Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

ԱԷԿ-ի փակման մասին չենք կարող խոսել, քանի դեռ չունենք էներգետիկ այլընտրանք

Հոկտեմբեր 26, 2017թ. 08:29
Վահրամ Բաղդասարյան-1

Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև կնքվելիք ՙՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՚ տեքստը, որը բաղկացած է 357 էջից, հոկտեմբերի 13-ին հրապարակվեց ու զուգահեռաբար շրջանառվեց դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Բայց մինչ այդ տարբեր հարթակներում հնչում են մտահոգություններ փաստաթղթում տեղ գտած դրույթների շուրջ, մասնավորաբար, Մեծամորի ատոմակայանի առնչությամբ:
Հարցի շուրջ զրուցեցինք Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի համաձայն էներգետիկ ոլորտում համագործակցությունը, պարզվում է, Մեծամորի ատոմակայանի փակում է ենթադրում: Մասնագիտական, քաղաքական շրջանակներում արդեն իսկ արտահայտվում են լուրջ մտահոգություններ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Հայաստանի Մեծամորի ատոմակայանի փակման շուրջ խոսակցությունները մի քանի տարի է, որ շրջանառվում են, այն վաղուց է դարձել քննարկման առարկա: Մենք այս խնդրով քննարկումներ ենք ունեցել ՄԱԳԱՏԵ-ի հետ: Ասեմ, որ ամեն տարի ՄԱԳԱՏԵ-ն մոնիթորինգ է իրականացնում աշխարհի տարբեր երկրների աշխատող ատոմակայաններում, այդ թվում Հայաստանի, սա նշանակում է, որ մեր ԱԷԿ-ը գտնվում է բազմակողմանի վերահսկողության տակ: ՄԱԳԱՏԵ-ի պաշտոնական կայքում տեղադրված են մասնագիտական հաշվետվություններ, որոնցում հայկական ատոմակայանի մասին գրված է, որ այն վտանգ չի ներկայացնում ու խնդիրները վերահսկելի են: Սրա հետ մեկտեղ մենք նաև այն կարծիքին ենք, որ Ատոմակայանը չի կարող հավերժ գործել՝ սարքավորումների մաշվածության պատճառով, ու վաղ, թե ուշ այդ խնդրին պետք է անդրադառնանք ու այսօր իսկ մտածենք նորացման մասին: Միջազգային կառույցների հետ բանակցությունների ժամանակ ևս մենք այս հարցերը մշտապես բարձրացրել ենք:
Դառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին, նկատենք, որ չնայած նրանում կա Ատոմակայանի փակման մասին դրույթ, բայց նշված չէ, որ Ատոմակայանն անհապաղ պետք է փակվի, այսինքն՝ համաձայնագրում չկան փակման մասին կոնկրետ ժամկետներ: Համաձայնագիրն առաջարկվում է հաստատել ճանապարհային քարտեզ, գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:
Մենք երբևէ չենք ասել, որ ատոմակայանը հավերժական է: Բայց նաև պետք է հիշենք, որ ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 35-45 տոկոսը և մեր երկիրն ապահովում բավականին մատչելի էլեկտրաէներգիայով: Հետևաբար, մինչ փակման մասին խոսելը հարկավոր է ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Մշտապես ասել ենք, որ ունենք էներգետիկ այլընտրանքի անհրաժեշտություն, ու բոլորի համար պետք է պարզ լինի, քանի դեռ չկան այլընտրանքային տարբերակներ, քանի դեռ Հայաստանը լիարժեքորեն ապահովված չի լինի էլեկտրաէներգիայով, Ատոմակայանի փակման հարցին մենք չենք անդրադառնալու:
Ինչ վերաբերում է Ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը, այն մնում է իշխանության օրակարգում, այդ խնդիրը մենք պետք է լուծենք:
Առ այսօր ԱԷԿ-ի հետ կապված բոլոր խնդիրները քննարկվել են ՄԱԳԱՏԷ-ի հետ, մինչդեռ ՀՀ-ԵՄ համաձայնագրում տեղ գտած հոդվածի համաձայն ՄԱԳԱՏԷ-ից բացի նման իրավասություն է ստանում նաև ՙԵվրոատոմը՚։ Ավելին, վերջինիս իրավասու կլինի արգելափակել ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության ժամանակ այլ տեխնոլոգիաների օգտագործումը, եթե դրանք իր համար չլինեն նախընտրելի: Ու բացառված չէ, որ քաղաքական շահերով պայմանավորված՝ արգելվի ռուսական տեխնոլոգիաների օգտագործումը։
-Իհարկե, կարող են լինել ինչ-ինչ շահեր, բայց մենք էլ մեր շահերն ունենք: Հետևաբար, ՙՙԵվրոատոմ՚-ի հետ ձեռք կբերվի համաձայնություն ու մենք կօգտագործենք այն տեխնոլոգիաները, որոնք Հայաստանը նպատակահարմար կհամարի: Մենք պետք է ներմուծենք ու օգտագործենք միայն ԱԷԿ-ի ստանդարտներին համապատասխանող և ոչ թե դրանց հակասող տեխնոլոգիաներ, որպեսզի ունենանք Ատոմակայանի շահագործման երկարաժամկետ գործընթաց: Հետևաբար, չենք կարող բերել ինչ-որ մի բան, ինչը դեմ կլինի արդեն իսկ օգտագործված ընդհանուր տեխնոլոգիային: Ես դա առհասարակ բացառում եմ: Ամեն դեպքում, կա այս հարցը առավել խորությամբ քննարկելու անհրաժեշտություն: Մասնավորաբար, համաձայնագրում պետք է հստակ նշվի, որ ՙԵվրոատոմը՚ պետք է տա իր համաձայնությունը: Նման իրավիճակներում ՙԵվրոատոմը՚ պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-ինչ շահերով, այդ թվում նաև քաղաքական, ու խտրական վերաբերմունք դրսևորի, այլ կարևորի հարցի տեխնիկական կողմը, անվտանգությունը և երկարատև շահագործման անհրաժեշտությունը:
Ամեն դեպքում, համաձայնագրում առկա են հոդվածեր, մասնավորաբար, հոդված 42-ը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս. մեր երկիրն ունի՞ հնարավորություն մինչ համաձայնագրի վերջնական վավերացումը փոփոխություններ կատարել նման վիճահարույց հոդվածներում:
-Համաձայնագրի այս կամ այն հոդվածի փոփոխություն, անշուշտ լինելու է: Համաձայնագրի հրապարակված տեքստը նախնական է, իսկ դա նշանակում է, որ փաստաթղթի վրա դեռ կա աշխատելու անհրաժեշտություն: Հիմա տեխնիկական խնդիրներն են կարգավորվում: Այն ժամանակ, երբ մեր ձեռքի տակ կլինի փաստաթղթի վերջնական տարբերակը, որում կլինեն մեզ համար ոչ ձեռնտու, մեր երկրի շահերից չբխող դրույթներ, անշուշտ մենք կառաջարկենք դրանք փոփոխել ու կներկայացնենք մեր առաջարկները:
Իսկ հիմա դեռ դեպքերից առաջ չանցնենք և ենթադրություններով չառաջնորդվենք: Եթե կտեսնենք, որ ՙՙԵվրոատոմ՚՚-ն այլ շահերով է առաջնորդվում, ինչը կարող է վտանգել մեր էներգետիկ համակարգը, բնականաբար, մենք թույլ դա չենք տա: Հայաստանն ունի այլընտրանք, որը կարող ենք առաջ քաշել: Այնպես որ, Ատոմակայանի հարցում մեզ համար առաջնային պետք է լինեն ոչ թե այս կամ այն կառույցի շահերը, այլ պետք է առաջնորդվենք մեր շահերով, ու գտնենք այն ճիշտ լուծումները, որոնք կլինեն մեզ համար օգտակար ու կարող են նպաստել մեր երկրի էներգետիկ որորտի համաչափ զարգացմանը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն