Գլխավոր » Regions, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հարավային Կովկաս. նոր ուղիների փնտրտուքից մինչ ահաբեկչություն

Նոյեմբեր 26, 2017թ. 16:36
Կարեն Վերանյան

Հարցազրույց ՙՙՆորավանք՚՚ հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ
2011-ին Ռուսաստանն ու Վրաստանը կնքեցին ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ պայմանագիր, որը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով՝ շրջանցելով քաղաքական կողմը: Սակայն պայմանագրի կատարումը մինչ օրս ձգձգվում է, որոշակի տեղաշարժ նկատվեց միայն օրերս, երբ կողմերը համաձայնվեցին շվեյցարական SGS ֆիրմայի օգնությամբ կյանքի կոչել պայմանագիրը: Այն կվերահսկի ապրանքների և բեռների փոխադրումը ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, գործնական տեղաշարժ կարելի է՞ ակնկալել:
-Վեց տարի առաջ ստորագրված այդ պայմանագրի իրականացումը ձգձգվում է, քանի որ պատճառը քաղաքական է: Առաջին հերթին այդ հակասությունը պետք է հարթվի ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում: Հիշենք, որ այս հարցում Սաակաշվիլիի ժամանակ կար ընդգծված ոչ կառուցողական դիրքորոշում, նրա իշխանության տարիներին այդպես էլ խնդրին դրական ընթացք չտրվեց:

Իվանիշվիլլի ժամանակ որոշ հույսեր արթնացան, թվում էր, թե կողմերը կարող են գալ համաձայնության, սակայն նորից քաղաքական խնդիրը մնաց առկախ: Հիմա դարձյալ որոշակի միտումներ նկատվում են: Տնտեսական ու, մասնավորաբար, քաղաքական նշանակության հարցերի շուրջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են գալ ինչ-որ համաձայնության: Չնայած դեռ վաղ է խոսել առարկայական լուծումների մասին, բայց մի բան նկատելի է, որ խնդրի լուծմամբ շահագրգռված է Ռուսաստանը, որպեսզի Հարավային Կովկասը և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես էլ ավելի կապվի իր հետ ու իր ռազմավարական գործընկեր Հայաստանը ցամաքային ճանապարհների այլընտրանքներ ունենա:
Պատահական չէ այս հարցի ակտիվացումը այսօր նաև հետևյալ տեսանկյունից: Տարածաշրջանային տարբեր գործընթացներով պայմանավորված՝ ռուս-վրացական պայմանագրի իրականացման հարցը ակտիվանում ու հետո սառչում է: Այսօրվա ակտիվացումը ես կապում եմ սիրիական ուղղությամբ ռուսական կողմի հաջողությունների հետ: Սիրիական ճգնաժամը որոշակի հաղթահաման փուլում է, պայմանականորեն ասած՝ խաղաղության նշաներ են նկատվում, ինչն էլ Ռուսաստանին տալիս է հնարավորություն ավելի ազատ գործել, շոշափելի քաղաքականություն իրակացնել հետխորհրդային տարածքում առկա կնճռոտ հարցերում:

Իսկ ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խմբի ձևավորումը հետևանք է վերջին շրջանում ՌԴ-ի և Վրաստանի կողմից դրսևորվող քաղաքական կամքի: Այսինքն, ինչ-որ շարժ նկատվում է, որը ողջունելի է: Սա մի հարցը է, որը կոմպլեքս լուծում է պահանջում, այսինքն, տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, նաև աբխազական ու օսեթական կողմերի մոտեցումերը պետք է համաձայնեցվեն: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փոփոխություն ակնկալել:
Հարավային Օսիան ու Աբխազիան մշտապես պնդել են գործընթացին իրենց մասնակցության մասին, ինչին Վրաստանը դեմ է: Սակայն օրեր առաջ օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի և Վրաստանի վարչապետի անձնական ներկայացուցիչ Աբաշիձեի հայտարարությունից հետո, թե պայմանագիրը կյանքի կոչելու համար ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ է ձևավորում, Օսեթիայի նախագահը դրականորեն արձագանքեց՝ ասելով՝ այն իրենց շահերին չի հակասում: Չե՞ք կարծես թե, սառույցը այստեղ փոքր-ինչ շարժվում է:
-Այո, ի վերջո, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի մոտեցումները համընկնում են պաշտոնական Ռուսաստանի մոտեցումներին: Կան հակամարտություններ, որոնք տասնամյակներով կարող են մնալ չկարգավորված վիճակում, բայց երկրների մեջ կայացած համաձայնության արդյունքում կոմունիկացիաները սկսում են աշխատել, քանի որ դա բխում է նույն պետությունների ու հասարակությունների շահերից: Հետևաբար, այս հարցի լուծումը բխում է թե՛ Ռուաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Աբխազիայի ու Օսեթիայի շահերից: Իսկ իրականում լուծման բանալին գտնվում է Թբիլիսիի ձեռքում: Վրաստանը հարցի լուծումը դիտարկում է զուտ աբխազական, օսեթական համակամարտության համատեքստում: Եթե վրաց իշխանություններն ավելի կառուցողական դիրքորոշում ունենան ու քաղաքականից առանձին դիտարկեն կոմունիկացիաների ստեղծման հարցը, ապա հնարավոր կլինի արագ ելք գտնել: Այնպես որ, հարցը կարող է լուծում ստանալ, եթե վրացական կողմը քաղաքական կամք դրսևորի: Ի վերջո, դրանից Վրաստանն է օգտվելու:
Վերջին շրջանում վրաց փորձագետները ևս շեշտում են, որ աբխազական, օսեթական ճանապարհների բացմամբ կբարձրանա Վրաստանի որպես տարանցիկ երկրի դերը տարածաշրջանում, նաև չեն մոռանում նշել, որ դա կօգնի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը։ Այս դրական մեսիջների ֆոնին ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը:
-Այո, վրացական կողմի նման դիտարկումները հաճախացել են, ինչը կարևոր հանգամանք է: Հայկական կողմը ևս քայլեր է անում այդ ուղղությամբ, հիշենք վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան : Այն կառուցողական հանդիպում էր, որոշակի պայմանավորվածություն եղավ կողմերի միջև հետագա քննարկումների կազմակերպման ուղղությամբ: Հայ-վրացական կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցում: Մասնավորաբար, խոսվեց հենց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով առևտրային միջանց ստեղծելու մասին և փորձ արվեց քաղաքական հարցերում ևս կողմերին բերել փոխհամաձայնության:
Սակայն չմոռանանք, որ այստեղ կան նաև այլ շահեր՝ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն են, այս երկրներն ամեն ինչ անում են, որ Վրաստանին մղեն իրենց շահերի ու մոտեցումների դաշտ: Նրանք ձգտում են, որ իրենց կողմից ավանադաբար տարվող հակահայկական քաղաքականության մեջ օգտագործեն Վրաստանին, ու դա նրանց որոշ չափով հաջողվում է թե՛ ռազմատեխնիկական եռակողմ համաձայնության, թե՛ տնտեսական, կոմունիկացիոն հարցերի տեսանկյունից:

Վերջերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որքան էլ որոշ փորձագետներ նշեն, թե դա չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության, տնտեսական մեկուսացման խորացման վրա, իրականում այդպես չէ: Ես կարծում եմ, որ այն սրելու է Հայաստանի շրջափակումը: Դրա համար մեր երկիրը պետք է ակտիվորեն աշխատի այլընտրանաքային ուղղությունների ստեղծման հարցում:

ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ ռուս-վրացական պայմանագրի իրականցումը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, 25 տարի գտնվելով տնտեսական, քաղաքական շրջափակման մեջ մեր երկիրը փորձում է գտնել դրանից դուրս գալու տարբեր ուղիներ: Հայաստանը կարող է աբխազական, օսեթական ճանապարհների հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ի հարթակում և ռուսական կողմին դրդել ավելի կառուցողական, առարկայական քայլեր կատարել: Քանի որ Հայաստանը շրջանցող կոմունիկացիոն ծրագրերը ձեռնտու չեն նաև Ռուսաստանին: Դրանք հիմնականում իրականցվում են Արևմուտքի քաղաքական ու տնտեսական հովանավորչությամբ և գերազանցապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Ասիայից դեպի Եվրոպա այլընտրանքային կոմունիկացիաների ստեղծմամբ մեկուսանում է Ռուսաստանը: Այսինքն, այս ամենը նաև ուղղված է ՌԴ մեկուսացմանը: Կնշանակի այս հարցում Ռուսաստանի ու Հայաստանի շահերը համընկնում են և մենք տարբեր ձևաչափերով պետք է հնարավորինս ակտիվ մասնակցենք պայմանագրի իրականացման գործընթացին: Բոլոր ուղղություններով, հետևողականորեն պետք է աշխատել վրացական կողմի հետ որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա:
Ամեն դեպքում, քանի որ խնդիրը զուտ քաղաքական է, ապա առանց ՌԴ-ի ու Վրաստանի միջև փոխհամաձայնության ու փոխզիջումների, առանց կառուցողական մոտեցման ու նախապայմանները մի կողմ դնելու անհնար կլինի հարցի լիակատար լուծումը:
Անդրադառնանք նաև Վրաստանում կատարաված ահաբեկչությանը: Դեռ տարիներ առաջ ասվում էր, որ Կովկասում ստեղծվել է իսլամիստ ահաբեկիչների որջ, ու այն պահին, երբ Սիրայում կհանդարտվի իրավիճակը ահաբեկիչների որջն այստեղ կակտիվանա: Վրաստանում կատարվածն այդ մասին է՞ ահանզանգում:
– Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի աջակցությամբ Սիրիայում որոշակի հաջողություններ է գրանցում, Իսլամական պետությունն անհաջողություններ ունի, կորցրել է ռազմական ու քաղաքական նշանակության կարևոր դիրքեր: Կարող ենք արձանագրել, որ Իսլամական պետության ու ահաբեկչության դեմ պայքարում ռուսական կողմը կարողացել է մեծ հաջողություն արձանագրել: Բայց Սիրայում ահաբեկչական ալիքի զսպումը չի նշանակում, որ այն այլ տարածաշրջաններում չի շարունակվելու: Եվ բացառված չէ, որ Իսլամական պետությունն ահաբեկչական այլ խմբավորումների միջոցով փորձի դոմինոյի էֆեկտ ստեղծել՝ այս կան այն օջախում ապակայունացնելով իրավիճակը:
Եվ ինչպես տեսնում ենք, սիրական զարգացումներին զուգահեռ Եվրոպայում ժամանակ առ ժամանակ կատարվում են ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև հետխորհրդային երկրներում: Եվ ուրեմն, չպետք է բացառել, որ Սիրայում ահաբեկչական ալիքի թուլացման ֆոնին փորձ կարվի ահաբեկչական գործողությունները տեղափոխել այլ տարածքներ: Իհարկե, կա նաև որոշ երկրների հովանավորչությունը, որոնք շահագրգռված են, որ մեր տարածաշրջանում  չլինի խաղաղություն:
-Ո՞ր երկրների ՙՙականջներն՚՚ եք տեսնում Վրաստանի ահաբեկչության հետևում:
-Թուրքիան եղել է ահաբեկչության տարանցիկ երկիր, ու հիմա էլ, բնականաբար, շարունակում է հանդիսանալ ահաբեկչական ալիքի տարածողը: Ոչ պաշտոնական տվյալները դա են հաստատում: Ադրբեջանը նույնպես, հազարից ավելի ադրբեջանցիներ, ի դեպ, նաև վրացիներ ահաբեկչական խմբավորումների շարքերում մասնակցել են սիրական զարգացումներին, նրանցից շատերը բավական բարձր պաշտոններ են զբաղեցրել: Չի բացառվում, որ իրենց անմիջական մասնակցությամբ ահաբեկչական գործողությունները տեղայնացվում են: Իհարկե, այս մասին բարձրաձայնելը շահավետ չէ Վրաստանի իշխանության համար:

Մյուս կողմից, ահաբեկչությանը ներգրավված են ազգությամբ չեչեններ, չի բացառվում նաև, որ նրանք հովանավորվել են Արևմուտքի որոշակի շրջանակների կողմից: Սա ուղղված է Ռուսաստանի դեմ, փորձում են Ռուսաստանին սահմանակից երկրներում ապակայունացնել իրավիճակը:

Ըստ էության, մենք գործ ունենք պետական անվտանգության հետ, այսինքն, տարածաշրջանային պետությունները պետք է լինեն աչալուրջ, ուշադրությամբ հետևեն իրավիճակին և ուժեղացնեն իրենց անվտանգությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն