Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակվեց շահարկումները կանխելու նպատակով

Հոկտեմբեր 17, 2017թ. 22:38
Արմեն Մինասյան +

Հարցազրույց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ի տնօրեն, քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

Չնայած Հայաստանի և ԵՄ պաշտոնյաների հայտարարություններին, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է հրապարակվել միայն վերջնական ստորագրվելուց հետո՝ այն օրերս հրապարակվեց: Ինչո՞ւ Եվրահանձնաժողովը գնաց նման քայլի՝ շրջանառելով վերջնական չստորագրված փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այս քայլը հետապնդում:
-Չեմ կարծում, որ կա հատուկ կամ հեռուն գնացող նպատակ , չնայած չի կարելի նաև բացառել, որ առկա է մարտավարական խնդիր: Նախապես հրապարակել են, որպեսզի չլինեն ավելորդ շահակումներ, հատկապես, մեր հարևան երկրի՝ Ադրբեջանի կողմից: Իսկ մենք գիտենք,որ Ադբեջանն անվերջ շահարկում է այս թեման, եթե հետևեք ադրբեջանական մամուլին, կհամոզվեք, որ իրենք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փորձում են դիտարկել Ռուսաստանի շահերի համատեքստում և պնդում են, թե իբր Հայաստանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ: Մինչդեռ իրականում նման բան չկա:
Բայց Հայաստանում էլ կան քաղաքագետներ, որոնք ադրբեջանցի իրենց գործընկերներից շատ չեն տարբերվում ու անվերջ նույն երգն են երգում, թե Ռուսաստանը կարող է խոչընդոտել փաստաթղթի վերջնական ստորագրմանը, նաև հայտարարում են, թե անցած համաձայնագրի ստորագրումը ձախողեց Ռուսասատանը: Մինչդեռ իրականությունն այլ է՝ ԵՄ-ն իր ՙՙկամ…կամ՚՚-ի քաղաքականությամբ ձախողեց գործընթացը:
-Նման քաղաքագետներ կան նաև Թուրքիայում, Ռուսաստանում, նաև Եվրոպայում կան ուժեր, որոնք ցանկացած համաձայնություն Հայաստանի և այլ երկրների միջև փորձում են դիտարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում: Նման դիտարկումներով նրանք իրենց շահերն են հետապնդում: Ցանկացած երրորդ սուբյեկտ, որը շահագրգռված չէ այս համաձայնագրի ստորագմամբ, կարող է գնալ նման շահարկումների ճանապարհով, դա իրենց գործն է, բայց իրական կյանքը բոլորովին այլ է: Հաշվի առնելով խնդրի նրբությունը, որոշում է կայացվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակել և ցույց տալ համար, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, որպեսզի կանխվեն շահարկումները:
Իրականում Ռուսաստանը չի խոչընդոտում, հակառակը, բավականին նորմալ է վերաբերվում և՛ Հայաստանի դիրքորոշումներին, և՛ Հայաստանի կողմից սեփական շահերն իրացնելուն: Բայց քարոզչական դաշտում, որոշ վերլուծաբանների կողմից, որոնց հիմնական մասը բոլորովին այլ շահեր են հետապնդում, հաճախ կատարվում են անհարկի շահարկումներ: Իրական քաղաքականությունը մի բան է, հրապարակայի դաշտում ծավալվողը՝ բոլորվին այլ բան: Այս փաստաթղթի շուրջ շատերը դեռ իրենց թույլ կտային շահարկումեր անել ու հանրությանն ուղղորդել բոլորովին այլ ուղղությամբ, ու երկար ժամանակ կպահանջվեր բացատրելու, որ նման բան չկա, եթե փաստաթուղթը շարունակեր մնալ չհրապարակված: Հրապարակումը կկանխի այդ ամենը:
-Փաստորեն, Ռուսաստանը դեմ չէ այս համաձայնագրի ստորագրմանը, ԵՄ-ն էլ համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ անդամ պետության հետ, կնշանակի, կարող ենք վստահավար արձանագրել, որ Հայաստանի ՙՙև… և՚՚-ի քաղաքականությունն ընկալված ու արդարացված է:
-Որևէ մեկը չէր էլ ասում, որ դա չարդարացված քաղաքականություն է: Այլ հարց է, որ խոշոր խաղացողները երբեմն ճակատ- ճակատի են բախվում: Մեր նպատակը, որպես փոքր երկիր, պետք է լինի չհայտնվել բախումների կիզակետում:

Տեսանք, թե ինչեր տեղի ունեցավ Ուկրաինայում: Եվ այն, ինչ ցանկանում էր Ուկրաինան, այսօր Հայաստանը հասնում է առանց ներքին լարվածության, առանց արյունահեղության: Սա երկրի քաղաքականության մեծ ձեռքբերումն է:
Ղարաբաղին վերաբերող հատվածում շարադրված է՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, որոնց թվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը։ Այսինքն՝ համաձայնագրում որևէ նոր ասելիք չկա:
– ՀՀ-ԵՄ համաձայնագրում տեղ գտած այս ձևակերպումը որևէ ռիսկեր չի պարունակում, հակառակը, այն բխում է հայկական երկու պետությունների շահերից: Այն ու խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային սկզբունքներին համապատասխան՝ հայկական կողմերի տեսակետն է, ինչն էլ ամրագրված է փաստաթղթում: Հայաստանն ու Արցախը մշտապես հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքերին համապատասխան: Եթե որևէ կողմ այդ սկզբուներն այլ կերպ է հասկանում, դա իր խնդիրն է, բայց ՄԱԿ-ի կանոնադրությունն ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչում է որպես ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Իսկ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումից հետո Եվրոպայի բազմաթիվ ազգեր ինքնորոշվել են ու ստեղծել սեփական պետությունը: Ի միջայլոց, Ադրբեջանը ևս, չլինելով Հելսինկյան եզրափակիչ ակտի մասնակից երկիր, օգտվել է այդ ակտի հնարավորությունից ու իրեն հռչակել որպես անկախ պետություն: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, հայկական երկու պետությունները միշտ էլ հայտարարել են, որ հարգում են այդ սկզբունքը: Բայց այստեղ խնդիրը Արցախի ինքնորոշման հարցն է. ԽՍՀՄ օրենսդրական հնարավորություններն օգտագործելով Արցախն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է նոր ասելիքին, նման բան չէր կարող տեղ գտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրում, քանի որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը պատվիրաված է ԵԱՀԿ-ին, իսկ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու նախաձեռնություններն: Հետևաբար, փաստաթղթում լրացուցիչ այլ բան նշելու իմաստը չկար:
Համաձայնագրում կա՞ն դրույթներ, որոնք չեն բխում մեր երկրի շահերից, որոնք կարող են հակադրվել մեր մտածողությանը, մեր հոգևոր, ազգային արժեքներին:
– Փաստաթուղթը բավականին ծավալուն է, ես դեռ չեմ հասցրել այն մանրամասնորեն ուսումնասիրել, սակայն կասեմ հետևյալը: Փաստաթուղթն ասոցացման համաձայնագրի լրամշակված տարբերակն է, այն ենթադրում է որոշակի արժեքային մոտեցում, եվրոպական չափորոշիչների կիրարկում մեր կյանքում, հասարակական տարբեր ոլորտներում՝ սկսած կենցաղից մինչև ծառայությունների մատուցում: Իրողություն այն է, որ Եվրոպան որոշակի առաջընթաց ունի գրանցած ու շատ երկրներ փորձում են ընդօրինակել Եվրոպայի փորձը: Անշուշտ, Եվրոպում էլ կան երևույթներ, որոնք չեն համապատասխանում, կամ, ոմանց կարծիքով՝ հարիր չեն մեր մտածողությանը, բայց ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է պարտադրել իր կարծիքը մեզ: Ինձ թվում է, այն, ինչ մենք անում ենք կամ մտադիր ենք անել, դա մեր ցանկությունների դրսևորումն է: Եթե կլինեն երևույթներ, որոնք մենք որպես պետություն, ժողովուրդ կհամարենք, որ մեզ պետք չէ, չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի ուժ, որը կարող է այն մեզ պարտադրել:
-Մեծամորի ատոմակայանի փակման առաջարկն ընդգրկված է համաձայնագրում, ասվում է, թե դա եղել է թուրք-ադրբեջանական լոբբիի ջանքերով: Իսկ փակել ատոմակայանը՝ առանց էներգետիկ այլընտրանք առաջարկելու, կնշանակի հարված հասցնել Հայաստանի ազգային ու էներգետիկ անվտանգությանը, նվազեցնել ՀՀ տարածաշրջանային դերը, ձախողել ՙՙՀյուսիս-հարավ՚՚ էներգետիկ միջանցքի իրականացումը, որը պետք է միմյանց կապի Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը:
-Ատոմակայանի հարցը մշտապես եղել է Հայաստանի ու արտաքին աշխարհի երկխոսության կարևոր բաղադրիչներից մեկը: Սա բավականին նուրբ թեմա է, էներգետիկ ու ազգային անվտանգության խնդիր է:

Այստեղ ես երկու կետ կնշեմ. առաջին, որևէ մեկը չի կարող ու չի ստիպի Հայաստանին գնալ որևէ քայլի առանց բավարարելու մեր էներգետիկ պահանջները: Մինչ Հայաստանին նման պահանջ ներկայացնելը պետք է առաջին հերթին համարժեք գեներացնող կայաններ ստեղծվեն, որոնք լուրջ ներդրումներ են պահանջում:

Երկրորդ, որևէ երկիր Հայաստանից ու մեր ժողովրդից առավել չի կարող մտահոգ լինել ատոմակայանի աշխատանքով, քանի որ այն գտնվում է մեր երկրի տարածքում, ու եթե Աստված ոչ արասցե, ինչ-որ բան տեղի ունենա, այդ վտանգի առաջ մենք ենք կանգնելու: Ուրեմն, մենք պետք է շահագրգռված լինենք, որ ատոմակայանը գործի, և գործի անվտանգ: ԵՄ հետ համագործակցությունը պետք է միտված լինի նրան, որ կայանի շահագործումն անվտանգ իրականացվի ու ապահովվի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

Իսկ թուրք-ադրբեջանական լոբբին 25 տարուց ավելի ցանկանում է, որ Ատոմակայանը փակվի: Ես չեմ կարծում, որ նրանց լոբբիի արդյունքում է, որ հարցը տեղ է գտել համաձայնագրում: Այստեղ այլ խնդիր կա. ատոմակայանների հարցը Եվրոպայում բավականին սուր է դրված, մանավանդ, Խորհրդային տարիներին կառուցված ատոմակայանների շահագործման հետ կապված ԵՄ-ն ունի իր մոտեցումը: Հիշենք, որ 90-ականների սկզբին, երբ վերամիավորվում էր Գերմանիան, որոշում կայացվեց, որ Արևելյան Գերմանիայի կայանները դադարեցնեն աշխատանքը, քանի որ պատրաստված էին խորհրդային տեխնոլոգիայով: Այսինքն՝ կա անվստահություն: Իսկ թե ի՞նչ ճակատագիր կունենա Մեծամորի ատոմակայանը, Հայաստանից է կախված և ոչ թե մի երրորդ երկրի ցանկություններից, առավել ևս Թուրքիան ու Ադրբեջանը ոչ մի բան անել չեն կարող:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն