Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան

Ի՞նչ ուղերձներ հնչեցին նախագահի ելույթում

Հոկտեմբեր 13, 2017թ. 21:13
Գարիկ Քեռյան

Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահը կարևորեց տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը, այն համարելով` փոխլրացնող և շահավետ բոլոր պետությունների համար: Չե՞ք կարծում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախաշեմին նախագահի այս խոսքն ուղղված էր Ռուսաստանին՝ փորձելով կանխել վերջինիս կողմից հնարավոր դիմադրությունը:
-Նախագահի խոսքը, որ տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցությունից չպետք է խուսափել, միանշանակորեն ճիշտ է, համաշխարհային պատմության ինտեգրացիայի փորձը ևս ցույց է տվել, որ ոչ միայն պետությունների ինտեգրացիան է ռեալ օգուտներ բերում, այլև տարբեր միջպետական տնտեսական կառույցների մերձեցումը կարող է քաղաքական ու անվտանգության առաջընթաց նշանավորել: Սա աքսիոմա է: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բավականին խորացել է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, բնականաբար, Ռուսաստանի սրտով չի կարող լինել Հայաստան-ԵՄ բանակցությունների ընթացքը, և ՌԴ-ն կարող է դրան խանդով վերաբերվել: Երբ 2013-ին Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից ու անդամակցեց ԵԱՏՄ-ին, Պուտինը և ԵԱՏՄ գործընկեր մյուս պետությունների ղեկավարները կարծում էին, թե Հայաստանն ընդհանրապես կդադարեցնի համագործակցությունը ԵՄ-ի հետ: Բայց Հայաստանը շարունակեց ՙև…և՚-ի քաղաքական գիծը ինչն, ըստ իս, ճիշտ է, քանի որ ամեն դեպքում լինելով ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մենք չպետք է խուսափենք նաև Արևմուտքի հետ համագործակցությունից: Հետևաբար, ԵՄ հետ բանակցությունների շարունակումը, այժմ էլ նոր համաձայնագրի կնքումը, կարող է որոշ մտավախություն առաջացնել Եվրասիական գործընկեր պետությունների շրջանում, թե Հայաստանը կարող է պոկվել ԵԱՏՄ-ից: Մանավանդ որ, Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ԵԱՏՄ-ի համար: Վրաստանն ամբողջությամբ պոկվել է ինտեգրման եվրասիական ուղղությունից, կարծում եմ, պոկվել է անվերադարձ: Ադրբեջանը համառորեն չի մտնում ինտեգրացիոն և անվտանգային որևէ կառույցների մեջ՝ պահանջելով ԼՂ հարցում ադրբեջանանպաստ լուծում և տարածքային ամբողջականության վերականգնում: Այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը գնացել է դեպի Եվրասիական միություն: Ռուսաստանում հասկանում են, եթե Հայաստանը հայտնվի եվրոպական ՙլարած նոր թակարդում՚ դա կնշանակի, որ ընդմիշտ կարող են փլուզվել ռուսական կամ եվրասիական շահերը մեր տարածաշրջանում:
ՀՀ նախագահն նման բարձր վեհաժողովում այդ թեզը հնչեցնելով՝ մեկ անգամ ևս վստահեցրեց ԵԱՏՄ մեր գործընկերներին, որ Հայաստանը սրանով չի հակազդում ԵԱՏՄ-ին, հակառակը, մեր երկիրը կարող է դառնալ կապող օղակ, կամ ինչպես մենք ենք երազում՝ կամուրջ դառնալ երկու՝ եվրոպական ու եվրազիական ուղղությունների միջև: Այլ է, թե նրանք ի՞նչ տեսակետ ունեն այս հարցում, հավատո՞ւմ են դրան, թե՞ չէ, կամ աջակցո՞ւմ են Հայաստանի ՙև…և՚-ի քաղաքականության իրականացմանը: Ամեն դեպքում այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Ղըրղստանի ղեկավարների կողմից: Սակայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո այս երկրների կողմից կլինեն արձագանքներ, դժվար է ասել, դրանք կլինեն բացասական, թե՞ դրական, այնուհանդերձ, նրանք այսօր ՀՀ-ԵՄ համագործակցությամբ ոգևորված չեն:
-ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքի մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը նկատեց.<<Դա հնարավոր դարձավ նաև Չինաստան- Հայաստան երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ>>: Սրանով նախագահը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին նախ հիշեցրեց, որ Հայաստանը չնայած փոքր, բայց կարևոր երկիր է, ապա շեշտեց, որ Միության բոլոր երկրները պետք է ներգրավված լինեն խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մեջ: Ինչո՞վ կբացատրեք նման շեշտադրումը, արդյոք, ո՞չ այն մտավախությամբ, որ օրինակ Ղազախստանը, Բելառուսը ինչ-ինչ շահերով թելադրված՝ կարող են դեմ լինել այդ կարևոր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:
-Հայաստանն ու Չինաստանն այսօր ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները, ու քանի որ հիմա ԵԱՏՄ-ն գնում է Չինաստանի հետ մերձեցման ուղով, նախագահի կողմից Հայաստան- Չինաստան համագործակցության դաշտում կուտակված փորձի հիշեցումն, իհարկե, արդարացված էր: Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային գրեթե բոլոր ծրագրերից ու այսօր ԵԱՏՄ-Չինաստան, ինչպես նաև Իրանի-ԵԱՏՄ մերձեցումը պարզապես շանս է, որ կարողանանք հայտնվել հաղորդակցության նոր ուղիներում: Մետաքսի ճանապարհը կարող է ձգվել Հայաստանով, Իրանի տարածքով Ղազախստան ու դեպի Չինաստան: Նախագահի խոսքն ուղղված էր նրան, որ եթե ապագայում ԵԱՏՄ-Չինաստան համագործակցությունը նման կոմունիկացիների ստեղծման անհրաժեշտություն ստեղծի, ապա Հայաստանը, որպես չինական կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, պետք է ունենա իր ակտիվ մասնակցությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Բելառուսը, Ղազախստանը կարող են շահագրգռված չլինել այդ ծրագրերում Հայաստանի մասնակիցությամբ, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, դա կարող է հասու լինել միայն մեր երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը: Մնում է ենթադրել, որ եթե կա նման տեղեկատվություն, ուրեմն, նախագահի այս խոսքերը պետք է համարել այդ մտահոգության արդյունք: Դեռևս հստակեցված չէ, թե Մետաքսի ճանապարհ ո՞ր երկրների տարածքով է անցնելու , որքան տեղյակ եմ դեռ դետալներով այն ամբողջովին պարզեցված չէ: Բայց նաև բացառված չէ, որ քաղաքական շահերից ելնելով, օրինակ, Ղազախստանը թյուրքական պետությունների համերաշխության գաղափարի ազդեցության տակ, կամ Բելառուսի ղեկավարությունը Ադրբեջանի հետ ունեցած բավականին սերտ տնտեսական կապերի ազդեցությամբ, աշխատեն Հայաստանին դուրս թողնել այդ ծրագրերից: Բայց ես որպես փորձագետ անհանգստացած չեմ, որովհետև ԵԱՏՄ-ում, որքան էլ յուրաքանչյուր պետություն ունի իր կշիռը, այնուհանդերձ, վճռորոշ խոսքի իրավունքը պատկանում է Ռուսաստանին , ԵԱՏՄ-ն մեծամասամբ հենվում է ՌԴ տնտեսական ներուժի վրա: Իսկ ՌԴ-ն, ի կարծիքով, թույլ չի տա, որ նման գլոբալ տնտեսական ծրագրերում անտեսվի Հայաստանի շահերը: Հակառակ դեպքում, նա կարող է իր դաշնակցին թողնել շատ բարդ վիճակում, ինչն էլ հիմք կհանդիսանա, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի ԵՄ:
ՌԴ նախագահի խորհրդականը ԵԱՏՄ գագաթաժողովից առաջ հայտարարեց, որ ցանկացած երկիր ԵԱՏՄ անդամ դառնալու համար պետք է ստանա  անդամ երկրների համաձայնությունը, նկատելով՝ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, եթե Հայաստանը չկիրառի իր վետոի իրավունքը: Սա կարո՞ղ է նշանակել, որ Ադրբեջանը ոչ հրապարակավ հայտնել է նման ցանկություն, ինչին ի պատասխան հնչեց ռուսական կողմի հրապարակավ հայտարարությունը:
-Այդ հայտարարությունը, նախ, փաստում է այն մասին, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, չի կարող ամբողջությամբ անտեսել Հայաստանի շահերը կամ Հայաստանին թողնել միջազգային վտանգների առաջ: Սրանով մեկ անգամ ևս ռուսական կողմը շեշտում է, որքան էլ իր համար կարևոր լինի Ադրբեջանին ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ խցկելը, ամեն դեպքում դա չի կարող անել առանց Հայաստանի կարծիքը, շահերը հաշվի առնելու:
Փաստ է, որ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին միանալու գինը Ադրբեջանը համարում է ԼՂ հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորումը, նաև աքսիոմա է այն, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանին իր ազդեցության գոտի տանելու համար, փառք Աստծո, որ այդ ճանապարհին Ռուսաստանն առևտուր չի անում արցախյան խնդրի շուրջ: Ժամանակին, երբ ԼՂ կարգավորման հարցում բավականին մեծ դերակատարում ուներ նաև ԱՄՆ-ը, վերջինս ևս շեշտում էր՝ Ղարաբաղի հիմնախնդիրն այլ հարց է, Բաքվի նավթը՝ այլ հարց: Մինչ այժմ բախտի անիվը չի շրջվել մեր դեմ այնպես, որ արցախյան հարցը դառնա առևտրի առարկա. դա կլինի վատագույն տարբերակ մեզ համար: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կլինի այդքան կարճատես ու Հայաստանի համար կկատարի նման վնասաբեր քայլ: Չնայած, քաղաքականությունը ժամ առ ժամ է փոփոխվում, ամեն ինչ սպասելի է, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն