերակի համաձայն, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը սահմանված էր հետեւյալ վտանգավոր եւ անընդունելի ձեւակերպմամբ՝ «սոցիալական կյանքին մասնակցելու, իսկ չափահաս անձանց պարագայում՝ նաեւ ինքնուրույն այլ անձանց հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկում»: Վերը մեջբերված սահմանումը նշանակում է, որ սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից զրկումը վերաբերում է նաեւ անչափահասներին:
Եթե օրենքի նախագծի ներկայիս տարբերակում առկա «սոցիալական ծայրահեղ մեկուսացում» արտահայտությունն օրենքի ընդունումից հետո մեկնաբանվի հենց այն բացատրությամբ կամ սահմանմամբ, որն առկա էր նախագծի նախորդ տարբերակում (իսկ որ այդպես չի մեկնաբանվի, որեւէ երաշխիք չկա), ապա դա նշանակելու է, որ եթե դեռահասը, անչափահասը սոցիալական ցանցերով կամ անմիջականորեն շփվում է այնպիսի անձանց հետ, մասնակցում այնպիսի սոցիալական կյանքի, որը, ծնողի համոզմամբ, հակադաստիարակչական, վտանգավոր կամ վնասակար է իր երեխայի համար, ծնողն իրավունք չի ունենալու իր անչափահաս երեխային զրկելու այդպիսի սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից, այլապես նրա տվյալ արարքը համարվելու է ընտանիքում բռնություն ու նա ենթակա է լինելու օրենքով նախատեսված պատժամիջոցների:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հոգեբանական բռնության սահմանումից հանել «սոցիալական ծայրահեղ մեկուսացումը» բառերը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն