Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Դիլիջանի անտառները՝ կռվախնձոր

Հոկտեմբեր 30, 2017թ. 17:15
Դիլիջան անտառները

Շուրջ մեկ ամիս է՝ խստացվել է անտառային գոտիներից, մասնավորապես «Դիլիջան ազգային պարկից» բիզնես-նպատակներով վառելափայտի դուրսհանումը: Լրագրողական մեր խումբը Դիլիջանում է՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հենց Հաղարծինի տեղամասում ֆիքսեցինք բեռնատար մեքենա, որը փայտով բարձած, առանց պետհամարանիշերի, անտառից դուրս էր գալիս: Մեկ օրվա ընթացքում Դիլիջան քաղաքում և նրա մերձակայքում բեռնատար մեքենաների պակաս չկար՝ փակ հետնամասով, մգեցրած ապակիներով:

Երբ Հաղարծին գյուղում փայտով լի բակ նկատեցինք, տան տերն ագրեսիվ վարքով նախ չթողեց բակ մտնել, ապա նաև կոպտեց լրագրողներին. միջադեպը հարթեց նրա հայրը: Բակերից մեկում ականատես եղանք փայտը բեռնատարի մեջ տեղավորելու տեսարանին. ակնհայտ էր, որ այն նախատեսված էր վաճառքի համար, թեև տանտերերը հավատացնում էին հակառակը՝ գնել են:

 

Փաստ է, որ դեռևս Դիլիջանում և նրա մերձակայքում, թեև դժվարությամբ, սակայն դեռևս հնարավոր է փայտի թե′ դուրսհանումը անտառից, թե′ վաճառքը:

Հիշեցնենք, որ նախընթաց շրջանում հենց Հաղարծինի վարչական տարածքում, որը մտնում է Ազգային պարկի մեջ, բնակչությունը մի քանի անգամ ճանապարհը փակեց՝ պահանջելով թողնել իրենց մտնել անտառ՝ նաև վառելափայտ ձեռք բերելու նպատակով:

«Հաղարծինը մնում է խնդրահարույց հատվածներից»,-ասում է «Դիլիջան ազգային պարկի» պահպանության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ բիզնեսի նպատակով այլևս անտառից փայտ չեն կարող հանել, միայն թափուկ:

«Դիլիջան ազգային պարկի» տարածքում, ըստ նրա, անգամ երկու տարվա փայտ կա, քրեական գործ է հարուցված, և մինչև համապատասխան որոշում չլինի, փայտը կմնա տեղում:

Փոխադարձ մեղադրանքներ

Նախ նշենք, որ բնակիչները դժվարությամբ էին խոսում լրագրողների հետ, չէին ցանկանում ներկայանալ և ներկայացնել խնդիրները: Ի դեպ, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի բնակիչներից մեկը նշեց, որ խստացումներն այն բանի համար են, որ միայն «Դիլիջան ազգային պարկը» կարողանա փայտ վաճառել, իսկ Ազգային պարկից նշում են, որ հատկացվող թափուկը մասնատում են և ավելի մեծ ծավալի վառելափայտի ներկայացնելով՝ վաճառում:

Շամախյանցիները նշում են, որ իրենց ընդհանրապես չեն թողնում մտնել անտառ, անգամ թափուկի համար փաստաթուղթ չեն տալիս, իսկ Ազգային պարկից նշում են, որ կան մարդիկ, ովքեր կանաչ և հնամենի ծառեր են հատել, և նրանց նկատմամբ վերապահում կա:

Շամախյանցիների հիմնական մտահոգությունն ավելի խորքերում թափուկի առկայությունն է, սակայն չեն կարողանում հանել, քանի որ գտնվում է անմատչելի վայրերում, իսկ ճանապարհ չկա, եթե ճանապարհ լինի՝ թափուկը կբերեն: Նաև նշում են, որ միտումնավոր ճանապարհ չեն բացում, որ չկարողանան անտառից անգամ թափուկը դուրս հանել:

Տղամարդիկ դժգոհ էին, որ աշխատանք չկա, ստիպված են եղել փայտ կտրել, իսկ Ազգային պարկից փոխանցում են, որ կարող են այլ աշխատանք գտնել: Մարդիկ նշում են, որ այլ աշխատանքներ չկան, իսկ Դիլիջանի ռեստորաններում և այլ կառույցներում հիմնականում աշխատում են ոչ դիլիջանցիներ:

Շամախյանցիները չեն թաքցնում, որ կան մարդիկ, ովքեր բիզնես են անում, և անտառից փայտ կտրելու արգելքը միայն իրենց վրա է տարածվում: Ի դեպ, նաև նշում են, որ Ազգային պարկը թող ցույց տա այն կտրոնները, ըստ որի վաճառք է տեղի ունեցել: Ի դեպ, վառելափայտն այս օրերին թանկացել է. մեկ քառակուսի մետրն արժե 30 000 դրամ, նախկինում՝ 20 000 դրամ էր:

 

Դիլիջանի անտառն ինչպես որ կա

Բարձրակարգ բույսերի խտությունը՝ 100 տեսակ 1 քառ. կմ-ի վրա, աշխարհում ամենաբարձրերից մեկն է «Դիլիջան ազգային պարկի» տարածքում: Շուրջ 34 հազար հա տարածք ունեցող անտառային գոտում, բացի բարձրակարգ բույսերի խտության մակարդակից, հանդիպում է նաև գլոբալ նշանակություն ունեցող ռելիկտ տեսակներ` տխլենի, Կովկասի էնդեմիկ և ռելիկտ տեսակ կենին, կովկասյան մրտավարդը: Կենդանական աշխարհից հանդիպում են կաթնասունների 43, թռչունների 147, սողունների 13, երկկենցաղների 4 և ձկների 5 տեսակներ: Լուսանը, ազնվացեղ եղջերուն, վայրի խոզն անհետացած և անհետացող տեսակներն են: Այս տարածքում հանդիպում է միջազգայնորեն վտանգված տեսակ եվրոպական ջրասամույրը:

Հանդիպող հետաքրքիր թռչնատեսակներից են Փոքր Կովկասի էնդեմիկ տեսակներ մարեհավերը, հնդկահավերը, արծիվների՝ սպիտակապոչ արծիվ, և բազեների տարբեր տեսակներ:

Սողուններից հանդիպում են էնդեմիկ տեսակներ Ռոստոմբեկի մողեսն ու հայկական մողեսը, Դալի մողեսը, լեռնատափաստանային իժն ու ճահճային կրիան:

                                                                     Ամփոփ

Դիլիջանցիները հավատացնում են, որ Դիլիջանի անտառները իրենց հայրենի եզերքն է, և ոչ ոք իրենցից առավել անտառը և բնությունը չի սիրում, ինչպես իրենք, սակայն ապրելու խնդիր ունեն, մարդիկ արտագաղթում են, աշխատանք չկա, ձմեռը երկար է, իսկ գազով մինչև ամիսը ստիպված են 150 000 դրամ վճարելու, որի հնարավորությունը չունեն:

«Չեն թողնում անտառ մտնենք, բայց այլընտրանք չեն առաջարկում»,- ասում է Դիլիջանի բնակիչներից մեկը, և անտառի խնդիրը դեռևս մնում է բաց:

Գոհար Ստեփանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն