Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

«Երկիր Ծիրանի» խմբակցության պահվածքը թշնամական վերաբերմունք է Երևանի ու երևանցու հանդեպ

Հոկտեմբեր 20, 2017թ. 11:45
Նաիրա Նահապետյան

Հարցազրույց Երևան քաղաքի ավագանի, Ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի
նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ

Տիկին Նահապետյան, ընտրություններից հետո Երևանի ավագանու բոլոր նիստերն անցնում են չափազանց լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ մեկմեկու հասցեին: Ի՞նչն է նման իրավիճակի պատճառը:
-Իրոք, երևույթը խիստ մտահոգիչ է բոլոր նրանց համար, որոնք ավագանի են եկել աշխատելու ու մեր քաղաքի խնդիրները լուծելու նպատակով: Եվ եթե հետևեք ավագանու խմբակցությունների, նրանցում ընդգրկված ավագանիների աշխատանքին, ցավոք, կհամոզվեք, որ ոչ բոլոր են եկել Երևանի ու երևանցու կողքին կանգնելու, նրա խնդիրները բարձրաձայնելու ու սրտացավորեն լուծելու համար:
Քաղաքը կենդանի օրգանիզմ է ու պահանջում է ամենօրյա աշխատանք, իսկ Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ, դրանք կարգավորելու համար հարկավոր է, որ ավագանին լավ աշխատի: Բայց կան մարդիկ, որոնք Ավագանի են եկել ոչ թե Երևանի ու երևանցու համար աշխատելու, այս զբաղված են ինքնահաստատմամբ: Եվ դա, փաստորեն, արվում է մեր բնակիչների հաշվին, քանի որ այդ մարդիկ իրականում խոչընդոտում են ավագանու աշխատանքը:

Ես շատ կուզենայի, որ ավագանու նիստերի ժամանակ լարվածություն առաջանար երևանցու այս կամ այն հարցի լուծման շուրջ, ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնեին իրենց կարծիքներն ու առաջարկները, հնչեին դեմ կամ կողմ դիրքորոշումներ, ծավալվեր բովանդակային, առարկայական բանավեճ-քննարկում, ինչպես եղավ Ելք-ի ներկայացրած փողոցների անվանափոխության նախագծի քննարկման ժամանակ: ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը ներկայացրեց, Ելք-ը՝ իրենը, և կառուցողական քննարկում ծավալվեց: Բայց ավագանում կա խմբակցություն, խոսքս Երկիր Ծիրանի-ի մասին է, որն իր աշխատանքը բոլորովին այլ հարթության մեջ է ծավալում:
Ավագանու նիստում կարևոր թեմաների քննակման պահին հանկարծ նրանք բարձրացնում են բոլորովին այլ հարցեր, և խոսում օրակարգային հարցերի, նախագծերի հետ ոչ մի առնչություն չունեցող թեմաներից, իրենց ոչ կոռեկտ պահվածքով անիմաստ լարվածություն ստեղծում ու դրանով խանգարում մեր աշխատանքը: «Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչներն իրանց անիմաստ հարցերով ոչնչով չեն օգնում մեր քաղաքային խնդիրների լուծմանը:
Ավագանու մեկ նիստի ժամանակ բազմաթիվ կուտակված խնդիրներ են լինում, խանգարել նիստի նորմալ ընթացքը նշանակում է վնասել մեր քաղաքացիներին: Այս ամենը հաշվի առնելով ես կարող եմ ասել, որ նրանք ուղղակի չեն առաջնորդվում երևանցիների շահերով, և ունեն այլ նպատակներ: Սակայն բարոյական չէ սեփական հաշվարկները լուծել մեր քաղաքացիների հաշվին:
-ԵԾ-ի նախագահը՝ Զ. Փոստանջյանը, խոստացավ դժոխք սարքել քաղաքապետի օրը, փաստորեն, տիկինն իր համախոհների հետ այս սցենարն է՞ իրականացնում:
-Այո, և դա անում են մարդիկ, որոնք շատ քիչ քվե են ստացել երևանցիներից: Իրենց փոքրաթիվ ներկայությամբ որոշել են գնալ ոչ թե կառուցողական ճանապարհով, այլ շոուների: Նման պահվածքը ես ընդամենը որակում եմ թշնամական վերաբերմունք Երևան քաղաքի ու երևանցու հանդեպ: «Երկիր Ծիրանի» խմբակցությանը ես չեմ կարող ընդդիմություն համարել: Ընդդիմություն լինել չի նշանակում անպարկեշտ վարք ցուցաբերել, չի նշանակում վիրավորել, ցեխ շպրտել հեղինակավոր անձանց հասցեին, չի նշանակում անշնորհք վարք դրսևորել, չի նշանակում զազրախոսել, և վերջապես, չի նշանակում աշխատող մարդկանց խանգարել, միտումնավոր նյարդայնացնել և հունից հանել:

-Տարոն Մարգարյանը վերջին լարված նիստից հետո ԵԾ-ի վարքագիծը այսպես բնորոշեց. «Եկել են միայն մեր առաջարկությունները քննադատելու ու մերժելու համար»: Նման մթնոլորտում հնարավոր է՞ 5 տարի աշխատել ու արդյունքներ գրանցել:
-Ես ևս նրանց քայլերում միտումնավորություն, դիտավորություն եմ տեսնում: Մենք, իհարկե, կփորձենք իրենց բերել կառուցողական դաշտ, և թույլ չենք տա, որ քաղաքապետարանի ավագանու աշխատանքները վերածեն դժոխքի: Բայց մեր ժողովուրդը պետք է նման խմբին տա իր գնահատականը: Ի վերջո, երևանցիները նրանց ձայն են տվել և ուղարկել ավագանի աշխատելու, որպեսզի իրենց խնդիրների մասին բարձրաձայնեն, լուծեն դրանք, ոչ թե խաթարեն ավագանու նորմալ աշխատանքը: Հետևաբար, այն երևանցիները, որոնք այդ ուժին քվե են տվել պետք է լինեն պահանջկոտ, ու Երկիր Ծիրանի-ից պահանջեն նիստերին ոչ թե զազրախոսել, այլ աշխատել: Այս մարդիկ չեն հասկանում թե ինչ կարևոր դեր ունի ավագանին. նա պետք է լինի երևանցու կողքին, սատարի նրան, ականաջալուր լինի ամեն մի երևանցու պահանջին, նպաստի մեր քաղաքի շենացմանը: Դրա համար են երևանցիները ձայն տվել ԵԾ-ին: Բայց վերջինս կարծես լավ չի պատկերացնում ավագանու դերակատարումը: Եթե այդ մարդիկ աշխատելու փոխարեն շարունակեն լարվածություն ստեղծել, ապա քաղաքապետը կվարվի այնպես, ինչպես ասաց վերջին նիստի ժամանակ, այսինքն՝ կօգտվի քաղաքապետի լիազորություններից և խանգարողներին դուրս կհրավիրի նիստերի դահլիճից: Մենք թույլ չենք տա, որ ավագանու աշխատանքի 5 տարիները ոչ արդյունավետ ընթացք ունենան:

Ի դեպ, ես համոզված եմ, եթե ավագանու նիստերն ուղիղ եթերով չհեռարձակվեն, ապա ԵԾ խմբակցության ավագանիները կհանգստանան ու կմտնեն աշխատանքային հունի մեջ: Ինչո՞ւ եմ դա ասում, քանի որ նկատել եմ, որ իրենք ուշադրությամբ հետևում են, թե ե՞րբ են միացվում լրատվամիջոցների տեսախցիկները, ձայնագրիչները ու սկսվում նկարահանումը: Այդ պահին ԵԾ խմբակցության ներկայացուցիչներն անմիջապես անցնում են նիստը խանգարելու իրենց գործին, նրանց բարձրախոսները միշտ միացած են, ամեն ինչ անում են, որ իրենց ձայնը լսելի լինի լրատվամիջոցների համար: Իսկ սա ակնհայտորեն մեկ բան է նշանակում, ոչ թե ուզում են աշխատել Երևանի
համար, այլ ինչ-որ «ականջների» համար:
-ԵԾ խմբակցության ավագանիները հայտարարում են, թե իշխանական կուսակցությունը հաշվի չի առնում ընդդիմադիրների առաջարկները: Ի դեպ, ինչպե՞ս եք աշխատում մյուս ընդդիմադիր ուժի՝ Ելք-ի հետ:

-ՀՀԿ- Ելք աշխատանքը ես համարում եմ կառուցողական. լինելով տարբեր քաղաքական ուժեր մենք շատ հարցերի շուրջ ունենք տարբեր կարծիքներ, բայց դա պատճառ չի դառնում, որ շիկանա մթնոլորտը: Հակառակը, բոլոր դեմ կամ կողմ հարցերը, նախագծերը մենք միասին քննարկում ենք: Մեկմեկու տեսակետներին դեմ լինելը չի նշանակում վիճաբանություն սարքել: Ելք-ը իսկապես լուրջ աշխատում է: Փորձում ենք համաձայնության եզրեր գտնել այս կամ այն նախագծի շուրջ ու խնդիրները լուծելով առաջ ընթանալ՝ ի շահ մեր քաղաքի: Սա է իսկական աշխատանքը, ոչ թե թեմայից շեղվելն ու դահլիճում շիկացած մթնոլորտ ստեղծելը:

Ինչ վերաբերվում է Փոստանջյանի կողմնակիցների խոսքին՝ նման բան չկա: Թող բարի լինեն մասնակցել քննարկումներին, հանձնաժողովների նիստերին, ներկայացնեն իրենց առաջարկները, մենք էլ կքննարկենք: Բայց իրենք հանձնաժողովի ոչ մի նիստի չեն մասնակցում ու մեկ էլ հայտնվում են ավագանու նիստերին և աղմուկ բարձրացնում լրագրողական տեսախցիկների առաջ:

Երևանի ավագանին հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում հաստատեց քաղաքապետի
առաջարկը՝ մեր քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում շնորհել
կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին, «ՎիվաՍել–ՄՏՍե-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ելք-ը հանգիստ ներկայացրեց իր դիտարկումները, վերապահում ունեին միայն Ռազմիկ Դավոյանի հետ կապված, բայց դա չվերաճեցին լեզվակռվի: Իսկ ի՞նչ արեց Երկիր Ծիրանի-ն, այդ խումբը սկսեց բոլորին վարկաբեկել, սևացնել մարդկանց անցած ուղին: Եթե իրենք իրոք ունեն աշխատելու ցանկություն թող ներկայացնեին Երևանի պատվավոր քաղաքացու իրենց թեկնածուներին, գոնե մեկ անուն տային՝ չարեցին, փոխարենը մեր ներկայացրած վաստակաշատ մարդկանց հասցեին անվայել հայտարարություններ հնչեցրին: Սա է նրանց գործելաոճը: Եթե անգամ դեմ էին մեր թեկնածուներին, ապա դա կարող էին անել շնորքով, առանց մարդկանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու:

Այդ մարդիկ իրենք պահվածքով վիրավորում են քաղաքապետի ինստիտուտը, երկրի նախագահի ինստիտուտը, քաղաքապետարանի աշխատանքը: Մի կուսակցություն, որն իր աշխատանքը սկսեց երկու անդամների հրաժարականով կուսակցությունից և ավագանու խմբակցությունից, շատ բան է փաստում այդ կուսակցության ներքին անառողջ մթնոլորտի մասին:

-Հետևելով ավագանու նիստերին նկատելի է դառնում , որ Երկիր Ծիրանի-ի անդամները շատ հաճախ անտեղյակ են, թե ինչ օրակարգ է քննակվում, ծանոթ չեն ներկայացված այս կամ այն նախագծի բովանդակությանը, և առհասարակ քաղաքային խնդիրներից բավականին անիրազեկ մարդիկ են:
-Ճիշտ եք նկատել, ոչ ծանոթանում են հարցերին , ոչ ուսումնասիրում են նախագծերը, ոչ էլ գիտեն, թե ի՞նչ գործառույթներ ունի ավագանին, ու չեն էլ ցանկանում իմանալ: Քաղաքապետարանում կա ավագանիների հետ աշխատանք իրականացնող հատուկ վարչություն, այն օգնում է ավագանուն բնակիչների ու քաղաքի խնդիրներին ավելի մանրամասնորեն ծանոթանալ: ԵԾ-ն խմբակցությունը դեռ այդ վարչության օգնությանը չի դիմել, նրանց տեղեկատվություն չի ստացել:

Ավագանին այժմ պատրաստվում է քննարկել Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագիրը, եղել են հասարակական լսումեր, այսօր էլ կկայանա հանձնաժողովի նիստը, ուր կքննարկվի ծրագիրը, որպեսզի մեկ շաբաթ անց ներկայացվի ավագանու նիստին: Այդ ծրագրով նախատեսում ենք սկսվել մեր քաղաքի կանաչ գոտիների վերականգման ու նորերի ստեղծման աշխատանքները, ճանապարհային խցանումները թուլացնելու նպատակով նոր շրջանցիկ ճանապարհներ են կառուցվելու, պատրաստվում ենք փոփոխություններ կատարել տրանսպորտի ոլորտում, մաշված երթուղային տաքսիները դուրս կմղվեն ու նրանց կփոխարինեն նոր ավտոբուսները: Ավագանին շատ աշխատանք ունի անելու:

Ու եթե Երկիր Ծիրան-ին աշխատող խմբակցություն է, ուրեմն պետք է այսօր գա և մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Հակառակ դեպքում ավագանու հաջորդ նիստի ժամանակ մենք կրկին նույն շոուի ակնատեսը կլինենք, երբ կհնչեցնեն քննարկվող նախագծի բովանդակության հետ ոչ մի առնչություն չունեցող հարցեր ու կսկսեն անհարկի աղմկել: Բայց մենք այլևս թույլ չենք տա, որ այդ
մարդիկ խանգարեն մեր աշխատանքը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն