Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը որպես պետություն կզրկվի ինքնիշխանությունից

Հոկտեմբեր 26, 2017թ. 09:45
Հայկ Բաբուխանյան +

 

 

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բովանդակությանը ծանոթացել ե՞ք. ի դեպ, այն հասու է դարձել հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ: Ըստ ձեզ, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը

-Այն, ինչ թարգմանվել է՝ կարդացել եմ, և պետք է ասեմ, որ շատ մտահոգիչ փաստաթուղթ է մեզ ներկայացվել: Կարծում եմ, վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Ամենամտահոգիչն այն է, որ ըստ էության, Հայաստանը որպես պետություն զրկվում է ինքնիշխանությունից:

Այսուհետ մենք պետք է մեր ամբողջ օրենսդրությունը <<մոտարկենք>>, ես օգտագործում եմ թարգմանված տեքստում գրված բառը, ԵՄ օրենսդրությանը: Օրինակ, համաձայնագրում գրված է, թե ինչպե՞ս հանել վարորդական իրավունք, կամ,  երբ քաղաքացին մի հասցեից մեկ այլ հասցե է տեղափոխվում ինչպե՞ս պետք է տեղափոխի իր հեռախոսահամարը, ինչպիսի՞ն պետք է լինեն քաղաքային ավտոբուսները, երկաթուղու վագոնները և այլն:  Մեր ամբողջ օրենսդրությունը բառ առ բառ պետք է համապատասխանեցնենք ԵՄ  որոշումներին: Կատարվելիք փոփոխությունների դիմաց էլ գրված են կոնկրետ ժամկետներ: Այդ դեպքում խորհրդարանն ի՞նչ ենք անում, կարելի է Հայաստանի Ազգային ժողովը փակել ու դրա փոխարեն մի թարգմանչական բյուրո բացել, որը կզբաղվի ԵՄ խորհրդարանի որոշումները թարգմանելով ու կիրառելով: Եթե համարում ենք, որ  չունենք սեփական ուղի ու պետք է կապկենք ԵՄ օրենսդրությունը՝ այն պիտի թարգմանենք ու կիրառենք Հայաստանում, կնշանակի Հայաստանն այլևս անկախ երկիր չէ, այդ դեպքում մեր իշխանությունը պետք է փոխանցենք ԵՄ-ին:

Ըստ համաձայնագրի, ստեղծվում է Գործընկերության խորհուրդ, սա վերազգային մարմին է, որի որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի Հանրապետության համար, այսինքն, այդ խորհուրդն ունի վերջնական որոշում կայանցնելու իրավունք: Ոչ թե երկրի նախագահը, վարչապետը, կառավարությունը, այլ ինչ -որ մի խորհուրդ որոշելու է, թե մենք ինչպե՞ս պիտի ապրենք: Եվ դա, փաստորեն, դառնում է մեր երկրի տերը: Այս համաձայնագիրը ստորագրած Մոլդովայում, եթե ուզում են ընդունել ինչ-որ օրենք, ապա պետք է պարտադիր հղում անեն ԵՄ համապատասխան որոշմանը: Մենք էլ ենք, փաստորեն, գնալու այդ ճանապարհով:

ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը պետականաստեղծ միավոր էր՝ լինելով 15 հանրապետություններից մեկը, իսկ այսօր մենք ԵՄ անդամ չեն,  նույնիսկ ԵՄ դռան հետևի շունն էլ չենք: Այս համաձայնագրի ընդունումից հետո անգամ մեր զուգարանակոնքի չափերը պետք է համապատասխանացնենք ԵՄ ստանդարտների հետ: Խնդիրը շատ լուրջ է: Այստեղ հիմնական հարցը Հայաստան պետության հետագա գոյությունն է՝ որպես միջազգային հարաբերություններում անկախ և ինքնիշխան սուբյեկտ: Եվ այս ամենով հանդերձ այս փաստաթուղթը չի կարող մտահոգիչ չլինել:

Համաձայնագիր ասվածը ենթադրում է երկուստեք պարտավորությունների և իրավունքների ստանձնում: Հայաստանի առաջ դրվել են բազմաթիվ  պարտավորություններ, իսկ ի՞նչ է պարտավորվում կատարել մյուս կողմը՝ ԵՄն: Հիշենք, որ այս գործընթացի կողմնակիցները մշտապես շեշտում են, որ ԵՄն մեզ կօգնի օտարերկրյա ներդրումերի ներգրավման հարցում, կունենանք տնտեսության զարգացում, կոռուպցիայից ազատված, բարեփոխված դատական համակարգ և այլն:

-Ես կողմ եմ Եվրոպայի, ԵՄ-ի ու ցանկացած երկրի, միության հետ առողջ  համագործակցության, բայց ծանոթանալով տեքստին ես տեսնում եմ, որ սա համագործակցություն չէ, այլ ոչ հավասար պայմաններով նախաստորագրված մի փաստաթուղթ է: Եվ ես մեծ վտանգն եմ դրանում տեսնում: Այս նախագիծն ամբողջությամբ անհամաչափ է, այսինքն, ԵՄ-ն որևէ պարտականություն չունի, մինչդեռ բոլոր  պատականությունները վերաբերվում են Հայաստանին: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ԵՄ-ին ոչ ոք չէր խանգարում ներդրումներ անել Հայաստանում՝ առանց այս փաստաթղթի ընդունման: Բայց նայենք եղած փորձը. ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելուց հետո  Մոլդովայում նեդրումների մակարդակը մի քանի անգամ իջել է, Ուկրաինայի տնտեսությունը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում: Վիճակը նույնն է Վրասատանում, որի մասին լեգենդներ են  պատմում, բայց մեկ անգամ գնում ես հասկանում ես, թե իրականում ի՞նչ վիճակում է  երկիրը: Այնպես որ եվրոպական ներդրումների մասին հեքիաթները թող պատմեն  դյուրահավատներին:

Ժամանակին Արևմուտքի խորհուրդներով մենք քանդեցինք մեր ծաղկուն երկիրը, քայքայեցինք մեր տնտեսությունը, այդ խորհրդատուներին մենք լավ ենք ճանաչում: Թող գան էլի խորհուրդ տան, բայց  խորհուրդներով չես կարող կուշտ լինել, աշխատատեղեր ստեղծել, առավել ևս նման խորհուրդներով չես կարող պետություն զարգացնել:

Դիմում եմ իմ ընդդիմախոսներին, նշեք այն կետը, որով կոնկրետ ժամկետում, ասենք՝ 4 տարում ԵՄ-ն մեզ կնվիրի եվրոպական բարձրակարգ տեխնոլոգիրաներով   զինված  հիվանդանոց, որտեղ անվճար կարող են բուժվել ՀՀ քաղաքացիները, ո՞վ կարող է դեմ լինել նման օգտակար առաջարկին: Բայց  ի՞նչ օգտակար բան է ստանում Հայաստանը ստորագրելով այս համաձայնագիրը: Այս համաձայնագրում, ցավոք, չտեսա որևէ դրական առաջարկ:

Դատական համակարգի մասին ասեմ՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո ո՛չ Մոլդովայի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Վրաստանի դատարաններն արդար չեն դարձել,  սա այդ երկրների քաղաքական գործիչների կարծիքն է:

Մեզ ներկայացված համաձայնագրի նախագծում մի շատ վտանգավոր կետ կա, Հայաստանը պետք է ստորագրի Միջազգային քրեական դատարանի մասին փաթեթը ու ենթարկվի Հաագայի դատարանին, ուր կործանեցին Հարավսլավիայի ազգային նվիրյալ գործիչներին: Սրանով Հայաստանը ոչ միայն կորցնում է իր ինքնիշխանությունը քաղաքական, տնտեսական հարցերում, այլև դատական: Եթե մենք հիմա ադմինիստրատիվ դաշտում ենք միայն կորցրել մեր ինքնիշխանությունը, ենթարկվելով  Մարդու իրավունքների միջազգային դատարանին, ապա այս համաձայնագրով կորցնելու ենք մեր իրավունքները նաև քրեական մասով: Բայց սա միայն քրեական չէ, սա քաղաքական հարց է: Այսինքն, այն քաղաքական գործիչը, որն իր երկրի շահերով պայմանավորված դուրս կգա այդ համակարգի դեմ նա կարող է հայտնվել Հաագայում և ունենալ այն նույն ճակատագիրը, որին արժանացան Հարավսլավիայի ազգային տարբեր գործիչներ:

-Որոշ փորձագետներ ասում են ի՞նչ վատ է՝ միանալով Միջազգային քրեական դատարանին համատեղ ուժերով կպայքարենք միջազգային հանցագործությունների դեմ:

-Միասին պայքարելը շատ լավ է ու ճիշտ, բայց վերջնական որոշումը ո՞վ  է կայացնում ու ի՞նչ սկզբունքերով,ի՞նչ տրամաբանությամբ: Սա է հարցը:  Ի դեպ, այսօր էլ գործում է միասին պայքարի համակարգը, կա Ինտերպոլ, ու եթե մեկին հայտնաբերում են՝ հանձնում են տվյալ երկրին: Բայց այս փաստաթղթով մենք իրավունք ենք տալիս Միջազգային քրեական դատարանին ձերբակալել մեր երկրի նախագահին, վարչապետին, պատգամավորին, որոնք կպաշտպանեն իրենց երկրի շահերը:

Ես էլ եմ դժգոհ մեր դատարանների գործունեությունից, բայց այս համաձայնագրում չտեսա այնպիսի լուծումներ, որոնցով արդարադատության մակարդակը Հայաստանում կբարձրանա: Իսկ դատարանների արդարադատության մակարդակի բարձրացման հարցում մենք արդեն տեսել ենք Եվրոպայի բերած օգուտները, եվրապացիների տված խորհուրդները, ինչպես էին գրանտները հատկացնում այստեղ իրենց նշանակած մարդկանց, որոնք էլ կերան այդ փողերը: Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակը չի իջել ու այդ մասին հայտարարում են  եվրոպական, ամերիկյան գործիչները: Այն  բոլոր երկրները, որոնք գնացել են այդ համաձայնագրի ստորագրման ճանապարհով, նրանցում կա հասարակության պառակտում: Ուկրաինան կորցրեց տարածքներ՝ Ղրիմը, որովհետև կար հասարակության պառակտում, Ղրիմի բնակիչները չցանկացան ապրել այսպիսի Ուկրաինայում, ինչպիսին այսօր է: Ուկրաինայի տնտեսությունը քանդվեց: Մոլդավիայում ԵՄ հետ  համաձայնագիրը ստորագրելուց հետո կատարվեց դարի գողությունը՝ հանցագործ ճանապարհով 1 մլրդ դոլարի գումար հափշտակվեց, բանտարկվեցին պաշտոնյաներ: Հարցրեք մեր հարևան  վրացիներին՝ կա՞  ձեզ մոտ կոռուպցիա, ու լսեք նրանց պատասխանը, իհարկե՝ կա: Իսկ այն, որ  ավտոտեսուչը փող չի վերցնում, դա  չի նշանակում, թե վերևներում առկա կոռուպցիան վերացել է: 1991-ից մինչ այսօր մեր արևմտյան գործընկերներն օրնիբուն խոսում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, տալիս են հսկայական գրանտներ, իբրև թե պայքարում են կոռուպցիայի դեմ, ո՞ւր է արդյունքը, եթե իրենց իսկ խոսքով՝ չկա, կնշանակի իրենց բաղադրատոմսերը անօգտակար  են, հռչակված նպատակներն ու իրականությունը իրար չեն համապատասախանում:

ԼՂ հիմնահարցի լուծման արդյունավետ ուղիների մատնանշում, հայ ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի  ագրեսիայի դադարեցումթուրքադրբեջանական շարունակվող քաղաքական, տնտեսական շրջափակման դեմ քայլերի ձեռնարկում. սրանք Հայաստանի համար կարևորագույն հարցեր են, արդյոք, ԵՄն  որևէ առաջարկ, լուծումների տեսլական ներկայացնում է՞ փաստաթղթում:

-Բացարձակապես ոչ, նման խոսք չկա, զրոյական մոտեցում է մեզ համար կարևոր այս հարցերին, ոչ մի լուծում, ոչ մի պարտավորության ստանձնում: ԼՂ խնդրի առնչությամբ ասեմ, որ հղում է արվում տարբեր փաստաթղթերի, ինչը վաղուց անում է Մինսկի խումբը: Բայց կա մի վտանգավոր հանգամանք. տեքստում նշվում է տարածքային ամբողջականության մասին, սակայն ոչ մի խոսք չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, փոխարենը, կա ինչ-որ անհասկանալի ձևակերպում՝  ՙանձերի ինքնորոշում՚, ՙանձերի իրավահավասարություն՚, սրանք ի՞նչ տերմիններ են՝ չգիտեմ: Սրանց տակ ո՞վ, ի՞նչ կուզի՝ կհասկանա, վեճ կծագի ու այդ ժամանակ ի հայտ կգա Գործընկերային խորհուրդը և կկայանցնի իր համար նախընտրելի որոշում:

Եկեք նաև պատմականորեն  դիտարկենք, թե Եվրոպան ե՞րբ է աշխարհաքաքական հարցերում ի շահ Հայաստանի լուծումների գնացել՝ 1918-ի՞ն,  1920-ի՞ն, թե՞ 1945-ին, երբ ԽՍՀՄ-ը ուզում էր Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերել, հիշեք, թե ո՞ր երկրները խանգարեցին: Սևրի պայմանագիրն էլ  մնաց որպես թղթի կտոր:  Եվրոպան 100 տարի առաջ էլ Հայաստանին անվերջ փորձում էր հակադրել Ռուսաստանին, ինչի արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը 1920 թվականին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև: Եթե այն իրականացվեր, ապա Հայաստանը կդառնար Թուրքիայի կցորդը: Բայց իրավիճակը փոխվեց Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, այն չստորագրեց: Այսօր ես հեռահար ինչ-որ նմանություն եմ տեսնում այդ պայմանագրի ու ՀՀ-ԵՄ այս համաձայնագրի միջև… Պատմությունից պետք է դասեր քաղել:

Երբ 80-ականների վերջին սկսվեց արցախյան պայքարը, եվրոպական բոլոր թերթերը գրում էին՝ Հայաստանը գնում է դեպի ազատություն, հայ ժողովուրդն իր ինքնորոշումն է ապահովում: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մեզ ծափահարող, ոգևորող, մեր դաշնակից Եվրոպան ու ԱՄՆ-ը ասացին, սպասեք, տարածքային ամբողջականության հարց կա: Այսինքն, մեզ օգտագործում էին իրենց նպատակների համար: Բայց մենք գիտեինք, թե ո՞ւր էինք գնում, մեր անկախություն էինք ապահովում, մենք վերամիավորում էինք Արցախը, և արեցիք դա, անկախ նրանից, թե ի՞նչ են ասում թղթեր: Մենք պետք է այսօր մեր պատմությունից դասեր քաղենք:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական շրջափակման դեմ քայլեր անելուն,  չգիտեմ, կարող է՞ ԵՄ-ն ներազդել, թե՞ ոչ, բայց տեսնում ենք, որ  Թուրքիան շատ հաճախ թքած ունի ԵՄ վրա: Եվ հետո, եթե ԵՄ-ն նպատակ ուներ նման քայլ անել,  27 տարի է Հայաստանը շրջափակման մեջ է՝ թող աներ, ինչ-որ թուղթ պետք է ստորագրե՞նք, որ նոր այդ հարցում մեզ օգնեն: Բայց անգամ այսօր ստորագրվելիք փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա,  այս հարցերում ոչ մի պարտավորություն չեն ստանձնում:

Մտահոգություններից մեկն էլ Մեծամորի ատոմակայանին է վերաբերվում, պահանջ կա՝  փակել ԱԷԿը: Նաև, եթե մինչ հիմա մենք մեկ կառույցի՝ ՄԱԳԱՏԵի հետ ենք համաձայնություն ձեռք բերել, հետայսու գործին ներքաշվում է ՙԵվրոատոմ՚ը և 28 երկրներ:

-Ստացվում է, որ մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե ԵՄ հետ, այլ ՙԵվրոատոմի՚ հետ, ու դա անհասկանալի է: Իսկ պայմանագրում նշվում է՝ առաջին, պետք է փակել Մեծամորի  ատոմակայանը, երկրորդ, եթե հանկարծ ինչ-որ երկիր ցանկանա Հայաստանում կառուցել Ատոմակայան, պետք է ստանա  <<Եվորատոմ>>-ի  համաձայնությունը, նաև տեխնոլոգիաների կիրառման հարցում: Մեզ հիմա ասում են՝ ապամոնտաժեք Ատոմակայանը, իսկ վաղը երևի թե կառաջարկեն դրա տեղում լոլիկ, վարունգ ցանել, անասուններ արածացնել, փաստորեն, մեզ ասում են, դուք լոլիկ ցանող ազգ պիտի լինեք ու ատոմակայան չպետք է ունենաք: Ատոմոկայան ունենալը  մեծ առավելություն է, այն ռազմավարական մեծ նշանակություն ունի մեզ համար, բայց ԵՄ-ն մեզ ասում է՝ չպիտի այդ դերը ունենաս, թող դա այլ երկրներ, օրինակ Իսրայելը ունենա:

Իհարկե, փաստաթղթում չի գրված, որ մենք հետո չենք կարող կառուցել Ատոմակայան, բայց հարց եմ տալիս, մենք հետո ի վիճակի կլինե՞նք կառուցել նորը,   երբ մետրոյի մեկ կայարան չենք կարողացել այս տարիներին կառուցել: Փաստաթղթում ոչ մի խոսք չկա, թե այլընտրանքային էներգիայի դեպում մեզ ո՞վ է տրամադրելու համապատասխան մասնագետներ, մինչդեռ մեր մասնագետները, մեր հզոր դպրոցի ներուժը կփոշիանա, մարդիկ կգնան, կծառայեն այլ երկրների ու Հայաստանը կզրկվի ատոմային մասնագետներից: Մենք մեկ անգամ արդեն եվրոպացիների օգնությամբ փակեցինք մեր Ատոմակայանը, ու տեսանք մութ տարիներ, երբ ծառերն էին կտրում տաքանալու համար, հիմա ուզում ենք այդ տարիները հետ դառնա՞ն:

Որոշ փորձագետները գտնում են, որ եթե համաձայնագրում կան մեր երկրի շահերից չբխող հոդվածներ, ապա կարող ենք ստորագրելուց հետո հրաժարվել դրանց կատարումից: Չնայած   տրամաբանական կլինի այն, որ մինչ վերջնական ստորագրումը փոփոխվեն  մեզ համար մտահոգիչ, տարակարծությունների տեղիք տվող հոդվածները: Հայաստանը կարող է՞ պահանջել նման փոփոխություն:

-Ասել, թե կստորագրենք հետո կփոխենք, դա գավառական խորամանկության դրսևորում է: Ժամանակակից աշխարհը շատ է առաջ  գնացել, եթե 17-րդ դարում այդպիսի ճարպիկները կարող էին հաջողության հասնել, ապա դա չի կարող այսօր լուրջ ընկալվել: Ստորագրումից հետո պետությունը պարտավոր է կատարել պայմանագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Ազնիվ կլինի այն, որ  այսօր իսկ ասենք՝ այս, այս կետերն օգտակար չեն իմ պետության զարգացման համար և ես դրանք չեմ ստորագրում: Հակառակ դեպքում, մենք շատ ծանր վիճակում կհայտնվենք: Մոլդովայի ժողովուրդը ընտրել է նախագահ, որն այսօր ուզում է երկրի ինքնիշխանությունը վերականգնել, բայց չի կարողանում, որովհետև  Սահմանադրական դատարանը որոշել է, որ նա գործունակ չէ: Այսինքն, անտեսվում է ժողովրդի ընտրությունը, ժողովրդի քվեն: Ասում են ժողովրդավարություն, բայց մոռանում այդ բառի իրական իմաստը:  Ի դեպ ՀՀ-ԵՄ համաձայնագրով մեզ պարտադրվում է ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, նաև Խտրականության մասին օրենքը, որով մեզանում կհաստատեն սեռական փոքրամասնությունների այսպես կոչված իրավունքները: Մեր ժողովուրդը ուզում է՞,  որ երկրրը գնա նման ճանապարհով: Եկեք դրենք հանրաքվեի ու լսենք հայ ժողովրդի խոսքը:

Այսպիսով, մենք պարտավո՛ր ենք փոփոխել այս վտանգավոր փաստաթղթի էությունը և ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կհաստատի իրական, երկկողմ համագործակցություն Հայաստանի և Եվրամիության միջև:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն