Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիաներն են, եթե մենք դա անտեսեցինք՝ կդառնանք աֆրիկյան մահացող երկիր

Նոյեմբեր 8, 2017թ. 17:32
Ատոմ ՄԱրգարյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները երեկ  առավոտից դասադուլ էին  անցկացնում: Ստեղծված իրավիճակով մտահոգ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ հարկավոր է շուտափույթ ելքեր մշակել, քանի որ մի կողմում մեր երկրի պաշտպանական խնդիրներն են,  մյուս կողմում կա զորակոչի ժամանակ  արդարություն հաստատման պահանջ, իսկ երրորդ կողմում ուսանողների բողոքն է, որը  չի կարելի անտեսել:

Ցույցի դուրս եկած ուսանողների հետ իր զրույցներից Մարգարյանը համոզվել է, որ պահանջներ ներկայացնողները լավ սովորող, գիտության, կրթության հարկն իմացող, գնահատող ու արժևորող ուսանողներն են: <<Այս տղաներն իրենց կուրսերում այսպիսի  իրավիճակի ականատես են. տեսնում են, որ կողքի նստած ուսանողը, որն առողջական խնդիրների պատճառով ազատվել է բանակից,  իրականում առողջական խնդիրներ չունի ու իր ուսումնառության  տարիներին  ոչ մի անգամ այդ խնդրով չի դիմել որևէ  բուժհաստատություն: Այսինքն, եթե խոսում ենք արդարության մասին, ապա չպետք է  մոռանալ, որ այն մի քանի կողմեր ունի>>.,- զգուշացնում է  Ատոմ Մարգարյանն ու առաջարկում է օրենսդրական ողջամիտ լուծում տալ խնդրին,  ճիշտ գնահատել իրավիճակը,  սահմանել մեխանիզմներ, որով կարգելվի կրթության հանդեպ սեր չունեցող պաշտոնյաների ու հարուստների  տղաներին ստանալ  տարկետում:

Տարին մեկ անգամ բուհերն անցկացնում են ռոտացիա՝ առաջադիմության նախորդ տարվա արդյունքների հիման վրա, և այն տղաները, որոնք չեն համապատասխանի այդ չափանիշներին, կզորակոչվեն բանակ

Ատոմ Մարգարյանը խնդրի լուծման սեփական առաջարկն է ներկայացնում: <<Չնայած  նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն կարելի է նրանում որոշակի ճշգրտումներ մտցնել: Այսպես, ներկայիս, գործող  կարգի համաձայն բուհերում գործում է ռոտացիոն սկզբունքը.  տարկետում ստացած այն տղաները, ովքեր լավ չեն սովորում, զրկվում են անվճար սովորելու իրավունքից, բայց տարկետման իրավունքից  չեն զրկում: Առաջարկում եմ՝ այդպիսիններին  զրկել  նաև տարկետումից: Եթե պարզվում է, որ մարդը չունի գիտելիքներ, չունի սովորելու կարողություն և զարտուղի  ճանապարհներով է խցկվել  տարկետման  համակարգ՝ գրավելով մեկ ուրիշի, ավելի խելացի երեխայի տեղը, նրան պետք է զրկել  տարկետման իրավունքից  հենց երկրորդ կուրսից ու զորակոչել բանակ:

Ատոմ Մարգարյանը փոխզիջումային  տարբերակի կիրառումը համարում է անհրաժեշտություն .<<Այլապես այս օրենքով ոչ թե կավելանա  բանակի զորակազմը,  այլ  <<հիվանդների>> թիվն ու արտագաղթը, ինչն արդեն նկատվում է:  <<Միջին տարիքի տաղանդավոր երեխա ունեցողներն արդեն իսկ մտածում են երկրից դուրս գալու մասին: Հարկավոր է լրջորեն ուսումնասիրել իրավիճակը, նաև հանրային տրամադրությունները  և նոր միայն նման բախտորոշ որոշում կայացնել>>:

<<Նա, ով երկու, երեք տարի գնաց բանակում ծառայելու, բացառվում է, որ գա ու գիտությամբ զբաղվի, իսկ Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիաներն են:  Եթե մենք դա անտեսեցինք՝ կդառնանք աֆրիկյան մահացող երկիր>>, -եզրափակեց իր խոսքը Ատոմ Մարգարյանը:

 

 

 

ArmarLur.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն