Գլխավոր » Տնտեսություն

Աղետը մեծահարուստ ու աղքատ չի ճանաչում

Հոկտեմբեր 18, 2017թ. 15:05

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՙԱղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը՚ թեմայով խորհրդարանական լսումներ:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն իր ելույթում ասաց, որ ամռանը հաստատված կառավարության նոր ծրագիրն ունի համեմատաբար երկարաժամկետ՝ 5 տարվա տեսլական և ուղղված է բնական, մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանն ու վերացմանը՝ այդ կերպ նպաստելով երկրի կայուն զարգացմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը: Կառավարությունն իր նոր ռազմավարությամբ հատուկ ուշադրություն կդարձնի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավմանն ու համապատասխան քաղաքականության ձևավորմանը:
Նախարաը նաև նկատեց, թե օրենսդրական դաշտի ստեղծման հետ մեկտեղ իրենց անհրաժեշտ է բավարար ֆինանսական բյուջետային միջոցներ, այդ ծրագրեը գործ դարձնելու համար:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր հերթին բարձր գնահատեց ԱԻՆ կողմից ՏԻՄ-երի և համայնքների հետ տարվող աշխատանքները, նշեց, որ այս տարիներին ձևավորել է համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կանոնակարգելու տարբեր մակարդակներում գործող մարմինների գործողությունները: Տերտերյանի խոսքով` ավելի քան 150 համայնքում իրականացվել է աղետների ռիսկի ուսումնասիրություն, դա հնարավորություն է տվել համայնքներում որոշակի մշակույթ ձևավորել՝ այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը դրսևորելու առումով: ՙՀամայնքներում կա անհրաժեշտություն տեխնիկայի ապահովվածությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար: Կա որոշ առաջընթաց, ունենք ապաստարաններ, շչակներ, բայց դեռևս անելիքներ շատ ունենք՚: Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրականացվող վարչատարածքային փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ ավելի խոշոր համայնքներում այս խնդիրներին ավելի պրոֆեսիոնալ մակարդակով կլուծվեն:
Խորհրդարանական լսումներին մասնակցող ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները ևս իրենց ելույթներում բարձր գնահատեցին ԱՌՆ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, նշեցին այդ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը և ընդգծեցին, որ անհամեմատ ավելի արդյունավետ է նվազեցնել ռիսկը, քան հետագայում ահռելի ծախսեր անել աղետներին արձագանքելու համար:

Խոսրովի անտառի հրդեհը միտումնավոր չէ՞ր
ՙԵս համոզված եմ, որ դա միտումնավոր չի եղել, այլ եղել է անփութության արդյունք՚,- Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում այսպես հերքեց Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման դիտավորության մասին վարկածը։ Նախարարը հրդեհի տարածումը կապեց ԱԻ աշխատակիցների ոչ արհեստավարժ լինելու հետ, ասելով.ՙՀնարավոր է հրդեհաշիջման առաջին արձագանքման հարցում եղել է ոչ արհեստավարժ մոտեցում, ինչն էլ բերել է այլ վայրերում կրակի ծավալմանը, դրան էլ նպաստել է երեկոյան ժամին ձորում սկսված ուժին քամին՚:
Հարցին, թե ԱՄՆ-ն էլ արբանյակային լուսանկարներ է տրամադրել, որոնցից երևում է` երեք տարբեր կողմերից հրդեհներ են եղել, ու կա կարծիք, որ դա, այնուհանդերձ, դիտավորություն է եղել, գուցե նախարարը ուզում է կոծկե՞լ հրդեհի բռնկման պատճառը. նախարարն արձագանքեց. ՙ Ոչ ոք չի ուզում: Ինչի՞ մասին է խոսքը, նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրված որոշ պատասխանատուների: Ես մեկ անգամ կրկնում եմ` դա միտումնավոր չէ: Մենք անմիջապես եղել ենք այնտեղ, առաջին գնահատման հնարավորություն ենք ունեցել` մինչ արբանյակային նկարները ստանալը: Համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք՚:
Հակասություն կա՞ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ու ԱԻՆ նախարարի մեկնաբանություններում. ինչպես հայտնի է օրեր առաջ նախարար Մինասյանը բացառել էր եղանակային պայմանների գործոնը հրդեհի բռնկման հարցում, նկատելով: ՙՄիաժամանակյա 3 օջախ է եղել, սա, բնականաբար, եղանակային պայմաններով պայմանավորելն անհնար է: Սա կարող էր լինել միայն կայծակի դեպքում: Այսինքն` եղել են այլ գործոններ` մարդածին կամ տեխնածին՚: ԱԻՆ նախարարը շեշտեց՝ իր և Արծվիկ Մինասյանի ասածների մեջ հակասություն չկա, և որ ինքը չի լսել որևէ խոսք դիտավորության վարկածի մասին. ՙԲնապահպանության նախարարի կողմից նման պնդում չկա, նա խոսել է հնարավոր պատճառների մասին՚:
Ատոմակայանն ամենաանվտանգ տեղում է կառուցված
ՙԾառուկյան՚ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղեկացրեց, թե Եվրանեսթի վեհաժողովին էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը մեղադրանքներ է հնչեցնում, թե Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար մեծ վտանգ է, ու պահանջում համապատասխան քայլերի իրականացում: Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ Մեծամորի ատոմակայանը որքանո՞վ է անվտանգ հետագա աշխատանքի համար: Տոնոյանը նախ նկատեց, թե կառուցման, շահագործման պահից՝ Խորհրդային միության ժամանակից սկսած ատոմակայանի ռիսկայնության հարցում որոշակի վտանգ եղել է, սակայն այսօր միջազգային փորձեգետների եզրակացությունների համաջայն՝ՙԵրկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար: Որպես ԱԻ նախարար՝ վստահեցնում եմ, որ մենք անհանգստանալու խնդիր չունենք՚։ Դառնալով ադրբեջանական կողմի գնահատականին, նշեց.ՙԱդրբեջանական կողմի բոլոր գնահատականները, իհարկե, տեղեկատվական առումով, պիտի լինեն ի վնաս մեզ: Մեր հարևանների բոլոր գնահատականները ես կգնահատեի որպես ՙխանդի՚ դրսևորում, մենք չունենք խնդրահարույց մտահոգություն՚:
Կարինե Դանիելյանը ևս արձագանքեց հարցին և ասաց, որ իհարկե կառուցելիս նման խնդիրներ կան: «Բայց նույն Թուրքիան մեր կողքը կառուցում է՝ դարձյալ վտանգավոր տեղերում, և Ադրբեջանը ձայն չի հանում, այնպես որ, հարցը քաղաքական է: Չնայած սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, բայց ես եմ ղեկավարել պատվիրակությունը, որ գնացել Է ՄԱԳԱՏԵԷ և խնդրել է ՄԱԳԱՏԵԷ-ին գալ, օգնել վերաբացել ատոմակայանը, որովհետև Հայաստանն առանց ատոմակայանի ուղղակի ահավոր էր: Այնպես որ, ուրիշ ելք չունենք, բայց որ զգույշ պետք է լինենք, դա ակնհայտ է»:
Լսումներին մասնակից ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն էլ ասաց, թե անթույլատրելի է Ատոմակայանի հարցում ոչ մասնագիտական, ընդամենը սիրողական կարծիք հայտնելը, և ինքը որպես մասնագետ վստահաբար պնդում է.ՙԱտոմակայանը կառուցված է Հայաստանում ամենաանվտանգ տեղում, եկեք մեր չուզողների ջրաղացին ջուր չլցնենք, ասելով, թե Ատոմակայանն անվտանգ տեղում չէ: Կրկնում եմ, Ատոմակայանն ամենաանվտանգ տեղում է կառուցված, այլ բան է, որ մենք պետք է մտածենք այն անվտանգ շահագործելու մասին՚:
Ինչո՞ւ են օլիգարխները նախընտրում առանձնատուն կառուցել Մոնումենտում
Մեր երկրի աջաջ ծառացած թիվ մեկ մարտահրավերը հանքարդյունաբերությունն է. ամենուրեք բացում են ընդերքը, պայթյուններ, պոչամբարներ, սրանք մեծացնում են ռիսկայնությունը: Իսկ երկրորդ վտանգը Երևանի քաղաքաշինությունն է: Այն փաստորեն գնացել է բացարձակ հակասեյսմիկ ուղղությամբ. հայտարարեց Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանը Երևանում անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունը հակաէկոլոգիական է համարում:ՙՀյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպե՞ս չի կարելի կառուցել սեյսմիկ ակտիվ գոտում, կլիմայի փոփոխության պայմաններում, մեր բնակլիմայական պայմաններում: Այս առումով մենք շատ բողոքեցինք, բայց ոչինչ չստացվեց՚:
Լրագրողները հարց ուղղեցին, արդյոք հակաէկոլոգիական վիճակի պատճառ չեն դառնում նաև պաշտոնյաների մեծ առանձնատները: ՙԱյ դա խնդիր է՚, ասաց որ, Մոնումենտի, Սարի թաղի անտառաշերտում ժամանակի նախազգուշական հրդեհներ արեցին, ինչն անթույլատրելի քայլ էր, իսկ հետո տարածքը բաժանեցին օլիգարխներին՝ առանձնատներ կառուցելու համար: Կարինե Դանիելյանը չի դադարում ու ահազանգում է՝ ափսոս է մեր քաղաքը, զրկում եք կանաչ գոտուց: Մյուս կողմից էլ զգուշացնում է առանձնատների սիրահար մեծահարուստներին՝ այդ առանձնատները վտանգված են: ՙՀսկայական գումարներ եք ներդնում, առանձնատներ եք կառուցում, բայց դրանց սողանքներն են սպառնալու, քանի որ այդ հատվածը սողանքի գոտի է՚: Թե ինչո՞ւ է այդքան գայթակղիչ պաշտոնյաների համար Մոնումենտը, Դանւիելյանի պատասխանը հետաքրքիր է.ՙԵրևի քաղաքին վերևից նայելն էլ ի՞ր առավելությունն ունի՚: Բնապահպանը մտահոգ է՝ մեր կանաչ մոլորակն ամբողջովին ապակայունացված է, չգիտես ի՞նչ սպասել, ի՞նչ կարող է լինել վաղը, մյուս օրը: Իսկ ոչպեսզի չլինի մեր մտածելակերպը պետք է փոխվի:ՙՄոլորակը պատժում է մարդկությանը, ու այն ազգը, որն այդ պատժամիջոցներից հետո կգիտակցի, կփոխվի այդ ազգը կմնա, որը չի հասկանա՝ կվերանա՚:
ԱԻՆ նախարարն համակարծի՞ք է բնապահպանի հետ, որ Մոնումենտում կառուցվող օլիգարխների առանձնատներն էկոլոգիական ռիսկեր են պարունակում, արդյոք նման կառուցապատումների թույլտվությունը կոռուպցիոն ճանապարհներով չի՞ ձեռք բերվում: Նախարարը չհերքեց, որ նման կառուցապատման թույլտվությունները ստացվում են նաև կոռուպցիոն ճանապարհով.«Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինել կոռուպցիա»: Ասաց, որ իր լիազորությունների շրջանակում, իր ունեցած մեխանիզմներով կարողանում է դրա դեմ պայքարել: ՙՇատ թույլտվություններ մերժել ենք, տեխնիկական անվտանգության հետ կապված խնդիրներից ելնելով` շինարարություններ են դադարեցվել՚: Հարցին` մեծահարուստների վրա ազդում ե՞ն նախարարության մեխանիզմները, արձագանքեց. ՙԱղետը մեծահարուստ կամ քիչ մեծահարուստ չի ճանաչում՚: Ու կոչ արեց անհանդուրժող լինել ռիսկային ցանկացած կառուցապատման հարցում «Չգիտեմ, որտե՞ղ, ո՞վ ի՞նչ է կառուցում, բայց մենք պետք է գնանք ռիսկերի նվազեցման ճանապարհով, նաև մամուլի օգնությամբ պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ` դուք ինձ այդտեղ կաջակցեք»:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն