Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան

ՄԻԵԴ-ում սկսվել է ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունների մասով գործերի քննությունը

Նոյեմբեր 11, 2017թ. 12:28
Ռուեն Մելիքյան

Հարցազրույց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ
Անկախ նրանից, թե արցախյան հիմնախնդիրը ե՞րբ կստանա իր քաղաքական լուծումը, այնտեղ ապրում են մարդիկ, որոնք ունեն սոցիալական, կրթական, առողջապահական և այլ իրավունքներ, ու հակամարտության չլուծված լինելը չպետք է պատճառ դառնա դրանց անտեսման: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Արևմուտքը Արցախի մարդկանց իրավունքների պաշտպանությամբ առանձնապես չի էլ հետաքրքրված: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-2016 թվականի ապրիլից հետո տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն. այսօր խոսելով արցախահայության անվտանգության մասին, մենք դրա կողքին բարձրաձայնում ենք նաև սովորական մարդու իրավունքները, որոնք ուղղակի կապ չունեն հակամարտության հետ: Այն, որ Արևմուտքում ավելի քիչ են խոսում այս հարցերի շուրջ, կարծում եմ, որ դրանում կա նաև մեր մեղքի բաժինը, որովհետև մենք այդ խնդիրները բավարար չափով չենք բարձրաձայնել: Բայց այժմ մենք գրանցել են որոշակի զարգացում՝ մեր գործընկերների համար ավելի հասկանալի լինելու առումով:
Արցախի Հանրապետության ՄԻ պաշտպանի պաշտոնում աշխատածս ընթացքում ես բազմաթիվ շփումներ եմ ունեցել, այսպես կոչված, գլոբալ իրավապաշտպան հանրության ներկայացուցիչների հետ, նպատակս այն է, որ նրանց մոտ ավելի մեծ շահագրգռվածություն առաջ բերեմ Արցախում աշխատելու հարցում, որպեսզի նրանք հասկանան, թե ո՞ւմ հետ գործ ունեն և ինչպե՞ս կարող են աշխատել մեզ մոտ: Ներկայացնում եմ, որ Արցախում մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, ունեն նույնպիսի խնդիրներ, ինչպիսիք ունեն բոլորը, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է Եվրոպայի հետ ավելի լայն համագործակցության:
Հոկտեմբերի 20-ին ՙՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚՚ կազմակերպությունը Բրյուսելում հրավիրել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Եվրոպայի փորձագիտական և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչներ, նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ու ես: Ելույթ ունենալով ես ընդգծեցի միջազգային իրավապաշտպան համայնքի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը, ներկայացրեցի Արցախում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլեր։
Ի դեպ, մի ուրախալի փաստ արձանագրեմ. վերջերս Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրում, որը համարժեք է ՀՀ կառավարության ծրագրին, առաջին անգամ հստակ ամրագրվեց ԱՀ-ում մարդու իրավունքների ազգային ռազմավարություն մշակելու և կենսագործելու ԱՀ քաղաքական իշխանության հանձնառությունը։ Այս մասին նաև Բրյուսելում տեղեկացնելով՝ նշեցի, որ ռազմավարության մշակման հարցում ակնկալում ենք լայն համագործակցություն միջազգային իրավապաշտպան համայնքի հետ։ Այս քայլով մենք միջազգային իրավապաշտպան հանրությանն ասում ենք, որ ընդունում ենք այդ խաղի կանոնները և պատրաստ ենք դրա շրջանակներումհամագործակցել:
Իհարկե, ընդունելի է նաև այն մոտեցումը, որ եվրոպական իրավապաշտպանները ոչ միշտ են հավատարիմ այն արժեքներին, որոնք դրված են Եվրոպայի հիմքում և սա փաստ է: Բայց մենք պետք է ոչ թե դրա վրա սևեռվենք, ոչ թե դա հիմք ընդունենք, այլ այն, թե մենք ի՞նչ կարող ենք անել իրավիճակի վրա ներազդելու համար:
Իրականում Եվրոպան ու, ընդհանրապես, մարդու իրավունքների աշխարհը միատարր չէ, այլ բազմաշերտ է: Կան ավելի ազնիվ, կան ավելի քիչ ազնիվ շերտեր: Սա իրականություն է ու մենք դա հաշվի առնելով՝ պետք է աշխատենք այն կառույցների հետ, որոնք միայն մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, ոչ թե քաղաքականությամբ, որոնց համար մարդու իրավունքները շատ ավելի գերակա են, քան քաղաքական գործոնները: Իսկ որպեսզի նման կառույցները նաև Արցախում աշխատեն՝ որոշակի նախադրյալներ են հարկավոր, այդ թվում և այն, որ մենք պետք է ավելի բաց լինենք, կարողանանք նրանց հետ ավելի ազատ խոսել, հարաբերվել, ավելի շատ ջանք գործադրենք այդ կառույցների հետ աշխատելու: Այսօր մենք փորձում ենք դա անել, որովհետև, ըստ իս, դա ունի երկակի նշանակություն. առաջին ու կարևոր նշանակությունը Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ինչի գերակայությունն ամրագրված է ԱՀ Սահամանադրությամբ: Երկրորդ, մի իրավիճակ է, երբ Արցախում բացակայում է միջազգային իրավապաշտպան հանրությունը, մեկ այլ իրավիճակ է, երբ այն ներկա է, քանի որ այդ հանրության ներկայությունը նաև անուղղակիորեն ունենում է հակամարտության լարվածությունը զսպող նշանակություն: Դրանում կարելի է համոզվել համեմատություն անելով այն խնդրահարույց տարածքների հետ, որտեղ միջազգային իրավապաշտպան հանրությունը շատ ավելի ներկա է. այդտեղ ռազմական գործողությունների հավանականությունն ինքնին նվազում է: Եվ այս կարևոր հանգամանքը մենք պետք է կարողանանք աշխատացնել:
Արցախի Հանրապետությունը ի՞նչ չափով է ներկայացված միջազգային տարբեր ծրագրերում՝ լինեն դրանք կրթական, սոցիալական, բնապահպանական, թե առողջապահական, և ի՞նչ պետք է անել դաշտն ավելի ընդգրկուն դարձնելու համար:
-Արցախը որոշակի ծրագրերում ունի մասնակցություն, գործընթաց կա կրթության ուղղությամբ: Այս պահին ԵՄ ֆինանսավորմամբ Արցախում իրականացվում են դրամաշնորհային ծրագրեր երիտասարդության շրջանում, ֆինանսավորվում են հասարակական կազամակերպությունները: Ասել, թե բացարձակ ոչինչ չկա, ոչինչ չի արվում՝ այդպես չէ, բայց այս մակարդակը մեզ համար բավարար չէ: Մենք պետք է շատ ավելի հասկանալի լեզվով աշխատենք միջազգային իրավապաշտպան հանրության հետ, ինչը և անում ենք: Բայց իմ պատկերացմամբ, այդ աշխատանքը շատ ավելի ոչ հրապարակային է, դրա համար չեմ ուզում ավելին թվարկել, նպատակահամար չեմ համարում, քանի որ ցանկացած ծրագրի հրապարակայնություն միշտ բերում է հակազդեցության:
-Նկատի ունեք ադրբեջանական հայտնի սև ցուցակն ու դրա հակազդեցությո՞ւնը:
-Չէ խնդիրը դա չէ, չնայած, վերջնարդյունքում սև ցուցակները որոշակի ազդեցություն ունենում են: Բայց մինչև դրանց հասնելը պետք է հարաբերություններ հաստատել միջազգային իրավապաշտպան կազմակերպություների հետ, ամրապնդել այն ու հասնել նրան, որ այդ հարաբերությունները խարսխվեն վստահության վրա: Հրապարակայությունը խանգարում է այն իմաստով, որ եթե դու հանդիպում ես մարդու իրավունքների որևէ կազմակերպության հետ ու հաջորդ օրը հայտարարում այդ մասին, նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հանդիպումը բացառապես այդ նպատակն էր հետապնդել: Սրանք կարևոր գործոններ են և պետք է հաշվի առնել, քանի որ մեր նպատակը ոչ թե ինչ-որ բան հայտարարելն է, այլ աշխատելը:

-Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված սարսափելի վայրագությունների փաստերը հավաքելով՝ դուք նոր զեկույց կազմեցիք. այն որչա՞փ ներկայացվեց միջազգային ատյաներում ու ի՞նչ դեր ունեցավ:
-Այո, կազմել ենք զեկույց, որի մասին բարձրաձայնել ենք ու շնորհիվ մեր իրավապաշտպան գործընկերների զեկույցը բավականին մեծ տարածում ունեցավ: Մի շարք իրավապաշտպան կառույցներ օգտագործեցին մեր զեկույցը՝ հղումներ անելով փաստաթղթին: Այսինքն՝ զեկույցը դարձավ կարևոր աղբյուր, որից տարբեր մասնագետներ այժմ օգտվում են: Զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատիժ (execution), և մարմինների անարգում: Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատիժե: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա, մեր հիմնավորումներով, հենց մահվան պատիժ է՝ հայ լինելու համար: Հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես պետական քաղաքականության արդյունք, ինչն էլ հասարակության մեջ այսպիսի հետևանքների է հանգեցրել:
Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքի դրսևորում է, մենք հիմնավորել ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ: Եզրակացությունն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլին հանցագործություն է կատարել, և դա բոլոր ուղղություններով համակարգված բնույթ է կրել, նրանց հսկողության տակ հայտնված բոլոր հայերի նկատմամբ՝ զինվորական և քաղաքացիական: Սա միջազգային հանրության համար ահազանգ էր: Զեկույցը դիվանագիտական խողովակներով տարածվեց, իսկ մեկ տարի առաջ իմ կողմից ներկայացվեց նաև Եվրախորհրդարանում:
Այսօր կարևոր հանգամանք է այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն սկսվել է իրավական գործընթացը: Ի դեպ, դա մեր գրասենյակի արածը չէ, ՄԻԵԴ-ին ներկայացվել են դիմումներ, և վերջինս, հատկապես ադրբեջանցիների վայրագությունների մասով գործերն արագացված կարգով քննության է առնում: Փաստաբաններ աշխատում են, հատուկ ընդգծեմ, որ նրանք պետության փաստաբանները չեն, ոչ էլ կապ ունեն Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի հետ, նրանք ներկայացնում են կոնկերտ զոհերին ու նրանց իրավահաջորդներին:
-Անհրաժեշտ չափով օգտագործո՞ւմ ենք միջազգային հարթակները՝ իրազեկելու, որ արցախյան հիմնախնդիրը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ թե՜ երեկ, թե՜ այսօր արցախահայության գլխին կախված է լրջագույն սպառնալիք, քանի որ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակը՝ ոչնչացնել արցախահայությանը:
-Եթե ձեր հարևան բնակարանից անընդհատ նույն ձայնը հնչի, չե՞ք սովորի այդ ձայնին, ու դրանով իսկ անտարբեր չե՞ք դառնա այդ ձայնի հանդեպ: Ես կողմնակից եմ ավելի ստեղծարար մոտեցումների, այսինքն, ոչ թե բոլոր հարթակներում այնընդհատ նույն տեոքստը ասել, ինչպես անում է Ադրբեջանը, այլ աշխատել լսարանը հաշվի առնելով: Այսօր աշխարհում կան բազմաթիվ խնդիրներ և միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է տարբեր տարածաշրջանների վրա: Այն հնչեղությունը, որ ունի արցախյան խնդիրը չի կարելի ասել, թե ավելի փոքր է, քան նրա օբյեկտիվ բովանդակությունը: Տեսեք, Աֆրիկայում կարող են հարյուր հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով մահանալ և միջազգային հանրությունը դրա մասին շատ ավելի քիչ խոսի, քան այլ փոքր խնդիրների մասին: Մենք պետք է հասկանանք, որ արցախյան խնդիրը, ցավոք, բոլորին չի հետաքրքում: Ավելին, այսօր եվրոպական օրակարգում այն առաջնային հարց չէ՝ ոչ առաջին հնգյակում է, ոչ էլ տասնյակում: Եվ այս իրողության մեջ կարևորը ոչ թե անընդհատ խոսելն է, այլ ընկալելի խոսելը, կարևորը նույն բանն անվերջ ասելու մեջ չէ, այլ յուրաքանչյուր լսարանի հետ աշխատելը՝ նրան հասկանալի ու հասանելի ձևով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն