- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հայկական կողմը Հայաստան-Իսրայել հարաբերությունները ոչ թե հակադրում, այլ համադրում է հայ-իրանական համագործակցությանը

Հայաստանը սուվերեն երկիր է և կարող է ու պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը` հայ-իրանական համագործակցության խորացմանը զուգահեռաբար զարգացնելով հարաբերությունները նաև Իսրայելի հետ. Հարկադրված լինելով գոյակցել երկու հարևան երկրների կողմից փակ սահմանների պայմաններում` Հայաստանը էլ ավելի է կարևորում կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Հայկական կողմը Հայաստան-Իսրայել հարաբերությունները ոչ թե հակադրում, այլ համադրում է հայ-իրանական համագործակցությանը: 


Հայկական կողմն իր հերթին չի խոչընդոտում Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա գործակցությանը. Զուգահեռաբար զարգանում են նաև Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, ինչը մասնակի, սակայն միաժամանակ շոշափելի նշանակություն ունեցավ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման հարցում. Հայկական կողմը հայ-իսրայելական երկխոսության ակտիվացումը, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է նաև Իսրայել-Ադրբեջան համագործակցության հավասարակշռման տեսանկյունից:


Ինչպես և տրամաբանորեն սպասվում էր, Ադրբեջանը կփորձի հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման միտումները արհեստականորեն բերել հայ-իրանական դաշտ՝ փորձելով հնարավորինս սեպ խրել Հայաստան-Իրան համագործակցության հարցում։ Բաքուն սա դիտում է նաև՝ որպես հնարավորություն, մեր տարածաշրջանում իսրայելական գործոնի ներգրավվածության խնդրի հետ կապված Թեհրանի մտահոգությունները Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործակցությունից շեղել դեպի հայ-իսրայելական հարթություն։

ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ