Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ

Օտար արժեքների ագրեսիվ ու վերջնագրային ինտերվենցիաները փոքր ազգերից ու պետություններից գերճիգեր են պահանջում

Հոկտեմբեր 31, 2017թ. 16:04
Գորգ

Ամերիկացի Ս. Հանթինգտոնի առաջ քաշած «Քաղաքակրթությունների բախման» տեսությունն իրականություն է դառնում կամ արդեն իսկ դարձել է: Եթե մի քաղաքակրթություն փորձում է իր արժեքներն ուժով ստիպել մյուսներին, օգտվելով իր ֆինանսական և տեխնոլոգիական առավելությունից` մյուսներին պարտադրել իր կենցաղային ու սոցիալական վարքագծի կանոնները, ապա կոնֆլիկտն անխուսափելի է: Էական չէ, թե կոնֆիլիկտն ի՞նչ վերջաբան կունենա, էականն այն է, որ կոնֆլիկտն անխուսափելի է:

Նաև ուշագրավ է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ դեղատոմսն առաջարկել է Իրանի նախկին նախագահ Մ. Խաթամին` «Քաղաքակրթությունների երկխոսության» տեսությամբ: Բայց Խաթամիի տեսությունն առայժմ գաղափարախոսության չի վերածվում: Գաղափարախոսությունը տեսությունից տարբերվում է նրանով, որ կրողներ և իրականացնողներ է ունենում: Բայց, քանի դեռ մի քաղաքակրթությունը վստահ է իր արժեքների բացառիկության և ճշմարտացիության հարցում, իսկ մյուսները դեռ բավարար ուժ չունեն ստիպելու դոմինանտ քաղաքակրթությանը գնալու երկխոսության, այս վտանգավոր իրավիճակը շարունակություն է ունենալու:

Այս բարդ և վտանգներով լի աշխարհում իրապես դժվար է պահպանել ազգային ինքնությունն ու պետական ԵՍ-ը, համահարթեցման և օտար արժեքենրի ագրեսիվ ու վերջնագրային ինտերվենցիաները փոքր ազգերից ու պետություններից գերճիգեր են պահանջում: Եթե անկեղծ, մենք չենք կարող տեսակով չլինել ազգային-պահպանողականներ, գոնե մեր մեծամասնությունը: Ազգային-պահպանողականը միայն եղածը, նախնիների ստեղծած արժեքի պահապանը չէ, ազգային-պահպանողականը ազգային և համամարդկային, տիեզերական ու հավիտենական արժեքների պահապանն է, իսկ այդ արժեքները միայն նախկինում չեն ստեղծվել, դրանք այսօր էլ են ստեղծվում:

Եվ, եթե մենք ցանկանում ենք վտանգներով լի այս խիստ մրցակցային աշխարհում մեր տեղը պահել արևի տակ, այս մի կտոր հողի վրա պահպանել ու ամրացնել մեր պետականությունը, ներկա ու ապագա կերտել մեր սերնդին բաժին հասած Հայրենիքի գոնե այս փշրանքների վրա, ապա պետք է մեր հայացքն ուղղենք դեպ մեզ ժառանգված սիմվոլները: Սա է ազգային-պետական ինքնության պահպանման միակ փրկօղակը, որ կարողացել են դարերի խորքից մեր օրեր նետել մեր իմաստուն, բայց դժբախտ նախնիները: Այս սիմվոլներն են անցյալի, ներկայի և ապագայի կայուն շարունակականության երաշխավորը:

Սրանք են այն քաղաքակրթական կամ ենթաքաղաքակրթական արժեքները, որոնք ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում հանդիսանալու են մեր ինքնության «սոֆթի» անտվտանգության կոդերը: Այս սիմվոլներն են գալիք սերունդներին թույլատրելու կրկնել չարենցյան տողերը`
«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան»:

ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն