Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Օրենքի նախագիծը, չնայած փոփոխություններին, մնաց որպես հայ ընտանիքի դեմ ուղղված սպառնալիք

Նոյեմբեր 30, 2017թ. 21:29
ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը

ՙՙՉարչրկված նախագիծ՚՚ անվանումը ստացած` ՙՙԸնտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին՚՚ օրենքի նախագիծը  երկու ամիս շարունակ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով քննարկվելուց հետո գործադիրն այն հնձնեց  խորհրդարանի դատին: Նոյեմբերի 30-ին նախագծի քննարկման հարթակը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովն էր:

Նախագծի հեղինակները հայտարարում են՝  հանրային քննարկումները  ծառայել են իրենց նպատակին, քանի որ հենց իրենց՝ հեղինակներին հասու են դարձրել հասարակության մեջ առկա մտավախություններն ու անհանգստությունները: Այս ընթացքում ստացվել են 50-ից ավելի առաջարկներ: Արդարադատության նախարարությունը որոշակի  շտկումներ է արել, փորձել հարթեցնել  ՙՙսուր անկյունները՚՚, ու  փոխնախարար Վիգեն Քոչարյանի վստահեցմամբ՝ այն դարձրել   ՙՙարդյուանվետ նախագիծ՚՚:

Սակայն այս օրենքին դեմ արտահայտվողները պնդում են, որ անգամ նախագծի  անվանափոխությունից և որոշ փոփոխություններից հետո այն շարունակում է մնալ վտանգավոր և դիտարկվել որպես հայ  ընտանիքի դեմ  ուղղված սպառնալիք:

Այնուհանդերձ, ի՞նչն է  փոխվել նախագծում:

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Քոչարյանը ներկայացրեց այն նպատակները, որոնք ընկած են սույն օրենքի հիմքում, դրանք երեքն են. ընտանիքում բռնության կանխարգելում, բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում: Ի դեպ, վերջինը նորամուծություն է, որն արդեն հասցրել է տարակարծությունների տեղիք տալ:

Այսպիսով, վերափոխված նախագիծը նախատեսում է՝ ընտանիքում բռնության կանխարգելում ու սահմանում է կոնկրետ մեխանիզմներ, հստակեցնում  է ընտանիքում բռնության հասկացությունը, սահմանում երեք կարգի կանխարգելմանը միջոցներ, դրանք են՝  նախզգուշացումը, անհետաձգելի միջամտությունն ու պաշտպանական որոշումը:  Ինչ վերաբերվում է լուրջ մտահոգությունների տեղիք տված ապաստարաններին, ապա փոխնախարարի խոսքով, այստեղ ևս ձևակերպումների հստակեցում են կատարել ու փարատել մարդկանց վախը, քանի որ ապաստարանները կարող են այլևս ընկալվել որպես ՙՙապահով կացարաններ՚՚, ուր ժամանակավորապես  կարող են տեղավորվել ընտանիքում բռնությունից տուժածները, մինչև ընտանիքում ստեղծված  բարդ իրավիճակը կկարգավորվի:

ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հարց ուղղեց՝ ի՞նչ հասկանալ ՙՙայլ բռնի գործողություններ՚ՙ եզրույթի տակ, կամ ի՞նչ հասկանալ ֆիզիկական տառապանք ասելով:  Քոչարյանի մեկնաբանմամբ, քանի որ նախագծի վերջնական տարբերակում իրենք շեշտը դրել  են գործող քրեական օրենսգրքում եղած ձևակերպումների վրա ու նոր  էլեմենտներ չեն ավելացվել, հետևաբար,  ֆիզիկական բռնությունը՝ ծեծը և ՙՙայլ բռնի գործողությունները՚՚  կմեկնաբանվեն այնպես, ինչպես մեկնաբանում է  քրօրենսգիրքը: Նույնը վերաբերում է նաև սեռական բռնությանը: Սակայն օրենքի նախագծի շուրջ հասարակության մեջ արտահայտված  մտահոգություններից ելնելով, պատգամավոր Մախմուդյանը նկատեց, որ  Վճռաբեկ դատարանը  չունի նախադեպային որոշումներ, թե ի՞նչ բան է  ՙՙայլ բռնի գործողությունները՚՚ , և ի տարբերություն քրեաիրավական  հարաբերոթյուններին,  ընտանիքում կատարվածի ժամանակ չափից ավելի դժվար կլինի ՙՙայլ բռնի գործողություններ՚՚  էլեմենտի մեկնաբանությունը: Իսկ  առավել անհանգստացնող է այն, որ  մեկնաբանությունը կրող է թողնվել  ոստիկանության կամ աջակցման կենտրոնի հայեցողությանը: ՙՙԵթե երեխան ուզում է գիշերը ժամը մեկին տանից դուրս գալ,  դու թևից քաշում ես ու ասում՝ էս գիշերվա հազարին ո՞ւր ես գնում,  սա բռնի գործողություն է՞, թե՞ չէ՚՚: Վիգեն Քոչարյանի պատասխանը հետևյալը էր.ՙՙՆույն ձևակերպումները  կան քրօրում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում, որ թևից քաշելը համարի բռնի գործողություն, ինչո՞ւ պետք է այս օրենքի պարագայում այդպես համարվի՚՚:   ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն էլ անդրադարձավ հոդված 7-ին, որը վերաբերում է ոստիկանության ներկայացուցչի կողմից կայացվելիք անհետաձգելի միջամտությանը: ՙՙՉե՞ք կարծում, որ ոստիկանությունը նման որոշում կայացնելու իրավունք չունի՚՚: Փոխնախարարը դարձյալ պատգամավորի մտահոգությունը չկիսեց. ՙՙՉէ, չեմ կարծումՙ՚ ու կրկին հղում արեց գործող օրենսդրությանը, որով ոստիկանությունն էլ ավելի խիստ որոշումներ կարող է կայացնել, կարող է ցանկացած անձի, որին կարծում է, որ հանցագործություն է կատարել՝ ձերբակալել և զրկել ազատությունից:  Պարոն փոխնախարարը, սակայն ՙՙմոռանում է՚՚, որ խոսքը վերաբերում է ընտանիքներին,  որտեղ  ոստիկանի միջամտությունը բոլորովին այլ կերպ կարող է ընկալվել և  անգամ ունենալ վտանգավոր հետևանքներ, օրինակ, ընտանքի հայրը կարող է չհանդուրժել ոստիկանի միջամտությունն ու նրա չհանդուրժելը ողբերգական ավարտ ունենալ: Պատգամավորների մտավախությունը հենց այդ շրջանակում էր:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց  կատարված  փոփոխությունները, համաձայն  որոնց,  օրինակ,  եթե ծնողը երեխային արգելում է տանից դուրս գալ ուշ ժամին, կամ արգելում է անցանկալի անձանց հետ շփվել, դա չի դիտարկվի բռնություն: Մյուս տարածված մտահոգությունը, որ երեխաներին  կարող են ընտանիքներից մեկուսացնել կամ առանց ծնողների տեղավորել  ապաստարան,  փարտելու համար առաջարկվել է նախագծում հետևյալ ձևակերպումը ներառել. ՙՙԵրեխան առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի չի կարող տեղափոխվել կամ որևէ մեկը չի կարող նրան մեկուսացնել՚ՙ:

Ուշադրություն հրավիրեց անհետաձգելի միջամտության որոշման վրա, նկատելով, եթե ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել ու կա վտանգ նրա կյանքի և առողջության համար, միայն այս դեպքում է, որ ոստիկանն իրավասու է անհապաղ կայացնել անհետաձգելի միջամտության որոշում:

ՙՙԾառուկյան՚՚ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տարբեր առիթներով արտահայտել է իր անհամաձայնությունը  օրենքի նախագծի վերաբերյալ: Այս անգամ ևս պատգամավորի խոսքը սուր էր: Նախ հայտարարեց, թե  ասելիքը բացառապես իր  անձնական կարծիքն է և ոչ թե  խմբակցության դիրքորոշումը:   Ու նախագծի  քննադատությունն սկսեց  հենց վերնագրից: Չնայած այն կոչված է ընտանիքում բռնության կանխարգելմանը, սակայն  պատգամավորը  նախագծում չի տեսել որևէ կանխարգելող դրույթ: ՙՙԴրանք ավելի շատ կանխարգելման տպավորություն թողնող դրույթներ են՚՚: Պետրոսյանը նկատեց, թե առավել զավեշտալին վերնագրում տեղ գտած վերջին արտահայտությունն է՝ ՙՙընտանիքում համերաշխության վերականգնում՚՚,  պատգամավորը զարմացած է՝ օրենքով ինչպե՞ս կարելի է համերաշխություն վերականգնել:  ՙՙՍա նույնն է, որ ասես՝  օրենք ընտանիքում բարձր տրամադրություն ստեղծելու մասին, կամ օրենքով պարտադրել, որ ընտանիքում գերիշխեն բարիդրացիական ավանդույթները, օրենքով պարտադրենք, որ այս երեկո տրամադրության անկում չգրանցվի: Ո՞նց կարելի է համերաշխությունը վերականգնել օրենքով՚՚:

Մյուս  մտահոգությունը վերաբերում էր  ոստիկանությանը տրվող մեծ լիազորություններին. ասաց չնայած հարգանքով է վերաբերվում ոստիկանական համագարին, բայց. ՙՙԱյդ համակարգում քիչ չեն այն շարժական զանգվածները՝ մարդու կերպարանքով,  որոնք  առիթը բաց չեն թողնում իրենց  իրավունքները չարաշահելու՚՚:  Պատմեց, թե ինչպես ընտանիքում բռնությունից տուժած ու ոստիկանություն դիմած մի կնոջ ժամերով սպասեցրել են ոստիկանական բաժանմունքում, որովհետև՝ ՚ՙպետը տեղում չէր ու հավանաբար գնացել էր ընբոշխնելու ամառային երեկոների հաճույքը՝ չգիտեմ, թե ո՞ր հիմնարկներում՚՚:  Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էդ ո՞նց են նման ոստիկաներն այդքան արագ վերափոխվելու. ՙՙ Երբ ես ինչ- որ նախագծի մասին խոսում եմ, ասում եք՝ բյուջեում փող չկա, բայց հանկարծ գումար հայթայթվեց, այն է, շատ, որ ոստիկանության որոշակի ստորաբաժանմունքներ ստեղծվեն, վերապատրաստում լինի, էլ չեմ ասում աջակցության կենտրոն ստեղծվի: Ի՞նչ միջոցներով  եք անելու. հարցս պատասխան չունի՚՚:

Հետո դարձավ ապաստարնների խնդրին. պատգամավորը գտնում է, որ դրանք տղամարդկանց ու կանանց համար պետք է լինեն առանձնացված կացարաններ,  հակառակ դեպում այլ իրավիճակներ կարող են ստեղծվել. ՙՙԱպստարանում գտնվող օտար տղամարդն ու օտար կինը, որոնք երկուսն էլ տուժել են իրենց ընտանիքներում կատարված բռնությունից, կլինեն նույն վայրում, ու կարող է էդ օրը որոշեն իրար մխիթարել, ու կարող է հանկարծ  չստացվի… ի՞նչ է կատարվելու այդտեղ՚՚: Ներկաների պոռթկացող ծիծաղի միջից լսվեց հանձնաժողովի նախագահ Հրայր  Թովմասյանի ձայնը՝ ՙՙՊարոն Պետրոսյան, բացեք  փակագծերը՝ ի՞նչ նկատի ունեք՚՚: ՙՙ Դուք ինձանից լավ գիտեք՚՚, -եղավ արձագանքը:

Մյուսը վերաբերում էր տնտեսական  բռնություն կոչված անհասկանալի ձևակերպմանը: Դեռահասության տարիքի երեխաները  կախվածություն ունեն տարբեր  իրերից,  օրինակ.ՙՙԵրեխադ ունի IPad կոչված հարմարանքը, որը նրան շեղում է  դասերից և  դու՝ ելնելով երեխայիդ  լավագույն շահերի պաշտպանությունից , անկեղծ ծնողական նկատառումով, նրան արգելում ես դրանով զբաղվել: Ոստիկանը ինձ պետք է  ասի ինչո՞ւ ես երեխայիդ արգելում իր սեփականությունը  հանդիսացող գործիքից օգտվե՞լ: Հետո էլ գա մեր տուն ու ասի՝ տնիցդ 100 կամ 300 մետր հեռու մնա, որովհետև մեծ վնաս ես ներկայացնո՞ւմ: Սա ի՞նչ բան է՚՚: Մյուսը,  գրված է՝ ոստիկանը կարող է մնալ քո տանն այնքան ժամանակ մինչև  հավաքես շորերդ.ՙՙՀայտնի ֆիլմի հերոսը՝ Օստապ Բենդերը հո չե՞նք, որ ունենանք մի կոստյում, մի գլխարկ, ու մի վզնոց, ենթադրում եմ, որ երեք, չորս ժամ հարկավոր կլինի, որ մարդն իր շորերը հավաքի: Այսինքն, ոստիկանը պետք է դիրիժորի փայտիկը ձեռքին կանգնի մեր գլխին ու ասի՝ դու էս արա, էս շորը վեցրու: Ո՞ր մեկիս մտածողությանն ու պատկերացումներին է սա հարիր : Ո՞ր ընտանիքի հայրը կարող է թույլ տալ, որ ոստիկանը մտնի իր տուն ու իր կնոջ, աղջկա ներկայությամբ սպասի, մինչև ինքը տանից հեռանա, հետո էլ էդ մտորումների,  վիրավորանքի ազդեցության տակ հայրը կարող է ամենատարբեր հանցագործությունները կատարել՚՚: Օրենքի տարօրինակ պահանջներից մտահոգ պատգամավորը զգուշացրեց.ՙՙԿտեսնեք, եթե այս դրույթները, Աստված ոչ անի, ձեր թեթև ձեռքով կյանքի կոչվեն, հենց ոստիկաների հետ  բախումներ կլինեն, գուցեև ավարտվեն շատ վատ հետևանքներով՚՚:

ՙՙԾառուկյան՚՚ խմբակցության մեկ այլ  պատագամավոր՝  Վանիկ Ասատրյանն էլ ներկանեին տեղեկացրեց, որ նախագիծը շատ վատ արձագանք է ստացել գյուղերում, մարդիկ ասում են՝ թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը գա ու խառնվի իրենց ընկտանիքի խնդիրներին: ՙՙԿանայք ասում են, հլը մի ոստիկան մտնի մեր տուն, դուրս կվռնդենք: Ես ու իմ մարդը, մի քիչ էլ խմել է, ձեռք է բարձրացրել, իրենց ի՞նչ գործն է՚՚: Առաջարկեց՝ գյուղական համայնքներում թույլ չտալ, որ ոստիկանը միջամտի ընտանիքի խնդիրներին:

Եզրափակիչ խոսքում հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, թե ինքը եղել է  նախագծի  նախորդ տարբերակը քննադատողներից մեկը, դեմ է եղել որոշ ձևակերպումների: Սակայն փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս են եկել.ՙՙ Այս օրենքով՝ առավելագույնը, որ կարող է անել ոստիկանը, ամուսնուն զգուշացնելն է՝ էլ չծեծես կնոջդ: Հետո ոստիկանը  կթողնի, կգնա: Այս օրենքը  ոչ միայն բացառում է, այլև արգելում է երեխային բաժանել իր ծնողից, բացառվում է նաև անձի կամքին հակառակ իրեն ապաստարան տեսափոխելը՚՚: Ըստ Թովմասյանի, այս  օրենքով միջամտությունը կլինի բացառիկ դեպքերում, երբ այլևս չի աշխատի՝ քավոր, ընկեր ինստիտուտը: ՙՙԻսկ դրանք կան, ու թող ոչ ոք չմտածի, որ այս օրենքի ընդունումից  հետո դրանք չեն լինելու, դրանք մեր ավանդույթներն են: Տա Աստված, որ այս օրենքը երբեք չկիրառվի՚՚:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն