Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ընտանեկան բռնության մասին օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին. Դեմկուս

Հոկտեմբեր 17, 2017թ. 13:59

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

                                           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը քննարկելով Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, փաստում է.

  • դատապարտելով բռնության դրսևորումները, հատկապես՝ ընտանիքում,
  • կարևորելով հանրային կարծիքի ազդեցությունն ընդդեմ ընտանիքում կատարված բռնության,
  • անհրաժեշտ համարելով անձի նկատմամբ բռնության դեպքի բացահայտումն ու պատժի անխուսափելիությունը,

գտնում է, որ օրինագծի այն դրույթները, որոնք հանրային քննարկումների արդյունքում կարժանանան հավանության, կարող են ընդգրկվել  արդեն իսկ գործող <<Ընտանեկան օրենսգրքում>>, <<Քրեական օրենսգրքում>> և այլ համապատասխան օրենքներում, ինչն էլ կբացառի նոր օրենքի ընդունումը:

Մեր առաջարկը հիմնավոր է, քանի որ նախագիծը իրավահարաբերությունները կարգավորելու տեսանկյունից կա՛մ բացահայտ թերի է, կա՛մ բոլորովին անտեսում է դրանք:

Համամիտ ենք այն փորձագետների կարծիքին, ովքեր հիմնավոր պնդում են՝ օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին, ընտանիքում ընդունված դաստիարակության կարգին:  Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ, ինչի արդյունքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, ընտանիքի <<մեղավոր>> անդամին շանտաժի ենթարկելու, ահաբեկելու, կաշառք կորզելու դեպքերը:

Ավելին: Անհիմն է հսկայական միջոցներ ծախսել օրինագծով նախատեսված ենթակառուցվածքների ստեղծման և դրանց ամենօրյա գործունեության ապահովման վրա, երբ այդ գումարները կարող են ուղղվել խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական և տնտեսական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, Ազգային Ժողովում հավանաբար կկազմակերպվեն հանրային լսումներ, որտեղ առավել մանրակրկիտ կներկայացնենք նաև մեր տեսակետը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

17.10.2017թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն