Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ԱԺ–ն պետք է ընդունի փաստաթուղթ, որը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն կորակի. Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 18, 2017թ. 22:52
Լարիսա Ալավերդյան

Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին ընդառաջ «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակները կոչ են անում ՀՀ ԱԺ-ին ընդունել որևէ փաստաթուղթ, որը  կհաստատի Գերագույն խորհրդի որոշումները, որ 1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը  հայերի դեմ ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն:

 

Նշենք, որ 2018թ-ի  փետրվարի 26-28-ին լրանում է Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցը: «Սումգայիթ – 30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» թեմայով հրավիրված ասուլիսին «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշեց, որ հարցը փաստարկված ներկայացնելու համար բավական աշխատանք է կատարվել՝  կայք է ստեղծվել, որտեղ հսկայական արխիվ է ներկայացվել, մի քանի գիքր է լույս տեսել, ֆիլմ է նկարահանվել:

 

«Ամենակարևորը, որ արվել է նախագծի շրջանակներում`կարողացել ենք Սումգայիթի հանցագործության շատ մեծ արխիվ փրկել և ներկայացնել տեսանյութեր, որոնք ոչնչացման առաջ էին կանգնած: Նյութեր են վերականգնվել` դատական, քննչական, գտնվել են նոր նկարներ, որոնք ապացուցում են մեկ անհերքելի փաստ`Սումգայիթը Ադրբեջանի ղեկավարության, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մշակված, համակարգած և  իրականցված հանցագործություն է եղել հայերի դեմ»,-ասաց նա:

 

Մարինա Գրիգորյանը նշեց, որ դրա մասին խոսում է այն փաստը, որ այդ օրերին Սումգայիթում էին գտնվում Ադրբեջանի ղեկավարները և նրանց այցից երեք օր հետո սկսվել ու շարունակվել են ջարդերը:

 

«Սումգայիթն ունի մեծ ուսումնասիրության կարիք` և արխիվը, որ հավաքել ենք, նաև դատական նյութերը, պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինչը կշարունակենք անել»,-ասաց նա և նշեց, որ տեսանյութերում վկաները, ովքեր խոսում են վայրագություններից,  հիմնականում ադրբեջանցիներ են: Բացի այդ, ըստ նրա` ֆիլմ են նկարում, որտեղ խոսում են Սումգայիթի երեխաները, որոնք տեսել են հարազատների և ոչ միայն նրանց տանջանքներն ու կտտանքները, թեև խոստովանեց, որ նրանց համար հոգեբանորեն շատ ծանր էր խոսել այդ ամենի մասին:

 

«Հայ երեխաների սպանելու ապացույցներ ունենք, կան դատական նյութեր, կրծքի երեխան խոշտանգված է»,-ասաց նա:

 

Ըստ Գրիգորյանի՝ ոճրագործությանը 1000 հոգի է մասնակցել, ովքեր կատարող դահիճներ են և ընդամենը 80-ն է որևէ պատասխնատվության ենթարկվել: «Բայց ունենք տեղեկություն, որ նրանք բառացիորեն երկու -երեք ամիս են կրել պատիժը: Միայն մեկն է դատապարտվել է մահվան, բայց ոչ ոք չգիտի` իրականացվել է մահվան վճիռը , թե ոչ։ Սումգայիթը մեր անցյալը չէ, մեր ներկան է, և պետք է իմանանք, որ այն կլինի այնքան, քանի Ադրբեջանը իրականացնում է իր հայատյաց քաղաքականությունը, որի մեթոդները դրվել են հենց Սումգայիթում»,-ասաց նա:

 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ արխիվը հավաքագրվել է 2009 թ.-ից:

 

«Մենք խնդիր ունենք, որը ծագել է 1915 թ.-ի ցեղասպանության հետ` պետք է անցնեն տասնյակ տարիներ, որ նոր միայն միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետներն ու դիվանագետները զբաղվեն խնդրով: Համայն հայությունը գտնվում է վտանգի ներքո, քանի որ Ադրբեջանի բռնարարքները շարունակվում  են արտահայտվել ավելի դաժան ձևերով: 2016թ-ի ապրիլը բոլորիդ ցնցեց իր բարբարոսական ձևերով, պետք է իմանալ, որ ինչ կիրառվել էր ապրիլին, դրանք արդեն իսկ կիրառվել էին Սումգայիթում: Մասնագետներն ավելի ուշադիր ու հմուտ պետք է լինեն այս հարցերում, անպատժելիությունը ապահովում է հանցագործության շարունակականությունը: Չի լինում, որ մեկը չպատժվի և չշարունակի հետո այդ նույն քաղաքականությունը»,-ասաց նա և նշեց, թե համայն հայությունը պիտի ուժերը լարի և հասնի նրանց պատասխնատվության ենթարկելուն:

 

Ասուլիսին ներկա ամերիկահայ գրող ու հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան – Տերկոտիը Բաքվի փախստական է, ով գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին պատմող «Գաղթ դեպի անհայտություն» («Изгнание в никуда») գիրքը: Աննան 11 տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգությունը: «Եթե մոռանանք, կկրկնվի, պետք  է շատ խոսել այդ մասին և պատասխանտվություն պահանջել»,-ասաց նա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն