Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանական կողմն այդքան էլ խանդավառված չէ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի գործարկմամբ

Նոյեմբեր 2, 2017թ. 01:47
Վարդան Ոսկանյան

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի փորձնական գործարկումն, ըստ էության, Հայաստանի գործողությունների օրակարգը չի փոխել՝ որքան էլ պարադոքսալ թվա, ինչ-որ առումով նույնիսկ ավելի լայն մանևրի դաշտ ստեղծելով մեզ համար:

Բանն այն է, որ իրանական կողմը, դատելով ոչ պաշտոնական արձագանքներից, մեղմ ասած, այդքան էլ խանդավառված չէ այս երկաթգծի գործարկմամբ՝ համարելով, որ այն միտված է նաև Իրանը դուրս թողնելու միջազգային տրանսպորտային ծրագրերից կամ առնվազն որոշակիորեն սահմանափակելու այս երկրի ներկայությունը Հարավային Կովկասում:

Եթե հաշվի առնելու լինենք նաև այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս իրանական ազդեցիկ ԶԼՄ-ներում Իրանի հետ տրանսպորտային ծրագրեր իրականացնելու ասպարեզում ադրբեջանական ակտիվությունը գնահատվել էր որպես Բաքվի կողմից խաբեություն և այդ միջոցով հենց Իրանի ներսում իսրայելական ներկայության ապահվման փորձ, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:

Հաշվի առնելով այս ամենը՝ մեծ իմաստնություն պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանից պահանջվում են լրջագույն մոտեցումներ Իրանի հետ կապված առնվազն երկու տրանսպորտային ծրագրերի՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթուղու, կյանքի կոչման ոլորտներում:

Այս առումով, ըստ իս, նշված երկու ծրագրերն էլ պետք է հայտարարվեն Հայաստանի համար համազգային առաջնահերթություններ, իսկ դրանց իրականացման գործը նաև ազգային պատվի հարց, ինչի արդյունքում պետք է բացառվի ոչ միայն ցանկացած կոռուպցիոն ռիսկ, այլ նաև ծրագրերի պատասխանտու յուրաքանչյուր պաշտոնյանի անգործություն կամ թուլամորթություն պետք է գնահատվի որպես սաբոտաժ՝ դրան անմիջապես հետևող պատժով:

Հայաստանը հավերժ է, բայց ոչ հավերժ «փակուղի», իսկ այդ «փակուղին» մայրուղի դարձնելը բացառապես մեր գործն է, որը պահանջում է տքնաջան, սակայն իր արդյունքով համազգային հպարտության արժանի աշխատանք:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն