Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Որքա՜ն տխուր կլինեին ավագանու նիստերը, եթե չլիներ ԵԾ կանանց <<գունդը>>

Հոկտեմբեր 31, 2017թ. 19:05
ԵԾ

Երևանի  քաղաքապետարանի ավագանու նիստերը հաստատ այսչափ ուրախ չէին անցնի, եթե ավագանում չլիներ <<Երկիր Ծիրանի>> խմբակցության կանանց եռյակ <<գունդը>>, որին միտք, գաղափար, և վերջապես, <<դրայվ>> տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ի դեպ, եթե խորհրդարանն ազատվեց Զարուհու անիմաստ ագրեսիվ ներկայությունից,  փոխարենը  քաղաքապետարանն է հայտնվել նրա նպատակային ու կանխամտածված  <<հարվածների>> տակ: Տիկնոջ խորհրդարանական  ագրեսիան այստեղ՝ քաղաքապետարանում ուղղակի փոխակերպվել է խեղկատակության:

Զարուհին ու իր զինակից կանայք  դեմ են քվեարկում օրակարգի բոլոր հարցերին, բոլոր առաջարկներին, անկախ նրանից՝  հնչածը լավ, թե վատ առաջարկ է, էական չէ, էականը՝ ընդդիմադիր շոումենի խելագար դերի մեջ լինելն է: Ինչն արտահայտվում է նրանով, որ կանայք աջ ու ձախ վիրավորում են  մարդկանց ու զազրախոսում  հեղինակավոր անձանց հասցեին:

ԵԾ կանանց գունդն ապշեցնում է օրենքների չիմացությամբ, ներկայացված  օրակարգի, հնչող հարցերի և առհասարակ, համայնքային խնդիրների անտեղյակությամբ:

Կարևոր թեմաների քննարկման պահին հանկարծ բարձրացնում են բոլորովին այլ հարցեր, և խոսում  ներկայացված նախագծերի հետ որևէ  առնչություն չունեցող թեմաներից:

ԵԾ տիկնայք յուրօրինակ գործելաոճ են որդեգրել. Զարուհի Փոստանջյանը գրեթե  չի խոսում՝ հարցեր չի տալիս, ելույթներ չի ունենում, փոխարենը այդ ծանր պարտականությունը դրել է  Մարինա Խաչատրյան- Սոնա Աղեկյան զույգի վրա: Փաստորեն, Զարուհին իրականում դիրիժորություն է անում, հենց տեղում, շուտասելուկի պես կանանց  հուշելով,  թե վերջիններս ինչի՞ մասին պետք է  բարձրաձայնեն, սրանք էլ  հրահանգի համաձայն դիրքավորվում են ու սկսում, շատ հաճախ արժանանալով ներկաների ծիծաղին: Իսկ առավել զավեշտալիցն այն է, որ կանայք իրենց անիմաստ հարցերն ու ելույթները  հնչեցնում են  դեմքի այնքան լուրջ արտահայտությամբ, կարծես, իրոք, լուրջ գործով են զբաղված:

Չնայած Զարուհին ու իր հեծյալ գունդը որոշել են դժոխքի վերածել քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային օրերը, փորձում են նյարդայնացնել, հունից հանել քաղաքապետին, բայց դա նրանց չի հաջողվում. քաղաքապետը հանդարտ տոնով շարունակում է վարել նիստը՝ մեծահոգաբար շրջանցելով վերջին շարքում տեղավորված եռյակի նյարդային արձագանքները:

Տիկնանց ցանկություն է անվերջ գտնվել տեսախցիկների տեսադաշտում: Ինչպես տեղին նկատեց ավագանու ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանը,  երբ  միացվում են լրատվամիջոցների տեսախցիկները, ձայնագրիչները ու սկսվում նկարահանումը ԵԾ խմբակցության կանայք անմիջապես անցնում են նիստը խանգարելու իրենց գործին, նրանց բարձրախոսները միշտ միացած են, ամեն ինչ անում են, որ իրենց ձայնը լսելի լինի լրատվամիջոցների համար.ՙԻսկ սա ակնհայտորեն մեկ բան է նշանակում, ոչ թե ուզում են աշխատել Երևանի համար, այլ ծառայում են ինչ-որ «ականջների»:

Երեկվա նիստին  կանանց գույնդը <<զինված>> էր եկել՝ այն հերթական շոուի  վերածելու մտադրությամբ: Մարինե Խաչատրյանի աթոռի մոտ մի թղթե տոպրակ էր դրված, որի մեծ չափերն անգամ գրավեցին ներկաների ուշադրությունը: Եվ մինչ լրագրողներով մեկմեկու հարցուփորձ կանեինք՝ հասկանալու,  թե ի՞նչ է տոպրակի պարունակությունը, տիկինը բացեց այն ու հանեց մի մեծ բարձրախոս, իսկ և իսկ փողոցային երթերի, ցույցերի բարձրախոսերի պես: Հետո արագ լիցքավորեց ու մոտեցրեց բերանին. dահլիճում պոռթկաց ծիծաղը: Բարձրախոսից բացի ԵԾ սեղանի պարունակությունը մեկ այլ իրով ևս տարբերվում էր մյուսներից. նրանց սեղանին կա ժամացույց, ոչ սովորական, այլ ավազի…

 

                                    <<Երկիր Ծիրանի>>-ի շոուն տապալվեց

 Ավագանու երեկվա նիստը հայտնվել էր լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում, շնորհիվ դեռ օրեր առաջ ԵԾ նախագահ Փոստանջյանի բարձրացրած մեծ աղմուկի: Տիկնոջը վրդովվեցրել էր, որ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը <<հանդգնել>> է Երևանում բացառիկ մշակութային կենտրոն ստեղծել, իսկ քաղաքապետարանը հավանության է արժանացրել  «Արվեստի այբուբեն» մշակութային կենտրոնի հիմնադրամի  ներկայացրած ծրագիրն ու Կանազ մշակութային կենտրոնը 10 տարվա անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել վերոնշյալ  հիմնադրամին:

Տեղեկացնենք, որ կենտրոնում, նորոգումից հետո, նախատեսվում է իրականացնել թատրոնի, արվեստի դպրոց, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր: Նախագծի հեղինակները խոստանում են՝  կենտրոնը վերածել մակութային արժեքների տարածման մի հրաշալի վայրի:

Ինչպես ներկաներն էին նշում՝ սա բացառիկ դեպք է, երբ հսկայական գումարներ է ներդրվում ոչ թե առևտրի կենտրոն, այլ մշակութային օջախ ստեղծելու համար: Բայց արի ու տես, որ Հրանտ Թոխատյանի ու պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի այս հրաշալի նախաձեռնությունն արժանացավ Փոստանջյանի անխնա քննադատությանը: Վերջինս տարածեց մի հայտարարություն, ուր փորձեց  հեղինակազրկել, պիտակավորել թե՛ նախագծի հեղինակներին, թե՛ արժեզրկել  կատարվելիք աշխատանքը: Ինչին Թոխատյանն արձագանքեց իրեն բնորոշ  հումորով. <<Ինքը գեղեցիկ կին է, իր կուսակիցները՝ նույնպես բավականին ներկայանալի կանայք են, տարօրինակ է, որտեղի՞ց այդքան զայրույթ նրանց մեջ>>:

<<Օգտակար գործին  որակումներ եք տալի՞ս>>,-փոխքաղաքապետ Սուքիասյանին վրդովվեցրել էին ժողովրդական արտիստի հասցեին ուղղված փոստանջյանական վիրավորանքները.<<Սա ի՞նչ վերաբերմունք է, հեգնո՞ւմ եք, ծաղրում  ե՞ք, բա, որ մշակութային գործիչները սկսեն ձեզ հեգնել ու ծաղրել, տակից դուրս ե՞ք գալու: Կոչ եմ անում կոռեկտ լինել>>:

Իսկ Թոխատյանը  բոլորին հրավիրեց գնալ ու տեսնել շենքը՝ ոչ թե դրսից, որը հրաշալի պատմամշակութային  կոթող է, այլ ներսից.<<Ասում ենք պատմամշակութային կոթող է, բայց ի՞նչ է մնացել նրանից, բացի  դրսի պատերից՝ ոչինչ։ Բարբարոսական վերաբերմունք է եղել շենքի հանդեպ, ես ուզում եմ վերականգնենք շենքը, որպեսզի այն  ծառայի մշակույթին>>։

Երբ հերթը հասավ հարցեր տալուն, Փոստանջյանի ցուցումով տեղից վեր թռավ ԵԾ ավագանի Մարինա Խաչատրյանն ու հայտարարեց՝ Արմեն Համբարձումյանը, որը  2,5 տարի «Կանազ» մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է, շենքը վերածել է ավերակների, ուրեմն՝ <<Ինչպե՞ս կարելի է այդ մարդուն շարունակել վստահել ինչ-որ գործողություններ անել, թեկուզ այլ մարդկանց օգնությամբ>>: Տիկինը կրկին, սովորականի պես փաստերն իրար էր խառնել՝ կամ անգիտության կամ չտեղեկացված լինելու պատճառով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը փորձեց անտեղյակ տիկնոջը բացատրել, որ շենքն այդ վիճակին հասցվել է ոչ թե 2,5,  այլ 25 տարիների ընթացքում, իսկ մեղավորը ներկայիս պաշտոնակատար Արմեն Համաբարձումյանը չէ, վերջինս կազմակերպության տնօրենի պաշտոնակատար  է նշանակվել, որպեսզի իրականացվի շենքը մասնավորից վերցնելու ու  երևանցիներին վերադարձնելու  գործընթացը : Տիկինը, սակայն,  փաստերը կեղծելու համար  ներողություն խնդրելու փոխարեն շարունակեց պնդել իրականության հետ ոչ մի կապ չունեցող <<փաստարկը>>: Քաղաքապետ Մարգարյանին այլ բան չմնաց,  քան խորը հոգոց հանելով` հավելել. «Ես մանրակրկիտ բացատրեցի, հասկացողներին շնորհակալություն, չհասկացողներին ուրիշ բան չեմ կարող ասել»

Արա Երնջակյանը չդիմացավ.<<Որոշ մարդկանց  պիտակավորման նպատակը սա է՝ ինչ-որ սխալ տեղեկատվություն տալ, իսկ հետո հարյուր խելոք մարդ թող կարողանա դրա տակից դուրս գալ>>:

<<Ելք>>-ի ավագանու խմբակցության անդամներն, ի պատիվ իրենց, աչքի ընկան կառուցողական պահվածքով. բարձր գնահատեցին Թոխատյան դերասանի աշխատանքը, որի  կերտած կերպարներով են դաստիարակվել նաև իրենք, ասացին՝  կողմ են քվեարկելու ավերակը մշակութայինի կենտրոն դարձնելու գաղափարին, միաժամանակ ուշի-ուշով վերահսկելու են իրականացման ընթացքը:

Ելք-ի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նկատեց.<<Հաճելիորեն զարամացած եմ,  երբ լսեցի, որ Կանազի մշակութային կենտրոնը,որը տրվել էր մասնավորին,  հաջողվել է հետ բերել: Սա լավ նախադեպ է: Օգնենք իշխանությանը դա անել>>:

Ավագանու ՀՀԿ-ական ու Ելք-ի բոլոր անդամները կողմ քվեարկեցին ու բարի ճանապարհ մաղթեցին նախաձեռնության հեղինակներին՝ ամեն մեկն իր հերթին խոստանալով իր աջակցությունը ցույվց տալ նրանց:

Անկյունում մնացին օրվա շոումենները՝ բոլորից անտեսված:

 

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն