Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Համանախագահները հասցեական  հայտարարություն  անում են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անցնում է չափը

Հոկտեմբեր 22, 2017թ. 18:27
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
    -ժնևյան հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ, իսկ վերլուծաբանները շտապեցին ենթադրել, թե Ալիևի կարծր դիրքորոշումը որոշ չափով մեղմվել է: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց Արցախի սահմաններին ուղղված կրակոցով Ադրբեջանը ապացուցեց, որ հերթական անգամ հետ է կանգնում պայմանավորվածություններից։ Ձեր գնահատականը:
-Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը հանդիպման ժամանակ ձեռք է բերում հստակ պայմանավորվածություններ, բայց չի պահպանում դրանք: Ասվածիս վառ ապացույն են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները. կողմերը համաձայնության էին եկել հետաքննող մեխանիզմների ներդման, նաև ԵԱՀԿ գրասենյակի լիազորությունների ավելացման շուրջ, ինչը պետք է նպաստեր լարվածության նվազեցմանը շփման գծում, սակայն ադրբեջանական կողմն ամեն ինչ արեց որպեսզի խուսափի այդ պայմանավորվածությունների կատարումից: Ու այսօր, ժնևից հետո, պետք է արձանագրենք, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները չհարգելու հերթական փաստի հետ:
Արցախի սահմանին հնչած կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները. հարց է առաջանում, ուրեմն, ի՞նչ են տալիս նախագահների հանդիպումները, բանակցությունները, երբ չկրակելու շուրջ ձեռքբերված համաձայնությունից ժամեր կամ օրեր անց Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի վրա՝ հերթական կորուստը պատճառելով մեզ:
– Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է կամ ռազմական գործողությունները, հետևաբար շատ կարևոր են դրանց շարունակականության ապահովումը: Այլ խնդիր է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն անցնում են շատ բարդ պայմաններում: Ինչպես տեսանք երկու նախագահների միջև պայմանավորվածությունների ձեռքբերումն արձանագրեց ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես եկան համապատասխան հայտարարությամբ ու արձանագրեցին, որ կա դրական տեղաշարժ, կա կառուցողական մթնոլորտ: Բայց Ալիևը տուն վերադառնալուն պես անցավ իր հին մեթոդին՝ փորձեց լարվածություն ստեղծել շփման գծում: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանի համար խնդրի կարգավորումը բոլորովին այլ հարթության մեջ է ընկալվում: Այսինքն, Ադրբեջանը կարծում է, որ այս արցախյան խնդիրը չպետք է դառնա սառած հակամարտություն, հակառակը, այն պետք է լինի, այսպես ասած՝ տաք, իսկ տաք պահելու համար մշտապես պետք է լինեն հաձակումներ, բախումներ, ռազմական գործողություններ: Հենց այդ պատճառով էլ Ալիևն անընդհատ փորձում է իրավիճակը լարել ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի այն հանգամանքի վրա, որ սա սառած հակամարտություն չէ ու ցանկացած ժամանակ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Իսկ դրանց վերսկսման հավանականությունը մեծ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր նպատակին՝ չի ապահովել իր տարածաքային ամբողջականությունը:
-ԼՂ հակամարտության տաք մնալուն չե՞ն նպաստում նաև միջազգային խաղացողները՝ Ադրբեջանի հանդեպ հաճախ դրսևորելով մեղմ քաղաքականություն:
-Կարծում եմ, որ իրականում մեծ խաղացողներն այդքան էլ հետաքրքրված չեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: ԱՄՆ-ը հեռու է ու իր ուշադրության տակ չի պահում մեր տարածաշրջանը, առավելապես այժմ սևեռվել է աշխարհի այլ անկյունների, մասնավորաբար, Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի, ինչ-որ առումով, նաև Իրանի վրա: Ու այդ սևեռումը տարածաշրջանային գործընթացների տրամաբանության ներքո չէ, այլ երկկողմ հարաբերությունների հաստատման համատեքստում: Այստեղ հետաքրքրություններ ունեցող երկրներից են ՌԴ-ն ու Իրանը: Իսկ այն երկիրը, որը նպաստում է ԼՂ հակամարտության տաք մնալուն, դա Թուրքիան է, վերջինս, այո, մշտապես աջակցել է Ադրբեջանին, եղել է նրա կողքին ու շարունակելու է լինել:
-ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը տեղին նկատեց, ասելով, թե սա կրակոց էր ուղղված ոչ միայն հայաստանյան կողմին, այլ ժնևյան պայմանավորվածություններին։ Սա Մինսկի խմբի կողմից չի ընկալվո՞ւմ:
-ՄԽ համանախագահող երկրների դեսպաները, ԱԳ նախարարներն ու նախագահները շատ լավ տեղեկացված են, թե իրականում ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ: Եվ այս առումով, բոլորը տալիս են նաև հստակ գնահատականներ: Այլ խնդիր է, որ եռանախագահների գնահատականները պետք է լինեն հավասարակշռված, որովհետև նրանց խնդիրը ոչ թե իրադարձություններին գնահատական տալն է, այլ ընդամենը բանակցային գործընթացին աջակցություն ցուցաբերելը: Այսինքն, նրանց նպատակը օգնելն է, որպեսզի կողմերը գան, նստեն, բանակցեն և համագործակցության եզրեր գտնեն: Իհարկե, երբ Ադրբեջանի իշխանությունն անցնում է չափը միջնորդները սուր հայտարարություններ են անում են: Բայց դա եղել է բացառիկ դեպքերում:
-Չե՞ք կարծում, որ հիմա ևս այդ բացառիկ դեպքերից է, երբ Ադրբեջանն իր քայլով արհամարհեց միջնորդների ջանքերն ու լավատեսությունը պետք է հնչի ՄԽ հստակ ու հասցեական արձագանքը:
-Ցանկալի կլիներ, որպեսզի Մինսկի խմբի համանախագահների նման արձագանքը լիներ ոչ թե բացառիկ դեպքերում, այլ միշտ, ու նաև հիմա: Նաև ցանկալի կլիներ, որ արձագանքը լսվեր ոչ միայ Մինսկի խմբի համանախագահներից, այլև միջազգային հանրությունից: Ցավոք, նորից պետք է նկատենք, որ համաշարհային հանրությանն այս պահին զբաղված է իր համար ավելի կարևոր, օրակարագային հարցերով, քան ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում է: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մենք մշտապես պետք է աշխատենք միջազգային հանրության հետ, ստանանք նրա աջակցությունն այս հարցում և միևնույն ժամանակ մշտապես պետք է պատրաստ լինենք ադրբեջանական ագրեսիային: Անկեղծ ասած, այս պահի դրությամբ ես ՄԽ համանախագահների կողմից հասցեական հայտարարություն չեմ ակնկալում, որովհետև փորձը ցույց է տվել, որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ՄԽ համանախագահները ընդամենը մի քանի անգամ են հասցեական հայտարարություն հնչեցրել:
-Բանակցությունների օրակարգից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. արդյոք, հայկական կողմը Ադրբեջանի այս քայլից հետո վերստին չպե՞տք է պնդի այդ պայմանավորվածությունների կատարում:
-Ես չեմ կարծում, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգից դուրս են մղվել, հակառակը, ըստ իս, դրանք օրակարգում են, պարզապես ժնևյան հանդիպման ժամանակ նախագահներն այդ հարցերին չեն անդրադարձել, որովհետև, հավանաբար, քննարկվել են այլ հարցեր: Սպասենք, Մխ համանախագահների ու ՀՀ իշխանությունների արձագանքին, որպեսզի հստակ կարողանանաք հասկանալ, թե ի՞նչ ժամկետներով են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մի կողմ դրվել, ե՞րբ են դրանք նորից բերվելու ակտիվ օրակարգ: Կողքից բարդ է գնահատական տալը, քանի որ ծանոթ չենք բանակցային գործընթացի մանրամասներին, ինչին, ի դեպ, շատ քիչ մարդիկ են ծանոթ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք ու վստահենք Հայասատանի իշխանություններին, որովհետև վստահ եմ, որ իշխանությունը չի անի այնպիսի քայլեր, որոնք չեն բխի Հայաստանի ու Արցախի շահերից:
-Մամեդյարովը ժնևից հետո հայտարարեց, թե մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Ադրբեջանի սահմանային սադրանքից հետո, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումը:
-Այն պետք է լինի հստակ ու կոշտ: Կարծում եմ, որ հայկական կողմն հենց այդպես էլ վարվելու է:
-Կոշտ ասելով ի՞նչ նկատի ունեք, մերժե՞լ մասնակցությունը:
-Ցանկացած պարագայում հանդիպումից հրաժարվելը, կարծում եմ, ճիշտ չէ: Պետք է գնալ հանդիպման ու կոշտ ներկայացնել մեր դիրքորոշումը: Իսկ ՄԽ համանախագահներից պետք է պահանջել հստակ դիրքորոշման արտահայտում, որպեսզի նրանք դատապարտեն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը: Եվ կարծում եմ, Հայասատանը պետք է առավել ակտիվ աշխատի միջազգային հանրության հետ՝ խնդրի ընկալունակության բարձրացման ուղղությամբ: Քանի որ մենք գործ ունենք նաև հիմնախնդրի չընկալման հետ, ինչու, որովհետև ադրբեջանական քարոչամեքենան բավականին ակտիվորեն խեղաթյուրում է ամբողջ բանակցային գործընթացը, համակարտության ողջ պատմությունը, և դրան լրջորեն աջակցում է թուրքական պետությունն իր ամբողջ՝ լրատվական, քաղաքական ռեսուրսներով: Հետևաբար, ԼՂ հիմնախնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում մենք պետք է հնարավորինս ակտիվանանք: Այս հացում պետք է ակտիվորեն համագործակցենք սփյուռքյան մեր կառույցների հետ՝ Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության հարցը դարձնելով համահայական թիվ մեկ առաջանահերթություն:– Նախօրեին ԱՄՆ-ում Հելսինկյան հանձնաժողովը կազմակերպել էր ճեպազրույց նախկին համանախագահների հետ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ, ո՞րն էր նման հանդիպման կազմակերպման նպատակը:
– Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ կոնգրեսում, այն երկար չտևեց, մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը: Նրանք ներկայացրին խնդրի պատմությունը, բայց որևէ նոր խոսք, նոր տեղեկատվություն չհրապարակեցին, որը հայկական կողմի համար կարող էր լինել նորություն: Խոսվեց այն մասին, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, այսինքն՝ Մինսկի խմբում, բավականին ակտիվ աշխատում են ու ՄԽ-ն այն բացառիկ հարթակներից է, որտեղ նրանք կարողանում են իրար հետ լեզու գտնել: Սա ընդամենը գիտական մակարդակով կազմակերպված հանդիպում էր: Այդպիսի հանդիպումներ հաճախ են լինում ԱՄՆ Կոնգրեսում, գիտական կենտրոններում, համալսարաններում: Դրանք կրում են բացառապես գիտական բնույթ ու գիտնականների, նախկին դեսպանների, դիվանագետների համար ծառայում են հարթակ տարբեր խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն