Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

«Կարծում եմ, կհամաձայնեք, այս օրինագծի իրականացումը արևմուտքի ծայրահեղ լիբերալ քաղաքականության առաջին և վերջին փորձը չէ՝ արմատապես փոխելու մեր ժողովրդի բարոյական արժեքները». նամակ Դավիթ Հարությունյանին՝ Լևոն Ներսիսյանից

Հոկտեմբեր 13, 2017թ. 21:02
Լևոն Ներսիսյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նախարար,

Դիմում եմ Ձեզ, որպես իշխանության ներկայացուցչի, որը երկրի բնակչության համար «բարձրաձայնել է» հակապետական, հակաժողովրդական, հակամարդկային, հակասոցիալական և հակակրոնական՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դուք ՀՀ կառավարության կազմում իրավագիտության ասպարեզում այն սակավաթիվ մտավորական պրոֆեսիոնալներից եք, որն ի վիճակի է հասկանալ և գնահատել այն անդառնալի հետևանքները, որոնք կառաջանան գործնականում այս նախագծի ընդունման և իրականացման դեպքում:

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ այս օրինագծի իրականացումը, արևմուտքի ծայրահեղ լիբերալ քաղաքականության առաջին և վերջին փորձը չէ՝ արմատապես փոխելու մեր ժողովրդի բարոյական արժեքները և պատմականորեն ձևավորված մտածողությունը՝ ոչ միայն տնտեսության, այլ նաև ավանդական ազգային գաղափարախոսության և ինքնության գլոբալացման նպատակով:

Ձեր ելույթում Դուք պնդում էիք, որ այս ոլորտում անհրաժեշտ է բարեփոխել ազգային օրենսդրությունը կապված ընտանեկան բռնության և ինքնասպանությունների թվի աճի հետ: Սակայն «չարի արմատը» ոչ թե «ընտանեկան բռնություններն ու ինքնասպանություններն» են, այլ երկրի բնակչության հիմնական մասի համատարած աղքատությունն ու հուսահատությունը:

Ի՞նչ եք կարծում, եթե ընտանիքն ամեն օր դժվարությամբ լուծում  է «հանապազօրյա հացի» խնդիրը, ապա ընտանիքի անդամների միջև կլինի՞ «լիակատար հանգստություն, խաղաղություն և ներդաշնակություն», մարդիկ չե՞ն խելագարվի հուսահատությունից, չե՞ն լինի այդքան ագրեսիվ և վերջ չե՞ն տա իրենց երկրային կյանքին ինքնասպանությամբ:

Չե՞ք կարծում արդյոք, որ ընտանեկան կապերի քայքայման, ընտանիքի անդամների միջև և ընդհանրապես հասարակության մեջ ագրեսիվ հարաբերությունների և այլ արատավոր երևույթների հիմնական պատճառը  մեր երկրում առկա զանգվածային «ճոճանակային» արտագաղթն (հիմնականում՝ տղամարդկանց) է՝ «մի կտոր հացի համար»:

Հայաստանի կառավարությունը, գոնե մեկ անգամ գնահատե՞լ է մատաղ սերնդի փխրուն հոգեբանության վրա բռնության պրոպագանդման, սեռական բաց տեսարանների և կենցաղային գռեհկության ազդեցությունը, որն ամեն օր մատուցվում է մեր լրատվամիջոցների կողմից:

Ինչպե՞ս կարելի է բացատրել բարձրագույն կրթական հաստատություններ դիմորդների կրճատման միտումը, հատկապես այն մասնագիտությունների գծով, որոնց բնագավառում Հայաստանը պատրաստվում է դառնալ առաջատար երկիր տարածաշրջանում:

Սակայն սա «ժողովրդավարական և սոցիալապես կայացող» պետության «սառցաբեկորի» միայն տեսանելի մասն է: Գործնականում, Ձեր քարոզած օրինագիծն ուժի մեջ մտնելու դեպքում կիսաքրեական վերնախավի որոշակի՝ պաշտոնական դիրքն իրենց անձնական շահերի համար օգտագործող հատվածի համար, այս օրենքը լայն դուռ կբացի սեփական շահադիտական նպատակների իրագործման համար:

Շատերը Ձեզ հետ համամիտ կլինեն, որ մեր հասարակության մեջ հազվադեպ չեն ընտանեկան բռնություններն ու ինքնասպանությունները: Այս երևույթը բնորոշ է հանրությանը և առկա է բոլոր երկրներում: Ալբերտ Էյնշտեյնին հղված նամակում Զիգմունդ Ֆրոյդը մարդու ագրեսիվությունը բացատրում է գենետիկ ժառանգականությամբ, որը հնարավոր է ճնշել ընտանեկան, հասարակական դաստիարակությամբ և բարձր մակարդակի կրթությամբ: Հասարակությունը (առողջ), որը մտածում է իր անդամների մասին, մշակել է բազմաթիվ մեթոդներ բժշկա-հոգեբանական, բարոյական, հոգևոր, կրոնական և նույնիսկ վարչական և քրեական ուղղությամբ՝ մարդկության այս ախտի դեմ պայքարելու համար:

Եթե մեր հասարակության մեջ հասարակության և պետության կառավարման ամեն մի ճյուղ իր գործունեության հիմքում չի տեսնում իր քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը և զբաղված է կորպորատիվ, ընտանեկան և կլանային շահերի բավարարմամբ, ապա ցանկացած օրենք, ինչպիսին էլ այն լինի, կծառայի միայն այդ շահերի պաշտպանությանը:

Վերոնշյալի հետ մեկտեղ, կցանկանայի տեղեկություններ ստանալ քննարկվող օրինագծի ֆինանսավորման ծավալների մասին, քանի որ ըստ առաջարկվող միջոցառումների, պետք է ստեղծվեն ապաստարաններ, վերապատրաստվեն համապատասխան հոգեբաններ, բժիշկներ և սոցիալական ծառայության այլ աշխատողներ, պետք է կազմակերպվի ընտանիքների ֆինանսավորում, որոնք պատրաստ են  ստանձնել իրենց ընտանիքներից վերցված երեխաների խնամակալությունը և յուվենալ պրակտիկայի այլ ձևեր:

Եվ, վերջինը. Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը  դեռևս հույս ունի, որ Դուք և ՀՀ Ազգային ժողովի սթափ դատող պատգամավորները չեն ցանկանում խորացնել պառակտումը հասարակության և իշխանության միջև:

Ժողովրդի համբերությունը անսահման չէ…

Լևոն Ներսիսյան

Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն